2013-02-12 10:33
«Դե Ֆակտո» 66(2011թ.)
Այսօր մեր երկրում տեղի ունեցող հասարակական, սոցիալ-տնտեսական երևույթները գնահատեց ՙԷսկո կոնցեռն՚ ՓԲԸ խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանը:
-Պարո՛ն Աղաբեկյան, Դուք, իբրև գործարար, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ տնտեսության զարգացման միտումները, ապագայի ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
-Բնական է, որ ցանկացած գործարարի համար հատկապես կարևոր է երկրի տնտեսության վիճակը, գործարար միջավայրը, օրենքի համանման կիրառումը բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար, դատարանների գործունեության անկախությունը, վարվող հարկային արդյունավետ օրենսդրությունը և այլն: Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա են գործարար մրցունակ նախաձեռնություններ, սակայն գործարարության ոլորտում մրցունակ պայմաններ ապահովելու առումով անելիքներ դեռ շատ կան: ՀՀ տնտեսության զարգացումը ապահովելու տեսանկյունից` հատկապես կարևոր է պետության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, որը, կարծում եմ, պետք է պայմանավորված լինի տնտեսության ոլորտում առաջնայնությունների հստակեցմամբ, վերջիններիս հետևողական կյանքի կոչելու պետական գործառույթով, ինչպես նաև հարկային, մաքսային պարզ, մատչելի օրենսդրության ապահովմամբ: Իհարկե, հարկ է նշել, որ տնտեսության զարգացման հարցում ոչ պակաս կարևոր է գործարարության դերը և նշանակությունը: Գործարարը ոչ միայն սեփական ռիսկով և նախաձեռնությամբ գործունեություն իրականացնող անձ է, որի նպատակն է միավոր միջոցով եւ միավոր ժամանակահատվածում ստանալ առավելագույն շահույթ, այլ նա նաև հասարակության այն ակտիվ հատվածի ներկայացուցիչն է, որն օժտված է անձնական, սոցիալական և հանրային պատասխանատվությամբ, ինչն էլ գործարարության նշանակությունը էականորեն բարձրացնում է և դարձնում պետության կարևորագույն հենարաններից մեկը: Համոզված եմ, որ պետություն-գործարարություն հարաբերությունների որակով է հատկապես պայմանավորված ՀՀ տնտեսության ապագան:
-Ըստ Ձեզ` այսօր զարգանու՞մ է արդյոք գործարարությունը ՀՀ-ում:
-Հայաստանի Հանրապետությունում գործարարության զարգացման պոտենցիալը այսօր մեծ է, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և առայժմ մեր երկու հարևան երկրների կողմից շրջափակման քաղաքականությունը, ինչպես նաև ՀՀ ներքին շուկայի փոքր լինելու հանգամանքը էականորեն սահմանափակում են զարգացման տեմպերը:
-Այս 20 տարիների ընթացքում ձևավորվե՞լ է արդյոք գործարարների որոշակի խավ:
-Այո՛, իհարկե: Ես ՀՀ գործարարների միության խորհրդի անդամ եմ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, և նշված երկու կառույցներում էլ կան բազմաթիվ լուրջ պոտենցիալ ունեցող գործարարներ:
-Պարո՛ն Աղաբեկյան, որպես գործարար, ի՞նչ կառաջարկեք ՀՀ ներդրումային դաշտը բարելավելու համար:
-Նշեմ, որ գործարարությանը շատ հատուկ է համառությունը, իսկ տվյալ դեպքում հաջողության հասնելու համար համոզված եմ, որ կարևոր է նաև պետության կողմից տնտեսական քաղաքականության առաջնայնությունների, ծրագրերի հստակեցումը և դրանց հետևողական կյանքի կոչումը: Կարևոր է նաև հարկային քաղաքականության պարզեցումը այն աստիճանի, որ նույնիսկ բարձր դասարանում սովորող յուրաքանչյուր երեխա հասկանա, թե հարկային օրենսդրությունը այս կամ այն խնդիրը ինչպես է կանոնակարգում: Միևնույն ժամանակ, կարծում եմ` կարևոր է հարկային օրենսդրությունը տևական ժամանակահատվածով կանխատեսելի դարձնելու պետական քաղաքականությունը: Տվյալ պարագայում Հայաստանի տնտեսությունը հագեցած կլինի ներդրումային ծրագրերով, և գործարար միջավայրը ավելի հեշտ կարող է ծրագրավորել իր անելիքները և ավելի վստահ գործել կանխատեսելի, կանոնակարգված շուկայում:
Այսօր անհրաժեշտ է ազատ տնտեսական գոտի ձևավորել Մեղրիի տարածքում և Զվարթնոց օդանավակայանում` նշված տարածքներն ապահովելով բանկային ծառայությունների մատուցման հնարավորություններով: Իհարկե, նորից պետք է նշեմ, որ տնտեսական քաղաքականության և տնտեսական ծրագրերի իրականացման գործում պետությունը պետք է հետևողականություն դրսևորի. օրինակ՝ առանց պետական հետևողականության` մենք այսօր ՙՀյուսիսային պողատա՚ չէինք ունենա:
-Որքանո՞վ է պետությունը օգնում հայ գործարարներին վարկային ծրագրերով:
-Հայաստանում այսօր կան բազմաթիվ բանկեր, որոնք գործունեություն են ծավալում մեր ներքին շուկայում: Իհարկե, բանկային համակարգը դեռ ձևավորման փուլում է, և վերջիններիս կողմից ռիսկերի գնահատման և պահանջվող երաշխիքների ծավալը հանգեցնում է նրան, որ շատ սուբյեկտների համար վարկային ռեսուրսները դեռևս անհասանելի են: Պետք է նշեմ նաև, որ բանկային համակարգն այսօր ավելի զարգացած է և կանոնակարգված, քան տնտեսության այլ հատվածները: Այս ոլորտում իրենց մեծ անելիքն ունեն նաև գործարարները, ովքեր պետք է ձգտեն իրենց գործունեությունը համապատասխանեցնել այն չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են վարկային ռեսուրսները իրենց ավելի հասանելի դարձնելու համար: Պետությունը այստեղ նույնպես անելիք ունի, քանի որ տնտեսվարող սուբյեկտները հարկատու են, իսկ վարկային ռեսուրսներից նորանոր հարկեր են գոյանում.տվյալ դեպքում բնական է, որ պետությունը կամ համայնքները` առանձին դեպքերում, պետք է իրենց վրա վերցնեն վարկավորման նպատակով բիզնեսի երաշխավորման ռիսկերը:
-Քաղաքի կանաչապատումն այսօր խնդրահարույց թեմա է, ի՞նչ կասեք`որպես շինարար:
-Կանաչ տարածքները, կախված կոնկրետ միջավայրից, քաղաքաշինական այլ կառույցների նկատմամբ կարող են ունենալ համապատասխան հարաբերակցություն: Օրինակ, ՙՀյուսիսային պողոտան՚, իր բոլոր թերություններով հանդերձ, կարծում եմ, որ մեր անկախ հանրապետության ամենահաջողված նախագծերից մեկն է: Ճիշտ է` նախագծի իրականացման արդյունքում որոշակի ծառեր կտրվեցին, սակայն կարծում եմ, որ տվյալ դեպքում ծառահատումը արդարացված է, քանի որ այլ պարագայում հնարավոր չէր լինի կառուցել ՙՀյուսիսային պողոտան՚: Սակայն բնական է, որ կանաչ զանգվածի հաշվեկշիռը լրացնելու համար կառուցապատողի առջև խնդիր դրվի մեկ կտրված ծառի փոխարեն` 10 ծառ տնկել:
Ես, նաև որպես քաղաքացի, իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին իր համարձակ կեցվածքի և հետևողականության համար, որի արդյունքում մեր քաղաքաշինական միջավայրը հնարավորինս կանոնակարգված ձևով զարգացել և բարելավվել է:
-Պատմե՛ք, խնդրեմ, ՙԷսկո կոնցեռն՚ կազմակերպության ստեղծման և գործունեության մասին:
-Մեր կազմակերպությունը ստեղծվել է 1997 թվականին: Ես հիմնադիր նախագահն եմ: Ստեղծման օրվանից ընկերության գործունեության ոլորտը չի փոխվել: Հիմնական գործունեությունը անշարժ գույքի շուկայում է ծավալվել` ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում, շինարարական, ճարտարապետական նախագծեր և այլ ծրագրեր, որոնք կապված են անշարժ գույքի հետ:
-Մենք գիտենք, որ Դուք մասնագիտությամբ իրավաբան-տնտեսագետ եք, ինչո՞վ էր պայմանավորված անցումը շինարարության ոլորտին:
-Նախ ասեմ, որ հայրս շինարար է: Ես իմ գործունեության ոլորտը փոխեցի շատ պատահական մի դիպվածից հետո: Դա 1994 թ. էր, երբ մի գործարք կնքեցի, որից հետո որոշեցի զբաղվել գործարարությամբ անշարժ գույքի շուկայում: Նշեմ, որ անշարժ գույքի ոլորտը բավական լուրջ հմտություններ և պոտենցիալ է պահանջում, այդ թվում` և՛ իրավաբանի, և՛ տնտեսագետի: Ես կարծում եմ` բուհական կրթությունը, որ ստացել եմ ԵՊՀ-ում և ԺՏ ինստիտուտում, իմ գործունեության ընթացքում գործնական առումով կիրառելի են ամեն օր:
-Հայաստանում տնտեսության ո՞ր ճյուղն ունի զարգացման այնպիսի հեռանկար, որի արտադրանքը կարողանա մրցունակ լինել հարևան պետություններում:
-Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ներկրող երկրից դառնանք արտահանող երկիր միևնույն ժամանակ Հայաստանում ներդրումներ կատարելը դառնա ձեռնտու: Մեր հարևան երկրներին միայն ապրանքներ մատակարարելով և ծառայություններ մատուցելով` մենք կարող ենք դառնալ մրցունակ: Տվյալ դեպքում հանքարդյունաբերությունից մինչև սպառման ապրանքների արտադրություն, կարող է հեռանկարային լինել, իհարկե, եթե մենք ճիշտ օգտագործենք մեր մարդկային ռեսուրսները և մրցունակ գնով վաճառենք ժամանակակից ապրանք:
-Պարո՛ն Աղաբեկյան, ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի ՀՀ-ում լինի սոցիալական արդարություն, մեծահարուստներն օգնեն սոցիալապես անապահով խավերին, եւ մեր երկրում ձեւավորվի միջին խավ:
-Նախ ես նշեմ, որ անկախության հռչակումից հետո մեր հանրության մեջ որոշակի ակտիվ քաղաքացիներ, իրենց աշխտանքով, բիզնեսով օր ու գիշեր աշխատելով, ստեղծեցին եւ ձեւավորեցին կապիտալ: Սակայն ես դեմ եմ, որպեսզի մենք աշխատող մարդկանց աղքատացնենք, որպեսզի վերջիններս հավասարվեն աղքատներին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աղքատները նույնպես հարստանան եւ ունենան կապիտալ, հարստություն, եւ իրենց կենսամակարդակը բարձրացնեն: Կարծում եմ, որ պետությունը այստեղ մեծ անելիքներ ունի. պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, տարբեր տեսակի ֆոնդեր, խթանման այնպիսի լծակներ, հարկային մեղմ քաղաքականություն փոքր բիզնեսի համար, որպեսզի վերջիններս նույնպես կարողանան իրենց տնտեսական պոտենցիալը մեծացնել եւ իրենց հանրային եւ կենցաղային խնդիրները լուծել:
-Այսօր արտագաղթը մեծ չափերի է հասնում: Ըստ ձեզ` ինչո՞վ է այն պայմանավորված:
-Իրոք, այսօր շատ է խոսվում արտագաղթի մասին, որը, անշուշտ, ունի պատճառներ: Շատ դեպքերում արտագաղթի պատճառները սոցիալ-տնտեսական բնույթ են կրում, հաճախ` հոգեբանական: Մենք պետք է արտագղթի պատճառներն արմատապես ուսումնասիրենք և այնպիսի դեղատոմսեր գտնենք, որպեսզի Հայաստանը դառնա ներգաղթի երկիր: Գրագետ տնտեսական և ներգաղթին նպաստող քաղաքականության իրականացման արդյունքում մենք կկարողանանք ապահովել նաև այլ ազգերի աշխատունակ ներկայացուցիչների հոսքը դեպի Հայաստան` որպես նախընտրելի երկիր ապրելու և աշխատելու համար: Նշված խնդիրները լուծելու համար կան դեղատոմսեր, որոնք ենթադրում են ծրագրավորված, թիմային, հետևողական, ամենօրյա աշխատանք:
-Անկախ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է երեք նախագահ: Առաջիկայում սպասվում են խորհրդարանական և այնուհետև նախագահական ընտրություններ: Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք:
-Որպես քաղաքացի` իմ մոտեցումն այն է, որ ՀՀ նախագահը միջազգային ասպարեզում մեր երկիրը ներկայացնող առաջին դեմքն է, եւ մենք, որպես քաղաքացի, մեր երեք նախագահներին էլ պետք է հարգանքով վերաբերվենք: Մենք, որպես փոքր պետություն, բնական է, որ փորձված քաղաքական և պետական գործիչների կարիք միշտ էլ ունեցել ենք և կունենանք: Կարծում եմ, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում և ՀՀ նախկին նախագահները, եթե դեղատոմս ունեն առաջարկելու մեր երկրին, ապա դա միայն ողջունելի է: Մեր հասարակությունը իմաստուն է, և ընտրությունների ճանապարհով ճիշտ գնահատական կտա թե՛ հանրային կյանքի կազմակերպման, և թե՛ զարգացման տեսանկյունից: Ես, որպես ՀՀ քաղաքացի, ակնկալում եմ, որ սպասվող ընտրությունները կանցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան և ընդունելի կլինեն հասարակության կողմից: Ընտրություններից հետո արդեն ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հարգանքով վերաբերվեն ընտրությունների արդյունքում ընտրված իշխանության ներկայացուցիչներին, որոնք արժանացել են մեր ժողովրդի վստահության քվեին:
-Խորհրդարանական ընտրություններին Ձեր պատգամավորական թեկնածությունը կառաջադրե՞ք:
-Ցանկացած թեկնածու, ով մասնակցում է ԱԺ ընտրություններին, ինքն իրեն պետք է հարց տա` ինչ կարող է անել իր երկրի համար` որպես պատգամավոր: ԱԺ պետք է գնան այն անկուսակցական անձիք, որոնք հարում են մեկ կուսակցության, պատրաստ են կիսել տվյալ քաղաքական ուժի ծրագրերը և քաղաքականությունը տեսնել` որպես հիմնական մասնագիտություն:
Ես այսօր գործարար եմ, սակայն եթե պահանջվի ընտրություն կատարել գործարարի և քաղաքական գործչի գործունեության միջև, ես կընտրեմ քաղաքականությունը, եթե ինձ տեսնեմ որևէ քաղաքական թիմի մեջ և համոզված լինեմ, որ իմ ներկայությունը քաղաքական դաշտում երկրին ավելի պիտանի կլինի, քան գործարար միջավայրում:
-Ի՞նչ եք կարծում, կարիք կա՞, որ խորհրդարանում գերակշռեն մտավորականները:
-Ես չեմ ցանկանում գործարարներին առանձնացնել մտավորականներից, քանի որ գործարարը մտավորական քաղաքացու իրատեսական և գործնական տեսակն է: Գործարարն իր աշխատանքային փորձը կարող է ներդնել պետական շինարարության գործում: Անձը քաղաքականություն մտնելիս պետք է դադարեցնի իր տնտեսական գործունեությունը, համապատասխանեցնի այն օրենքի տառին, որպեսզի իր բիզնեսով կաշկանդված չլինի և իրեն դրսևորի որպես ակտիվ, նախաձեռնող, հմուտ քաղաքական գործիչ:
-Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր ընտանիքի մասին:
-Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա` երկու դուստր և մեկ որդի, շատ եմ սիրում իմ ընտանիքը: Ես կարծում եմ` ամեն հայ ընտանիք պետք է նվազագույնը երեք երեխա ունենա: Դա թե՛ մեր երկրի, թե՛ հանրության, թե՛ գենետիկական տեսակի առջև մեր գիտակցված պարտքն է:
-Վերջերս լրացավ մեր անկախ Հանրապետության 20-ամյակը: Ի՞նչ կմաղթեք մեր պետությանն ու հայրենիքին:
-ՀՀ անկախության քսան տարիների ընթացքում արդեն ձևավորվել է անկախ Հանրապետության նոր սերունդ, որի մի մասը ծառայում է բանակում, մի մասն արդեն ստեղծել է նոր ընտանիք, մի մասին էլ, միգուցե, հետապնդում է մտքեր աշխատել տնտեսության այս կամ այն ոլորտում` որպես պետական պաշտոնյա, քաղաքական, հասարակական գործիչ: Ես շնորհավորում եմ բոլորիս, Հայաստանի բոլոր քաղաքացիներին ՀՀ նախագահի գլխավորությամբ և հավատացած եմ, որ մեր բոլորի ջանքերով և կոնկրետ գործերով Հայաստանի Հանրապետությունը կդառնա բարգավաճ, հզոր, զարգացած երկիր ցանկացած աշխատասեր, խելացի, օրինապաշտ, ապրելու և ստեղծագործելու մղումով լցված անձի համար: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության ամենամեծ հարստությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, իսկ մեր խնդիրն է ոչ թե նշել միայն խնդիրները, այլ առաջարկել դրանց արդյունավետ լուծումներ և ապահովել դրանց կատարումը:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի
Վերադառնալ