2013-02-04 14:27
«Դե Ֆակտո» N80
ՙԽնձորեսկ տուր՚ տուրիստական կազմակերպության գլխավոր տնօրեն, ՙՄինա՚ հյուրանոցային համալիրի հիմնադիր, բարերար-գործարար Ժորա Ալեքսանյան
Սյունյաց անառիկ բնաշխարհում ավելացավ ևս մեկ հրաշք` Ճոպանե ճոճվող կամուրջը Խնձորեսկ գյուղում: 2012-ի ամռանը ծնունդով խնձորեսկցի գորիսաբնակ գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ` 13 մլն. դրամ, կառուցվեց 160մ երկարությամբ և 1.5մ լայնությամբ ճոպանե մետաղական կամուրջը:
Սյունիքի մարզը կամ ինչպես պատմականորեն ասում են` Լեռնահայաստանը, ունի պատմամշակութային հարուստ ժառանգություն` Զորաց քարեր, Քարահունջ, Հալիձոր, Որոտնաբերդ, Որոտնավանք, Սիսավան, Վահանավանք, Տաթև, Սատանայի կամուրջ, Շաքի, Խնձորեսկ: Սյունիքը ծնունդ է տվել այնպիսի անհատների, ովքեր բեկում են մտցրել հայ ժողովրդի պատմաքաղաքական և մշակութային ճակատագրի զարգացման ընթացքի մեջ` Գարեգին Նժդեհ, Մխիթար Սպարապետ, Դավիթ Բեկ, Գրիգոր Տաթևացի, Ակսել Բակունց, Սերո Խանզադյան և այլոք: Այս տեսանկյունից Սյունյաց աշխարհը չափազանց գրավիչ է զբոսաշրջիկների համար և բոլոր նախադրյալներն ունի պատմական տուրիզմի բուռն զարգացման համար: Անդրադառնալով Սյունիքի մարզին` չխոսել Խնձորեսկի ճոճվող կամրջի մասին չէինք կարող:
Ներկայացնում ենք ՙԴե Ֆակտո՚ ամսագրի հարցազրույցը ՙԽնձորեսկ տուր՚ տուրիստական կազմակերպության գլխավոր տնօրեն, ՙՄինա՚ հյուրանոցային համալիրի հիմնադիր, բարեգործ-գործարար Ժորա Ալեքսանյանի հետ
-Պարո'ն Ալեքսանյան, ինչպե՞ս ծագեց նման եզակի կամրջի կառուցման գաղափարը:
-Լինելով բնիկ խնձորեսկցի` մշտապես լսել եմ հազարամյակների պատմություն ունցող գյուղիս մասին, ականատես եմ եղել Հին Խնձորեսկի տեղափոխմանը, նոր գյուղի կառուցմանը, գիտակցել եմ գյուղիս պատմական անգնահատելի արժեքն ու նպատակ ունեցել որևէ հիշարժան բան անել հայրենի գյուղիս համար: Որոշեցի կառուցել այս կամուրջը գյուղի երկու հատվածներն իրար կապելու, հեշտացնելու և ավելի գայթակղիչ դարձնելու զբոսաշրջիկների այցը հին Խնձորեսկից դեպի Մխիթար սպարապետի գերեզմանը` պահպանելով գյուղի պատմական կոլորիտն ու բնության անաղարտությունը: Կամուրջը կառուցվել է խնձորեսկցի վարպետների անշահախնդիր աշխատանքով, չի օգտագործվել որևէ տեխնիկա, ամբողջ աշխատանքը կատարվել է բացառապես մարդկային ռեսուրսներով: Այս կամրջի շինարարությունն ամբողջովին շաղախված է սյունեցի մարդու ամուր կամքով ու մեծ նվիրումով: Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում համագյուղացիներիս, ովքեր աջակցել են այս մտահղացումը կյանքի կոչելուն: Ինչպես գիտենք, Խնձորեսկը հայտնի է իբրև ժայռափոր բնակավայր, ուստի նախագծի շրջանակներում առաջիկայում պլանավորում ենք մի քանի ժայռափոր տների, ձիթհանի, թոնրատան, մառանների վերականգնման աշխատանքներ, ձորի երկու կողմերում` ճոպանե կամրջի հարևանությամբ, կգործեն ազգային ոճի հանգստի և սննդի օբյեկտներ, արհեստանոցներ: Զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Հին Խնձորեսկի ձորի մեջ գտնվող 4 եկեղեցիները, որոնցից 3-ը 15-17-րդ դարերի է, իսկ մեկը` ժայռափոր է ու ավելի վաղ շրջանի կառույց: Համոզված էի, որ կառուցված նոր կամուրջն էլ ավելի կխթանի տուրիզմի զարգացմանը և չսխալվեցի. շատ կարճ ժամանակահատվածում այս կամուրջը դարձավ զբոսաշրջիկների սիրելի վայրը, պարտադիր այն կանգառներից մեկը, որ յուրաքանչյուր այցելու պետք է ունենա Սյունիք այցելելիս:
-Անդրադառնանք հենց այցելուներին, որտե՞ղ կարող են գիշերել Գորիս ժամանող զբոսաշրջիկները:
-Զբոսաշրջիկների հոսքն իր հերթին բերեց նոր հյուրանոցների կառուցման անհրաժեշտություն: Թեև նախկինում կային հյուրանոցներ, սակայն դրանք բավարար չէին, ստեղծվեց անհրաժեշտություն կառուցելու նոր, առավել հարմարավետ և ժամանակակից հյուրանոցներ: Ահա այս նպատակով էլ ձեռնամուխ եղանք Գորիս քաղաքում ՙՄինա՚ հյուրանոցի շինարարական աշխատանքներին, որը այսօր պատրաստ է հյուրընկալելու 70 այցելու: Այս ամենը սկիզբն է այն հեռանկարային ծրագրերի, որոնք ունեմ ես և Սյունիքի զարգացմամբ մտահոգ քաղաքացիները մեր մարզը տուրիստական կենտրոն դարձնելու ուղղությամբ:
-Պարո՛ն Ալեքսանյան, ՙԴե Ֆակտո՚ ամսագրի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետը ճանաչվել է ՙՏարվա մարզպետ՚: Ինչպե՞ս կգնահատեք Սուրիկ Խաչատրյանի գործունեությանը` որպես մարզպետ:
-Գիտեք, վերամբարձ խոսքեր չեմ ասում պարզապես, այլ ասում եմ իրականությունը. Սուրեն խաչատրյանը իսկական ընկեր է, գործի մարդ, նրա կամքն անսասան է, խոսքը գործ է դառնում ասվելուց անմիջապես հետո: Պարոն Խաչատրյանին ճանաչում եմ շատ վաղուց, նա մեր անկախ պետականության կայացման ու զարգացման ակունքներում է, արցախյան ազատամարտի առաջին կամավորականներից մեկը, հիանալի հրամանատար, նրա շնորհիվ այսօր Սյունիքի մարզը ՀՀ զարգացող ու հեռանկարային առաջատար մարզերից է:
Հ.Գ.
Ժորա Ալեքսանյանը կառույցը նվիրել է ծնողների` Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին, նրանցով ամբողջացնելով սերն ու հարգանքը բոլոր խնձորեսկցիների և հայրենի հող ու ջրի նկատմամբ:
Վերադառնալ