03:03
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր ունեցածը` մեր տվածն է

2013-01-23 11:07

«Դե Ֆակտո» N 57

Լևոն Հակոբյան, ՙՏոնուս-Լես՚ ընկերության տնօրեն

ՙՏոնուս-Լես՚-ը կայացած, հստակ ձևավորված նպատակներով, ուրույն ձեռագրով, իրեն հատուկ փիլիսոփայությամբ, ոչ ստանդարտ մոտեցումներով ընկերություն է:

-Պարո՛ն Հակոբյան, արդեն 11 տարի է, ինչ ՙՏոնուս-Լես՚ ընկերությունը գուծունեություն է ծավալում դեղերի ներմուծման և սպառման շուկայում: Ինչպե՞ս կգնահատեք այդ տարիների գործունեությունը:

-Ընկերությունը ձևավորվել է 2000թ. մեզ պատկանող դեղատներից մեկի բազայի վրա և անցած 10 տարիների ընթացքում կազմավորվել է, ընդլայնվել` դառնալով դեղորայքային շուկայում դինամիկ զարգացում ունեցող, մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություններից մեկը:

Այսօր մեր ընկերությունը հանդիսանում է մի շարք հայտնի դեղագործական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը և, բարեբախտաբար, այդ ցանկը ընդլայնվում է` շնորհիվ մեր որդեգրած   ճիշտ քաղաքականության:

-Դուք նշեցիք, որ ընկերությունը հստակ ձևավորված նպատակներով, ուրույն ձեռագրով, իրեն հատուկ փիլիսոփայությամբ ընկերություն է, չէի՞ք մանրամասնի ասվածը:

-Սկսենք մեր փիլիսոփայությունից` մեր ունեցածը մեր տվածն է: Այսինքն` այն ամենն, ինչ մենք ունենք այսօր, ամբողջն է, ինչ մենք տվել ենք: Խոսքս ոչ միայն նյութական արժեքների մասին է, այլ նաև հոգևոր` փոխադարձ հարգանքի, վստահության, սիրո, ազնիվ աշխատանքի: Մեր աշխատանքային սկզբունքները բխում են մեր փիլիսոփայությունից: Ես առավել քան համոզված եմ, որ ոչ միայն ընկերությունը, այլ նաև յուրաքանչյուր մարդ այսօր ունի այն, ինչ  տվել է: Դա ֆիզիկայի օրենքներով հաստատված, կյանքի փորձություն անցած, աստվածաշնչում ամրագրված պատվիրան է . ՙՎարվի՛ր մերձավորիդ հետ այնպես, ինչպես կցանկանայիր քեզ հետ վարվեին՚, որով մենք առաջնորդվում ենք:

Ցանկացած հաջողություն կամ անհաջողություն մեր կողմից ուղարկված հաղորդագրության պատասխանն է:

2010թ. նշանավորվեց ՙՏոնուս-Լես՚ ընկերության 10-ամյակով, ինչպես նաև ՙԵվրոպական որակ՚ մրցանակով:

-2010թ. ՙՏոնուս-Լես՚-ը  նշեց  իր 10-ամյակը: 2010թ. Դուք նաև մրցանակ ստացաք: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

-Այո՛, նախորդ տարի ՙՏոնուս-Լես՚-ը  նշեց իր 10-ամյակը, որն ավելի խորհրդանշական դարձրեց մրցանակը, որը մենք ստացանք ՙԵվրոպական  որակ՚ անվանակարգում Օքսֆորդի բիզնես համագործակցության անսամբլեայի կողմից: Մեր ընկերությունն առաջին դեղագործական ընկերությունն է, որն արժանացավ այդ մրցանակին: Մենք հպարտ ենք և շնորհակալ, որ մեր աշխատանքը գնահատվեց: Սա մեր անձնակազմի ձեռքբերումն է: 

-ՙՏոնուս-Լես՚ ընկերության գործունեությանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ այստեղ աշխատում է մասնագետների  հզոր թիմ:

-ՙԿադրերն են որոշում ամեն ինչ՚ գաղափարախոսությանը ես լիովին համամիտ եմ: Ընկերության հաջողությունները պայմանավորված են պատրաստված, խելացի, կրթված, ընկերությանը նվիրված, արհեստավարժ  աշխատակիցներով: Հայտնվելով շատ նեղ մասնագիտական բիզնեսում, բավարարվել միայն բարձրագույն մասնագիտական կրթությամբ շատ քիչ է: Չկա հատուկ ձևավորված շուկայագիտության ինստիտուտ, բացը լրացնում ենք ինքներս, անընդհատ վերապատրաստվելով, հղկվելով, պահպանելով զարգացման ներդաշնակ ռիթմը և իհարկե հավատարիմ մնալով մեր փիլիսոփայությանը:

Մեր աշխատանքը` թիմային աշխատանք է:

Մենք պատասխանատու ենք  ՙՏոնուս-Լես՚ դեղատներից ձեռք բերված դեղորայքի համար:

-Գործում են ՙՏոնուս-Լես՚ դեղատներ, ինչպիսի՞ն է համագործակցությունը  այլ դեղատների հետ:

-Մենք, որպես մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպություն, աշխատում ենք Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում, համագործակցում  դեղատների 60-70 տոկոսի հետ:

ՙՏոնուս-Լեսն՚ ունի սեփական դեղատների ցանց: Դրանք մեզ հարկավոր են, որպեսզի մենք կարողանանք վարել ամբողջական քաղաքականություն: Այսինքն` դեղերի  պահպանման համար նախատեսված բոլոր պայմաններն ապահովել, որպեսզի դրանց որակական հատկությունները պահպանվեն և հասնեն սպառողին: Մենք պատասխանատու ենք  ՙՏոնուս-Լես՚ դեղատներից ձեռք բերված դեղորայքի համար:

-Ուսումնասիրելով շուկան` ի՞նչ տվյալներ եք արձանագրել, ո՞ր հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղորայքի առավել շատ պահանջարկ կա շուկայում:

-Այսօր առաջնահերթ շուկայում մեծ պահանջարկ ունեն սիրտ-անոթային հիվանդությունների, ուռուցքների բուժման համար նախատեսված դեղորայքը: Իհարկե, նույն հիվանդությունների դեմ պայքարելու տարբեր դեղամիջոցներ կան, մրցակցության արդյունքում առավել շատ պահանջարկ է ունենում այս կամ այն երկրի արտադրանքը:

Ընդհանրապես, դեղորայքի վերջնական գնահատական տվողը, իհարկե, սպառողն է: Բայց, ցավոք սրտի, միշտ չէ, որ այն լինում է օբյեկտիվ: Սա բարդ համակարգ է, որը սկսվում է դեղորայքի սինթեզից, այնուհետև փաստաթղթավորում, լաբորատոր, կլինիկական հետազոտություններ, արտադրություն, տեղափոխում և պահպանում, առաքում, նոր  վերջում այն հայտնվում է դեղատներում: Այս շղթայի ցանակացած օղակում բաց թողումը բերում է անորակ դեղի առկայության: Այդ իսկ պատճառով աշխարհը գնում է դեպի պատշաճ գործունեության ամբողջական համակարգի, որն իր մեջ ընդգրկում է  GMP, GLP, GCP, GDP հավաստագրումը, որը և ենթադրում է ամբողջ այս շղթայի բոլոր օղակների պատշաճ գործունեության առկայությունը:  

ՙՏոնուս-Լես՚ ընկերությունը արտադրում է ՙՏաուտոնուս՚ դեղամիջոցը

-Դուք նաև նախաձեռնել եք արտադրական գործունեություն: Կպատմե՞ք այդ մասին:

- Մի փոքր ուղղում մտցնեմ, մենք չենք արտադրում, այլ մեր պատվերով արտադրվում է սեփական ապրանքանիշը, այսինքն  պայմանագրային արտադրություն է  ծավալվում, ինչը իր մեջ ներառում է շուկայի ուսումնասիրություն, արտադրող գործարանի ընտրություն, եվրոպական ստանդարտներին համապատասխան հումքի ձեռք բերում, արտադրության պրոցեսի վերահսկում, դեղի ներկայացում և խթանում:

Մեր  պայմանագրային արտադրության անդրանիկ զավակը`   ՙՏաուտոնուս՚  դեղամիջոցն է:

- ՙՏաուտոնուսը՚ ինչպիսի՞  ազդեցություն ունի օրգանիզմի վրա և ո՞ր հիվանդությունների դեպքում է խորհուրդ տրվում օգտագործել:

-ՙՏաուտոնուսը՚ կենդանական ծագման դեղամիջոց է, վաճառվում է հաբերի տեսքով, պատվիրել ենք նաև կապսուլային տարբերակը:

 ՙՏաուտոնուսը՚ պարունակում է  տաուրին, որը բնական, մարդու համար պայմանական անփոխարինելի ամինաթթու է, որի բացակայությունը մեր օրգանիզմում մենք անմիջապես չենք զգում, բայց  այն զգացվում է  հիվանդությունների տեսքով: Եթե ավելի մանրամասնենք, ապա անկանոն սննդակարգի և մի շարք հիվանդությունների ու իրավիճակների պարագայում կարող է զարգանալ տաուրինի քանակների նվազում, որը կարող է հանգեցնել առողջական խնդիրների զարգացմանը:  Տաուրինը նպաստում է աճի գործընթացներին, անհրաժեշտ է նյարդային համակարգի, աչքի ցանցաթաղանթի, մկանների նորմալ զարգացման համար, ինչպես նաև նպաստում է ինսուլինի ազդեցությանը, ամրացնում է սրտամկանը: 

-Դեղերի տեղական արտադրությամբ զբաղվելու մտադրություն չունե՞ք:

-Մեր բոլոր քայլերը միտված են դրան, սակայն դա դեռ հեռակա նախագիծ է:

-Ինչո՞ւ:

-Որպեսզի  չկառուցենք մի գործարան, որն ունենա մեծ հզորություն, բայց մենք այն գործարկենք 5-10 տոկոսով: Դա է պատճառը, որ մենք պայմանագրային արտադրություն ենք սկսել:

ՙՏոնուս-Լես՚ ընկերության հեռանկարը միջազգային ճանաչում ունենալն է` Պատշաճ գործունեության համակարգում բոլոր օղակների առկայության դեպքում:

-Որո՞նք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք դրել եք Ձեր առջև:

-Ունենալ Պատշաճ գործունեության համակարգում GP-ների հավաստագրեր, դա ոչ թե սեփական ամբիցիաների դրսևորումն է, այլ  ուղի դեպի միջազգային շուկա:  Այսօր առողջապահության ոլորտը աշխարհում GP-ների համակարգով է կանոնակարգվում: Գոյություն ունեն  պատշաճ արտադրական, պատշաճ լաբորատոր, պատշաճ դիստրիբուտորական, պատշաճ կլինիկական համակարգեր: Պետք է համապատասխանել այդ չափանիշերին, լինել ճանաչված և ընդունելի, որպեսզի ներկայանալի լինել միջազգային շուկայում: 

Ընկերությունը այժմ GDP (ՊԴԳ` Պատշաճ դիստրիբուտորական գործունեություն) հավաստագրման փուլում է:

Կարծում եմ` միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, դեղորայքի մեծածախ առևտրի համար կառուցված շինությունը, վերապատրաստված անձնակազմը մեզ հնարավորություն կընձեռնի լինելու առաջիններից մեկը, որը կստանա այդ հավաստագիրը, ինչը և կհանդիսանա որակի երաշխավորը գոնե այդ շղթայի օղակներից մեկում:

 -Ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու:  

-Մենք հիմա դեղերի կենսահամարժեքության ստուգման լաբորատորիա ենք կառուցում վերը նշված ստանդարտներով: Այսինքն` լաբորատորիան ստուգելու է, թե արդյոք վերարտադրված դեղը ինչքանով է համապատասխանում  բրենդին: Դա բավականին բարդ և պրոֆեսիոնալիզմ պահանջող գործընթաց է, որը հնարավորություն կտա Հայաստանը  ճանաչելի դարձնել  միջազգային շուկայում:

Դրանից հետո մենք նպատակ ունենք մեր պայմանագրային արտադրության դեղերը ներկայացնել միջազգային շուկա: 

Հայաստանում դեղերը 20 տոկոսով ավելի թանկ են, քան, օրինակ, մեր հարևան Վրաստանում:

-Սա լուրջ խնդիր է ոչ միայն մատչելի դեղորայք ունենալու պարագայում, այլ 20% ավելացված արժեքի առկայությունը գայթակղություն է առաջացնում մաքսանենգ ճանապարհով դեղերի ներմուծմանը: Այդ իսկ պատճառով, ընկերությունը, շահագրգիռ մյուս կազմակերպությունների հետ մեկտեղ, փորձում է ուղիներ փնտրել համոզելու կառավարությանը հանել դեղորայքի վրայից ԱԱՀ, ինչը, ըստ իս, կխթանի դեղերի շրջանառությանը և բյուջե մուտքագրվող հավելյալ շահութահարկը կծածկի ԱԱՀ-ի գծով մուտքերը` ապահովելով ազգաբնակչությոանը գոնե 20%-ով ավելի մատչելի դեղորայք: Ի դեպ, բոլոր ԱՊՀ  երկրներում, բացի Հայաստանից,  միայն Ռուսաստանն է, որ դեղերի վրա ունի 10% ԱԱՀ:

 Ես ամեն ինչ կառուցում եմ սիրո, ազնվության, նվիրվածության  հենքի վրա:

 -Պարո՛ն Հակոբյան, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը: 

-Յուրաքանչյուր մարդու համար իր ամենամեծ ձեռքբերումն իր  ընտանիքն է: ՙՏոնուս-Լես՚ ընկերությունը նույնպես մի մեծ ընտանիք է` իր հաջողություններով ու խնդիրներով: Այս ընտանիքի ամենամեծ ձեռքբերումը այն  հարմոնիկ, ներդաշնակ մթնոլորտն է, որը մենք այսօր ունենք: Մեր ընկերությունը նման է օպերային թատրոնի իր բոլոր ելևէջներով:

-Ի՞նչ արժեքներով եք առաջնորդվում կյանքում:

-Ես ամեն ինչ կառուցում եմ սիրո, փոխըմբռնման, ներդաշնակության հենքի վրա և համոզված եմ` ստի և կեղծիքի վրա կառուցված յուրաքանչյուր բան ի սկզբանե փլուզման է դատապարտված:

-Մի՞շտ եք ստանում այն, ինչ որ տալիս եք:

-Այո՛, ստանում եմ ավելին, քան ակնկալում եմ: Ինձ կյանքը բազմաթիվ անգամներ է ենթարկել փորձությունների, ես այնպիսի իրավիճակներից եմ  անվնաս դուրս եկել, որ բոլոր կանոնների համաձայն` այդպես պետք է չլիներ: Բայց դա ի վերուստ ղեկավարվող բան է:

Հիվանդությունը ծռված մտքի արտահայտությունն է:

-Ո՞րն է մարդուն անհրաժեշտ ամենակարևոր դեղը:

-Մարդու միտքն է, որովհետև բոլոր հիվանդությունները մեր մտածելակերպից են ծնվում: Հիվանդությունը ծռված մտքի արտահայտությունն է: Հնարավոր է` ես հիմա դեղագործությանը դեմ եմ  արտահայտվում, բայց դա  է իրականությունը:

Ես կուզենայի, որ մենք մի քիչ ավելի շատ իրար սիրենք, քան սիրում ենք, իսկ եթե չենք սիրում, ապա ավելի հանդուրժող լինենք:

-Այդ գաղափարներով բիզնեսում գործել դժվար չէ՞:

-Դժվար է, բայց հակառակն ավելի դժվար է: Փորձեք չարությամբ զինվել ու մտնել բիզնես, Ձեզ միանգամից կոչնչացնեն: Փորձն է այդպես ցույց տալիս. այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են այդպիսի արժեքներով, նրանք ասպարեզից վերանում են և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 

 

 

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...