2013-03-02 11:15
«Դե Ֆակտո» 22 (2008թ.)
Դավիթ Մինասյան
Ծնվել է 1986թ. մարտի 5-ին Երևանում: Սովորում է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում:
-Ինչպե՞ս սկսվեց Ձեր երաժշտական ուղին:
-Ես ապրում եմ Մոսկվայում: 2004թ. իմ առաջին ուսուցիչ Արմեն Գևորգյանը զանգահարեց ինձ և առաջարկեց մասնակցել Երգի պետական թատրոնում ՙԿանաչ գոտի՚ նախագծին, ես մեծ սիրով համաձայնեցի ու եկա Հայաստան: Ամիսների ընթացքում հասկացա, որ եթե կա հնարավորություն, ապա ինչո՞ւ ոչ, կարելի է ավելի լուրջ մոտենալ երգին ու մտածել ապագայի մասին:
-Ինչո՞ւ որոշեցիք հենց Հայաստանում սկսել Ձեր կարիերան. Հայաստանում ավելի հե՞շտ էր, թե կան ուրիշ պատճառներ:
-Հայաստանում սկսեցի, որովհետև այստեղ ունեմ շատ լավ ընկերներ, որոնք ամեն հարցում ինձ աջակցում են, սակայն Մոսկվայաբնակ հայերի մեջ ես նույնպես ունեմ իմ հանդիսատեսը և չի բացառվում, որ իմ երգարվեստը շարունակեմ նաև այնտեղ:
-Կա՞ ինչ-որ մեկը, ում կուզեիք նմանվել:
-Չկա: Շատերը ձայնային տվյալներով ինձ նմանեցնում են Արա Մարտիրոսյանին, բեմական կեցվածքս` Սոսո Պավլիաշվիլիին, սակայն ես ոչ ոքի չեմ փորձում նմանվել, ես Դավիթ Մինասյանն եմ և ունեմ իմ աշխարհը:
-Նկարագրեք Ձեզ, խնդրեմ, երեք բառով:
-Ես այնքան էլ համեստ չեմ, ինչպես թվում է, շատ ընկերասեր եմ և շատ նպատակասլաց. եթե որոշում եմ ինչ-որ գործ սկսել, ապա փորձում եմ ամեն գնով այն հասցնել իր ավարտին:
-Ինչպե՞ս եք վերաբերում ստեղծված քաղաքական մթնոլորտին:
-Այդ իրադարձությունների ժամանակ ես Մոսկվայում էի և երբ հեռուստատեսությամբ, ինտերնետով հետևում էի այդ ամենին, շատ մեծ ցավ էի ապրում` տեսնելով իմ սիրելի Երևանը նման վիճակում: Ըստ իս սխալ մոտեցում էր ընտրված ինչ-որ բաների հասնելու համար:
-Ունե՞ք նախընտրած քաղաքական կուսակցություն:
-Նախընտրած քաղաքական կուսակցություն չունեմ, որովհետև ես ունեմ սկզբունք` երաժիշտը քաղաքականությամբ չպետք է զբաղվի:
-Վագր, ձի, կով, խոզ, ոչխար. այս կենդանիներին դասավորեք ըստ Ձեր հերթականության:
-Վագրն իմ համար առաջին տեղում է, քանի որ շատ եմ սիրում այդ կենդանուն: Ծնվել եմ վագրի տարում: Ինձ նույնիսկ հաջողվել է վագրիկ գրկել, շատ կցանկանայի վագրի ձագ պահել, սակայն դա այդքան էլ հեշտ գործ չէ, դրա համար էլ չեմ փորձում իրագործել իմ այդ ցանկությունը:
Ձին հաջորդ տեղում է, քանի որ ձին ինձ համար թագավորական կենդանի է:
Երրորդ տեղում ինձ համար կովն է, քանի որ այն օգտակար կենդանի է:
Չորրորդ տեղում ոչխարն է: Չեմ սիրում ոչխարի հոտը, սակայն նրա խուճուճիկները սիրում եմ:
Վերջին տեղում խոզն է, քանի որ այն կեղտոտ կենդանի է:
-Այժմ փորձենք պարզաբանել, թե որ կենդանին ինչի հետ է համադրվում, և Ձեզ համար ինչն է ավելի կարևոր: Վագրը քո ինքնասիրությունն է:
-Համաձայն եմ, ինձ համար ինքնասիրությունը շատ մեծ տեղ է գրավում:
-Ձին քո ընտանիքն է:
-Ոչ, համաձայն չեմ. ինձ համար ընտանիքը առաջնային է:
-Կովը կարիերան է:
-Համաձայն եմ:
-Ոչխարը սերն է:
-Համաձայն եմ:
-Խոզը փողն է:
-Համաձայն եմ:
Հարցազրույցը` ԼԻԱՆԱ ՄԱՆՈւՉԱՐՅԱՆԻ
Վերադառնալ