2020-12-08 00:55
«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.)
Հոկտեմբերի 18-ին Նյու Յորքում տեղի ունեցած մրցանակաբաշխության իմ ելույթը:
Մեծապես շնորհակալ եմ ընկերոջս՝ բանաստեղծ և խմբագիր Սթենլի Բարկանին։ Նրա «Համաշխարհային գրականության և արվեստի խաչաձև մշակութային ակնարկների շարքերը ձայնի, տպագրության և շարժման մեջ» հրապարակումը ներառում է հիսուն տարբեր էթնիկ, լեզվական, տարածաշրջանային և մշակութային խմբեր: Որպես հայ բանաստեղծ, ով գրում է իմ մայրենի լեզվով, Սթենլիի հրապարակումների նման հրապարակումները, որոնք ձգտում են գտնել և խթանել այն գրողների գործերը, որոնք երբեք ոչինչ չեն ձեռնարկել իրենց համայնքներից դուրս, հրաշալի առիթ է միմյանց միջոցով հաստատելու այն, ինչ մենք արդեն գիտենք, այն է՝ մեր ընդհանուր մարդկային փորձի գեղարվեստական արտահայտումը գերազանցում է մեզ բաժանող ամեն ինչը։ Վերջին քառասուն և ավել տարիներին պրն. Բարկանը ղեկավարել է բազմաթիվ գրական և արվեստի փառատոներ, այդ թվում ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի ընթերցանության շարքերը, որի համար նա ճանաչվել է Նյու Յորքի պոեզիայի տարվա ուսուցիչ և իր հրապարակումների համար պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով: Թարգմանության ժամանակակից պոեզիայի խմբագիր Դանիել Ուեյսբորը բարձր է գնահատել Բարկանի պոեզիան՝ այն բնութագրելով որպես «նուրբ և համոզիչ… իրական իրերի մասին…»: Լիովին համաձայն եմ Գրեգորի Ռաբասսի կարծիքի հետ, որ «Բարկանը մարդկանց և բառերի միջից լավագույնը դուրս բերելու կարողություն ունի»։ Սթենլի, ես շնորհակալ եմ քեզ այն հավատքի, քաջալերանքի և վստահության համար, որ արտահայտել ես իմ և իմ աշխատանքի հանդեպ։ Ձեր կողմից գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի առաջադրված լինելը մեծ պատիվ է ինձ համար։ Որպես Յեյլի պոեզիայի ակումբին վերջերս միացած մասնակից, և հասցնելով երկու անգամ մասնակցել ակումբի ընթերցանություններին, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորիդ ջերմ ընդունելության համար։ Ինձ համար մեծ պատիվ էր այս հեղինակավոր ակումբի հետ կապված բոլոր յուրահատուկ գրողների հետ հանդիպումը, և հուսով եմ, որ մենք միասին կարող ենք շարունակել ստեղծագործական գրչության և պոեզիայի կարևոր աշխատանքը մինչև ապագա և ոգեշնչել գալիք սերունդներին՝ շարունակելու այնտեղ, որտեղ մենք կանգ ենք առել։ Պոեզիան մարզում է մեր մկաններն ու վերահաստատում է մեր մարդկությունը, մեր մարդկային գոյության յուրահատուկ կողմերը, որոնք իսկապես մեզ մարդ են դարձնում։ Ժամանակակից կյանքում այնքան բան կա, որ անմարդկային-ավտոմատացված է դարձնում գրեթե ամեն ինչ՝ հաղորդելով մեր գոյությանը մեխանիկական, ռոբոտացված երանգ։ Պոեզիան պետք է գոյություն ունենա ոչ միայն հանուն արվեստի և մշակույթի, այլ նաև որպես միտումնավոր գործիք, որը մենք, որպես բանական հասարակություն, պետք է օգտագործենք որպես զենք այն անմարդկային պայքարի դեմ, որին շարունակելու ենք հանդիպել ավելի համատարած ձևերով:
Այս օրը նվիրված է Յեյլի պոեզիայի ակումբին, և ես հպարտորեն կանգնած եմ այստեղ ոչ միայն որպես բանաստեղծ, այլ նաև որպես հայ։ Մինչ ես այսօր ձեր առջև ներկայանում եմ ճոխ տեսքով, որպեսզի ընդունեմ իմ աշխատանքի համար ստացած մրցանակը, երիտասարդները, իմ հայրենիքի որդիները մեկնում են ռազմաճակատ՝ պաշտպանելու Հայաստանի երիտասարդ ժողովրդավարական հանրապետությունը՝ Արցախը՝ 150,000 բնակչությամբ փոքրիկ հայկական քրիստոնյա անկլավը։ Մի հանրապետություն, որը մոտ երեսուն տարի առաջ տեղի ունեցած արյունալի պատերազմից հետո հռչակեց իր ինքնիշխանությունը՝ ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Չնայած հայերի անկախ և խաղաղ ապրելու կամքին, նրանք դարձել են վերածնվող ռազմական գործողությունների թիրախ, որոնք վերջին մի քանի շաբաթների ընթացքում վերաճել են լայնամասշտաբ պատերազմի: Ձեզնից շատերը գիտեն, որ հայերը՝ երեք միլիոնը Հայաստանում և յոթ միլիոնը՝ սփյուռքում, բոլորը Օսմանյան թուրքերի կողմից իրականացրած 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերապրածների ժառանգներն են: Նույն այդ ոճրագործների հետնորդներն այժմ, նույն ազգայնական կատաղության մեջ, որը պատել է աշխարհի շատ անկյուններ, որոշել են էթնիկորեն զտել Արցախն իր հայ բնակչությունից, որը տարածաշրջանում ապրել է հազարամյակներ: Ես կիսում եմ սա ձեզ հետ, իմ գրող ընկերներ, որովհետև գիտեմ, որ յուրաքանչյուր արտիստի սրտում կա ուրիշի տառապանքի նկատմամբ կարեկցանքի կատաղի և արդարացի զգացում: Իմ ժողովուրդը թվով, զենքով և հարստությամբ անհամեմատելի է։
ՆԱՏՕ-ի դաշնակից թուրքիան, որը ձգտում է ճանաչվել որպես ՆԱՏՕ-ի մյուս երկրների եվրոպական գործընկեր, հայ ժողովրդի հանդեպ ունեցած արյան ընդհանուր տենչանքով օգնում է Ադրբեջանին՝ կյանքի կոչելու իր պանթուրքական վայրագ հավակնությունները։ Ինչպես ասացի՝ մենք պայքարում ենք մեր հնարավորությունները գերազանցող մարտերում, բայց մենք դիմակայում ենք, քանի որ մեր կողմում կա մի բան, որ նրանք չունեն՝ ճշմարտությունը։ Ես աղաչում եմ ձեզ, իմ ճշմարտություն փնտրող գործընկերներ, անել հնարավոր ամեն բան` լուսաբանելու այս փոքրիկ, ցեղասպանությունը վերապրած ազգի պայքարը, որը կանգնած է գոյատևման ճգնաժամի առաջ, մինչ աշխարհը կույր է ձևանում: Մենք չենք կարող աշխարհում որևէ ահաբեկչի թույլ տալ հավակնել հաղթանակի, քանի որ դա ահաբեկչության հաղթանակն է: Նրանք պետք է իմանան, որ մեր գրիչը կարող է սրից ավելի հզոր լինել, քանի որ տեղեկատվական պատերազմը նույնքան կարևոր է, որքան ցամաքային մարտերը: Խնդրում եմ աղոթեք իմ նորաստեղծ ժողովրդավարության խաղաղության համար, քանի որ եթե այն գոյատևի և ծաղկի, դա կլինի ոչ միայն Հայաստանի հաղթանակը, այլ նաև այն ժողովրդավարական սկզբունքների, որոնց շրջանակներում նա ձգտում է գոյություն ունենալ բռնապետություններով նշանավոր տարածաշրջանում: Այսպիսով, Արցախի անկախությունը ճանաչելը կնշանակի չարի նկատմամբ բարու հաղթանակ: Սահմանները, որոնք այս երիտասարդ տղաներն իրենց արյան գնով են պաշտպանում, կարող են լինել տարածքային սահմաններ, բայց մենք կարող ենք մեր հավաքական ձայնով ստեղծել անթափանց, սրբազան սահմաններ լույսի և խավարի միջև: Ես այս մրցանակը նվիրում եմ բոլոր նրանց հոգիներին, որոնք ամենաբարձր զոհաբերությունն են արել՝ հանուն ճշմարտության և արդարության։
Շնորհակալություն։
Սոնա Վան
Վերադառնալ