23:15
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ԴԵՊԻ ԱԿՏԻՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

2013-02-01 11:21

«Դե Ֆակտո» N42

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան

-Թեև արդեն առիթ ունեցել եմ շնորհավորելու Երևանի պետական համալսարանին 90-ամյակի կապակցությամբ,  այնուամենայնիվ, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել և իմ լավագույն մաղթանքները հղել համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր այս 90 տարիների ընթացքում կերտել և ստեղծել են համալսարանն իր բարի համբավով: ԵՊՀ -ի դերն ու նշանակությունը դժվար է չգերագնահատել, քանի որ իր ստեղծման առաջին իսկ  օրվանից ԵՊՀ-ն ոչ միայն ծառայել է որպես հայկական գիտական, կրթական, մշակութային, սոցիալական մտքի գեներացման բնօրրան, այլ նաև ապրել է պետության կյանքով և միաժամանակ նաև պարարտ հող  ստեղծել ապագա վերելքների համար: Վստահ եմ, որ ապագայում նույնպես   Երևանի պետական համալսարանն իր գործունեությամբ կստեղծի այն նախադրյալները, որոնցով մենք կունենանք բեկումնային զարգացումներ` որպես հասարակություն և պետություն: 

-Պարո՛ն Աշոտյան, այսօր մեր կրթական համակարգն ի՞նչ ուղղությամբ է զարգանում:

-Ես երևի ԿԳ այն բացառիկ նախարարներից եմ, ով չի ավարտել Երևանի պետական համալսարանը: Այնուամենայնիվ, ես խորին ակնածանքով եմ վերաբերում ԵՊՀ-ին, և այսօր նաև ի պաշտոնե ԵՊՀ-ն դիտակրում եմ որպես ՀՀ առաջատար բուհ, որը մթնոլորտ է ձևավորում բարձրագույն կրթության համակարգում, գիտության ոլորտում և խորհրդանշական է մեր հանրապետության համար: Մոտակա ժամանակահատվածում մենք պետք է վերանայենք բարձրագույն կրթության պետական քաղաքականությունը` դրա շրջանակներում կիրառելով խթանիչ միջոցներ` մեր բուհերի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար: Այդ ամենն ապահովելու համար պետք է կիրառվեն շուկայական ֆինանսավորման մեխանիզմներ, որպեսզի խթանեն բարձրագույն կրթության մրցակցությանը, կադրերի պատրաստման որակին:

Պետք է նշեմ, որ ԵՊՀ-ն միակ հայկական բուհն է, որը ներառված է միջազգային վարկանիշային ցանկում և բավական բարձր ցուցանիշ է արձանագրել: Կարծում եմ, որ համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները այս իմաստով պետք է ավելի հավակնոտ լինեն ԵՊՀ-ի վարկը նաև պետական  քաղաքականության միջոցով միջազգային կրթական տարածքում առավել բարձրացնելու գործում: Եթե խոսենք համալսարանի թույլ և ուժեղ կողմների մասին, ապա պետք է նշեմ, որ թույլ կողմերը երկուսն են` ֆինանսավորումը և գիտական աշխատանքների ինտենսիվությունը: Ներկայիս վարվող քաղաքականությունը պետք է նպաստի այս երկու բաղադրիչի զարգացմանը: Վերջերս ԵՊՀ-ն համագործակցության հուշագիր կնքեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, որի շնորհիվ` կարծում եմ համալսարանի գիտական ինդեքսավորման ցուցանիշերը կբարձրանան:

-Օրենսդրության մեջ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում իրականացնել: 

-Օրենսդրությունը կրթության ոլորտում,  առհասարակ, վերանայման կարիք ունի, որն ընդգրկում է նաև բարձրագույն կրթական համակարգը: Կրթության նախարարությունն արդեն տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել Ազգային ժողովին, որոնց միջոցով մեր օրենսդրական դաշտը պետք է համապատասխանեցնել այն զարգացումներին, որոնց մասնակից ենք Բոլոնիայի գործընթացում ներգրավվելու արդյունքում: Չեմ ուզում առավել մանրամասնել, պարզապես նշեմ, որ դրանցում հաշվի են առնվելու բուհերի անուղղակի ֆինանսավորման, ինչպես նաև ուսանողական վարկերի տրամադրման մեխանիզմները:

-Կադրային քաղաքականության մեջ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում:

-Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ կրթության բնագավառում, կադրերի խնդիրը շատ արդիական է, քանի որ կառավարչական տեսանկյունից կրթության բնագավառի արդյունավետությունը կախված է մենեջմենթի որակից: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ի հայտ է եկել նոր մասնագիտություն` կրթության բնագավառի մենեջմենթ, որը դասավանդվում է արևմտյան համալսարաններում: Այս խնդիրը արդիական է նաև մեզ համար, որովհետև լավ կառավարիչը հաջողության գրավականն  է:

-Պարո՛ն Աշոտյան, ի՞նչ եք կարծում բուհերին իրենց ուսանողներին  ինքնուրույն ընտրելու հնարավորություն տալը  չի՞ նպաստի կրթության որակի բարձրացմանը:

-Մենք ունեցել ենք այդ համակարգը, բայց այն իրեն չի արդարացրել: Ես  վստահեցնում եմ, որ կենտրոնացված ընդունելության քննությունների համակարգն իր բոլոր թերություններով հանդերձ շատ ավելի առաջադեմ է և շատ ավելի օբյեկտիվ:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...