23:58
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սիրտը՝ կյանքի շարժիչ ուժ

2020-12-08 00:22

 «Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.) 

Սրտաբան Խաչիկ Համբարձումյանն իր մասնագիտական վարձատրությունն է համարում նոր կյանք ստացած հիվանդի մոր ուրախության արցունքները, մյուս հիվանդի տղայի շնորհակալական հայացքն ու ձեռքսեղմումը, որովհետև չկա ավելի թանկ բան քան այն գիտակցումը, որ կատարածդ աշխատանքի արդյունքում մարդկային կյանքեր են փրկվում։ Հիվանդների գոհունակությունը նոր լիցքեր և հույզեր է հաղորդում բժիշկ Խաչիկ Համբարձումյանին և տալիս ուժ՝ աշխատանքը շարունակելու և նոր կյանքեր փրկելու համար:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Բեսթ Lայֆ» սրտաբանական կենտրոնի ինտերվենցիոն սրտաբան, Հայաստանի ինտերվենցիոն սրտաբանների ասոցիացիայի անդամ, Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիայի անդամ Խաչիկ Համբարձումյանը:

-Պարո՛ն Համբարձումյան, ինչո՞ւ ընտրեցիք սրտաբանության բարդ, պատասխանատու և դժվարին ուղին:
-Իմ պատասխանը մի փոքր փիլիսոփայական կհնչի: Սիրտը օրգան է, որն ամբողջ օրվա ռիթմով աշխատում է և հանգիստ չունի, երբ մենք պառկում ենք քնելու, աչքերը փակվում ենք ու մեր ուղեղը հանգստանում է, բայց մեր սիրտն անդադար քայլքի մեջ է և ապահովում է մեր բոլոր օրգան համակարգերի բնականոն աշխատանքը։ Աշխատել օրգանի հետ, որը կյանքի շարժիչ ուժն ու աղբյուրն է, դա մեծ գրավչություն է: Պետք է նշեմ, որ ես սիրելով եմ ընտրել իմ մասնագիտությունը և ինձ ոչ ոք ընտրության հարցում չի ուղղորդել:


-Պարո՛ն Համբարձումյան, այսքան երիտասարդ տարիքում բավականին փորձ ունեք և այդ ամենի մասին փաստում են Ձեզ շրջապատող մարդիկ ու նրանց կարծիքները, կասե՞ք` ինչ ուղի եք անցել և ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել Ձեր ծավալած մասնագիտական գործունեության ընթացքում:
-Աշխատել եմ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Զեյթունի սրտաբանության ինստիտուտում և «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում: Այդ ընթացքում բուժել եմ հարյուրավոր մարդկանց: Տևական ժամանակ աշխատել եմ Ֆրանսիայի Մարսել քաղաքի կլինիկաներից մեկում:


-Ո՞վքեր են սրտաբան Խաչիկ Համբարձումյանի մասնագիտական ուղու ուսուցիչները:
-Իմ եղբայրն է եղել իմ ուսուցիչը՝ Կարեն Համբարձումյանը: Նա դեռ համալսարանական տարիներից էր իմ կողքին: Եղբայրս իմ ուսումնառության տարիներին արդեն զբաղվում էր պրակտիկ բժշկությամբ, և մենք աշխատում էինք սկզբում տեսական գիտելիքների վրա, այնուհետև, երբ ես ընտրեցի ինտերվենցիոն սրտաբանության ուղին, անցանք գործնական աշխատանքի: Նրա հետևողականության, ուշադրության արդյունքում է, որ ես երիտասարդ տարիքում ունեմ ոչ սակավ փորձ և գիտելիքների պաշար:
Նաև իմ ուսումնառությունն եմ անցել Ֆրանսիայում անվանի բժիշկ Փոլ Բարագանի ղեկավարության ներքո, և նշեմ, որ ես Հայաստանի ինտերվենցիոն սրտաբանների վերջին սերնդից եմ եղել, որ պատիվ է ունեցել աշխատել նրա հետ:


-Ո՞ր հիվանդություններն են տարածված հանրության շրջանում և ի՞նչ վիրահատություններ եք իրականացնում:
-Իմ մասնագիտական անվանումը` «Ինտերվենցիոն սրտաբանություն», ինքնին հուշում է, որ ես մասնագիտացած եմ սրտի պսակաձև զարկերակների բուժմամբ՝ ստենդավորման եղանակով, զբաղվում եմ նաև հիվանդների առաջնային և երկրորդային պրոֆիլակտիկայով՝ դինամիկ հսկողություն, սրտագրություն, ամբուլատոր բուժում:


-Ինչպիսի՞ փոխհարաբերություններ եք ձևավորում պացիենտների հետ:
-Յուրաքանչյուր պացիենտի հետ շփվելիս առաջնորդվում եմ Աստվածաշնչյան ոսկե կանոնով «Այն ինչ կամենում ես մարդիկ անեն քեզ, նույնը դու արա դիմացինիդ», և խստորեն հետևում եմ այդ կանոնին: Վստահ եմ, որ բժշկի և պացիենտի փոխադարձ վստահությունը, որը ես շատ եմ կարևորում, ձևավորվում է այդ կանոնով:


-Ձեր եղբայրը յուրահատուկ տաղանդով օժտված սրտային վիրաբույժ է, հաճա՞խ եք նրա հետ մասնագիտական քննարկումներ ունենում և սպասում նրա գնահատականին:
-Այո՛, մենք միշտ քննարկումների և կարծիքների փոխանակման գործընթացի մեջ ենք, անգամ տանը: Միշտ էլ հաճելի է լսել գովասանքի խոսքեր, սակայն իմ եղբայրը չափազանց խստապահանջ է, այդ պատճառով էլ ժլատ է իմ հասցեին գովասանքի խոսքեր հնչեցնելուց:


-Ըստ Ձեզ, ո՞րն է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի հաջողության գրավականը:
-Առաջինը պետք է նշեմ բուժանձնակազմի փոխհամագործակցությունը միմյանց հետ: Բժիշկների միջև կա կոնսիլիում, ըստ որի էլ հիվանդի համար ընտրվում է լավագույն բուժման կամ վիրահատության տարբերակը և, միանշանակ, մեծ կարևորություն ունի գլխավոր բժշկի խարիզման, միավորող և խաղաղ աշխատող տեսակը:


-Վիրաբույժի աշխատանքում հաջողության հասնելու համար, Ձեր կարծիքով, բավարա՞ր է միայն վիրաբույժի ձեռքեր ունենալը, թե՞ աշխատասիրությամբ հնարավոր է ամեն ինչի հասնել:
-Աշխատասիրությունը, միանշանակ, շատ կարևոր է, բայց մարդ պետք է ունենա տվյալ տաղանդը և բնատուր շնորհքը վիրաբույժի բարդ ու դժվարին աշխատանքն իրականացնելու համար:


-Բժիշկ լինելը Ձեզ համար կոչո՞ւմ է, թե մասնագիտություն:
-Բժիշկ լինելը համարում եմ «կյանք», իսկ հետո կոչում, բժիշկ լինելը դա բնատուր շնորհք է:


-Որքանո՞վ եք կարևորում միջազգային փորձը և համեմատելով արտասահմանում կիրառվող սրտաբանության փորձը հայաստանյանի հետ, որքանո՞վ է առկա անջրպետ:
-Գիտեք, ես կարծում եմ, որ տարբերութունը և անջրպետը ոչ այնքան մասնագիտական որակների կամ մասնագետների մեջ է, որքան որ տեխնիկայի։ Լինելով եվրոպական տարբեր հիվանդանոցներում մենք տեսնում ենք այդ հիվանդանոցների բարձր տեխնիկական հագեցվածությունը, գերժամանակակից սարքավորումները, որն ունի բարձր արժեք, իսկ հայաստանյան պայմաններում դժվար է նման շռայլություններ թույլ տալը: «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնն այդ առումով առանձնանում է իր տեխնիկական հագեցվածությամբ:


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Կլինիկայի հետ կապված միտք կա, չսահմանափակվել ինտերվենցիոն սրտաբանությամբ, այլ այն էնդովասկուլյար վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնի վերածել, և մենք քայլ առ քայլ գալիս ենք այդ կետին:
Ամեն անգամ Խաչիկ Համբարձումյանը վիրահատարան մտնելիս, մինչև վիրահատության ավարտը կտրվում է աշխարհից, կենտրոնանում է այն մարդու առողջության վրա ում կյանքն իր ձեռքերում է, իսկ վիրահատության հաջողված ավարտից հետո ներքուստ ուրախանում, որ մի տան մարող կրակ նորից բորբոքել ու լուսավորել է:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...