15:50
04/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխատանքի մեջ կարևորում եմ կոլեգիալության սկզբունքն ու քաղաքացիների շահերով առաջնորդվելը՚

2013-02-04 14:26

«Դե Ֆակտո» N80

Վարդան Գևորգյան՝ Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար

-Պարո՛ն Գևորգյան, 2002-ից ընտրվել և մինչ այսօր վերընտրվելով` ղեկավարում եք Քաջարան քաղաքը, քաջարանցիները վստահում են Ձեզ: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Դեռ ուսանողական տարիքում բավականին ակտիվ և նախաձեռնող երիտասարդ էի: Բուհն ավարտելուց անմիջապես հետո անդամագրվել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կոլեկտիվին, աշխատել տարբեր պաշտոններում` բանվորից մինչև շրջկոմի իրավունքներով ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: Դեռևս երիտասարդ տարիներից հաղորդակից եմ եղել մեր քաղաքացիների խնդիրներին, ցանկություններին և նպատակներին, հնարավորություններիս ներածին չափով ձգտել աջակցել դրանց լուծմանն ու իրականացմանը: Բնակիչներն ինձ ճանաչում են, տարիների աշխատանքս հանրային ուշադրության կենտրոնում է եղել, նրանք վստահում են ինձ: Կարծում եմ, որ հենց սա է իմ հաջողության գրավականը: Արդյունքում արդեն չորրորդ անգամ վերընտրվել եմ Քաջարանի քաղաքապետի պաշտոնում:

-Հատկապես ի՞նչն եք կարևորում Ձեր աշխատանքում:

-Իմ աշխատանքում և, ընդհանրապես, համայնքային խնդիրների լուծման մեջ նախևառաջ կարևորում եմ կոլեգիալության սկզբունքի պահպանումը: Յուրաքանչյուր խնդրի օպտիմալ լուծումը կարելի է գտնել համատեղ քննարկումների և միասնական աշխատանքի արդյունքում` ներգրավելով նաև բնակիչներին, որոնց կարծիքն ու ձայնը շատ որոշիչ են: 

-Բավականին երկար ղեկավարել եք Քաջարան քաղաքային համայնքը: Այս տարիների ընթացքում ի՞նչ խնդիրներ եք հասցրել լուծել:

-2002 թվականին, թեև անկախացումից և արցախյան ազատամարտից անցել էին տարիներ, սակայն անելիքներն ու խնդիրները բազմաթիվ էին, առկա էր ՏԻՄ-ի կայացման խնդիրը` որպես ինքնուրույն մարմին, որն ի զորու է լուծելու ներհամայնքային խնդիրները և ապահովելու համայնքի զարգացումն ու բարեկագրումը: 2002-ից հետամուտ կերպով լծվել եմ այդ աշխատանքներին` ներհամայնքային լուսավորության, բակերի և փողոցների բարեկարգման աշխատանքներ, ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացում, ուսումնական հաստատությունների` դպրոց, մանկապարտեզներ, մշակութային և սպորտային դաստիարակության կենտրոններ, վերանորոգում, արդիականացում, նոր գույքի ապահովում և այլն և այլն: Այսօր արդեն Քաջարանը գեղեցիկ, բարեկարգ, շատ ներկայանալի և ՀՀ առաջատար քաղաքներից մեկն է: Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ Քաջարանի գազաֆիկացումը, որն իրականացվեց 2003 թվականին. եթե ՀՀ շատ քաղաքներ խորհրդային տարիներին ունեին գազաֆիկացիա, ապա Քաջարանում այն չի եղել, և սա շատ կարևոր ձեռքբերում էր Քաջարանի և քաջարանցիների համար: Այս քայլով մենք լուծեցինք մի կարևոր խնդիր ևս` բնապահպանական, քանի որ իսպառ վերացան անտառահատումները: Մի շատ կարևոր նախաձեռնություն և ձեռքբերում էր մեզ համար էկոկրթության ներմուծումը մեր հանրակրթական դպրոցներում, քանի  որ Քաջարանում է գտնվում լեռնարդյունաբերության հսկան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ուստի էկոդաստիարակությունը մեզ համար կրթության գերակա ուղղություններից մեկն է: Քաղաքապետարանի կողմից բոլոր դպրոցներում բացվեցին էկոլաբորատոր դասարաններ, և արդեն չորրորդ տարին է, ինչ մեր աշակերտները 8-րդ դասարանում անցնում են ՙՔաջարանի բնությունը և էկոլոգիան՚ առարկայական դասընթացը: Այս տարիների ընթացքում կարողացանք հասնել նաև բյուջեի ներհամայնքային միջոցների կայուն աճի, որը տասնապատկվել է` 2002 թվականից ի վեր: Ձեռքբերումները բազում են, քաղաքի բարեկեցիկ և բարեկարգ տեսքը նկատելի է նույնիսկ անզեն աչքով: Անելիքներ ևս ունենք, դրանք ծրագրային քայլեր են, որոնք իրականացնում ենք սահմանված ժամկետներում:

-Ինչպիսի՞ն էր 2012-ը Քաջարան քաղաքի համար:

-2012 թվականը Քաջարան  քաղաքի համար հիանալի տարի էր, տարեսկզբին նախատեսված բոլոր ծրագրերը կարողացանք հաջողությամբ ավարտին հասցնել: Հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքի շուրջ 450 երեխայի ժամանցը քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց բակային ճամբարներում, որտեղ երեխաներն ապահովված էին երկանգամյա սնունդով, հետաքրքիր մանկապատանեկան միջոցառումներով և այլն, տուն էին գնում միայն քնելու, շատ հետաքրքիր էր երեխաների համար, բազում դրական արձագանքներ ստացանք: Ինչ վերաբերում է սպորտին, ապա տարվա ընթացքում բավականին աշխույժ էր քաղաքը նաև միջազգային, մարզային և ներքաղաքային սպորտային միջոցառումների անցկացման առումով: Արդյունքում ՀՀ նախագահի կողմից տարեվերջին Քաջարան քաղաքը ճանաչվեց որպես ՙՏարվա լավագույն մարզական համայնք՚, սա մեր հաջողության լավագույն գնահատականն էր: 2012-ին մենք ունեցանք 2 կարևոր ընտրություններ` ԱԺ և ՏԻՄ ընտրություններ, որոնք անցան խաղաղ, ազատ և թափանցիկ կերպով, սա ևս համարում եմ մեծ հաջողություն և բնակչության վստահության ամրապնդում իմ գործունեության և գործող իշխանության նկատմամբ:

2013-ին լեռնագործների քաղաքը կդառնա 55 տարեկան

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2013-ից:

-2013-ը բավականին լավ է սկսվել, ուրվագծվել են հիմնական ծրագրերն ու անելիքները: Նախորդ տարվա հաջողությունները դրական մեծ լիցք են ապահովել այս տարի նույն եռանդով աշխատելու համար /Ժպտում է/:  2013-ին ունենք շատ կարևոր մի իրադարձություն, օգոստոսին լրանում է Քաջարան քաղաքի հիմնադրման 55-րդ տարեդարձը, մենք պատրաստվում ենք մեծ շուքով և հավուր պատշաճի տոնելու մեր քաղաքի տարեդարձը: Նախատեսել ենք տարբեր վերանորոգչական, շինարարական, բարեկարգման աշխատանքներով, մշակութային և սպորտային տարբեր միջոցառումներով հագեցած տարի: Օգոստոսին առիթ կունենանք տեսնելու մեր ծրագրավորած աշխատանքների արդյունքները: Տարեսկզբին սպասվում է քաղաքական կարևոր իրադարձություն՝ ՀՀ նախագահական ընտրությունները, հուսամ, որ նախորդ տարվա նման կունենանք աննախադեպ լավ ընտրություններ:

-Ինչպիսի՞ն է քաջարանցու սոցիալական վիճակն այսօր: Ի՞նչ խնդիրներ ունեն քաղաքացիները սոցիալական ոլորտում:

-Ի տարբերություն այլ համայնքների` Քաջարանում բնակչության սոցիալական վիճակը բավականին բարեկեցիկ է, գրեթե չկա գործազրկության խնդիր, քաղաքացիների հիմնական մասն աշխատում է կոմբինատում, նկատվում է մանր և միջին բիզնեսի աճ: Հիմնական խոցելի շերտերը փախստականներն ու սոցիալապես անապահով խավն է, որոնց վիճակը հնարավորինս փորձում ենք մեղմել սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի և օժանդակությունների միջոցով: Քաջարան քաղաքին ծնունդ է տվել լեռնահանքային արդյունաբերության կոմբինատը և նա է բնակչության, այսպես կոչված, սնող աղբյուրը, ի դեպ ոչ միայն քաջարանցիների, այլ նաև քաղաքամերձ գյուղերի և հարևան քաղաքների որոշ բնակիչների ևս: Այն մարզի և հանրապետության տնտեսության մեջ իր անգնահատելի մեծ դերն ունի: Լեռնագործությունն այստեղ կարծես փոխանցվում է սերնդե սերունդ, և այսօր չկա մի ընտանիք, որի անդամներից գոնե մեկը չաշխատի կոմբինատում /Ժպտում է/: Կոմբինատի հենքի վրա հիմնվում են համապատասխան արտադրատեսակների արտադրություն, ինչն էլ իր հերթին նոր աշխատատեղերի և զբաղվածության խնդիր է լուծում:

- Շատ ուրախալի է, որ Քաջարանում է գտնվում Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ աշխատում է քաղաքի բնակչության մոտ 70 %-ը: Մեծ է կոմբինատի դերն ու նշանակությունը քաղաքի համար: Այդուհանդերձ բնապահպանական ի՞նչ խնդիրներ ունի քաղաքը և ինչպես են դրանք կարգավորվում և լուծվում:

-Այո, ինչպես յուրաքանչյուր հանքարդյունաբերություն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ևս իր մեծ օգտակարության հետ նաև որոշակի բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այստեղ շատ կարևոր է, թե ինչպես է կոմբինատը վերաբերվում այդ խնդիրներին: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամենայն պատասխանատվությամբ է աշխատում և լրջորեն հետևում էկոհամակարգի բնական հավասարակշռությունը չխաթարելուն: Այս առումով շատ ամուր է քաղաքապետարան-ձեռնարկություն կապը. քաղաքապետարանը հետևողականորեն հսկում է կոմբինատի գործունեությունը էկոհամակարգի չախտոտման տեսանկյունից, իսկ կոմբինատն էլ ժամանակակից ֆիլտրերի, նորագույն սարքավորումների միջոցով նվազագույնի է հասցնում արտանետումները: Այսօր քաղաքի վիճակն այս տեսանկյունից կարելի է բավարար համարել, բարեփոխումներն ու արդիականացման ծրագրերը շարունակվում են: Եվ չմոռանանք, որ մենք երեխաներին սովորեցնում ենք պահպանել շրջակա բնությունը դեռ դպրոցական տարիքից:

- Խոսենք առողջապահական համակարգի մասին: Ինչպիսի՞ն է վիճակը Քաջարանում:

-Այս պահին Քաջարանում իրականացվում է բժշկական կենտրոնի կառուցում, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և լավագույն մասնագետներով: ՈՒնենք բարձրակարգ կադրեր, հմուտ բուժաշխատողներ, հուսամ, որ մոտ ապագայում ինքնուրույն կերպով` առանց մայրաքաղաք հասնելու, կկարողանանք մատուցել բարձրակարգ բուժծառայություններ, իրականացնել բարդ բժշկական միջամտություններ, որոնց համար նախկինում պետք էր հասնել Երևան: Առողջապահության ոլորտի մեկ այլ կարևոր խնդիրը մեր քաղաքի բնակիչների բժշկական ապահովագրությունն էր, որն այս տարի լուծվեց կոմբինատի կողմից: Վերջինիս կողմից ապահովագրվեցին կոմբինատում և կից ձեռնարկություններում աշխատող անձինք և նրանց ընտանիքները: Սա շատ ողջունելի և արդյունավետ քայլ էր, որի միջոցով թե՛ մեզ մոտ, թե՛ մայրաքաղաքում այդ մարդիկ կարող են օգտվել բուժծառայություններից, ստանալ որակյալ բուժսպասարկում:

-Ինչպե՞ս է լուծվում քաղաքի  պատանիների և երիտասարդների զբաղվածության և ժամանցի խնդիրը:

-Քաղաքապետ ընտրվելուց ի վեր մինչ այսօր ես տարեկան բոլոր ծրագրերում ներառում եմ երիտասարդների և պատանիներ հարցերը, մենք քաղաքում ունենք մշակույթի պալատ, արվեստի դպրոց, 2004-ից գործում է Քաջարանի մարզադպրոցը, սրանք են ժամանցի ապահովման հիմնական միջոցները: Քաղաքում կան նաև մանկական և ոչ մանկական սրճարաններ, ընդհանրապես   կյանքը քաղաքում աշխույժ է և եռուն:

- Պարո՛ն Գևորգյան, ՙԴե Ֆակտո՚ ամսագրի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետը ճանաչվել է ՙ2012-ի Տարվա մարզպետ՚: Կխնդրեի Ձեր գնահատականը Սուրեն Խաչատրյանի գործունեությանը` որպես մարզպետ:

-Շատ ուրախ եմ, որ տարվա մարզպետ ճանաչվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նա անկախացումից ի վեր կանգնած է մեր պետականության կայացման ակունքներում, նա առաջին կամավորականներից էր, որ թողեց բարեկեցիկ կյանքը արտերկրում և լսելով հայրենիքին վրա հասած պատերազմի լուրը` որպես հրամանատար մեկնեց Արցախի ազատագրման գոյամարտի հորձանուտ: Այսօր պարոն մարզպետի գործունեության մեջ շատ կարևորում և գնահատում եմ նրա հաստատակամությունը, աշխատասիրությունը, յուրաքանչյուրին օգնելու պատրաստակամությունը: Ի սրտե շնորհավորում եմ նրան այս արժանի կոչումը ստանալու առիթով: 

-Եվ վերջում, Ձեր մաղթանքները մեր ընթերցողներին և ժողովրդին` կապված 2013 թվականի հետ:

-Ես սրտանց շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա կապակցությամբ, մաղթում եմ, որ տարին լինի միասնության, խաղաղության ամրապնդման, բազում ուրախությունների տարի:

 

Լրագրող` Թեհմինա Արզումանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...