04:11
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մարզիչի պատվախնդրությունը

2013-02-28 11:09

«Դե Ֆակտո» 20 (2008թ.)

Հարցազրույց ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ

-Այսօր ինչպիսի՞նն է հայ երիտասարդը սպորտում:

-Ես այդ հարցին կարող եմ պատասխանել մասնավորապես ֆուտբոլային ասպարեզում: Այս հարցում մենք որոշակի առաջընթաց ենք ապրում, իհարկե, դա ֆեդերացիայի աշխատանքի և ակումբների նախագահների շնորհիվ է: Բայց ամեն դեպքում դրանով բավարարվել չի կարելի, ակումբների և հավաքականների համատեղ պլանավորված աշխատանք է պետք: 19 տարեկանները դուրս են եկել հաջորդ փուլ, որը մեծ առաջընթաց է: Եթե համեմատենք առաջվա երիտասարդական հավաքականն ու այժմյանը, ապա պետք է նշեմ, որ այժմյանն ավելի թույլ է, բայց ի երջանկություն մեզ այս տարի մեր տղաները կարողացան իրենց խոսքն ասել և մի քանի գեղեցիկ խաղեր հրամցրին հանդիսատեսին: Մեր հավաքականները` տարբեր տարիքի, արդեն սկսել են պլանավորված, ճիշտ և համատեղ աշխատելը, և ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում ավելի կայուն խաղեր կցուցաբերեն:

-Պարո՛ն Սուքիասյան, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում հայկական ֆուտբոլը, ի՞նչ բացթողումներ կան և ինչո՞վ են դրանք պայմանավորված:

- Ե՛վ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, և՛ օլիմպիական կոմիտեի նախագահը մեծ աշխատանքներ են տանում ֆուտբոլի ու սպորտի զարգացման համար: Ունենք այնպիսի կայուն ակումբներ, ինչպիսիք են Բանանցը, Փյունիկը, Միկան, Արարատը, որոնք լավ պայմաններ են ստեղծում, նոր մարզասրահներ, մարզադահլիճներ են կառուցվում: Եթե մարզիկը հնարավորություն չունի մարզվել լավ պայմաններում, խաղից և պարապմունքներից հետո լոգանք ընդունել, օրը պարտադիր երկու մարզում անցկացնել, նա դժվար թե կարողանա լավ խաղ ցուցաբերել: Սրանք մանրուքներ են, որոնք, սակայն, մեծ ազդեցություն կարող են ունենալ: Այնուամենայնիվ, այժմ մեր պայմաններն անհամեմատ լավացել են: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մեծ ներդրումներ է կատարում մանկապատանեկան ֆուտբոլում, որը ֆուտբոլի հիմքն է:

-Որո՞նք են մեր վերջին ձեռքբերումներն այդ ասպարեզում:

-Եթե մենք զուգահեռներ անցկացնենք մեր երկրի և հզոր ֆուտբոլային երկրների միջև, բնականաբար, պրոֆեսիոնալիզմով  զիջում ենք նրանց, բայց չենք կարող հաշվի չառնել մյուս երկրների ֆինանսական, սոցիալ-տնտեսական գերակայությունը և՛ ֆուտբոլային աշխարհում, և՛ ընդհանրապես որպես պետություն: Բայց և այնպես չի կարելի անտեսել մեր հավաքականների ցուցաբերած վերջին գեղեցիկ խաղերը, երբ հաղթեցինք լեհերին, պորտուգալացիների և սերբերի հետ ոչ-ոքի խաղացինք: Նման տպավորիչ խաղեր անցկացրեցինք, բայց մեր հավաքականին պակասում է դրսի խաղ հասկացությունը: Ինչպես ասում են` տան պատերն էլ են օգնում: Ես կխնդրեի մեր հանդիսատեսին աջակցել մեր ակումբներին, հավաքականներին: Հանդիսատեսը կարող է մեծ ոգևորություն բերել ֆուտբոլիստներին: Մեր պայմանները սուղ են, բայց այսօր արդեն մեծ պարգևատրություններ են հատկացվում, որոնք ոգևորում և շահագրգռում են մեր ֆուտբոլիստներին: Ճիշտ է` մենք խաղում ենք հանուն մեր պետության, բայց երբեմն նաև ֆինանսական հայրենիքի կարող են նաև որոշիչ լինել: Ուրախալի է, որ ըստ ՈՒԷՖԱ-ի հարցումների մեր ազգային առաջնությունն ամբողջ Անդրկովկասում առաջին տեղում է: Մեր առաջնության վարկանիշը բավականին բարձր է, և ես վստահ էի, որ 2007-ի առաջնությունն ամենահաջողված առաջնություններից է լինելու:

-Խոստումնալի՞ց է արդյոք երիտասարդական հավաքականի ապագան:

-Զուգահեռներ եմ ուզում անցկացնել ազգային հավաքականի և երտասարդական հավաքականի միջև: Ուրախալի է, որ ազգային հավաքականը հանդես եկավ մի քանի տպավորիչ ելույթներով, բայց չի կարելի նաև անտեսել երիտասարդական հավաքականի հաջողությունները: Եթե նախկինում մենք բավական խոշոր հաշիվներով էինք պարտվում չեխերին, ապա այս տարի կարողացանք նրանց հետ ոչ-ոքի խաղալ: Ֆրանսիայի երիտասարդական գիգանտ հավաքականի հետ կարողացանք ոչ-ոքի խաղալ, այն էլ Ֆրանսիայում, մի թիմի, որն իսկապես կայացած լուրջ թիմ էր: Մենք աշխատանքներ ենք տանում նաև մինչև 21 տարեկան կադրեր պատրաստելու` ազգային հավաքականի համար: Արդեն երեք ֆուտբոլիստ երիտասարդական հավաքականից հրավիրված են ազգային հավաքական: Եվ, հավանաբար, երեք ֆուտբոլիստ էլ հաջորդ տարի կհրավիրվեն: Այնպես, որ նորմալ աշխատանքներ են տարվում հավաքականների, ակումբների և ֆեդերացիայի միջև: Մենք պետք է ամեն կերպ փորձենք լրացնել մեր բացթողումները`բարձրացնելու մեր հավաքականի վարկանիշը, որքան հնարավոր է շատ ֆուտբոլիստներ արտահանել այլ երկրների ակումբներ: Դրա համար ակումբները պետք է ճիշտ աշխատեն, կարողանան ճկուն կողմնորոշվել այն հարցում, թե որ ֆուտբոլիստն է արդեն պատրաստ համալրել այլ երկրների ակումբների կազմը: Վրացիները մի քանի անգամ ավելի շատ ֆուտբոլիստներ ունեն արտասահմանում հանդես եկող: Պետք է այս ուղղությամբ աշխատել և ավելի մեծ հաջողություններ ունենալու համար փոխել առաջնության մրցակարգը: Գարուն-աշուն մրցակարգից պետք է անցնել աշուն-գարուն մրցակարգի, որովհետև ողջ Եվրոպան խաղում է այդ մրցակարգով: Մենք պետք է համաչափ քայլենք այլ ֆուտբոլային գիգանտ երկրների հետ: Ես համոզված եմ, որ եթե մենք խաղայինք աշուն-գարուն մրցակարգով, ապա Հայաստանում առաջին խաղում չէինք պարտվի Բելգիային: Մեզ մոտ թերի է ակումբների պայմանագրային աշխատանքը: Առաջնության սկզբից դեռ երեք ամիս չանցած փոխվեցին երեք-չորս գլխավոր մարզիչներ: Մինչև խաղաշրջանի վերջը միայն մեկ ակումբի մարզիչ աշխատեց մինչև վերջ: Արտասահմանյան թիմերում և հավաքականներում այդպես չէ. ստույգ նշված է նրանց գումարային չափն ու պայմանագրային տարին, թե քանի տարի և որքան գումարով են աշխատելու, և ցանկացած կողմ պետք է պայմանագիրը խախտելու համար փոխհատուցի, ակումբի նախագահներն ու ֆեդերացիան  պետք է իրար հետ ճիշտ համագործակցեն:

-Ինչո՞ւ հեռացաք Արարատից:

Ես եմ դուրս եկել Արարատից, այն էլ այն դեպքում, երբ թիմը չեմպիոն դառնալու լուրջ հավակնորդ էր: Իսկ որպեսզի այսպիսի խնդիրներ չառաջանան, պետք է հստակ պայմագրային ճիշտ աշխատանք կատարել, ինչպես կատարվում է աշխարհի շատ այլ երկրներում: Երբ թիմն արդեն գրեթե չեմպիոն էր ճանաչվել, օտարազգի նոր մարզիչ է հրավիրվում աշխատանքի: Չնայած ես մնում էի գլխավոր մարզիչի դերում, և կարծում եմ, որ նոր մարզիչի անհրաժեշտությունը չկար: Նոր մարզիչի կարելի էր հրավիրել միայն այն դեպքում, եթե թիմը անհաջող հանդես գար, և շատ բացթողումներ լինեին: Այն հիանալի անձնակազմը, որը ստեղծվել էր մեկ տարվա ընթացքում, բավականին ծանր աշխատանք էր: Թիմի աշխատանքով, մեր մարզչական շտաբի քրտնաջան աշխատանքով ես բավարարված էի, որի շնորհիվ թիմը դիտարժան խաղ ցուցաբերեց, և, որը ևս կարևոր է, կադրեր էինք պատրաստում արտասահմանյան ակումբների համար: Եվ ես չէի ցանկանա, որ հովանավորների ու գլխավոր մարզիչների միջև նման տարաձայնություններ ծագեին:

-Պարո՛ն Սուքիասյան, ի՞նչ դեր ունի ֆուտբոլը հայի համար, կարելի՞ է ասել թե այն նաև հայկական խաղ է:

Հիշելով հայկական ֆուտբոլը` սկսած Արարատ 73-ից, կարող ենք վստահորեն ասել, որ մեր ազգը ֆուտբոլասեր ազգ է: Պետական բարձրաստիճան այրերի ներկայությունը խաղերին մեծ ոգևորություն է բերում մեր ֆուտբոլիստներին: Եվ մեր տղաները միշտ ասում էին, որ վարչապետի ոտքը խաղերին խերով է լինում: Ֆինանսական աջակցություն կա, բայց, երբ համեմատում ենք աշխարհի մյուս տերությունների հետ, այն բավարար չէ լուրջ հաջողություններ ունենալու համար, թեև ինչպես ասացի ֆուտբոլը նաև հայկական խաղ է:

-Ինչպե՞ս կգնահատեք նախկին և այսօրվա ֆուտբոլասերներին:

-Հանդիսատեսն աստիճանաբար կրկին վերակենդանանում է, դրան, իհարկե, նպաստում է մեր թիմերի ցուցաբերած վերջին տպավորիչ խաղերը: Ժամանակակից մարզիչը պետք է զարգացած անհատականություն լինի` հոգեբան, հեղինակություն ֆուտբոլիստների համար, որպեսզի կարողանա հասկանալ և կառավարել մի ամբողջ թիմ: Հաջողությունների հասնելու համար մարզիչը պետք է ճիշտ մարտավարություն մշակի, սթափ և ճիշտ մարզական վերլուծություններ կատարի: Եվ ամենակարևորը` խաղից առաջ պետք է կարողանա տղաներին տրամադրել: Ճիշտ է` կատարողը ֆուտբոլիստն է, բայց մարզիչի դերը ևս շատ մեծ է: Եթե մարզիչին հաջողվում է խաղի ընթացքում ճիշտ տակտիկական տարբերակ մշակել, մարտավարությունը փոխել, բնական է, որ մարզիչի ներդրումը հաղթանակի մեջ մեծ է, բայց, այնուամենայնիվ, հաղթանակի մեջ ֆուտբոլիստի և մարզիչի ներդրումները փոխկապակցված են: Ես կցանկանայի, որ մեր առաջնությունն անցներ նույն մակարդակով, ինչպես այս տարում, նույնքան լարված ու դիտարժան խաղեր լինեին: Կցանկանամ մեր 19-21 տարեկաններին և ազգային հավաքականներին թուրքերի հետ խաղում հաղթանակ և մեր հայկական ֆուտբոլին հաջողություններ: Ապագան խոստումնալից է, և ճիշտ աշխատանքի արդյունքում մեծ հաջողություններ են սպասվում, եթե մարզասերներն էլ սրտանց ցավեն մեր թիմերի համար:

Հ. Մ.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...