2013-02-05 13:49
«Դե Ֆակտո» N80
Մայիս Միրզոյան
ՀՀ Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար
-Պարո՛ն Միրզոյան, ամփոփելով 2012 թ. ինչպե՞ս կգնահատեք այն, հաջո՞ղ տարի էր:
-Այո՛, տարին հաջող էր: Ես` որպես արցախյան ազատամարտի մասնակից և հայկական բանակի երկար տարիների զինծառայող սպա, փոխգնդապետ, կարևորում եմ խաղաղության առկայությունը երկրում:
-Ի՞նչ խնդիրներ են Ձեզ հաջողվել լուծել Ձեր պաշտոնավարման ընթացքում:
-2012 թվականի նոյեմբերի 23-ին վերստանձնելով համայնքի ղեկավարի իմ նորընտիր պաշտոնը` այս կարճ ժամանակահատվածում մասամբ վերականգնել եմ համայնքի խմելու ջրի ջրագիծը: Ունեմ բազմաթիվ ծրագրեր առաջիկա չորս տարիների ընթացքում գյուղի զարգացմանն ու բարգավաճմանն ուղղված:
-Ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում համագյուղացիներն առավել հաճախ:
-Գյուղացիներն առավել հաճախ դիմում են բարձրորակ սերմերի ու բարձր մթերատու անասունների ձեռքբերման և ստացված բանջարաբոստանային կուլտուրաների իրացման խնդիրներով: Դիմում են նաև քարտեզագրման ճշտման, ճանապարհների ասֆալտապատման, միջավայրի մաքրության հարցերով:
-Ինչո՞վ է հիմնականում զբաղվում համայնքի բնակչությունը, գյուղատնտեսության ո՞ր ճյուղերն են զարգացած:
-Դարբաս համայնքի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ և գյուղացիական մթերքների մշակությամբ: Զարգացած են բուսաբուծությունը, պտղաբուծությունը և անասնապահությունը: Համայնքում գործում է ՙՇամբ բիզնես՚ պահածոների արտադրամասը, որտեղ վերամշակվում են համայնքի պտուղ և բանջարաբոստանային կուլտուրաները:
-Ջրի խնդիրը լուծվա՞ծ է համայնքում:
-Ջրի խնդիրը Դարբասում լուծված է մասամբ: Համայնքի տնտեսությունների 90%-ն ապահովված է խմելու ջրով: Աշխատանքներ պետք է տարվեն խմելու ջրի կուտակման ամբարների կառուցման, վթարների վերացման, ջրագծիª կոռոզիայի ենթարկված հատվածների վերանորոգման և բնակչությանը մաքուր ջուր հասցնելու ուղղությամբ:
-Եթե համայնքի բյուջեն հնարավորություն տար, առաջին երեք ծրագրերը, որո՞նք են, որ կշտապեիք իրականացնել:
-Ֆինանսական հնարավորության դեպքում կկառուցենք խմելու ջրի ջրատարը, համայնքում կկազմակերպենք աղբահանություն, կկարգավորենք միջհամայնքային ճանապարհները և գյուղապետարանի համար ձեռք կբերենք վարչական շենք:
Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ