21:25
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Ես իմ հաղթանակը, հաջողությունը տեսնում եմ հայրենիքիս բարելավման և բարգավաճման մեջ

2013-03-04 11:39

«Դե Ֆակտո» 50 (2010թ.)

ՙՌուսաստանի  հայերի միության՚ նախագահ Արա Աբրահամյան

-Պարո՛ն Աբրահամյան, Դուք արդեն տասը  տարի  է, ինչ ստեղծել եք ՙՌուսաստանի  հայերի  միություն՚ը:  Այն նպատակները, որոնք դրել էիք միության ստեղծման առաջին օրերից, այսօր կարողացե՞լ եք ինչ-որ չափով իրագործել և չե՞ք, զղջում, որ մտել եք այդպիսի ծանրաբեռնվածության և պատասխանատվության տակ:

-Տաս տարին հասարակական կազմակերպության համար կարծում եմ` այդքան էլ մեծ թիվ չէ: Ստեղծման տարիներին հայերը կազմակերպված ուժ չէին կազմում և ունեին բազմաթիվ խնդիրներ: Մենք մեր մշակույթը,  լեզուն, ավանդույթները  պահպանելու համար ստեղծեցինք հայերի միությունը և մեզ համար նաև շատ կարևոր խնդիր էր Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Բոլոր  խնդիրները մենք լուծել ենք մեր հասարակական կազմակերպության համապատասխան, և այն գնահատվել է հինգ բալ /հինգ բալանոց սանդղակով/: Սա Ռուսաստանի Դաշնության նախագահի գնահատականն է, և նա մի քանի անգամ տարբեր առիթներով դա նշել է: Ռուսաստանում իշխանությունների կողմից կազմակերպված հասարակական միջոցառումներից չի եղել մեկը, որտեղ մեր կազմակերպությունը չլինի գլխավորը կամ վերջնական խոսքը չլինի մերը: Մենք ամենակազմակերպվածն ենք և այսօր քաղաքում ունենք 640 մասնաճյուղ: Մենք  լուծում ենք այն բոլոր խնդիրները, որոնք  դրված են այսօր պետության կողմից մեր առջև: Պատահական չէ, որ մեր կարգախոսն է`  ուժեղ Ռուսաստան,   ուժեղ հայեր:

-Դուք կարողացե՞լ եք ստեղծել մի այնպիսի համակարգ, որ,  եթե  անգամ  վաղը  Դուք որոշեք  այլևս չզբաղվել այդ գործունեությամբ, լինեն  անձիք  ովքեր կշարունակեն Ձեր սկսած գործը:

-Այո՛ կան այդպիսի մարդիկ: Երբ համակարգը նոր էր ստեղծվում, ոչ ոք չէր հավատում,  որ այն կկայանա, կդառնա հեղինակավոր, կընդունվի Ռուսաստանի իշխանությունների և  հասարակության կողմից: Այսօր այդ համակարգը ստեղծված է և հավատացեք, որ ՙՀայաստանի հայերի միության՚ մասնաճյուղն ինքնուրույն գործում է, իհարկե, մենք կապ ունենք, մեզ հետ խորհրդակցում են, սակայն ամենօրյա աշխատանքներն  իրենք ինքնուրույն են անցկացնում:

-Պարո՛ն Աբրահամյան, Դուք անընդհատ  ինչ-որ բարեգործական ծրագրեր եք կազմակերպում: Դուք Ձեր անձնական գումարնե՞րն եք ներդնում, թե՞ հայերի միությունն ունի մի այնպիսի ֆոնդ, որտեղ կուտակվում են այլ հայ գործարարների գումարներ:

-Տասը տարվա ընթացքում այդ բոլոր ծրագրերի ֆինանսավորումը կատարվել է այն ընկերության կողմից, որը գլխավորում  եմ ես: Մենք ընդհանրապես գումար չենք հավաքել, այդպիսի խնդիր չենք դրել և հիմա էլ չենք դնում: Վերջերս յադ նույն գործարարներն են սկսել  մասնակցություն ցույց տալ, քանի որ իրոք մեզ մոտ հեղինակություն կա:

-Կայացած հայ գործարարները Ռուսաստանում շա՞տ են:

-Այո, շատ են, սակայն մեզ գումար տվել են երեք մարդ: Մենք գումար չենք հավաքում և այդ գումարի կարիքը չունենք, գումարի կարիք ունեն մեր ծրագրերը, և ես ինքս գումար ներդնող եմ:

-Դուք դժվարությամբ աշխատում եք գումար  և հեշտությամբ  ներդնում  եք այդ գումարը բարեգործական ծրագրերում: Ինչո՞վ եք բացատրում այն, որ Ռուսաստանում  հայ գործարարները, ովքեր հարուստ են, գումար չեն տրամադրում:

-Այո, ցավոք մեր գործարաներն այնպես չէ, որ հերթ են կանգնել մեզ հետ աշխատելու կամ փող ներդնելու համար:  Կան, իհարկե, որոշ աջակցություններ, սակայն շատ քիչ են:  Ես ինքս այդպիսին չեմ և  ես իմ հաղթանակը, հաջողությունը տեսնում եմ նաև հայրենիքիս բարելավման և բարգավաճման մեջ:  Ես երջանիկ մարդ եմ և ինձ երջանիկ համարել եմ միշտ, նաև այն ժամանակ, երբ փոքր էի և մենք լավ  պայմաններ չունեինք: Ես ամեն օր իմ հաջողությունների համար Աստծուն փառք եմ տալիս: Իմ հիմնական նպատակը այդ երջանկությունը պահպանելն է: Իմ երջանկությունը լիարժեք չէր լինի, եթե ես չկարողանայի օգտակար լինել իմ հայրենակիցներին: Ես սիրում եմ իմ հայրենիքը, սիրում եմ հայ ժողովրդին, մեր ավանդույթները և իմ գյուղը:

-Ձեր երեխաների ապագան տեսնո՞ւմ եք Հայաստանում:

-Ցավոք սրտի իմ երեխաների ապագան Հայաստանում չեմ տեսնում, քանի որ նրանք  ապրել և մեծացել  են մի քիչ այլ միջավայրում, և նրանց համար արդեն դժվար կլինի սովորել և հարմարվել այստեղ:

-Բայց կշարունակե՞ն Ձեզ նման սիրել  իրենց հայրենիքը:

-Կարծում եմ` այո: Իմ երեխաները հիմա գտնվում են Հայաստանում, և ես իհարկե, արհեստական, սակայն  ամեն ինչ անում եմ, որպեսզի նրանք կապվեն Հայաստանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան,  Ռուսաստանում տարիների ընթացքում ձևավորվում են իրոք հայ անհատներ, ովքեր հաջողություններ ունեն գործարար աշխարհում և նաև  Ձեր շնորհիվ հայկական գործոնը  հզորանում է Ռուսաստանում: Ինչո՞ւ են հայերը  քաղաքականության մեջ ավելի պասիվ և ինչո՞ւ Ռուսաստանում ազգությամբ հայ մարդկանց  ավելի բարձրաստիճան պաշտոնների  չենք տեսնում:

-Խորհրդային տարիներին  մենք բավականին շատ հայ պաշտոնյաներ ունեինք ու մեր զբաղեցրած պաշտոններով և գրաված դիրքերով ազգությունների մեջ գրավում էինք երկրորդ տեղը, սակայն, այսօր ես կարող եմ ասել, որ մենք չկարողացանք կազմակերպված լինել այդ դժվար տարիներին, որի հետևանքով այսօր ամեն ինչ փոխվել է:

-Դուք ՙՌուսաստանի  հայերի միությունը ՚  ստեղծելուց հետո, ստեղծեցիք նաև ՙՀամաշխարհային հայկական կոնգրեսը՚, այսինքն` ցանկություն ունեցաք միավորելու աշխարհի`  ողջ սփյուռքում գործող հայերին, որպեսզի դարձյալ հայկական գործոնը աշխարհում ուժեղացնեք: Կարողացա՞ք այս ուղղությամբ ինչ-որ հաջողություն ունենալ:

-Ինքս բավարարված չեմ ՙՀամաշխարհային հայկական կոնգրեսի՚ աշխատանքներից: Երբ ՙՌուսաստանի հայերի միությունը՚ կայացավ, մենք շատ կարճ ժամանակահատվածում  ունեցանք բավականին լուրջ հաջողություններ, մեծ հեղինակություն` և՛  ազգային հասարակական կյանքում, և՛  իշխանություններում ու նաև մեր տեղը  միջոցառումներում, որոնք իրականացվում էին տարբեր երկրներում: Մենք կարողանում ենք մեր Հայաստանից եկած քաղաքացիներին օգնություն ցույց տալ, որպեսզի ինտեգրացվեն ռուսական հասարակության մեջ:  Ես այդ հաջողություններից ելնելով` փորձեցի  ստեղծել ՙՀամաշխարհային հայկական կոնգրեսը՚: Միտքն այնքան լավն էր, որ չգտնվեց որևէ կազմակերպություն, որ համաձայն չլիներ մեզ հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, իսկ ինչո՞ւ եք դժգոհ արդյունքներից:

-Դժգոհ եմ, քանի որ առաջին համագումարը, երբ տեղի ունեցավ, որն  անցավ բարձր բեմում` երկու նախագահների մասնակցությամբ, որտեղ կային նաև մոտ 60 երկրների դեսպաններ և այդ պատմական  շատ կարևոր օրը մեզ թողեցին մենակ` մեր ծրագրերի հետ միասին, և այն շարունակություն չունեցավ: Սակայն  այն ինչ արեց  ՙՀայկական համաշխարհային կոնգրեսը՚,  այնպիսի մի հաղթանակ է, որ գնահատական տալը շատ դժվար է: Ես ցանկանում եմ նշել երկու գլխավոր հարց, առաջին` մենք բացեցինք ցեղասպանության ինստիտուտ, և երկրորդ մենք գրեցինք գիրք, որը   մոտ 10 տարվա աշխատանք էր: Հիմնականում աշխատել ենք 25 երկրների  արխիվներում և ընդհանուր նյութերը հավաքել ենք  70 երկրներից: Սա իրավաբանորեն միջազգային իրավունքներին համապատասխան փաստաթղթերի ժողովածու է:  Մենք անցանք նաև երկրորդ փուլը` միջազգային իրավաբաններից ստեղծեցինք փորձագետների խումբ, ովքեր  տվեցին եզրակացություններ: Երկրորդ`  մենք գրեցինք ցեղասպանության վերաբերյալ գիրք և հիմա մենք ունենք երկու հատոր գիրք Ղարաբաղի վերաբերյալ, որոնք սքանչելի, գեղեցիկ և երկու ազգային ամենագլխավոր թեմաներով գրքեր են:

-Դրանք թարգմանվե՞լ են այլ լեզուներով:

-Դա հենց ցավալի խնդիրներից մեկն է: Մենք գրել ենք այն ռուսերեն լեզվով, սակայն սկսել ենք  թարգմանել նաև անգլերեն: Թարգմանությունները ճգնաժամի հետ կապված որոշ ժամանակ դադարեցվել են, սակայն այն կշարունակենք և ավարտին կհասցնենք մյուս տարի,  բայց այն պետք է տպագրվի նաև  այլ  լեզուներով:

-Կարծում եմ` դա ապագայի կառույց է և մի օր Ձեզ կհիշեն, որ Դուք դրա հիմքը դրեցիք, քանի որ  մեր կամ հաջորդ սերունդը  վերջնական հանգելու է այն եզրահանգման,  որ պետք  է իրոք ամբողջ աշխարհի հայերը լինեն միասնական և միասնական գործեն, քանի որ դա միակ ելքն է հայկական գործոնը ապագայում հզորացնելու համար: Պարո՛ն Աբրահամյան, Երևանում շատ են խոսում, որ Ձեր և ՌԴ-ի վարչապետ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները շատ ջերմ են և ընկերական: Դա իրականում այդպե՞ս է:

-Իմ հարաբերությունները և՛ նախագահի, և՛ վարչապետի հետ շատ ջերմ են: Ես այդ երկրի քաղաքացի եմ և այդ պետությունն ինձ պարգևատրել է մի քանի անգամ, ինչպես  նաև աշխարհի ութ երկրներ ևս ինձ պարգևատրել են իրենց բարձրաստիճան պարգևներով: Մենք ունենք մեր տեղը այդ երկրում, և, իհարկե,  ես միշտ խորհրդակցում եմ նրանց հետ, և շատ հարցերում նրանք ինձ ընդառաջում են:

-Դուք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան եք: Ինչո՞ւ եք մտել այդ դաշտ, որը ևս  սեփական փողերը ծախսելու, բարեգործությունների մի դաշտ է: Ի՞նչն է Ձեզ ստիպել մտնել նման դաշտ:

-Ես ծնվել, մեծացել եմ գրեթե հիվանդանոցում, հայրս և մայրս բժիշկներ են եղել, և ես իմ մանկության տարիներին միշտ տեսել եմ ուրիշներին օգնություն ցույց տալու պատրաստակամություն: Ես այդ ոգով եմ դաստիարակվել, և ինձ համար օգնություն ցույց տալը, և մարդկանց օգնելը դարձել է կենսակերպ:

-Երբ գալիս եք Հայաստան, գնո՞ւմ եք Ձեր գյուղը` Մալիշկա:

-Անպայման գնում եմ, անհնար է, որ  չգնամ իմ գյուղը: Ցավոք մայրս և հայրս մահացած են, սակայն ինձ համար իրենք կենդանի են, քանի որ  ես նրանց միշտ հիշում եմ, միշտ գնում եմ նրանց գերեզմաններին և իմ արմատներից երբեք չեմ կտրվում:

Լուսինե Գրիգորյան

 

         



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...