2013-02-01 11:14
«Դե Ֆակտո» N42
21-րդ դարում պետություններն ուժեղ են, եթե ունեն կայացած և որակյալ կրթական համակարգ: Անկախացումից հետո Հայաստանում բացվեցին բազմաթիվ մասնավոր բուհեր, դպրոցներ, մանկապարտեզներ: Այսօր բավականին մեծ է դիպլոմավորված մասնագետների թիվը մեր երկրում: Ի±նչ են անում այդ մասնագետները հետագայում: Նրանցից շատերը, չունենալով համապատասխան գիտելիքներ, չեն կարողանում գտնել համապատասխան աշխատանք, շատերն էլ, չդիմանալով մրցակցությանը, ուղղակի հեռանում են Հայաստանից:
Այս կրթական խառնիճաղանջ իրավիճակում իր դերը մեծ դժվարություններով կարողանում է կատարել Երևանի պետական համալսարանը: Պատահական չէ, որ ժողովուրդը ԵՊՀ-ն կոչում է ՄԱՅՐ ԲՈՒՀ: ԵՊՀ-ն 90 տարեկան է: Դա նշանակում է, որ այն մի քանի սերունդներ է կրթել: Մայր բուհը կարելի է համարել այն դարբնոցը, որտեղ ձևավորվել և կյանք է մտել Սովետական և անկախ Հայաստանի ղեկավարների գերակշիռ մասը: Ուզում եմ ասել, որ նայելով այսօրվա և երեկվա համալսարանականներին, կարելի է ենթադրություններ անել համալսարանի տված գիտելիքների և գաղափարախոսության մասին: Ակնհայտ է, որ համալսարանը թողարկում է որակյալ կադրեր, բայց մյուս կողմից էլ` անելիքները դեռ շատ են: Աշխարհում գոյություն ունեն հեղինակավոր շատ բուհեր: ԵՊՀ-ն կատարելագործվելով պետք է փորձի հասնել նրանց: ԵՊՀ ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի` կոռուպցիան և կաշառակերությունը համալսարանից արմատախիլ անելու համար:
Շնորհավորելով մայր բուհի նվիրյալներին 90-ամյա հոբելյանի առիթով` մաղթում ենք ապագայում ևս կրթված և մրցունակ սերունդ դաստիարակել:
Դե Ֆակտո ամսագրի հաջորդ համարում մենք կներկայացնենք 2009 թվականի տարվա մարդուն և կգնահատենք արված և չարված գործերը: Հետևաբար, մեր ընթերցողներին խնդրում ենք ներկայացնել նաև իրենց կարծիքն անցնող տարվա իրադարձությունների և գործիչների գործունեության վերաբերյալ:
Մենուա Հարությունյան
Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ