03:54
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր պետությունում հարկային բեռը պետք է կրեն այստեղ ապրող և գործող բոլոր ֆիզիկական անձինք և տնտեսվարող սուբյեկտները

2013-01-30 11:25

«Դե Ֆակտո» N33

-Պարոն Խաչատրյան, աշխարհի շատ երկրներ գնում են հարկային դաշտի պարզեցման ճանապարհով: Ի՞նչպիսին է հարկային դաշտը մեր երկրում:

-Ընդհանուր առմամբ բոլոր երկրները ձգտում են ունենալ պարզ հարկային դաշտ, և Հայաստանը բացառություն չէ այդ առումով: 2008թ. 2-րդ կիսամյակից կառավարության ուշադրության կենտրոնում են եղել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրները, այդ թվում` այդ ոլորտի համար հարկային բարենպաստ պայմաններ ապահովելը:

Հայաստանում հարկման պարզ մեխանիզմներից կառանձնացնեի երեքը:

Առաջինը` բոլոր հարկ վճարողները 2009թ. հունվարի 1-ից համարվում են ԱԱՀ վճարողներ կամ ԱԱՀ չվճարողներ: ԱԱՀ վճարող են համարվում այն տնտեսվարողները, որոնց շրջանառությունը նախորդ օրացուցային տարում գերազանցել է 58,35 մլն. դրամը: Վերջիններս հաշվապահական հաշվառումը վարելու են, ինչպես նաև հարկերը հաշվարկելու ու վճարելու են ընդհանուր սահմանված կարգով: Այն տնտեսվարողները, որոնց շրջանառությունը չի գերազանցել նշված շեմը, չեն համարվի ԱԱՀ վճարողներ և հարկերը հաշվարկելու ու վճարելու են պարզեցված ընթացակարգով: Այսպես` այդ տնտեսվարողների համար պարզեցվել է նվազագույն շահութահարկի հաշվարկման մեխանիզմը, հանվել է հասույթի գրանցման գրքի վարման պահանջը, կրճատվել են հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները, օրինակ` այդ կազմակերպությունները ներկայացնելու են միայն շահութահարկի պարզեցված հաշվարկ, մինչև 5 վարձու աշխատող ունեցող տնտեսվարողները պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու են եռամսյակային կտրվածքով և այլն:

Երկրորդը` գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարներով հարկման ռեժիմն է, որը, կարելի է ասել, հարկման ամենապարզ մեխանիզմներից մեկն է, չնայած նրան, որ այս պարագայում տեղի է ունենում պետական բյուջեի եկամուտների կորուստ, քանի որ հաստատագրված վճարի չափը կախված է ոչ թե գործունեության արդյունքում ստացվող եկամտի մեծությունից, այլ ելակետային տվյալներից: Օրինակ` հանրային սննդի ոլորտում այն կախված է սպասարկման սրահի մակերեսից, ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեությունում` կայանում տեղակայված գազալցման խողովակների քանակից և այլն:

Երրորդը` արտոնավճարներն են: Ինչպես գիտեք, Ազգային Ժողովի կողմից դեկտեմբերյան նստաշրջանում ընդունվեց ՙԱրտոնավճարների մասին՚ ՀՀ օրենքը, որը հնարավորություն տվեց ինքնազբաղներին վճարել միայն արտոնավճար և առանց պետական գրանցում ստանալու իրականացնել օրենքով թույլատրված գործունեության որոշ տեսակներ:

-Ի՞նչ նոր խնդիրներ են դրված համակարգի առջև և ինչպե՞ս են ընթանում այս ծրագրերի իրագործման աշխատանքները:

-Պետական եկամուտների կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է ծրագրավորված կերպով, ընդ որում առաջնորդվում է ոչ միայն տարեկան, այլև բազմամյա ծրագրերով: Մասնավորապես` 2009թ. ՊԵԿ-ի գործունեության համար հիմք են հանդիսանալու` 2009թ.« ՙՊետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 07.08.2008թ. N941-Ն որոշմամբ հաստատված« ՙՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը՚, ՀՀ կառավարության 2009թ. աշխատանքային գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները, ինչպես նաև 2008թ. ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքում տեղ գտած թերացումների վերացումը:

Այսպես` համաձայն ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրի` հարկային համակարգի համար որպես գլխավոր նպատակներ սահմանվել են.

-խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովումը,

-փոքր բիզնեսի համար արդյունավետ հարկային բեռ և ՙփափուկ՚ հարկային վարչարարության սահմանումը,

- հարկային մարմնում կոռուպցիայի հաղթահարումը,

- հարկային պարտավորությունների կամավոր վճարման սկզբունքի լիարժեք ներդրումը,

- հարկային ստուգումների հարցում նոր քաղաքականության կիրառումը,

- հարկային մարմնի կառավարման համակարգն արդյունավետ դարձնելը,

- հարկային վարչարարության բնագավառում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ապահովումը:

Եվ իհարկե` ՊԵԿ-ի առջև դրված ամենակարևոր խնդիրն է հանդիսանալու 2009թ. պետական բյուջեով նախատեսված հարկերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման ապահովումը:

-Ո՞ւմ հաշվին է պետբյուջեն կատարվելու, և ո՞ւմ վրա է դրվելու հարկային բեռը:

-Մեր պետությունում հարկային բեռը պետք է կրեն այստեղ ապրող և գործող բոլոր ֆիզիկական անձինք և տնտեսվարող սուբյեկտները: Ուստի, կարծում եմ, հարկային բեռը վերաբերում է բոլոր հարկ վճարողներին` ելնելով նրանց եկամուտների և շրջանառության սպառման մեծությունից:

Հարկային օրենսդրությունը նախատեսում է հարկ վճարողների իրավահավասարություն: Պարզապես` հարկային վարչարարության նպատականերով հարկ վճարողները բաժանված են երեք խմբերի.

Հարկ վճարողներ, որոնք հարկվում են արտոնագրային կամ հաստատագրված վճարներով: Վերջիններս նախատեսված են մանր ձեռնարկատիրության կամ այնպիսի ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտների համար, որտեղ դժվար է իրականացնել արդյունավետ հարկային հսկողություն: Ուստի հարկ վճարողների այս խմբի հարկային բեռնվածությունը համեմատաբար ցածր է, բացառությամբ` որոշ ոլորտների (օրինակ` շահումով խաղերի կազմակերպում և խաղատների գործունեություն, ծխախոտի արտադրություն և այլն):

Հարկ վճարողներ, որոնք գործում են սովորական հարկային դաշտում, սակայն չեն վճարում ԱԱՀ: Դա փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների խումբ է` ովքեր տարվա կտրվածքով ունեն 58,35 մլն դրամից պակաս շրջանառություն: Հարկման այս ռեժիմով գործող հարկ վճարողների հարկային բեռնվածությունը նույնպես ցածր է: Ավելին` հաշվի առնելով 2008թ օգոստոսին ընդունված և ՓՄՁ-ների համար առավել բարենպաստ հարկային պայմանների ստեղծմանն ուղղված հարկային օրենսդրական փոփոխությունները, ենթադրվում է, որ տվյալ խմբի հարկ վճարողներից հավաքագրվելու են շուրջ 20 մլրդ դրամի չափով պակաս հարկեր` ցածր դրույքաչափերի և պարզեցումների հաշվին:

Միջին և խոշոր հարկ վճարողներ, որոնք հարկվում են ընդհանուր ռեժիմով: Այս հարկ վճարողներն ապահովում են պետական բյուջեի հարկային եկամուտների բացարձակ մեծ մասը:

-Ի՞նչ արդյունքներ է տալիս ստվերի դեմ պայքարը:

-Նախ ասեմ, թե ի՞նչ նշանակություն ունի ստվերի դեմ պայքարը հարկային մարմինների համար: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով պետական բյուջեի հարկային եկամուտների նախատեսված ցուցանիշը կարելի է համարել բավականին ռիսկային, քանի որ հարկային հավաքագրումների մակարդակն ուղղակիորեն կախված է երկրի տնտեսական աճից: Տնտեսական աճի նվազման պայմաններում եկամուտների ապահովման հիմնական իրատեսական միջոց է դառնում ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված հարկային և մաքսային վարչարարությունը:

Ուստի ստվերի դեմ պայքարը գնալով ավելի ինտենսիվ և արդյունավետ է դառնում: Այսպես` 2008 թ. ընթացիկ ստվերային տնտեսության կրճատումը հսկողական աշխատանքների կիզակետում էր: Մեծ ուշադրություն է դարձվել.

- իրացման շրջանառությունների և գների թերհայտարարագրման դեպքերի բացահայտմանը: Տվյալ ուղղությամբ 2008թ. իրականացվել են 1029 ստուգում և արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա մոտ 3,2 մլրդ դրամ` 2007թ. թվով 1862 ստուգումներով հայտնաբերված 2,7մլրդ դրամի դիմաց.

- ապօրինի ձեռնարկատիրության դեպքերի հայտնաբերմանը` 311 ստուգում (98,3 մլն դրամ հայտնաբերված գումարով) նախորդ տարվա 879 ստուգման (167,8 մլն դրամ գումարով) դիմաց,

-հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմանը` 6480 ստուգում (453,7 մլն դրամ գումարով) նախորդ տարվա 5518 ստուգման (382 մլն դրամ գումարով) դիմաց,

-օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված աշխատողների հայտնաբերմանը` 1435 ստուգում (105,0 մլն դրամ գումարով) նախորդ տարվա 596 ստուգման (44,8 մլն դրամ գումարով) դիմաց:

Այնուամենայնիվ` Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում ստվերային շրջանառությունները շարունակում են հարկման տեսանկյունից մնալ մտահոգիչ` հարկային և մաքսային աշխատողների աշխատանքի անհրաժեշտ արդյունավետություն չապահովելու պատճառով: Շինարարության, հանքարդյունաբերության, մանրածախ առևտրի ոլորտներում, ենթակցիզային ապրանքների արտադրության և ներմուծման, հացամթերքի և սննդարդյունբերության ոլորտներում, ինչպես նաև սպասարկման ոլորտից` հյուրանոցների, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում, առողջապահությունում առկա են հարկումից դուրս մնացած մեծ շրջանառություններ: Խոսքը վերաբերում է ապրանքների, ծառայությունների ֆիզիկական ծավալների, ինչպես նաև դրանց գների թերհայտարարագրման երևույթին: 2009թ. ավելի մեծ ուշադրություն կդարձվի այս խնդիրների լուծմանը:

-Ի՞նչ կտա մեզ ՀԴՄ-ների կիրառումը և արդյո՞ք ռիսկեր չկան այստեղ:

-Ասեմ, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը ինքնանպատակ չէ: Այն ընդամենը գործիք է փաստաթղթաշրջանառության կարգավորման համար, քանի որ մեր տնտեսության համընդհանուր խնդիրներից մեկը փաստաթղթաշրջանառությունն է, որի ներկայիս մակարդակը առանձին տնտեսվարողների մոտ հեռու է բավարար լինելուց: Ռիսկի ո՞ր գործոնի մասին է խոսքը, ինչո՞ւ այլ երկրներում ՀԴՄ-ների կիրառման գործընթացը կարող է կայանալ, իսկ Հայաստանում` ոչ: Ասեմ, որ այս հարցում մենք հետևողական ենք գտնվելու և շարունակվելու են առևտրի իականացման վայրերում ՀԴՄ-ների ներդրման ու կիրառման հետ կապված աշխատանքները: ՀԴՄ կտրոնի դերը բարձրացնելու համար իրականացվել է երկու միջոցառում, առաջինը` ՀԴՄ-ի կտրոնները տարեկան կտրվածքով մինչև 36,0 մլն. դրամը որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ դիտարկելն է` նախկինում 1 մլն-ի փոխարեն, երկրորդը` ՀԴՄ կտրոնների վիճակահանության և շահող կտրոնի ներդրման միջոցառումը, որոնց արդյունքում անուղղակիորեն կարող են կրճատվել ստվերային շրջանառությունները:

-Հարկային և մաքսային վարչարարության առումով 2009 թ.  շա՞տ է տարբերվելու 2008 թ.:

-Այս հարցին արդեն մասամբ պատասխանեցի, իհարկե` 2009թ. տարբերվելու է 2008թ.: Այդ տարբերությունները կարելի է բաժանել երկու խմբի` կազմակերպչատեխնիկական և ընդհանուր տնտեսական բնույթի:

Տարին սկսել ենք մասնագիտացված հարկային տեսչությունների լուծարմամբ` ստեղծելով մեկ` խոշոր հարկ վճարողների գծով հարկային տեսչություն: Հաստատվել է խոշոր հարկ վճարողների նոր ցանկը (326 տնտեսվարող սուբյեկտներ), որոնց ընտրությունը կատարվել է` ելնելով ավելի շատ քանակի չափորոշիչներից: Կրճատվել են նաև 11 տարածքային հարկային տեսչություններ:

Այս տարի փորձարկվել  և գործածության մեջ է դրվելու հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակը: Հարկային հսկողության ոլորտում ներդրվելու է ռիսկերի գնահատման վրա հիմնված` ստուգվող տնտեսվարող սուբյեկտների ընտրության համակարգը:

Իր հերթին` 2009թ. տնտեսական ճգնաժամի ազդեցությունը պահանջում է ձեռնարկել արձագանքման միջոցառումներ:

Կարծում եմ, 2009թ. ներմուծումների ծավալը կկրճատվի` 2008թ. համեմատ, ուստի պահանջվելու են ԱԱՀ-ի գծով վարչարարական ավելի մեծ ջանքեր` տնտեսվարողների մոտ շրջանառությունը և գները ճիշտ ֆիքսելու նպատակով: Նվազելու է որոշ ճյուղերի և ենթաճյուղերի դերը հարկային եկամուտների ապահովման գործում (օրինակ` շինարարության, հանքարդյունաբերության, ավտոմեքենաների ներմուծման և այլն): Սակավանալու են Հայաստան մուտք գործող մասնավոր տրանսֆերները: Հետևաբար, 2009թ. ընթացքում միակ ռեալ միջոցը, որի հաշվին հնարավոր է լինելու առանձին ոլորտներում եկամուտների աճ ապահովել, հանդիսանալու է հարկային և մաքսային արդյունավետ վարչարարությունը:

-Ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված իրականացնել 2009 թ.:

-Հարկային և մաքսային վարչարարության բնագավառում 2009թ. կարևորում եմ հետևյալ աշխատանքների իրականացումը, որոնք բխում են 2008 թ. արձանագրված խնդիրներից.

Պետական բյուջեի եկամուտների կատարումը պետք է կարևոր խնդիր դարձնել ոչ միայն ՊԵԿ-ի, այլև մյուս պետական կառավարման մարմինների համար` վերջիններս պետք է համագործակցեն և օժանդակեն ՊԵԿ-ին` ֆինանսական կարգապահության, տուրքերի ապահովման, ապառքների և վնասների կրճատման հարցերում:

Տարվա ընթացքում հարկ է ձեռնպահ մնալ կամ բացառել բոլոր տեսակի այն ծրագրերը կամ միջոցառումները, որոնք հարցերը լուծում են լրացուցիչ հարկային արտոնությունների տրամադրման կամ հարկային մուտքերի հաշվին:

Հարկ է ուժեղացնել ստվերի դեմ պայքարը: Մասնավորապես` որպես թիրախ ընտրել ռիսկային ոլորտները, որտեղ անհրաժեշտ է կատարել հասցեական հսկողական աշխատանքներ, այդ թվում` կիրառելով համատարած չափագրումների ինստիտուտը, ուսումնասիրությունները և կտրուկ բարձրացնելով ստուգումների արդյունավետությունը` առաջադրելով լրացուցիչ հարկեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ:

Պետք է ամբողջ տնտեսությունում հետևողականորեն ապահովել համատարած հարկային հաշվառումը և փաստաթղթավորումը: Խոսքը հիմնականում վերաբերում է` մեծածախ առևտրում հաշիվ-ապրանքագրերի պարտադիր դուրսգրմանը, իսկ մանրածախ առևտրում հսկիչ-դրամարկղային մեքենաների համատարած շահագործմանը:

Խիստ կարևոր են խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքները: Տարվա ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ այն խոշոր հարկ վճարողների հետ, որոնք կոնկրետ ոլորտներում մեծ տեսակարար կշիռ ունեն ու տնտեսական ճգնաժամի պայմաններում շրջանառությունների նվազման արդյունքում կարող են միլիարդներ չվճարել պետական բյուջե: Խոշոր տնտեսվարողների հարկման խնդիրը պետք է հանդիսանա ընդհանուր հոգածության առարկա:

Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հարկային վարչարարության աշխատանքներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծմանն ու օգտագործմանը, համակարգչային ծրագրերի մշակմանն ու ներդրմանը, այդ թվում` ստուգելու նպատակով հարկ վճարողների ընտրության ռիսկային համակարգի մասով:

Հարկ է խստացնել պայքարն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հարկային ու մաքսային իրավախախտումների դեմ` ինտենսիվ գործադրելով ՊԵԿ-ի հետաքննչական և քննչական գործառույթները և շեշտը դնելով հարկային հաշվետվություններ չներկայացնողների, ապօրինի գործունեություն իրականացնողների, կեղծ մաքսազերծողների և անապրանք փաստաթղթեր օգտագործողների հսկողության ուժեղացման վրա:

Օգտվելով այն հանգամանքից, որ հարկային և մաքսային մարմինները միավորված են մեկ գործադիր մարմնում, նպատակահարմար է տեղակատվական, վարչարարական միջոցառումներ իրականացնել հետներմուծումային շղթայի ամբողջական և ժամանակին հարկումն ապահովելու համար:

Անհրաժեշտ է բարձրացնել հարկային և մաքսային մարմինների աշխատանքների արդյունավետությունը, հատկապես` ընթացիկ վերահսկողության և օպերատիվ-կազմակերպչական աշխատանքների արդյունավետությունը, միաժամանակ ապահովելով ՊԵԿ-ի աշխատողների աշխատանքի արդյունքների և վարձատրության կապը ապահովող` շահադրդող մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև ներքին աուդիտի առաջավոր տեխնոլոգիաների ներդրումը:

Աշխատանքների կարևոր ուղղություն պետք է հանդիսանա հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը` հարկային և մաքսային մարմինների աշխատանքը դարձնելով ավելի թափանցիկ, այդ թվում` նվազագույնի հասցնելով ՙհարկ վճարող-հարկային ծառայող՚, ՙհարկ վճարող–մաքսային ծառայող՚  շփումները, ընդլայնելով ՙթեժ գիծ՚   ծառայությունների, ՊԵԿ-ի ինտերնետային կայքերի հնարավորությունները:

Հարկ է շարունակել կառուցվածքային բարեփոխումները` հաստատել բոլոր ՀՏ-երի հստակ գործառույթները, ինչպես նաև բարելավել վերադաս մարմնի վարչությունների և դրանց գործառույթների աշխատանքները:

Մեծ տեղ պետք է հատկացնել կադրային բարեփոխումներին` անցկացնել պարբերական ատեստավորումներ և թափուր տեղերը համալրել` նախապատրաստական դասընթացներ անցած երիտասարդ կադրերով: Տարվա ընթացքում նախատեսում ենք ստեղծել ժամանակակից ուսումնական կենտրոն, ինչը թույլ կտա իրականացնել մասնագիտական ուսուցումները պահանջվող ամբողջ ծավալներով:

-Ինչպիսի՞ն է հարկային քաղաքականությունը խոշոր, միջին և փոքր հարկ վճարողների համար:

-Փոքր և միջին ձեռնարկատիրության նկատմամբ կիրառվում է առավել փափուկ հարկային քաղաքականություն: Այն արտահայտվում է համեմատական փոքր հարկային բեռի սահմանմամբ, հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների կրճատմամբ, որը բերում է հարկային մարմինների հետ ՙշփումների՚   կրճատմանը: Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսի հանդեպ տարվող քաղաքականությանը, ասեմ, որ Կառավարության կողմից հաստատված հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թթ. ծրագրով հարկային վարչարարության յոթ նպատակներից մեկը խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովումն է, որն էականորեն կնպաստի ամբողջ հարկային համակարգի կայացմանը: Այդ նպատակն իրագործվում է բազմաթիվ միջոցառումների միջոցով: Մասնավորապես` ընդամենը մի քանի օր առաջ հաստատվել է խոշոր հարկ վճարողների նոր ցանկը, որում ընդգրկվել են 325 կազմակերպություններ, որոնց վարչարարությունը այս տարվա սկզբից չորս ոլորտային հարկային տեսչությունների փոխարեն կատարվելու է մեկ` խոշոր հարկ վճարողների տեսչության կողմից: Խոշոր հարկ վճարողների ընտրությունը կատարվել է, հիմք ընդունելով վերջիններիս կողմից վճարված հարկերը, առևտրային շրջանառությունները, տնօրինվող ակտիվների և աշխատողների մեծությունները և այլն:

Ներկայումս մշակման փուլում են գտնվում խոշոր ապառքատերերի հետ տարվող աշխատանքների նոր մեխանիզմները, պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով` գույքի և եկամուտների հայտարարագրման միջոցով արդյունավետ հսկողության մեխանիզմները, այլ պետական մարմինների հետ համագործակցության ծրագիրը, խոշոր բիզնեսի մոտ ստուգումների իրականացման ուղեցույցները, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատողների վերապատրաստման ծրագիրը և այլն:

Առավել ուշադրության են արժանի Հայաստանում խոշոր բիզնեսի այն խնդիրները, որոնք առաջացել և կարող են առաջանալ առաջիկայում համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքով: Խոշոր բիզնեսն ունի ավելի շատ կապեր արտաքին աշխարհի հետ, ուստի հավանական է, որ ճգնաժամն ավելի շատ կարող է անդրադառնալ նրա վրա:

-Ի՞նչ  եք կարծում` հարկային, մաքսային քաղաքականությունը երբևէ կարո՞ղ է գոհացնել քաղաքացիներին:

-Հայտնի ճշմարտություն է, որ ոչ ոք հարկերը հաճույքով չի վճարում և հնարավորության սահմաններում շատերն են փորձում  խուսափել հարկային պարտավորություններից: Բնականաբար, չենք կարող բացառել, որ դժգոհողներ կլինեն: Այսօր երկու ոլորտներն էլ լայնածավալ բարեփոխումների փուլում են, ինչի արդյունքում պարզեցվել են մաքսային և հարկային ընթացակարգերն ու բարձրացվել է սպասարկման որակը` ընդհուպ դրանք մոտեցնելով եվրոպական չափանիշներին, իսկ ՀԴՄ-ների ներդրման և վիճակահանության անցկացման գործընթացում արդեն իսկ նկատվում է քաղաքացիների շահագրգռվածությունն ու օժանդակությունը  իրականացվող աշխատանքներին: Ակնհայտ է, որ մեր հասարակությունն արդեն գիտակցում է բարեփոխումների գործընթացի` երկուստեք շահավետությունը թե՛ իր, թե՛ պետության համար: Սակայն չեմ բացառում, որ դեռևս կան թերություններ և բացթողումներ, որոնց շտկման ուղղությամբ համապատասխան հետևողական քայլեր ենք իրականացնում:

-Ինչպիսի՞ն է Գագիկ Խաչատրյանի ընկերը:

-Միանշանակ ազնիվ, սկզբունքային, շիտակ: Չեմ ընդունում կեղծավորությունը` հատկապես ընկերական հարաբերություններում:

-Գագիկ Խաչատրյանի ընտանիքն ու Գագիկ Խաչատրյանն ընտանիքում:

-Իմ ընտանիքն այն միակ վայրն է, որտեղ հագեցած աշխատանքային առօրյայից հետո վերագտնում եմ ինքս ինձ, կարողանում լիցքաթափվել և լիարժեք հանգստանալ, առավել ևս հիմա, երբ տունս կարծես ավելի է լցվել և ջերմացել. թերևս գիտեք, որ փետրվարին ես պապիկ եմ դարձել` ծնվել է առաջին թոռնիկս: Ունեմ երկու տղա և մեկ դուստր, նրանցից յուրաքանչյուրը լավ գիտի` իր վարքագծով չպետք է ստվեր գցի իմ և իմ գործունեության վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...