22:30
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայրենիքը սիրում են կոնկրետ գործերով

2013-02-12 10:33

«Դե Ֆակտո» 66(2011թ.)

Այսօր մեր երկրում տեղի ունեցող հասարակական, սոցիալ-տնտեսական երևույթները  գնահատեց  ՙԷսկո կոնցեռն՚ ՓԲԸ խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանը:

-Պարո՛ն Աղաբեկյան, Դուք,  իբրև գործարար, ինչպե՞ս կգնահատեք  ՀՀ   տնտեսության զարգացման միտումները,  ապագայի ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Բնական է, որ ցանկացած  գործարարի համար հատկապես կարևոր է երկրի տնտեսության վիճակը, գործարար միջավայրը, օրենքի համանման կիրառումը բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար, դատարանների գործունեության անկախությունը, վարվող հարկային արդյունավետ օրենսդրությունը և այլն: Հայաստանի Հանրապետությունում  այսօր առկա են գործարար մրցունակ  նախաձեռնություններ, սակայն գործարարության ոլորտում մրցունակ պայմաններ ապահովելու առումով անելիքներ դեռ շատ կան: ՀՀ տնտեսության   զարգացումը ապահովելու տեսանկյունից` հատկապես կարևոր է պետության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, որը, կարծում եմ, պետք է պայմանավորված լինի տնտեսության ոլորտում առաջնայնությունների հստակեցմամբ, վերջիններիս հետևողական կյանքի կոչելու պետական գործառույթով, ինչպես նաև հարկային, մաքսային պարզ, մատչելի օրենսդրության ապահովմամբ: Իհարկե, հարկ է նշել, որ տնտեսության զարգացման հարցում ոչ պակաս կարևոր է գործարարության դերը և նշանակությունը: Գործարարը ոչ միայն սեփական ռիսկով և նախաձեռնությամբ գործունեություն  իրականացնող անձ է, որի նպատակն է միավոր միջոցով եւ միավոր ժամանակահատվածում ստանալ առավելագույն շահույթ, այլ նա նաև հասարակության այն  ակտիվ  հատվածի  ներկայացուցիչն է, որն օժտված է   անձնական, սոցիալական և հանրային պատասխանատվությամբ, ինչն էլ  գործարարության նշանակությունը էականորեն բարձրացնում է և դարձնում  պետության կարևորագույն հենարաններից մեկը: Համոզված եմ, որ պետություն-գործարարություն հարաբերությունների որակով է հատկապես պայմանավորված ՀՀ տնտեսության ապագան: 

-Ըստ Ձեզ` այսօր զարգանու՞մ է  արդյոք գործարարությունը ՀՀ-ում:

-Հայաստանի  Հանրապետությունում գործարարության  զարգացման պոտենցիալը այսօր մեծ է, սակայն   համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և առայժմ մեր երկու հարևան երկրների կողմից   շրջափակման քաղաքականությունը, ինչպես նաև ՀՀ ներքին շուկայի փոքր լինելու հանգամանքը  էականորեն սահմանափակում են  զարգացման տեմպերը:

-Այս 20 տարիների ընթացքում  ձևավորվե՞լ է արդյոք գործարարների որոշակի խավ:

 -Այո՛,  իհարկե: Ես  ՀՀ գործարարների միության խորհրդի անդամ եմ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, և  նշված երկու կառույցներում էլ կան բազմաթիվ լուրջ պոտենցիալ ունեցող  գործարարներ:

-Պարո՛ն Աղաբեկյան, որպես գործարար, ի՞նչ կառաջարկեք ՀՀ   ներդրումային դաշտը բարելավելու համար:

-Նշեմ, որ գործարարությանը շատ հատուկ է համառությունը, իսկ տվյալ դեպքում հաջողության հասնելու համար համոզված եմ, որ կարևոր է նաև պետության կողմից տնտեսական քաղաքականության առաջնայնությունների, ծրագրերի հստակեցումը  և դրանց հետևողական կյանքի կոչումը: Կարևոր է նաև հարկային քաղաքականության պարզեցումը այն աստիճանի, որ նույնիսկ բարձր դասարանում սովորող յուրաքանչյուր երեխա հասկանա, թե  հարկային օրենսդրությունը այս կամ այն խնդիրը ինչպես է կանոնակարգում: Միևնույն ժամանակ, կարծում եմ` կարևոր է հարկային օրենսդրությունը տևական ժամանակահատվածով կանխատեսելի դարձնելու  պետական քաղաքականությունը:  Տվյալ պարագայում Հայաստանի տնտեսությունը հագեցած կլինի ներդրումային ծրագրերով, և գործարար միջավայրը ավելի հեշտ կարող է ծրագրավորել իր անելիքները և ավելի վստահ գործել  կանխատեսելի, կանոնակարգված շուկայում:

Այսօր անհրաժեշտ է ազատ տնտեսական գոտի ձևավորել Մեղրիի տարածքում և Զվարթնոց օդանավակայանում` նշված տարածքներն ապահովելով բանկային ծառայությունների մատուցման հնարավորություններով: Իհարկե, նորից պետք է նշեմ, որ տնտեսական քաղաքականության և տնտեսական ծրագրերի իրականացման գործում պետությունը պետք է հետևողականություն դրսևորի. օրինակ՝ առանց պետական հետևողականության` մենք այսօր ՙՀյուսիսային պողատա՚ չէինք ունենա:

-Որքանո՞վ է պետությունը օգնում  հայ  գործարարներին վարկային ծրագրերով:

-Հայաստանում  այսօր կան բազմաթիվ բանկեր, որոնք գործունեություն են ծավալում մեր ներքին շուկայում: Իհարկե, բանկային համակարգը դեռ ձևավորման փուլում է, և վերջիններիս կողմից  ռիսկերի գնահատման և պահանջվող երաշխիքների ծավալը հանգեցնում է նրան, որ շատ սուբյեկտների համար վարկային ռեսուրսները դեռևս անհասանելի են: Պետք է նշեմ նաև, որ բանկային համակարգն այսօր ավելի զարգացած է և կանոնակարգված, քան տնտեսության այլ հատվածները: Այս ոլորտում իրենց մեծ անելիքն ունեն նաև գործարարները, ովքեր պետք է ձգտեն իրենց գործունեությունը համապատասխանեցնել այն չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են վարկային ռեսուրսները իրենց ավելի հասանելի դարձնելու համար: Պետությունը այստեղ նույնպես անելիք ունի, քանի որ տնտեսվարող սուբյեկտները հարկատու են, իսկ վարկային ռեսուրսներից նորանոր հարկեր են գոյանում.տվյալ դեպքում  բնական է, որ պետությունը  կամ համայնքները` առանձին դեպքերում,  պետք է իրենց վրա վերցնեն վարկավորման նպատակով բիզնեսի երաշխավորման ռիսկերը: 

-Քաղաքի կանաչապատումն այսօր խնդրահարույց թեմա է,  ի՞նչ  կասեք`որպես շինարար:

-Կանաչ տարածքները, կախված կոնկրետ միջավայրից,  քաղաքաշինական այլ կառույցների նկատմամբ կարող են ունենալ համապատասխան հարաբերակցություն: Օրինակ, ՙՀյուսիսային պողոտան՚, իր բոլոր թերություններով հանդերձ, կարծում եմ, որ մեր  անկախ հանրապետության ամենահաջողված նախագծերից  մեկն է: Ճիշտ է` նախագծի  իրականացման արդյունքում որոշակի ծառեր կտրվեցին, սակայն կարծում եմ, որ տվյալ դեպքում ծառահատումը արդարացված է, քանի որ այլ պարագայում հնարավոր չէր լինի  կառուցել ՙՀյուսիսային պողոտան՚: Սակայն բնական է, որ կանաչ զանգվածի հաշվեկշիռը լրացնելու համար կառուցապատողի առջև խնդիր դրվի մեկ կտրված ծառի փոխարեն` 10 ծառ տնկել:  

Ես, նաև  որպես քաղաքացի, իմ շնորհակալությունն եմ  ուզում հայտնել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին  իր համարձակ կեցվածքի և հետևողականության համար, որի արդյունքում մեր քաղաքաշինական միջավայրը հնարավորինս կանոնակարգված ձևով զարգացել և  բարելավվել է: 

-Պատմե՛ք, խնդրեմ, ՙԷսկո կոնցեռն՚ կազմակերպության ստեղծման և գործունեության մասին:

-Մեր կազմակերպությունը  ստեղծվել է 1997 թվականին: Ես հիմնադիր նախագահն եմ: Ստեղծման օրվանից ընկերության  գործունեության ոլորտը չի փոխվել: Հիմնական գործունեությունը անշարժ գույքի շուկայում է ծավալվել` ներդրումային ծրագրերի  մշակում և իրականացում, շինարարական, ճարտարապետական նախագծեր  և  այլ ծրագրեր,  որոնք կապված են անշարժ գույքի  հետ:   

-Մենք գիտենք, որ Դուք  մասնագիտությամբ  իրավաբան-տնտեսագետ  եք,   ինչո՞վ էր պայմանավորված անցումը շինարարության ոլորտին:

-Նախ ասեմ, որ հայրս շինարար է: Ես իմ գործունեության ոլորտը փոխեցի շատ պատահական մի դիպվածից հետո: Դա 1994 թ. էր, երբ մի գործարք կնքեցի, որից հետո որոշեցի զբաղվել գործարարությամբ անշարժ գույքի շուկայում: Նշեմ, որ անշարժ գույքի ոլորտը  բավական լուրջ հմտություններ և   պոտենցիալ է պահանջում, այդ թվում` և՛ իրավաբանի, և՛ տնտեսագետի: Ես կարծում եմ`  բուհական կրթությունը, որ ստացել եմ ԵՊՀ-ում  և ԺՏ ինստիտուտում, իմ գործունեության ընթացքում գործնական առումով կիրառելի են ամեն օր:

-Հայաստանում տնտեսության ո՞ր  ճյուղն ունի  զարգացման  այնպիսի հեռանկար, որի արտադրանքը կարողանա մրցունակ լինել հարևան պետություններում:

-Մենք պետք է  ամեն ինչ անենք, որպեսզի ներկրող երկրից դառնանք արտահանող երկիր  միևնույն ժամանակ Հայաստանում ներդրումներ կատարելը դառնա ձեռնտու:  Մեր հարևան երկրներին միայն ապրանքներ մատակարարելով և ծառայություններ մատուցելով` մենք կարող ենք դառնալ մրցունակ: Տվյալ դեպքում հանքարդյունաբերությունից մինչև սպառման ապրանքների արտադրություն, կարող է  հեռանկարային լինել, իհարկե, եթե մենք ճիշտ օգտագործենք մեր մարդկային ռեսուրսները և մրցունակ գնով վաճառենք ժամանակակից ապրանք: 

-Պարո՛ն Աղաբեկյան, ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի ՀՀ-ում լինի  սոցիալական արդարություն, մեծահարուստներն օգնեն սոցիալապես անապահով խավերին, եւ մեր երկրում ձեւավորվի միջին խավ:

-Նախ ես նշեմ, որ անկախության հռչակումից հետո մեր հանրության մեջ որոշակի ակտիվ քաղաքացիներ, իրենց  աշխտանքով, բիզնեսով օր ու գիշեր աշխատելով, ստեղծեցին եւ ձեւավորեցին կապիտալ: Սակայն ես դեմ եմ, որպեսզի մենք աշխատող  մարդկանց աղքատացնենք, որպեսզի վերջիններս հավասարվեն աղքատներին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աղքատները նույնպես հարստանան եւ ունենան կապիտալ, հարստություն, եւ իրենց  կենսամակարդակը բարձրացնեն: Կարծում եմ, որ  պետությունը այստեղ մեծ անելիքներ ունի. պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, տարբեր տեսակի ֆոնդեր, խթանման այնպիսի լծակներ, հարկային մեղմ քաղաքականություն փոքր բիզնեսի համար, որպեսզի վերջիններս նույնպես կարողանան իրենց տնտեսական պոտենցիալը մեծացնել եւ իրենց   հանրային եւ կենցաղային  խնդիրները լուծել:

-Այսօր արտագաղթը  մեծ չափերի է հասնում: Ըստ ձեզ` ինչո՞վ է այն պայմանավորված:

-Իրոք, այսօր շատ է խոսվում արտագաղթի մասին, որը,  անշուշտ, ունի պատճառներ: Շատ դեպքերում արտագաղթի պատճառները սոցիալ-տնտեսական բնույթ են կրում, հաճախ`  հոգեբանական: Մենք պետք է արտագղթի պատճառներն արմատապես ուսումնասիրենք  և այնպիսի դեղատոմսեր գտնենք, որպեսզի Հայաստանը դառնա ներգաղթի երկիր: Գրագետ տնտեսական և ներգաղթին նպաստող քաղաքականության իրականացման արդյունքում մենք կկարողանանք ապահովել նաև այլ  ազգերի աշխատունակ ներկայացուցիչների հոսքը դեպի Հայաստան` որպես նախընտրելի երկիր ապրելու և աշխատելու համար: Նշված խնդիրները լուծելու համար կան դեղատոմսեր, որոնք ենթադրում են ծրագրավորված, թիմային, հետևողական, ամենօրյա աշխատանք:

-Անկախ Հայաստանի Հանրապետությունն  ունեցել է երեք նախագահ: Առաջիկայում սպասվում են խորհրդարանական և այնուհետև նախագահական ընտրություններ: Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք: 

-Որպես քաղաքացի`  իմ մոտեցումն այն է, որ ՀՀ նախագահը միջազգային ասպարեզում մեր երկիրը ներկայացնող առաջին դեմքն է, եւ մենք, որպես քաղաքացի, մեր երեք նախագահներին էլ պետք է հարգանքով վերաբերվենք: Մենք, որպես փոքր պետություն, բնական է, որ փորձված քաղաքական և պետական գործիչների կարիք միշտ էլ ունեցել ենք և կունենանք: Կարծում եմ, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում և ՀՀ նախկին նախագահները, եթե  դեղատոմս  ունեն առաջարկելու մեր երկրին, ապա դա միայն ողջունելի է: Մեր հասարակությունը իմաստուն է, և ընտրությունների ճանապարհով ճիշտ գնահատական կտա թե՛ հանրային կյանքի կազմակերպման, և թե՛ զարգացման տեսանկյունից: Ես, որպես ՀՀ քաղաքացի, ակնկալում եմ, որ  սպասվող ընտրությունները կանցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան և ընդունելի կլինեն հասարակության կողմից:  Ընտրություններից հետո արդեն ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հարգանքով  վերաբերվեն ընտրությունների արդյունքում ընտրված  իշխանության ներկայացուցիչներին, որոնք արժանացել են մեր ժողովրդի վստահության քվեին:

-Խորհրդարանական ընտրություններին Ձեր պատգամավորական թեկնածությունը  կառաջադրե՞ք:    

-Ցանկացած թեկնածու, ով մասնակցում է ԱԺ ընտրություններին, ինքն իրեն պետք է հարց տա` ինչ կարող է անել իր երկրի համար` որպես պատգամավոր: ԱԺ պետք է գնան այն անկուսակցական անձիք, որոնք հարում են մեկ կուսակցության, պատրաստ են կիսել տվյալ քաղաքական ուժի ծրագրերը և քաղաքականությունը տեսնել` որպես հիմնական մասնագիտություն:

Ես այսօր գործարար եմ, սակայն եթե պահանջվի ընտրություն կատարել գործարարի և քաղաքական գործչի գործունեության միջև, ես կընտրեմ քաղաքականությունը, եթե ինձ տեսնեմ որևէ քաղաքական թիմի մեջ և համոզված լինեմ, որ իմ ներկայությունը  քաղաքական դաշտում երկրին ավելի պիտանի   կլինի, քան գործարար միջավայրում:  

-Ի՞նչ եք կարծում, կարիք կա՞, որ  խորհրդարանում  գերակշռեն մտավորականները:

-Ես չեմ ցանկանում գործարարներին առանձնացնել մտավորականներից, քանի որ գործարարը  մտավորական քաղաքացու իրատեսական և գործնական տեսակն է: Գործարարն իր աշխատանքային փորձը կարող է ներդնել  պետական շինարարության գործում: Անձը  քաղաքականություն մտնելիս պետք է դադարեցնի իր տնտեսական գործունեությունը, համապատասխանեցնի այն օրենքի տառին, որպեսզի իր բիզնեսով կաշկանդված չլինի և իրեն դրսևորի որպես ակտիվ, նախաձեռնող, հմուտ քաղաքական գործիչ:

-Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր ընտանիքի մասին:

-Ամուսնացած եմ,  ունեմ 3 երեխա` երկու դուստր և մեկ որդի, շատ եմ սիրում իմ ընտանիքը: Ես կարծում եմ` ամեն հայ ընտանիք  պետք է նվազագույնը երեք երեխա ունենա: Դա թե՛ մեր երկրի,  թե՛ հանրության,  թե՛ գենետիկական տեսակի  առջև մեր գիտակցված  պարտքն է:

-Վերջերս լրացավ մեր անկախ Հանրապետության 20-ամյակը: Ի՞նչ կմաղթեք մեր պետությանն ու հայրենիքին:

-ՀՀ անկախության  քսան տարիների  ընթացքում արդեն ձևավորվել է անկախ Հանրապետության նոր սերունդ, որի մի մասը ծառայում է  բանակում, մի մասն արդեն ստեղծել է նոր ընտանիք, մի մասին էլ, միգուցե,  հետապնդում է մտքեր աշխատել  տնտեսության այս կամ այն ոլորտում` որպես պետական պաշտոնյա, քաղաքական, հասարակական գործիչ: Ես շնորհավորում եմ բոլորիս, Հայաստանի բոլոր քաղաքացիներին ՀՀ նախագահի գլխավորությամբ և հավատացած եմ, որ մեր բոլորի ջանքերով և կոնկրետ գործերով Հայաստանի Հանրապետությունը կդառնա  բարգավաճ, հզոր, զարգացած երկիր ցանկացած աշխատասեր, խելացի, օրինապաշտ, ապրելու և ստեղծագործելու մղումով լցված անձի համար: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության ամենամեծ հարստությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, իսկ մեր խնդիրն է ոչ թե նշել միայն խնդիրները, այլ առաջարկել դրանց արդյունավետ լուծումներ և ապահովել դրանց կատարումը:

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...