02:04
06/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մերուժան Տեր-Գուլանյան

2013-02-01 10:50

«Դե Ֆակտո» N42

-ԵԹԵ ՇԱՏ ԽՈՍԵԼՆ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼԻՆԵՐ, ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ՕՐ ՄԵԶ ՀԵՏ ԿԽՈՍԵՐ

Տեսիլքի պես ծիրան անապատը հոսեց,

Ծովերի հին կյանքում անուններս գրած,

Վերջին հեռացողը մատները ինձ քսեց,

Մենք գնացինք, սակայն, հեռացողը մնաց:

Մերուժան Տեր-Գուլանյան

-Պարո՛ն Տեր-Գուլանյան, այս տարի Դուք  60 տարեկան եք դառնում, բավական հասուն տարիք վերլուծություններ անելու և գնահատելու անցած ուղին: Ինչպիսի՞ն է այն:

-Թերևս, սխալմամբ ճիշտ եմ ապրել, փորձել եմ անընդհատ փնտրել, երբեմն գիտակցաբար, հաճախ անգիտակից, թե ինչ, դժվար է բառերով ասել, բայց միշտ խուսափել եմ այն մարդկանցից, որոնց թվում է, թե իրենք գտել են, քանի որ, ի վերջո, մարդը չգտնող կենդանի է, բայց որպեսզի գտնես կամ չգտնես, պետք է փնտրող լինես: Երկու դեպքում էլ փնտրել է պետք: Բայց մարդը, լինելով չգտնող կենդանի, միևնույնն է, անհուսահատ է իր փնտրտուքի մեջ. ամենավերջին պահին անգամ, երբ կյանքը հատնում է արդեն, փնտրտուքի ցանկությունը չի վերանում, իսկ երբ վերանում է, այդտեղ մարդը մահանում է:

-Ի՞նչ եք գտել:

-Պարզ բանաձև, եթե, իհարկե, գտել եմ: Հասկացել եմ, որ այն, ինչ մենք փնտրում ենք, երջանկություն ասվածը պարզապես կռունկի երամ է, որը միշտ հեռվից ես տեսնում և բախտը, որ փնտրում ես, ընդամենը մնում է խոստում: Եվ շատ ավելի ուշ, երբ արդեն իմաստնանում ես քո փնտրտուքի մեջ, ինչ-որ էական, կարևոր, ոչ երկրային, ոչ հողեղեն մի բան գտնելու ճանապարհին, հանգում ես մի կարևոր եզրակացության, որ բախտը խոստում է մնում, որը միշտ ուզեցել ենք ունենալ, և հեքիաթի ոսկեզօծ դարպասները, որոնցով մենք երազում էինք ներս մտնել, այդպես էլ մնում են փակ, քանի որ այդ ցանկալի, երազելի հեքիաթը պատմել են մեզանից առաջ, և ինչ-որ մենք որոնում ենք, թերևս, այլևս չկա:

-Հնարավո՞ր է, որ գրեք Ձեր կյանքի պատմությունը:

-Այո՛, հնարավոր է, որ գրեմ: Վերջերս այդպիսի մի բան գրեցի ՙԱռավոտում՚ և մտածեցի, որ այդ գրքի վերնագիրը կլինի ՙՅոթ օրերի կղզի՚: Դա ավելի շուտ կլինի պատմություն այն կյանքի մասին, որին առնչվել եմ: Բոլոր օրերը մաշվում, մոռացվում են, սովորաբար, հեռանում են երազի նման: Մեզ մնում է այն, ինչ հիշում ենք, և դա մեր կյանքն է: Գրելու եմ այդ յոթ օրերի մասին, որ իմ կյանքն է, քանի որ իմ տպավորությամբ` երջանկության փնտրտուքի մեջ մարդն ավելի շատ երկրորդական, երրորդական բաներով է զբաղվում, քան էականով, որովհետև նա չի տարբերում էականն անէականից և երբ  տարբերում է, արդեն ուշ է լինում: Իմ տպավորությամբ` մարդն իր ամբողջ կյանքում այդ յոթ օրն է ապրում, այդ յոթ օրն է, որ իրենն է մինչև կյանքի վերջ, և այն երջանկությունը, որը մենք երազում ենք, բոլորը միասին տեղավորվում են այդ յոթ օրվա մեջ, շաբաթվա յոթ օրերը` երկուշաբթիից կիրակի: Կիրակին այն օրն է, երբ մարդը դադարում է փնտրել այլևս և հոգևոր իմաստով տեսնում է  մահը:

-ՙԳարուն՚ ամսագիր, ՙԱՐ՚ հեռուստաընկերություն, ՙԴե Ֆակտո՚ ամսագիր, ՙԱրարատ՚ հեռուստաընկերություն: Հաջորդը ամսագի՞ր է լինելու:

-Այո՛, ամսագիր է լինելու, անունն` ՙԱնդին՚: Դեռ տարիներ առաջ երազել եմ այդ անունով գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր ստեղծել: Չեմ կարող ասել, թե երբ, բայց հույս ունեմ, որ կիրականացնեմ երազանքս: Ես հեռուստատեսություն մեկ անգամ եմ ստեղծել, բայց մամուլ` շատ: Կարծես թե դա իմ կյանքում ճակատագրի պես մի բան է, մանավանդ, որ դա իմ արյան մեջ կա: Ջավախքում առաջին թերթն իմ մեծ պապը` իշխան Վարդան Շահպարոնյանն է հրատարակել` ՙՋավախք՚ վերնագրով, որտեղ իր առաջին բանաստեղծություններն է տպագրել Վահան Տերյանը: Թերթը մինչև այսօր հրատարակվում է:

 -Ձեր ստեղծագործական կյանքում պարբերաբար դադարներ են լինում, դրանք որոշակի օրինաչափության մե՞ջ են:

-Դադարներն իմ կյանքում շատ հարաբերական են, երբեմն պարզապես փակվում եմ իմ ներսում, ու ժամանակ է պետք, որ նորից վերադառնամ ստեղծագործական կյանք ու, որպես կանոն, վերադառնում եմ նոր ասելիքով: Ես իմ տեսակով կանոնավոր ապրող մարդ չեմ, բայց ՙԱռավոտ՚ թերթում իմ շարքը կանոնավոր կերպով գրում եմ, որի համար մեծապես  շնորհակալ եմ Արամ Աբրահամյանին:

 -Պարո՛ն Տեր-Գուլանյան, ՙՀարությունյան Մեդիայի՚ հասարակական-քաղաքական ամսագիր ստեղծելու գաղափարը Դուք իրականացրիք, հիմնեցիք ՙԴե Ֆակտո՚ ամասգիրը: ՙԴե Ֆակտո՚-ն այսօր իր կայուն տեղն ունի ամսագրերի դաշտում: Չե՞ք կարոտում ՙԴե Ֆակտո՚-ին:

-Ես միշտ կարոտում եմ այն վայրերը, այն մարդկանց, ումից մի օր ստիպված եմ լինելու բաժանվել: Բնականաբար, կարոտում եմ նաև ՙԴե Ֆակտո՚-ին, դա իմ բնույթն է:  Հետաքրքիր ժամանակներ էին, ես վաղուց երիտասարդների հետ չէի աշխատել: ՙԴե Ֆակտո՚-ում իմ աշխատանքը նաև շատ արդյունավետ էր, քանի որ իմ աշխատանքի ընթացքում կրթեցի լրագրողների, ում խնդիրը մարդկանց սոսկ անձնական կյանքը քրքրելը չէ:

-Հետևո՞ւմ եք ՙԴե Ֆակտո՚-ի ընթացքին: Ձեր գնալուց հետո շա՞տ բան է փոխվել:

-Իհարկե, հետևում եմ նաև այն պատճառով, որ կինս է այնտեղ աշխատում: Անկեղծ ասած, բովանդակային առումով չեմ խորացել: Ամսագիրը կենդանի մարմին է, ինչպես նոր ծնված երեխան, իրեն պետք է պահել: ՙԴե Ֆակտո՚-ում աշխատանքային մի խումբ ստեղծվեց, որը ցանկացավ առնչվել ստեղծագործությանը: Ստեղծագործությունը և կոմերցիան տարբեր են, թեև մեկը մյուսին չի խանգարում, եթե ճիշտ ներդաշնակվեն իրար հետ, ՙԴե Ֆակտո՚-ում մենք փորձեցինք գտնել այդ ներդաշնակության ձևաչափը: Մամուլը երբեք չպետք է գոտուց ներքև հարված հասցնի, իսկ մենք ՙԴե Ֆակտո՚-ում փորձում էինք հասնել մամուլի` մշակույթ-մարդ-պետություն-պաշտոն հարաբերության բացահայտման կուլտուրային: ՙԴե ֆակտո՚-ում աշխատելով` ես ինձ վրա նաև մեծ հարված վերցրի: Բազմաթիվ հոդվածներ տպագրվեցին և՛ պետական, և՛ քաղաքական գործիչների դեմ, երբ ես այդ մարդկանց դեմ անձնական ոչինչ չունեի, նրանց մեծամասնությունն իմ ընկերներն են, ովքեր մինչև այժմ ինձանից նեղացած են: Ես իրենց նեղացնելու պատճառ չունեի: Բոլորին թվում էր, թե ինչ-որ մեկն ինձ պատվիրել է, այնինչ ինձ ոչ ոք ոչինչ չէր պատվիրել: Մենք ընդամենն ուզում էինք քաղաքական-հասարակական կյանքն ավելի թափանցիկ դարձնել և ոչ ոքի մասին հայհոյախոսական բան չենք տպագրել:

-Այդ երևույթն այսօր մամուլում նկատելիորեն տարածված է:

-Մամուլը պետք է զերծ մնա հայհոյախոսելուց, մամուլը չպետք է վիրավորի մարդուն, չպետք է մտնի մարդու անձնական կյանք: Մամուլը նրա համար չէ, որ բանալու անցքից հետևի, թե ինչ է կատարվում այդ մարդու ննջասենյակում: Անձնական կյանքը մարդու գաղտնիքն է, և դա սուրբ է, սրբազան գաղտնիք է, ինչպես սրբազան է մարդու սեփականությունը: Մամուլը չպետք է վաճառվի:

-Մամուլը ֆինանսական անկախություն չունի, դա կապված չէ՞ գաղափարական ազատության հետ:  

-Այսօր մամուլը ազատ է, բայց ոչ անկախ: Աշխարհում չկա մի մամուլ, որն ըստ էության անկախ լինի, որովհետև յուրաքանչյուրի թիկունքին կան հովանավորներ: Դա նշանակում է, որ մամուլն ունի քաղաքական կողմնորոշում, այնքան էլ անկախ չէ: Ոչ մի երկրում, անգամ ԱՄՆ-ի նման հզոր երկրում մամուլն անկախ չէ: Եթե պետությունն անկախ չէ, կախված է այլ պետություններից, մամուլը չի կարող բացարձակ անկախ լինել: Աշխարհը մեկ տուն է, որի բնակիչներն անհնարին է, որ իրար հետ հարաբերություն չունենան: Անկախությունը հարաբերական է, բայց անկախության հարաբերականության մեջ դու պետք է պահես քո ազնիվ անկախությունը, ներքին սահմանադրությունը: Այս ամենը պետք է անել, որ չասեն մամուլը ծախված է, որ չասեն` պատվեր է կատարում: Կողմնորոշում ունենալն ու պատվեր կատարելը տարբեր բաներ են: Կողմնորոշումը որոշակի սկզբունք պաշտպանելն է, որը դատապարտելի չէ: Օրինակ, ես որևէ կուսակցության անդամ չեմ, բայց համակրում եմ Հանրապետական կուսակցությանը:

-Խոսեցիք կողմնորոշումների մասին: Բոլորի համար զարմանալի է, որ Դուք և՛ նախկին, և՛ ներկա  իշխանությունների կողմից սիրելի եք: Ինչո՞վ է դա պայմանավորված: 

-Ես մարդու մի տեսակ եմ, ով երազել է Հայաստանի անկախությունը, և հիմա Հայաստանն անկախ է: Հիշում եմ, թե ինչպես մի օր մայրիկիս ասացի` մարե՛, կլինի՞ մի օր, որ ասեն` ՀՀ նախագահը պետք է գնա այսինչ տեղը:

Այն, որ ես բոլոր իշխանությունների հետ մտերիմ եմ, սուտ է: Առաջին իշխանության ժամանակ ես եղել եմ իշխանության մեջ, երկրորդ իշխանության կողմից սիրված չեմ եղել, դրա համար էլ կորցրի ՙԱՐ՚ հեռուստաընկերությունը` ՀՀ առաջին անկախ հեռուստաընկերությունը, իսկ Ս. Սարգսյանի հետ մենք միշտ եղել ենք համախոհ: Ս. Սարգսյանի աշխատելաոճը և հեռահար տեսիլքն ինձ շատ է հարազատ: Նա շատ դժվար կռվի մեջ է մտել: Եվ որովհետև ես իմ մտածողությամբ նրա զինակիցն եմ, հետևում եմ նրան, որը նշանակում է, թե պաշտպանելով նրա որդեգրած սկզբունքները` պաշտպանում եմ մեր պետության և հայոց համազգային շահը:

-Ի՞նչ կտա մեզ հայ-թուրքական սահմանի բացումը:

-Մենք կազատվենք Վրաստանից կախվածությունից, մենք կդառնանք տարանցիկ երկիր: Իրանի հետ մեր ճանապարհը բաց է, Թուրքիայի հետ սահմանը կբացվի, և հնարավոր է` Վրաստանի երկաթուղուց էլ չօգտվենք այնքան, որքան հիմա ենք օգտվում: Հայ-թուրքական սահմանի բացումը մեր բիզնեսմենին հնարավորություն կտա Թուրքիայում բիզնես ստեղծել, նույն հնարավորությունը կունենա նաև թուրք բիզնեսմենը: Սահմանի բացումից հետո մենք հնարավորություն կունենանք դիվանագիտական հարաբերություններ ստեղծել, կկարողանանք մեր հուշարձանների ճակատագրին հետևել: Անի քաղաքը վերանորոգում են, բայց թուրքալեզու գրերով: Մեր գիտնականները կարող են ոչ միայն հետևել այդ գործընթացին, այլ նաև միջամտել: Վերջապես սահմանի բացումով մեր առջև կբացվեն մեր հայրենիքի դարպասները: Խոսքս Արևմտյան Հայաստանի մասին է:

-Թուրքիան դա թույլ կտա՞:

-Աշխարհը գնում է առաջ, և դու աշխարհի հետ պետք է ներդաշնակ առաջ ընթանաս, նույնիսկ թուրքերն են դառնում ժամանակակից: Մեզ համար շատ շահավետ է, որ թուրքերը ցանկանում են Եվրամիության անդամ դառնալ, որովհետև ստիպված կլինեն նրանց օրենքներով շարժվել: Եթե մենք ուզում ենք կանխատեսելի հարևան ունենալ, ուրեմն` Թուրքիան պետք է Եվրամիության անդամ դառնա: Եվ վերջին հաշվով` ինչքա՞ն կարելի է թշնամի ապրել: Շատ ճիշտ է նաև Դաշնակցության կռիվը, Հայաստանում էլ պետք է լինի մի ուժ, ով հիշեցնի այդ խնդիրների մասին, ինչպես Թուրքիայում կան նման ուժեր:  Ես վստահ եմ, որ 1915թ. 100-ամյակին Թուրքիան կընդունի հայոց ցեղասպանությունը:

-Ի՞նչ կըհաջորդի այդ իրողությանը:

-Ցեղասպանությունը ճանաչելուց հետո կառաջանան ուրիշ խնդիրներ: Առաջ կգա 1.5 մլն մարդկանց ունեցվածքի հարցը: Փոխհատուցման երկու տարբերակ կա` գումարով, ինչին ես դեմ եմ, երկրորդը` հողով, որը նշանակում է, որ գոնե Ղարսի նահանգը, Արարատ լեռով հանդերձ, պետք է վերադարձնեն Հայաստանին, ու ձեռք ձեռքի սեղմենք: Այսօր մեր հողերի վրա քրդեր են ապրում, իսկ նրանք 30 մլն են: Շատ հնարավոր է, որ նրանք պետություն ստեղծեն մեր հողերի վրա: 

-Այս գործընթացում Ղարաբաղի խնդիրը չի՞ տուժի:

-Բոլորովի՛ն: Նախագահն իր բոլոր ելույթներում բազմիցս նշել է, որ Ղարաբաղը որևէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Ղարաբաղն անպայման կանկախանա:

-Հայաստանից և Ադրբեջանից անկա՞խ:

-Ես կարծում եմ` ճիշտ կլինի Ղարաբաղն անկախ պետություն դառնա. լինի հայկական երկրորդ պետությունը:  

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի վարած քաղաքականությունը`  կապված Ջավախքի  հետ:    

-Ս. Սարգսյանը ՀՀ նախագահներից առաջինն էր, ով դեսպանների հետ խորհրդակցության ժամանակ հիացրեց, երբ հատուկ տողով խոսեց Ջավախքի մասին: Նա ասաց` ինտեգրացում, այո՛, բայց առանց ձուլվելու, Վրաստանի կազմում Ջավախքի լեզուն պետք է լինի հայերենը: Իսկ դա մեզ մշակութային անկախություն կտա:

Ինչ վերաբերում է Ջավախքին, վրացիները կարող են նսեմ մի բան անել` Ջավախքը դանդաղ հայաթափել: Բայց այդ հողի վրա վրացի չի ապրի, իրենք ստիպված կլինեն ուրիշ ազգ բերել: Այդ հողի վրա արդեն քանի հազար տարի հայերի ստորագրությունը կա,  Ջավախքի հետ կատակ չպետք է անել:

-Վերադառնանք Ձեր ստեղծագործական կյանքին: Նկատել եմ, որ ՙԱռավոտի՚ Ձեր շարքում շատ եք խոսում լույսի ու ստվերի մասին: Ո՞րն է լույսը, և որտե՞ղ է ստվերը:

-Մարդկային կյանքը կառուցված է լույսի ու ստվերի հարաբերության վրա: Եվ ամեն անգամ, երբ դու կորցնում ես քո ստվերը,  ներսումդ անգիտակցական տագնապ է առաջանում, որի մասին դու չես մտածում, դու այն պարզապես ապրում ես, վախենում, որ  վաղը կարող ես լույսդ չտեսնել: Ես շատ եմ սիրում ջուրը, ձուկը և  միշտ մտածում եմ` այդյո՞ք ձուկն ու մարդն իրար հանդիպում են: Ես միշտ մտածում եմ նաև, որ հնարավոր չէ` մարդը մահանա և վերանա: Կարծում եմ` գոյություն ունեն զուգահեռ աշխարհներ, ինչպես որ գոյություն ունի ծովի կյանքը և հողի կյանքը:  Ես չգիտեմ` մրջյունն ու փիղն իրար հանդիպո՞ւմ են, թե՞ ոչ, կամ առյուծը` ձկանը: Նրանք իրար չեն գիտակցում, ինչպես, օրինակ, մարդ կա, որին դու ճանաչում ես, բայց երբեք չես հանդիպում: Ես այսպիսի մի խոսք ունեմ` ինչքան տեսնենք, հանդիպենք: Եվ վերջապես կա մարդ և հակամարդ:

-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

-Տխուր բան հարցրիր: Գիտե՞ս, գրական ստեղծագործության ուժը ոչ թե մեծ-մեծ խոսքերի և գաղափարների, այլ մանրամասնությունների մեջ է: Աստված ինձ հնարավորություն է տվել զգալ, տեսնել մանրամասնությունները, որոնց կողքով ուրիշներն անցնում ու չեն նկատում: Փոքրիկ ու աննշան բաներ են դրանք, որոնց խորքում այնքան իմաստներ, խորհրդանիշեր կան, որոնք բացահայտելով` դու հասնում ես շատ մեծ ասելիքի, եթե, իհարկե, կարող ես: Ես ոգեշնչվում եմ երևույթներով, որոնք ուրիշները չեն տեսնում ու փորձում եմ դրանք վերապատմել այնպես, որ ուրիշներին տեսանելի լինի: Պարզապես պետք է հետևել նշաններին և ճանաչել դրանք: 

-Ըստ Ձեզ` Աստված մարդուն ինչո՞ւ է ստեղծել, և արդյո՞ք մարդն այդ ուղուց չի շեղվել: 

-Երբ մի օր Մոցարտի մասին ֆիլմ էի դիտում` ՙԱմադեուս՚, թե ինչպես է այդ տղայի մեջ արթնանում երաժշտությունը, և հետագայում, երբ ես տեսա Պավարոտտիին և իր ընկերներին, ովքեր միաժամանակ երգում էին` երգը փոխանցելով իրար,  հանկարծ զարմանքով նկատեցի, որ Աստված իզուր չի ստեղծել մարդուն, Աստված կարծես թե չի սխալվել, որ մարդուն ստեղծել է: Բայց ստեղծելով մարդուն` Աստված ինքը մենակ մնաց, որովհետև այդ մարդը, որը մենք ենք հիմա, Աստծու ներսում էր: Աստված փորձեց աշխարհը ստեղծել` ինքն իրեն թալանելով: Ես տպավորություն ունեմ, որ  Աստված իր ստեղծածը տեսնելուց հետո ինքն իր ներսի հետ հաշտ չէ: Աստված ստեղծեց մեզ, իսկ մենք Աստծուն կողպեքով փակեցինք տաճարի մեջ, հետո առավոտյան բացելով կողպեքն` ասացինք` եկե՛ք Ձեր Աստծու առաջ աղոթեք և մոմ վառեք: Ո՞վ է իրավունք տվել մեզ Աստծուն տաճարի մեջ փակել: Աստված մարդուն ստեղծեց, իսկ մարդը բանտարկեց Աստծուն:

Խնդիրն այն է, որ եթե դու աստվածընկալ ես, դու մտածում ես նաև հորիզոնից այն կողմի մասին, այսինքն` այն ամենի մասին, ինչը թիկունքում է, որը մենք չենք տեսնում: Երբ փորձում ես խորանալ, հասկանալ ավելին, Աստված ինքը թույլ չի տալիս: Օրինակ, երբ Ջավախքում պառկում և նայում ես աստղազարդ երկնքին, մտածում, որ այս աստղից հետո էլի աստղ կա, էլի, էլի… զգում ես, որ խելագարվում ես, դա այն սահմանն է, որից այն կողմ Աստված թույլ չի տալիս անցնել:

-Ի՞նչ է լռությունը Ձեզ համար: Հաճա՞խ եք լռում և արդյո՞ք Ձեր լռությունը լուռ է:

-Այո՛, ես ճանաչում եմ լռությունը և հաճախ եմ լռում ոչ այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ մտածում եմ` արժե՞ արդյոք խոսել: Լռությունը ջրի պես բան է, երբ ինքդ սուզվում ես քո մեջ` մտածելով, որ այնտեղ կգտնես մի բան, որը դրսում չես գտնում:  Հատկապես քո մեջ ես ուզում զգալ այն, ինչ որ չես կարողանում գտնել դրսում: Եթե շատ խոսելն այդքան կարևոր լիներ, Աստված ամեն օր կխոսեր մեզ հետ: Ամենամեծ լռողն Աստված է: 

-Ընտանիքը Ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչ դեր է ունեցել, և, ընդհանրապես, ընտանիքը  Ձեզ համար, Ձեր տեսակ մարդու համար ի՞նչ նշանակություն ունի:

-Ես մարդկանց այն տեսակին եմ պատկանում, ում բախտը բերել է ընտանիքի առումով: Շնորհակալ եմ տիկնոջիցս. դժվար օրեր ենք ապրել միասին, բայց այդ ընթացքում մեր մեջ այնքան լուսավոր լավատեսություն կար, որ կարողացանք ոչ միայն չորս զավակ ունենալ, այլ նաև այդ զավակներին մեծացնել, կրթության տալ, ես այդ իմաստով շնորհակալ եմ բախտից: Եթե իմ ընտանիքը չլիներ այնպիսին, ինչպիսին է, թերևս, իմ կյանքը, ելնելով իմ տեսակից, ¥մարդ, որի հոգին չի տեղավորվում իր մարմնի մեջ և անընդհատ ճաք է փնտրում դուրս գալու) այլ հունով կգնար, բայց ոչ լավ հունով: Գուցե ես առանձնանայի միջնադարյան գրիչների նման, զբաղվեի միայն գրականությամբ կամ գուցե դառնայի հարբեցող: Չգիտեմ… Երկուսն էլ չի բացառվում: Ընտանիքս ինձ ամուր կապեց կյանքին: Առաջին հայացքից թվում է, թե դա կենցաղն է, բայց, ո՛չ, դա վերկենցաղային է: Այդ վերկենցաղային կապն ինձ հնարավորություն տվեց գրականության, հրապարակախոսությամբ մեջ անել այն, ինչ որ կարողացել եմ մինչև այսօր անել: Ինձ միշտ թվում է, թե ես դեռ չեմ գրել այն գիրքը, որ պետք է գրեի, և հույս ունեմ, որ ընտանիքիս ուժն ինձ կմղի դեպի ինքնաարտահայտման, որ կարողանամ գրի վերածել այն, ինչ որ ես զգում եմ, մի բան, որ ինձնից բացի ոչ ոք չգիտի: Դա իմ` դեռ բառերի չվերածված զգացողությունն է: Միայն Աստված կյանք տա:

Հետաքրքիր է, որ երբ ուզում էի սկսել ՙԸնկած թուղթը՚ վեպը, ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչպես պետք է ներկայացնեմ Մովսես Խորենացուն` սկսած արտաքինից: Աստծուց խնդրում էի` երազում տեսնել նրան: Մի օր գնացի Նորավանք և շատ տարօրինակ զգացողություն ունեցա, երբ գմբեթի տակ աղոթում էի: Հաջորդ գիշերը ես տեսա Խորենացուն: 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...