14:07
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բիզնես մենյու` Հայաստանի առաջին բիզնես տիկնոջ բաղադրատոմսով

2013-02-08 11:32

«Մադամ Դե Ֆակտո» N2( 2009թ.)

Բիզնես տիկին Սիլվա Համբարձումյանն ունի հաջողության  սեփական  բանաձևը` լավ հոտառություն ու ճկուն միտք: Հայաստանի առաջին  բիզնես տիկինը վստահ  է` միտքը հաղթանակում է միշտ:

Հաջողության  հասել եմ բացառապես  իմ գիտելիքների ու համարձակության շնորհիվ: Ես երբեք որևէ աջակից կամ հովանավոր չեմ ունեցել: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, դեռ խորհրդային   տարիներին  բավականին լուրջ  դպրոց եմ անցել: Այսօր հույսս միայն ինձ վրա եմ դնում:

-              Հիշու՞մ եք` ինչպես սկսեցիք Ձեր կյանքի գործը: Երբվանի՞ց եք բիզնեսով զբաղվում:

-              Ութսունականներին ես նախագծման կոոպերատիվ ունեի: 1985-ին  Ղափանում մեր նախագծով կառուցվեց  Դավիթ Բեկ թաղամասը,  նախագծեր ենք  արել նաև Սպիտակում: Դե՛, իսկ երկրաշարժից հետո  Սպիտակի գերեզմանոցի վերևում կառուցեցինք ալյումինե եկեղեցի.  թույտվությունը մեզ տվեց Վազգեն Ա  կաթողիկոսը:

-              Ձեր բնակարանի նախագծման աշխատանքներին մասնակցե՞լ եք:

-              Այո՛, բնակարանս ես եմ նախագծել, նաև Ծաղկաձորի առանձնատունս:

-              Հետագայում կարծես ուղղվածությունը փոխվեց: Ե՞րբ կայացվեց նոր գործ սկսելու որոշումը:

-              Ես երբեք որևէ  կոնկրետ գործի վրա չեմ կենտրոնացել: Միշտ նոր գաղափարներ եմ ունեցել ու իրագործել եմ դրանք: 1990 թ. ես միակն էի, ով  օղու արտադրության արտոնագիր ուներ: Օղու արդարություն ունեի նաև Մոսկվայում: 1992-1997 թթ. զբաղվել եմ  գունավոր մետաղներով  ու դրանք   վաճառել եմ ամբողջ աշխարհին: Իրանի հետ եմ լուրջ կապեր ունեցել: Ես առաջինն էի, որ Իրանից ալյուր էր  ներկրում  Հայաստան: Առհասարակ,  մինչև  1995 թ. ես միակ կինն էի, որ Հայաստանում զբաղվում էր բիզնեսով:

-              Զբաղվում եք նաև եկեղեցիների վերակառուցմամբ:

-              Այո՛, վերակառուցել եմ Սիսիանի Որոտնավանքը, որը  13-րդ   դարում Շահանդուխտ թագուհին է վերակառուցել, հետագայում` արդեն   1993 թ., ես վերակառուցեցի: Ես նաև Մեղրիի եկեղեցին եմ վերակառուցել, քանի որ հայրս Մեղրիից է:

-              Ինչո՞վ եք զբաղվում հիմա:

-              Հիմա զբաղվում եմ հանքարդյունաբերությամբ: Սիրում եմ դժվարություններ հաղթահարել: Նպատակս նոր բարձունքներ գրավելն է, բայց ոչ քաղաքական ասպարեզում:

-              Ինչի՞ շնորհիվ եք հասել այն ամենին, ինչ այսօր ունեք կյանքում:

-              Ըստ իս`  ռիսկի  և խելքի:

-              Այդպիսին ծնվե՞լ եք, թե՞ դարձել:

-              Կարծում եմ` արյանս  մեջ անշուշտ կա: Կարևոր է, որ կարողանաս ճիշտ օգտագործել այն, ինչ տրվել է ի վերուստ:

-              Կանացիությունը բիզնեսում օգնու՞մ է, թե՞ խանգարում:

-              Երբեմն օգնում է, երբեմն էլ` շատ խանգարում: Հայ տղամարդիկ նախանձ են. ես դա իմ կաշվի վրա եմ զգացել: Ես շատ դժվար ժամանակներ եմ ապրել և, ի վերջո, հաղթահարել եմ ամեն ինչ:

-              Ինչպիսի՞ն պետք է լինի բիզնես տիկինը:

-              Առաջին հերթին պետք է լինի ճշտապահ: Դրանից բացի` նաև կարգապահ: Ինչ վերաբերում է արտաքինին, կարծում եմ` անկախ ամեն ինչից` կնոջ մազերը և ձեռքերը պետք է միշտ հարդարված լինեն: Ես անձամբ վարսահարդարին այցելում եմ շաբաթական մեկ անգամ: Կարծում եմ` բախտս բերել է. մազերս շատ լավն են: Հագուստի ընտրությունս էլ պատահական չէ.  չեմ սիրում նմանակել կամ ընդօրինակել: Սիրում եմ ինքնատիպ հագնվել:

-              Հագնում եք պրակտի՞կ, թե՞ գեղեցիկ հագուստ:

-              Պրակտիկ և որակով:

-              Բիզնես տիկինը խոհանոց մտնու՞մ է:

-              Շատ եմ սիրում խոհանոցը: Սիրում եմ բարդ և համեղ կերակրատեսակներ պատրաստել: Ես շատ եմ սիրում հնդկահավ պատրաստել: Խոհանոցում ստեղծագործում եմ, միշտ նոր մտքեր ու գաղափարներ եմ օգտագործում: Ես հանգստանում եմ խոհանոցում:

-              Հյուրեր հաճա՞խ եք ընդունում:

-              Այո՛, շատ եմ սիրում հյուրեր ընդունել, նաև հյուր գնալ եմ սիրում: Ընկերներ շատ ունեմ: Նրանք իմ մեծագույն հարստությունն են: Ես հիմա նրանցով եմ ապրում:

-              Զոհողություններ կյանքում եղե՞լ են:

-              Շատ:

-              Անձնական կյանքում չնախատեսված, բայց և վճռորոշ հանդիպումներ եղե՞լ են:

-              Իհարկե, եղել են, բայց այդ մասին չեմ բարձրաձայնել երբեք:

-              Աշխատա՞նք, թե՞ ընտանիք. նման ճակատագրական ընտրության առաջ կանգնե՞լ եք երբևէ:

-              Այո՛, եղել է նման բան, և ես ընտրել եմ աշխատանքը: Կարծում եմ `աշխատանքն իմ կյանքն է:

-              Չե՞ք զղջացել այդ որոշման համար:

-              Ո՛չ, երբեք:

-              Ամեն դեպքում, եթե կարողանայիք նորից վերապրել անցած տարիները, կա՞ որոշում, որ այլ կերպ կկայացնեիք:

-              Ես միշտ երազել եմ դերասանուհի դառնալ: Դպրոցն ավարտելուց հետո  որոշեցի ընդունվել թատերական ինստիտուտ, բայց հայրս չթողեց: Չստացվեց: Այնպես որ, կարծում եմ` այս բացը կուղղեի:

-              Եթե դառնայիք դերասանուհի,  ու՞մ  կերպարը կմարմնավորեիք:

-              Երևի թե հենց իմ ներկայիս` բիզնես կնոջը կմարմնավորեի: Կարծում եմ` ինձ դա կհաջողվեր:

-              Իսկ կյանքում խաղու՞մ եք:

-              Կյանքում երբեք չեմ խաղում: Դա իմ թերությունն է:

-              Թերություններ շա՞տ ունեք:

-              Ես երևի թե բնավորության վատ գծեր չունեմ: Աշխատանքում շատ խիստ եմ, բայց սա, կարծում եմ, թերություն չէ: Դա ինձ շատ օգնել է: Ասեմ, որ կարողանում եմ ճիշտ ընտրել ու զգալ մարդկանց: Երբ հանդիպում եմ մարդուն, մի շատ հետաքրքիր բան է իմ մեջ կատարվում: Եթե զրուցակցիցս բացասական էներգիա է ճառագում, անմիջապես զգում եմ և աշխատում եմ արագ հեռանալ:

-              Կյանքում Ձեզ դավաճանե՞լ են:

-              Ցավոք,  այոԲ: Բայց դա էլ հաղթահարել եմ: Երեք օր տանից դուրս չեմ եկել, կանգնել եմ հայելու առաջ ու ինքս ինձ ասել.ՙԻնչ կորցրել ես, էլ մի՛ փնտրիր, նորից սկսի՛ր՚: Գիտեք` դավաճանությունն էլ է կորուստ: Ինձ համար ընկեր կորցնելը շատ դժվար է: Ես այս կորուստները հաղթահարել եմ ընկերներիս ու ներքին ուժի շնորհիվ:

Կարծում եմ` կանայք շատ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Եվ հենց այդ թուլության պատճառով տղամարդիկ հաճախ սխալվում են:

-              Երջանի՞կ կին եք:

-              Այո՛, երջանիկ եմ: Երջանիկ եմ, քանի որ ունեմ աշխատանք, որն ինձ հետաքրքրում է, երջանիկ եմ, քանի որ ապրում եմ Հայաստանում  և ունեմ լավ ընկերներ, որոնց համար պատրաստ եմ անգամ կյանքս զոհաբերել:

-              Բավականին լուրջ ճանապարհ եք անցել և դեռ շարունակում եք Ձեր գործը: Ո՞րն է Ձեր մեծագույն երազանքը:

-              Ուզում եմ ավարտել բիզնես տիկնոջ կյանքը: Նախատեսում եմ երկու գործարան կառուցել Հայաստանում` ցեմենտի և ոսկու արտադրության: Երազում եմ շրջել Հայաստանում, հատկապես գյուղերում: Կարծում եմ` հայկական գյուղը աջակցության կարիք ունի: Հատկապես սահմանամերձ գյուղերը: Պետք է անել հնարավորը, որպեսզի գյուղը չդատարկվի: Միանշանակ կապրեմ Հայաստանում. ցանկության դեպքում վաղուց կարող էի գնալ այստեղից, բայց ո’չ: Ես շատ եմ ճամփորդել, եղել եմ ամեն տեղ,  բացի Ճապոնիայից ու Աֆրիկայից:

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...