2020-12-08 00:33
«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.)
ԱԼԲԵՐՏ ԶՈՀՐԱԲՅԱՆ
«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունքի վարիչ
-Բժի՛շկ Զոհրաբյան, մի փոքր պատմեք ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունքի աշխատանքի մասին, ի՞նչ սկզբունքներ են ներդրված բաժանմունքի աշխատանքում և ի՞նչ ծառայություններ են մատուցվում:
-«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը սկիզբ է առել և ձևավորվել հենց ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունքից: Մեր բաժանմունքն աշխատում է 7/24 սկզբունքով՝ մատուցելով բարձրորակ անհետաձգելի և պլանային ծառայություն: Այստեղ կատարվում է սրտի պսակաձև անոթների անգիոգրաֆիա և ստենտավորում, չարորակ նորագոյացությունների՝ սնուցող անոթների խցանում, քիմիոթերապիայի համար նախատեսված երկարաժամկետ կատետրների իմպլանտացիա, սրտի արհեստական ռիթմավար սարքերի տեղադրում:
-Ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում Ձեզ:
-Մեր բաժանմունք դիմողներին կբաժանեի երկու խմբի՝ հրատապ և պլանային կարգով դիմողների: Նրանց մեծ մասը սրտի պսակաձև անոթների ախտահարումներ ունեցող հիվանդներ են: Հրատապ դիմողներից են սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդները, որոնց համար մեզ մոտ գործում է պետպատվերի սկզբունքը` «STENT FOR LIFE » ծրագրի շրջանակներում:
-Ինչպիսի՞ տեխնիկական և մասնագիտական հագեցվածություն ունի բաժանմունքը, արդյոք ապահովվա՞ծ է բոլոր անհրաժեշտ պայմաններով ծառայությունների մատուցման առավելագույն որակի ապահովման համար:
-Մեր բաժանմունքի մասնագետներն օժտված են բարձր մասնագիտական հմտություններով և պարբերաբար վերապատրաստվում են աշխարհի առաջատար կլինիկաներում: Տեխնիկապես բաժանմունքը հագեցած է նորագույն սարքավորումներով:
-Հիվանդության ո՞ր փուլում են հիմնականում դիմում Ձեզ, արդյո՞ք դիմում են ճիշտ ժամանակին:
-Ցավոք, հաճախ հիվանդները մեզ դիմում են հիվանդության ուշ փուլում և արդեն իսկ սուր ինֆարկտ ախտորոշմամբ: Օգտվելով առիթից՝ կուզենայի հորդորել մեր բնակչությանը չսպասել ինֆարկտի զարգացմանը, այլ առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժիշկներին այն կանխարգելելու նպատակով:
-Ո՞ր դեպքերում են հիվանդները հոսպիտալացվում. կա՞ն անհրաժեշտ պայմաններ կենտրոնում տարբեր ծանրության հիվանդների հոսպիտալացման համար
-Մեզ մոտ հոսպիտալացվում են՝ ըստ ցուցումների, դա վերաբերում է ինչպես անհետաձգելի, այնպես էլ պլանային միջամտություն և բուժում ունեցող հիվանդներին: Կենտրոնն ունի ժամանակակից բոլոր հնարավորութունները ծայրահեղ ծանր հիվանդներին ընդունելու և բուժելու համար:
-Առաջիկայում իրականացվելիք ի՞նչ ծրագրեր կան բաժանմունքի հետ կապված:
-Կապված հիվանդների մեծ հոսքի հետ՝ մեր բաժանմունքն առաջիկայում պետք է համալրվի երկրորդ գերժամանակակից անգիոգրաֆիկ վիրահատարանով՝ իր ողջ հագեցվածությամբ:
Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ