2013-03-02 11:09
«Դե Ֆակտո» N40 (2009թ.)
Հարցազրույց Ազգային Ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի հետ
-Պարո՛ն Սադոյան, վերջերս ավելի պասիվ եք քաղաքականության մեջ: Հոգնե՞լ ե ք քաղաքականությունից:
-Վերջին շրջանում բավական ակտիվ հասարակական գործունեություն ենք ծավալել: Գրանցվեց ազգային համագործակցության հասարակական կազմակերպությունը, որի նախագահն եմ: Մեր նպատակը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, բայց կարևորագույն խնդիրը, որ մենք լուծեցինք վերջին տարվա ընթացքում, քաղաքական դաշտում ՙՍերնդափոխության ակումբ՚ հասարակական կազմակերպության հիմնումն է, որի համանախագահն եմ ես:
-Իսկ դա ապաքաղաքակա՞ն կառույց է:
-Սա հասարակական կազմակերպություն է, բայց կարևորագույն խնդիրները անկախ քաղաքական դրվածքներն ու դիրքորոշումներն են: ՙՍերնդափոխության ակումբի՚ անդամ կարող են դառնալ այն երիտասարդները, ովքեր իրենց կյանքի իմաստը տեսնում են ղեկավարման ոլորտում:
-Այսինքն` Ձեր ակումբի անդամ կարո՞ղ են դառնալ տարբեր կուսակցությունների անդամ երիտասարդներ:
-Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որ տարբեր մոտեցումներով երիտասարդներն անիմաստ վիճաբանությունների մեջ չներգրավվեն:
-Բայց ինչո՞ւ են անիմաստ, եթե կան քաղաքական տարաձայնություններ, պետք է վիճել:
-Ցավոք սրտի, քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները, որոնց մի զգալի մասը տարբեր կուսակցություններից անդամակցում են մեր ակումբին, իրենց ավագների օրինակը շարունակելով, ձևավորում են անհանդուրժողականության մթնոլորտ, և անընդհատ մեր միջամտության կարիքն է զգացվում: Ակումբում մշակվել են հատուկ էթիկայի կանոններ, որպեսզի վիճաբանությունները ընթանան բովանդակային հարթության վրա:
-Պարո՛ն Սադոյան, իսկ ստացվո՞ւմ է:
-Հիմնականում ստացվում է: Այսօր մի քանի անգամ ավելի լավ մթնոլորտ է:
-Իսկ Ձեր ակումբում իշխանական կուսակցություններից երիտասարդներ կա՞ն անդամագրված, թե՞ միայն ընդդիմադիր դաշտից են:
-Այո՛: Մենք ուղղակի ասում ենք, որ մեր կուսակցությանը կարող են անդամագրվել միայն այն մարդիկ, ովքեր հավատում են, որ ազգայինը վեր է ամեն ինչից:
-Պարո՛ն Սադոյան, Դուք երկար տարիներ է` քաղաքականության ոլորտում եք, եղե՞լ են առիթներ, երբ կարող էիք շատ փող աշխատել հենց քաղաքականության շնորհիվ:
-Ոչ միայն եղել են, նույնիսկ հիմա էլ են լինում:
-Ինչո՞ւ եք դուք Հանրային խորհրդում ընտրել ձեռնարկատիրության և սպառողների շահերը պաշտպանող հանձնաժողովի նախագահի պաշտոնը:Դա ինչո՞վ է ձեզ ավելի մոտ:Կարծում եմ` այստեղ պետք է բիզնեսմեն լինել ձեռնարկատերերին օգնելու համար:
- Ես տարիներ շարունակ ասում էի, որ ինչպես կարելի է պետություն օրգանիզմի, ազգ-ժողովուրդ օրգանիզմի նյարդային համակարգը տալ օտարին: Այս ոլորտում ակտիվություն մտցնելու կարևորագույն խնդիրներից մեկը զանգվածային ձեռներեցության մթնոլորտի ստեղծումն է առանց ձեռնարկատիրական գործունեության մեջ ստեղծագործական մոտեցումների, առանց որի այս երկիրը չի կարող առաջ գնալ:
- Դուք ընտրել եք մի ճանապարհ, որ շարունակե՞ք Ձեր պայքարը:
-Ինչ որ կիսատ է մնացել, պետք է փորձել հասցնել ավարտին, ես ցանկանում եմ սերնդափոխության ակումբի շրջանակներում գաղափարները, որոնք շատ կարևորում եմ, փոխանցել երիտասարդներին:
-Պարո՛ն Սադոյան, դուք բիզնես չունեք: Ի՞նչ միջոցներով եք պահում կուսակցությունը:
-Կուսակցությունը պահելու համար այդքան մեծ գումարներ հարկավոր չեն: Որևիցե խնդիր չկա, կուսակցության և համախոհների մեջ կան մարդիկ, ովքեր օգնում են:
-Պարո՛ն Սադոյան, ձեր կուսակցությունը այսօր ինչո՞վ է զբաղվում: Եվ պատրաստվո՞ւմ եք արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
-Ես մի քանի անգամ կենտրոնի մի տարածքից առաջադրվել էի, համամասնական ցուցակով ընտրվեցի պատգամավոր, որտեղից էլ ընտրվեց Խաչատուր Սուքիասյանը, ով վերջերս թողեց իր մանդատը:
-Հնարավո՞ր է Խաչատուր Սուքիասյանի փոխարեն իր ընտրատարածքում առաջադրեք Ձեր թեկնածությունը:
-Առաջարկություններ եղել են մեր կուսակցության կողմից, բայց կարծում եմ, որ դրա նյութական հնարավորությունը դեռ չունեմ:
-Դուք ինչպե՞ս եք գնահատում Խաչատուր Սուքիասյանի այդ քայլը:
-Ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ: Տեղյակ լինելով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչպիսի և ինչ ուղղվածությամբ մարդիկ են աշխատում և ինչպես են այլոց թելադրանքով քվեարկում` մարդկանց մեղադրել չեմ կարող: Բայց չնայած դրան` Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում լինելով օգտակար անձնավորություն, թողեց իր մանդատը: Ես շատ կուզեի, որ Խաչատուր Սուքիասյանը մնար և շարունակեր իր պատգամավորական գործունեությունը:
ՍԻՐԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Վերադառնալ