2013-01-31 11:53
«Մադամ Դե Ֆակտո» N4
Վիգեն Մնոյան
Իմ լուսանկարների հետ կապված ամենահետաքրքիր պատմությունը եղել է Գառնիում` հերթական նկարահանումների ժամանակ: Ես պետք է նկարահանեի բնության 4 տարերքները` հողը, ջուրը, օդը, կրակը: Այդ օրը պետք է նկարահանեինք հողը: Իսկ գլխավոր հերոսուհին Նազենի Հովհաննիսյանն էր: Նազենին վատառողջ էր, ջերմում էր, սակայն դա նրան չխանգարեց մասնակցել նկարահանմանը: Ես Գառնիում մի վայր գիտեի, որ ժողովուրդը ՙանապատ՚ էր անվանում, այդ իսկ պատճառով էլ որոշեցինք հենց այնտեղ նկարահանել: Այդ վայրը լիովին համապատասխանում էր մեր թեմային:
Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ էր նկարահանման համար, մնում էր միայն ուղևորվել Գառնի: Երբ հասանք նախատեսված վայր, մեքենայից իջանք և միայն ցորենի արտեր տեսանք: Մտածեցի երևի մոռացել եմ, թե որտեղ է գտնվում այդ ջրազուրկ հողատարածքը: Այնուհետև սկսեցինք փնտրել այդ վայրը: Մեր որոնումներն ապարդյուն էին, շուրջբոլորը կանաչապատ էր: Ամեն ինչ պատրաստ էր (դիմահարդար, վարսահարդար և անհրաժեշտ տեխնիկա): Չէի կարող հետաձգել մեկ այլ օր: Երկար որոնումներից հետո ձմերուկի դաշտեր գտանք, որտեղ էլ նկարեցի Նազենիին: Վերջապես ավարտեցինք չնախատեսված վայրում նկարահանումը և պատրաստվեցինք վերադառնալ Երևան: Հանկարծ ձմերուկի դաշտերում մեծահասակ մի մարդու նկատեցինք, ումից էլ փորձեցինք պարզել, թե որտեղ էր այդ չորացած հողատարածքը: Նա մեզ ասաց, որ հենց այդ նույն վայրում այժմ ցորենի արտեր են:
Միայն հայերը կարող են ՙանապատում՚ ցորեն ցանել…
Վերադառնալ