22:45
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ալբերտ Ազարյան

2013-01-30 11:04

«Դե Ֆակտո» N33

ԵՐԿՈՒ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻՑ

Կենսագրություն

Ալբերտ Վաղարշի Ազարյանը ծնվել է 1929թ. Գանձակ քաղաքում, արհեստավորի ընտանիքում:  1939թ. ընտանիքով տեղափոխվել է ք. Կիրովական, իսկ 1947թ.` մայրաքաղաք Երևան: 1944թ.` հոր մահից հետո, նա պատանի հասակից անցավ աշխատանքի որպես դարբնի աշակերտ ` միաժամանակ սովորելով երեկոյան դպրոցում:  1946թ. սկսել է զբաղվել սպորտով` ըմբշամարտով և ծանրամարտով: 1947թ. Մոսկվայում  մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին: 1948թ. ընդունվել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկում  և այն ավատրել 1952թ.: Տեխնիկումում սովորելու ժամանակ սկսել է զբաղվել   սպորտային մարմնամարզությամբ Սեմյոն Կարագյոզյանի մոտ: 1951թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում: 1952թ. նա առաջին անգամ դարձավ Խորհրդային միության չեմպիոն օղակների համարով: 1953թ. ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, այնուհետև`  Ֆրանսիա: 1954թ. ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն: 1955թ. Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ` օղակներից և զուգափայտից: 1956թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1956թ. օղակների համարով Ավսրալիայում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն: 1958թ. Մոսկվայում աշխարհի առաջնության մրցումներին նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչում օղակներից: 1960թ. Իտալիայում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն: 1961թ. մասնակցել է ԱՄՆ-ում միջազգային մրցումներին, հետո ելույթներ է ունեցել Կուբայում: 1963թ. մասնակցել է Ինդոնեզիայում ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ` օղակներից և պտտաձողից, դարձել բացարձակ չեմպիոն: 1964թ. ավարտել է իր սպորտային կարիերան և անցել աշխատանքի Երևանի քաղաքային Ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում` որպես տնօրեն:

Այսպիսով` մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման, որից ինը անգամը օղակների համարով:  1964-2000թ. եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել է ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումները: 1999թ. Ալբերտ Ազարյանին շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչում, 2000թ.` Երևան քաղաքի ՙՊատվավոր քաղաքացու՚ և ՙԼոռվա ասպետ՚ կոչումները:  Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցը անվանակոչվել է ՙԱլբերտ Ազարյանի՚ անվան: Ալբերտ Ազարյանը ԽՍՀՄ կառավարության կողմից պարգևատրվել է ՙԱշխատանքային կարմիր դրոշի՚ և ՙՓառքի նշան՚ շքանշաններով,  ՀՀ կողմից` ՙՄովսես Խորենացու՚ անվան շքանշանով:  2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը:  ՀՀ Օլիմպիական կոմիտեի  պատվավոր նախագահն է, ինչպես նաև Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը: Ամուսնացած է, ունի չորս երեխա, յոթ թոռնիկ և  երեք ծոռ: 

 Հարցազրույց` Ալբերտ Ազարյանի հետ

-Պարո՛ն Ազարյան, նախ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի կապակությամբ: Ի՞նչ զգացողություններ, մտքեր ունեք այդ առիթով:

-Ես 80 տարեկան եմ և իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ մարմնամարզության դահլիճում, հաջողություններ եմ ունեցել: Հիմա արդեն իմ սաներին եմ դաստիարակում, համարյա չորս հարյուր երեխա ունեմ, տվել եմ օլիմպիական չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ: Արթուր Հակոբյանը երեք անգամ աշխարհի չեմպիոն դարձավ, իմ տղան օլիմպիական չեմպիոն է դարձել: Աշխարհի գավաթի մրցումներին իմ սաներից մեկը երկրորդ տեղ է զբաղեցրել, մյուսը` ոսկե մեդալի է արժանացել: Հիմա իմ ամբողջ միտքը և ամբողջ նպատակը միայն այն է, որ իմ դպրոցի սաները կարողանան մասնակցել օլիմպիական խաղերին: Կարծում եմ` 2012թ. օլիմպիական խաղերին մենք պետք է անպայման մասնակից  ունենանք:

-Ի՞նչ եք կարծում այն, որ Դուք ներգրավվեցիք այս ասպարեզում ճակատագի՞ր էր, հաջողությո՞ւն:

-Այն ժամանակ ես այդ տեսակ բաների մասին չէի մտածում: Ես տարբերություն էի դնում սպորտաձևերի միջև` ծանրամարտը, բռնցքամարտը, ըմբշամարտը և մարմնամարզությունը: Ես բոլոր սպորտաձևերից էլ կարող էի հաջողություն ունենալ, քանի որ այդպիսի տվյալներ ունեի, բայց ես ընտրեցի մարմնամարզությունը և հասա հաջողության:

-Հավատում ե՞ք ճակատագրին:

-Եթե դու տրամադրված ես, նպատակ ունես հասնելու հաջողության, դու պետք է բոլոր դժվարությունները հաղթահարես ու հասնես: Դա քո ճակատագիրն է:

-Հիշո՞ւմ եք այն պահը, երբ Դուք վերջնականապես կողմնորոշվեցիք, որ մարմնամարզությունն է Ձեր ուղղությունը:

-Չեմ կարող ասել, թե ինչն ինձ ստիպեց գնալ այդ ճանապարհով: Օրինակ` 1947թ., երբ մեզ ուղարկել էին Մոսկվա  շքերթին մասնակցելու, այդտեղ ես տեսա, թե ինչպես է կատարվում մարմնամարզությունը ու որոշեցի, որ մարմնամարզությունն է իմ սպորտաձևը: Մարմնամարզության մեջ, ինձ համար որևէ դժվարություն չկար, օրինակ,  խաչերը պահելու: Անկախ ինձնից ես պահում էի և ինչքան ուզենայի կարող էի պահել: Դա երևի նրանից էր, որ ես դարբնի աշակերտ եմ եղել, իմ մկանները զարգացած են: Ես հիմա էլ մտածում եմ, որ ճիշտ եմ ընտրել իմ սպորտաձևը:

-Փոքրուց ի՞նչ երազանքներ ունեիք, ո՞ր ասպարեզում էիք Ձեզ պատկերացնում:

-Այն ժամանակ չէինք մտածում այդպիսի բաների մասին, թե ինչ ենք ուզում դառնալ: 1944թ., երբ  հայրս մահացավ, դրանից հետո ես դարբնի աշակերտ դարձա: Առավոտյան աշխատում էի, իսկ երեկոյան` դպրոց  գնում: Երկու տարի հետո եղբայրս մահացավ, և ես ստիպված էի գնալ այդ աշխատանքին, որ կարողանայինք ընտանիքը պահել: Երբ 1948թ. եկա Երևան, Ֆիզկուլտուրայի տեխնիկում ընդունվեցի, դրանից հետո 1952թ. ավարտեցի և ինստիտուտ ընդունվեցի: 1951թ. ես սպորտի վարպետի կոչում ստացա, 1952թ. ես դարձա Սովետական միության չեմպիոն: Շատ կարճ ժամանակամիջոցում այդ ամենը կատարվեց: Իսկ Սովետական միությունում մինչև գերազանց տվյալներ չունենայիր, չէիր կարող հանդես գալ ու նման կոչումների արժանանալ:

-Կյանքում Ձեր ամենամեծ հաջողությունը ո՞րն եք համարում:

-Ամենամեծ հաջողությունն այն է, որ1956թ. ես դարձա օլիմպիական չեմպիոն: Օլիմպիական խաղերը շատ են տարբերվում աշխարհի խաղերից: Օլիմպիական չեմպիոնը գագաթնակետն է: Ամբողջ աշխարհն է քեզ ճանաչում: 1960թ. ինձ համար արդեն այն նշանակությունը չուներ, քանի որ 1956թ. եղել էր ու տպավորվել:

-1956թ., երբ դարձաք օլիմպիական չեմպիոն, ինչպե՞ս նշեցիք Ձեր ուրախությունը:

-Խաղերի ավարտից հետո մենք քսան օր գնացքով պետք է գնայինք: Մեզ թույլ էին տվել խմիչք, ծխախոտ վերցնել մեզ հետ: Այդ ճանապարհին էլ սովորեցինք ծխել, խմել: Այդպես քսան օր ճանապարհ ենք եկել, ամեն օր նայում էինք քարտեզին ու տեսնում, որ շատ քիչ տարածք ենք անցել: Գնացքով եկանք Կիրովական, այդտեղ չգիտեին  մեր գալու մասին, բայց Գյումրիում մեզ մեծ շուքով դիմավորեցին, պարեղանակ էին նվագում, ես պարելով իջնում էի, հետո Իգորն իջավ, նրա համար ռուսական պար նվագեցին, այդ ժամանակ նա ասաց` ես ռուս եմ, բայց այս պահին հայ եմ, հայկական պար նվագե՛ք: Հետո եկանք Երևան, մերոնք մեզ էլի սիրով, ուրախությամբ ու ջերմորեն դիմավորեցին:

-Ինչի՞ մասին է այսօր մտածում Ալբերտ Ազարյանը:

-Այսօրվա իմ նպատակն այն է, որ ես կարողանամ մարմնամարզությունը ավելի մասսայական դարձնել, աշխատեմ իմ դպրոցի սաների հաջողություններն ավելացնել: Այս ամենի մասին եմ մտածում: Դպրոցն իմ կյանքի մասն է: Եթե հանկարծ մի օր դպրոց չմտնեմ, կարող է ես չլինեմ:

-Ի՞նչ առանձնահատկություններ կնշեք, որոնք Ձեզ օգնել են հաղթանակել:

-Ես շատ հայրենասեր եմ, սիրում եմ իմ հայրենիքը: Ինձ արտասահմանից բազմիցս հրավիրել են աշխատելու, ես միշտ մերժել եմ, շատերը զարմանում են, թե ինչու ես չեմ օգտվում այդ հնարավորությունից: Ես դժվարությամբ եմ ստեղծել այն, ինչ այսօր ունեմ, ինձ համար թանկ է այդ ամենը: Ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել և Հայաստանից դուրս գնալու նպատակ չունեմ: Այսպիսի գաղափարներով էլ դաստիարակում եմ իմ սաներին: 

-Մրցույթներից առաջ ի՞նչ տրամադրվածություն եք ունեցել, որ պարտադիր հաղթելո՞ւ եք:

-Երբ օլիմպիական խաղերի էինք գնում, միշտ այդպիսի բան անում էին, մեզ տրամադրում էին խաղին: Օլիմպիական խաղերի մասնակիցներին ես միշտ ասում եմ` չմտածե՛ք փողի մասին, չմտածե՛ք, որ Ձեզ ինչ-որ մեկը որևիցե բան պետք է նվիրի, այլ մտածե՛ք ձեր սպորտային հաջողությունների մասին, այն մասին, որ երբ վերադառնաք Երևան, ձեզ դիմավորելու է մեր ժողովուրդը: Դա ամենակարևոր հանգամանքն է: Երբ 1960թ. սովետական թիմը պարտվեց, իսկ ես օղակներով հաղթեցի, այնքան ուրախ էի, որ ոսկե մեդալով էի գալիս Հայաստան:

-Ո՞րն է եղել ամենամեծ գնահատականը, որ Դուք ստացել եք:

-Աստծուն փա՛ռք,  ես ութսուն տարվա կյանք ունեմ ու դեռ երեխաների հետ գործ ունեմ: Դա ամենամեծ գնահատականն է: Հետո արդեն մարզիկների հաջողությունը կլինի, կգա ժամանակը, և մենք կունենանք այն: Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ մեծ ցանկություն ունեմ, որ մարմնամարզությունը ավելի մասսայական դառնա: Մարմնամարզության երկու դպրոց կա ընդամենը: Դա շատ քիչ է, մարմնամարզությունը պետք է հանրակրթական դպրոցներում, մարզերում մեծ տարածում ունենա: Պետք է դպրոցները շատ լինեն, որ մենք կարողանանք հաջողության հասնել: Իմ երազանքն է, որ երեսուն-քառասուն դպրոց ունենանք հանրապետությունում: Կոմունիստների ժամանակ հարյուր երեխայից երկուսին էինք ընտրում, հիմա ով գալիս է` ստիպված ընտրում ենք, բայց ես պետք է ընտրեմ լավագույնին, իսկ ավելի  թույլ երեխայի հետ մյուս դպրոցը պարապի, որ հանրապետության առաջնության ժամանակ մենք կարողանանք ընտրել լավերին: Ղեկավարությունը պետք է այս հարցի շուրջ մտածի:

-Ո՞ր տարիքից են ընդունվում Ձեր դպրոց: 

-Հինգ տարեկանից ընդունվում են: Մինչև տասներեք տարեկանը երեխան ֆիզիկապես ամուր երեխա է դառնում: Տասնչորս տարեկանից տեսնում ենք, եթե նա մարմնամարզիկ չի դառնա, ուրեմն`ըմբշամարտ է պարապում կամ այլ սպորտաձև ու չեմպիոն է դառնում: Նա պատրաստի մարմնամարզիկ է: Սպորտի հիմքն է մարմնամարզությունը, որը պետք է քաջ գիտակցել: Իմ դպրոցում, բացի սպորտով պարապելը, երեխաները նաև ստանում են դաստիարակություն: Ես իմ սաներին դաստիարակում եմ կոմունիստական ոգով: Ես արգելում եմ տղա երեխաների մազերը երկար թողնել կամ պոչ կապել: Կարևոր է նաև, որ երեխան հայրենասեր լինի:

-Հայաստանում սպորտի զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր արվո՞ւմ են:

-Մեր Ծառուկյան Գագիկը ամեն ինչ անում է սպորտի համար, ոչինչ չի խնայում: Պեկինի օլիմպիական խաղերից բերված մեդալները նրա շնորհիվ են: 2012թ. օլիմպիական խաղերին, կարծում եմ, մենք էլի հաջողություններ կունենանք: 

-Իսկ Ձեր դպրոցին աջակցություն կա՞ նրա կողմից:

-Դեռևս այդպիսի աջակցություն չկա: Մեր դպրոցը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ` տաս տարի առաջ, վերանորոգվեց: Հիմա նորից վերանորոգման կարիք ունի: Ինձ թվում է` այդ աջակցությունն այս տարի կլինի:

-Ինչպե՞ս եք վերաբերում, այն երևույթին, որ մեր մարզիկները օտար դրոշների տակ են հանդես գալիս:

-Հեղաշրջումից հետո մեր մարզիկները չէին վարձատրվում, այդ պատճառով էլ սկսեցին հասնդես գալ այլ դրոշների  ներքո: Հիմա նորից վերադառնում են, որովհետև Ծառուկյանը նրանց այնքան գումար է տալիս, որ նրանք հաճույքով վերադառնում են: Եթե այս նախաձեռնությունն այն ժամանակ լիներ, նրանք չէին գնա: Եթե մեր սպորտային հաջողություններն այսպես շարունակվեն,  մենք ոսկե մեդալ էլ կբերենք:

-Մի քիչ խոսենք Ձեր ոչ սպորտային կյանքի մասին: Ձեր առօրյան ինչպիսի՞ն է:

-Իմ առօրյան դահլիճն է: Իմ ամբողջ կյանքն եմ դահլիճներում անցկացրել ու հիմա էլ է այդպես: Իսկ այլ նախասիրություններ չունեմ:

-Աշխատանքում և տանը շա՞տ տարբեր է Ալբերտ Ազարյանը:  

-Տանը հիմա ես և կինս ենք, երկուսս էլ մարմնամարզիկ ենք: Կինս մարմնամարզության վաստակավոր մարզիկ է: Ամբողջ մեր կյանքը սպորտի մեջ ենք անցկացրել: Երկու տղա, երկու աղջիկ ունեմ, Էդիկս դարձավ օլիմպիական չեմպիոն: Մենք թոռներ, ծոռներ ունենք:

-Երբ Ձեր տղան օլիմպիական խաղերին էր մասնակցում, Դուք ներկա է՞իք այնտեղ: 

-Ինձ Հոլանդիայից կանչեցին ժյուրիի անդամ լինելու: Ես միջազգային մրցավար եմ եղել: Ես ամենացածր միավորն էի նրան նշանակել, բայց նա դարձավ օլիմպիական չեմպիոն:

-Կարողանում ե՞ք նրանց ժամանակ հատկացնել:

-Թոռներս են գալիս ինձ մոտ` դպրոց,  երեկոյան էլ տուն են գալիս:

Մարմնամարզության մեջ երկու օլիմպիական չեմպիոն մենակ իմ ընտանիքից է:

-Դուք ամուսիններով մարմնամարզիկ եք, մասնագիտական հարցերի քննարկումներում համակարծիք ե՞ք լինում:

 -Այն, որ երկուսով էլ մարմնամարզիկ ենք, մեզ օգնում է, անշուշտ, որ հիսունհինգ տարի է միասին ենք: Մենք տարակարծություններ շատ քիչ ենք ունենում, նայած թե ինչ հարցի մասին է խոսքը: Աղջիկների մարմնամարզության նրբություններին նա է տիրապետում, ես տղաներինը ավելի լավ գիտեմ: 

-Երկրորդ Ալբերտ Ազարյան կա՞ արդեն: 

-Էդիկի որդին է Ալբերտ Ազարյանը, հիմա ԱՄՆ-ում են: Աղջկաս տղայի անունն էլ է Ալբերտ:

-Ալբերտ Ազարյանն արդեն զբաղվո՞ւմ է մարմնամարզությամբ:

-Ոչ, մարմնամարզությամբ չի զբաղվում:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...