2013-03-01 11:31
«Դե Ֆակտո» 22 (2008թ.)
Հարցազրույց քանդակագործ Յուրի Պետրոսյանի հետ
Ժանրային սահմանափակումներ չի ճանաչում Յուրի Պետրոսյանի արվեստը` դիմաքանդակ, թեմատիկ կոմպոզիցիա, ինտերիերի ու էքստերիեի համար արված բոլորաքանդակներ ու հարթ դեկորատիվ աշխատանքներ, մանրաքանդակներ, տարբեր բնույթի խեցեգործական մանրաձևեր, հուշակոթողներ և այլն: Յուրի Պետրոսյանը մասնակցել է համամիութենական, հայկական, միջազգային բազմաթիվ մրցույթների: 1968-ից նկարիչների միության անդամ է: Հովհաննես Այվազովսկու և Արամ Խաչատրյանի հուշարձանների մրցույթներում Յուրի Պետրոսյանը հաղթող է ճանաչվել: Երկար ժամանակ միջոցներ չկային որպեսզի իրականացվեին այդ աշխատանքները, բայց վերջապես Սենիկ Գևորգյանի շնորհիվ այդ երկու հուշարձանները տեղադրվեցին մեր մայրաքաղաքում: Երևանում կան նրա բազմաթիվ դեկորատիվ քանդակներ: Յուրի Պետրոսյանը մասնակցել է միջազգային բազմաթիվ սիմպոզիումների: 2004-ին Գերմանիայի Բրեմեն քաղաքում տեղադրվել է քանդակագործի դեկորատիվ քանդակներից մեկը. թեման գարունն էր, զարթոնքը:
-Որքանո՞վ է այսօր քանդակագործությունը հասանելի ու հասկանալի հասարակության համար:
-Եթե քաղաքում ավելի շատ լինեն քանդակները, այս ասպարեզն ավելի հասանելի ու հասկանալի կլինի բնակչության համար: Միգուցե այն միանգամից լիովին հասանելի չլինի, բայց աստիճանաբար հասարակությունը կզգա քանդակների շունչը: Քանդակագործությունը, լինելով բարդ արվեստ, նաև թանկ մասնագիտություն է: Այն կապված է բազմաթիվ թանկ նյութերի հետ: Քանդակագործների մոտ ավելի շատ պարզապես գաղափարներ են, որոնց կենդանություն տալու համար բազմաթիվ միջոցներ են պետք: Քանդակագործությունը պետք է կապվի բնության, միջավայրի ու հասարակության հետ: Այն հուշարձանները, որոնք քաղաքներում են դրվում, պետք է ավելի շատ մոտ լինեն ժողովրդին, մարդուն: Երբ հուշարձանը նվիրված է կոնկրետ մարդու, այս պարագայում արդեն առաջ է գալիս գաղափարի ու կերպարի խնդիրը, միջավայրում իր տեղն ու դերը գտնելու խնդիրը: Մեր քաղաքն ունի քանդակների կարիքը, որոնք պետք է կրթեն ու դաստիարակեն հասարակությանը, սակայն դրա համար պետությունը միջոցներ պետք է տրամադրի:
-Որքանո՞վ է արվեստը կրթում հասարակությանը, ի՞նչ է այն ներշնչում մարդուն:
-Արվեստը նրբաճաշակություն է բերում, այն հարստացնում է մարդու հոգևոր աշխարհը, նոր արժեքային համակարգեր է ստեղծում: Այսօր մշակույթի, արվեստի անհրաժեշտությունը մենք ավելի ենք զգում, քան երբևէ: Մարդը միշտ անհանգիստ վիճակներում է ապրում, և մշակույթը կարող է հոգևոր հանգստություն բերել մարդուն:
-Կարելի՞ է ասել, որ քանդակագործությունն այսօր վերելք է ապրում, թե՞ այն արդեն ծերացող արվեստ է համարվում:
-Անկախ տնտեսական, ֆինանսական վիճակներից քանդակագործությունը բարձունքում է: Շատ ուրախալի է, որ ոչ մի գործոն երբևէ լրջորեն չի ազդել քանդակագործության վրա ու արվեստագետը երբևէ չի դադարել մտածել, ստեղծագործել ու արարել: Այսօր պակասում և գրեթե բացակայում է հովանավորչությունը, բայց արվեստագետները միշտ ցուցահանդեսների են մասնակցում, անհատական ցուցահանդեսներ, սիմպոզիումներ են կազմակերպում: Շատ երիտասարդ տաղանդավոր քանդակագործներ կան, որոնք, եվրոպական բազմաթիվ երկրներում մասնակցելով բազմաթիվ մրցույթների, տարբեր մրցանակների են արժանացել: Սակայն պետությունը պետք է միջոցներ տրամադրի արվեստագետներին աշխատելու համար, քանզի արվեստագետն այլ մասնագիտություն չունի, որով կարող է գումար վաստակել ու ապահովել իր ընտանիքի ֆինանսական կարիքները:
-Մեր կառավարությունը որքանո՞վ է մտահոգված արվեստագետների ֆինանսական միջոցներով ու որքանո՞վ է հոգում այդ խնդիրները:
-Ես կարծում եմ, որ մեր պետությունը բոլորովին հոգ չի տանում արվեստագետների մասին: Խորհրդային Միության շջանում տարեկան մեկ-երկու անգամ ցուցահանդեսներ էին կազմակերպվում ու գնումներ էին կատարվում, լինում էին բազմաթիվ պատվերներ, և ստեղծագործողներն այդ տարիներին ֆինանսական խնդիրներ չունեին: Իսկ այսօր ցուցահանդեսներ են կազմակերպվում, բայց ոչ մի աշխատանք չի գնվում: Նախկինում բոլոր բարձրարժեք ստեղծագործությունները մտնում էին մեր թանգարաններն ու պատկերասրահները: Անկախացումից մինչև այսօր մեր թանգարանները ոչ մի աշխատանք մուտք չի գործել: Մեկ սերունդի ստեղծագործություն ընդհանրապես թանգարաններ մուտք չի գործել: Արվեստագետներն աշխատում են, բայց իրենց աշխատանքները մնում են արվեստանոցներում, լավագույն դեպքում այդ աշխատանքները կարող են արտասահմանյան արվեստասերները գնել ու երկրից դուրս հանել:
-Ե՞րբ է արվեստագետն զգում, թե որն է աշխատանքը սկսելու ամենահարմար պահը:
-Արվեստն ամենօրյա աշխատանք է պահանջում: Դադարել աշխատել նշանակում է դադարել ապրել: Երբ առաջանում է ստեղծագործելու, արարելու ներքին մղումը, արվեստագետը չի կարող չաշխատել:
-Իսկ ե՞րբ է գալիս ստեղծագործելու ներքին մղումը: Ինչպիսի՞ կապ ունի այն արվեստագետի տրամադրության ու մտահոգությունների հետ:
-Յուրաքանչյուր ստեղծագործություն արտահայտում է արվեստագետի կյանքը` ներքին հույզերով ու տրամադրությամբ ամփոփված:
-Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի մուսա հասկացողությունը:
-Մուսան հիմնականում գալիս է աշխատելու ընթացքում, չնայած որ նախ և առաջ պետք է ծնվեն գաղափարները: Բոլոր նյութերի մեջ հոգի ու շունչ կա, բայց դրանց կենդանություն է տալիս արվեստագետը: Նույն նյութը մի արվեստագետի մոտ կարող է անշունչ լինել, իսկ մյուսի մոտ ջերմություն, սեր ու կենդանություն ճառագել: Դա կապված է այն հանգամանքի հետ, թե ինչ գաղափարներ է դնում արվեստագետը ստեղծագործության մեջ: Քանդակը պետք է հրավիրի անցորդներին, և եթե մարդիկ կարող են անցնել քանդակի մոտով և անգամ չնկատել այն, ապա այդ քանդակն անկենդան է:
-Ի՞նչ նյութերով եք նախընտրում աշխատել:
-Ես շատ նյութերով եմ աշխատում, բայց, այնուամենայնիվ, նախընտրում եմ բրոնզը: Այդ նյութով աշխատելն ինձ ավելի հոգեհարազատ է:
-Նախապես լիովին պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեսք է ունենալու քանդակը: Մի՞շտ են կատարված աշխատանքները համապատասխանում գծված էսքիզներին:
-Նախապես, իհարկե, պատկերացնում եմ աշխատանքի ավարտը և թե ինչ տեսք է ունենալու այդ ստեղծագործությունը, բայց արարելու ընթացքում այն փոփոխությունների է ենթարկվում, և բացառված չէ, որ աշխատանքի արդյունքում լիովին այլ տեսք ունենա քանդակը:
-Քանդակագործը ո՞ր աշխատանքն է համարում հաջողված:
-Եթե իմ ստեղծագործությունն ինձ լիարժեք չի թվում, ապա ես այն վերափոխում եմ` մենչև որ ունենա այն շունչը, որը ես ակնկալել եմ դնել այդ ստեղծագործության մեջ: Եթե քանդակագործն իր աշխատանքները կատարյալ է համարում, ապա վերջինս կորցնում է ստեղծագործելու ունակությունը: Արվեստագետը մինչև իր կյանքի վերջը պետք է մտածի ու ստեղծագործի:
-Ձեր գործերը կարո՞ղ են պատմել Ձեր կենսագրության, ապրումների ու զգացողությունների մասին:
-Իհարկե, արվեստագետը ևս ունի նախասիրություններ իր աշխատանքի մեջ ու ստեղծագործում է այն թեմաներով, որոնք իր ներքին ապրումներին ավելի մոտ են ու որտեղ կարող է լիովին ինքնաարտահայտվել: Իմ ներաշխարհին ավելի մոտ են դրամատիկ թեմաները, որոնք պատկերում են մարդու ճակատագիրը: Մարդը երբեք լիովին երջանիկ չի զգում իրեն: Աշխարհում բազմաթիվ պատերազմներ, բազում կորուստներ, մահեր են եղել, ու մինչև այսօր շարունակվում են այսպիսի աղետները, և, անշուշտ, կան նաև անձնական կորուստներ: Այդ բոլորը փակված են մեր մեջ, որոնք բացվում են աշխատանքներում:
-Պատահո՞ւմ է, որ արվեստանոց եք մտնում մի տրամադրությամբ, բայց դուրս գալիս այնտեղից մեկ այլ տրամադրվածությամբ ու զգացողություններով:
-Անշուշտ, պատահում է, և այն էլ շատ հաճախ է պատահում: Արվեստանոցից ես գրեթե միշտ լավ տրամադրությամբ եմ դուրս գալիս, ու ստեղծագոծելու ընթացքն ինձ երջանկացնում է:
-Ոչ բարեկեցիկ կյանքը կարող է արվեստագետի մեջ սպանել ստեղծագործելու շնորհքը ու ստիպել արվեստագետին զբաղվել այլ աշխատանքով` ավելի շահութաբեր ու ֆինանսապես ավելի խոստումնալից:
-Այդպիսի դեպքեր լինում են, ցավոք, բայց արվեստագետը պետք է ամուր կամք ունենա` որպեսզի ժամանակների փորձություններին կարողանա դիմակայել: Բոլոր ժամանակների արվեստագետներն ունեցել են խնդիրներ, բայց սերն ու նվիրումը դեպի արվեստը թույլ չի տվել դավաճանել մշակույթին:
-Ինչպիսի՞ն է քանդակագործության կապը արվեստի այլ տեսակների հետ: Կարո՞ղ է արվեստի մի տեսակը մեկուսի գոյատևել ու զարգանալ, թե՞ այն փոխկապակցված աշխատանք է պահանջում արվեստի այլ տեսակների հետ:
-Քանդակագործության մեջ և° պոեզիա կա, և° երաժշտություն, և° ճարտարապետություն, իսկ երբ դրանք բացակայում են, ապա ստեղծագործությունը դառնում է անհոգի, սառը աշխատանք: Մշակույթի բոլոր բնագավառները միմյանց հետ սերտորեն կապված են:
Ես միշտ հարազատ ու հավատարիմ եմ եղել իմ ստեղծագործություններին: Ես ապրել եմ իմ աշխատանքներով ու մինչև հիմա էլ ապրում եմ դրանցով:
Հ. Մ.
Վերադառնալ