21:54
11/08/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անցել եմ դժվար, բայց շատ հետաքրքիր աշխատանքային ճանապարհ, որի յուրաքանչյուր փուլ ինձ զինել է նոր գիտելիքներով, հմտություններով ու փորձով

2020-12-08 00:07

 

ՔՐԻՍՏԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն

«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.) 

 

 

-Տիկի՛ն Աբրահամյան, մինչև «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասին խոսելը, նախ կցանկանայի համառոտ ներկայացնեիք Ձեր աշխատանքային հարուստ կենսագրությունը, որն ուժեղ, գեղեցիկ և կայացած կնոջ կերպար կերտելու բանաձև կարող է լինել շատ հայուհիների համար:


-Շնորհակալ եմ նման գնահատականի համար: Ես անցել եմ դժվար, բայց շատ հետաքրքիր աշխատանքային ճանապարհ, որի յուրաքանչյուր փուլ ինձ զինել է նոր գիտելիքներով, հմտություններով ու փորձով, ինչի վրա հիմնվելով` կատարել եմ հաջորդ քայլերս:
Իմ աշխատանքային ուղին սկսվել է 1990-ական թվականներին, երբ ես, ավարտելով բժշկական ինստիտուտը, ստացա բժշկի որակավորում, ավելի ճիշտ` կոչում, և աշխատանքի անցա իմ փոքր հայրենիքում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Առաջին աշխատանքս բավականին բարդ կառույցում էր` մարզի հոգեբուժարանում որպես գինեկոլոգիական գծով կոնսուլտանտ: Բայց այն նաև հետաքրքիր էր, ես ապրում էի յուրաքանչյուր հիվանդ կնոջ խնդիրներով, փորձում էի անել առավելագույնը, որպեսզի կարողանայի թեթևացնել նրանց` առանց այն էլ դժվարին կյանքը: Դրանից հետո ստացել եմ բժշկի լիցենզիա. այն ժամանակ դա օրենքի պարտադիր պահանջ էր, որը 2001թ. հանվեց: Այնուհետև աշխատանքս շարունակել եմ Վարդենիսի պոլիկլինիկայում` որպես գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի բժշկուհի և բուժական գծով փոխտնօրեն: Տասնչորս տարի Վարդենիսում աշխատելով հիմնել եմ «Կանանց կոնսուլտացիա» բժշկական ծառայությունը, որի շրջանակում կուտակել եմ մանկաբարձա-գինեկոլոգիական հարուստ փորձ. ունեցել եմ տարեկան 720 հղի, վարել եմ հղիությունները: Դրանից հետո նշանակվել եմ Վարդենիսի պոլիկլինիկայի տնօրեն, բայց շատ կարճ ժամանակահատված եմ աշխատել այդ պաշտոնում` 2010-2011թթ., քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկ եմ ստացել աշխատելու նախարարության բուժվարչությունում` որպես գլխավոր մասնագետ: Այդուհետ տեղափոխվելով Երևան` աշխատանքս շարունակել եմ արդեն որպես առողջապահության կազմակերպիչ: 2013թ. առողջապահության նախարարի առաջարկով նշանակվել եմ ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման բաժնի պետ, և մինչև 2019թ. ապրիլի 5-ը աշխատել եմ այդ պաշտոնում, համակարգել եմ ՀՀ բոլոր բժշկական հաստատությունների, դեղատների, դեղատնային կրպակների և դեղերի արտադրության լիցենզավորման գործընթացը, ինչպես նաև բժշկական մասով կադրային քաղաքականությունը: Այդ պաշտոնում նաև խմբագրել և ՀՀ կառավարություն եմ ներկայացրել կառավարության որոշման 21 նախագիծ, երկու անգամ մասնակցել եմ արտասահմանում անցկացվող գիտաժողովների:
Ի դեպ, բժշկի որակավորումից զատ` ստացել եմ հինգ մասնագիտացում` ընդհանուր պրակտիկայի բժիշկ, ընտանեկան բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, առողջապահության կազմակերպիչ, արտակարգ իրավիճակներում առաջնային բժշկական օգնության մասնագետ: Բոլորովին վերջերս նաև ստացա ակադեմիկոսի կոչում: Ես նաև Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի իսկական անդամ եմ և օրերս նշանակվել եմ Հայաստանի Հանրապետությունում Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի բաժանմունքի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ:
2019թ. ապրիլ ամսին առաջարկ ստացա «Նոր Մեդ» բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից` աշխատելու իր կենտրոնում: Մի քանի ամիս անց հրավեր ստացա «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից: Ու քանի որ արդեն որոշակի ինֆորմացիա ունեի «Բեսթ Լայֆ»-ի մասին, գիտեի, որ այնտեղ աշխատում են երիտասարդ, արհեստավարժ մասնագետներ, ինչն ինձ շատ էր գրավում, համաձայնեցի, ցանկացա իմ հմտություններն ու փորձը միացնել այդ թիմին ու ստեղծել բժշկական լավագույն ծառայությունը` կիրթ, զարգացած, արհեստավարժ թիմի հետ: Ինձ նաև դուր էր գալիս մասնավոր բուժկենտրոնում աշխատելու գաղափարը, քանի որ մշտապես պետական համակարգում էի աշխատել:
Այսպիսով` 2019թ. դեկտեմբեր ամսից աշխատում եմ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում. տնօրինության հետ որոշեցինք ստեղծել առողջության առաջնային պահպանման նորագույն կենտրոն` պոլիկլինիկա, որը կտարբերվեր իր տեսակով ու աշխատանքի որակով:
-Բավականին մեծ աշխատանք է կատարվել կարճ ժամանակահատվածում, արդեն ունե՞ք հաշվառված քաղաքացիներ, և ի՞նչ ծառայություններ են գործում պոլիկլինիկայում:


-Իսկապես դժվար էր այս կարճ ժամանակահատվածում բարձր պահանջներին և չափանիշերին համապատասխան առաջնային առողջության պահպանման կենտրոն հիմնելը, թիմ ձևավորելը, աշխատանքային սկզբունքներ մշակելը և այլն:
Պետք է նշեմ, որ մենք արդեն իսկ ունենք հավաքագրված քաղաքացիներ, որոնց թիվը այս ընթացքում հասել է 1050-ի: Ծրագրում ենք մինչև տարվա վերջ նրանց թիվը հասցնել 2000-ի:
Տնօրինության թույլտվությամբ` աշխատանքային թիմն ինքս եմ ձևավորել, հրավիրել եմ երիտասարդ մասնագետների, որոնք ինձ հետ միասին մեծ նվիրումով աշխատեցին ծառայության ստեղծման և զարգացման ծրագիրն իրականություն դարձնելու ուղղությամբ:
Մեր պոլիկլինիկայում այժմ անվճար հիմունքներով գործում է մի շարք ծառայություններ: Ինչպես նաև ունենք պայմանագիր առողջապահական այլ կազմակերպության հետ, որտեղ, հարկ եղած դեպքում, ուղարկում ենք պացիենտներին ատուգման, օրինակ` ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան:
Պոլիկլինիկան նաև տրամադրում է անվճար դեղորայք` պետության կողմից սահմանված կարգով: Մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ ԱՆ-ի հետ և պետպատվերի շրջանակներում իրականացվող բոլոր ծառայությունները մատուցում ենք ազնիվ, արդար և ճիշտ կազմակերպված: Պատահական չէ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մեծ թվով քաղաքացիներ են հաշվառվել մեզ մոտ: Դա մեր բժիշկների կիրթ, գրագետ աշխատանքի, հոգատար վերաբերմունքի արդյունքն է:


-Ինչո՞ւ որոշակի նեղ մասնագիտական ծառայություններ ներգրավված չեն պոլիկլինիկայում:


-Պատճառը նման ծառայություն մատուցելու համապատասխան լիցենզիայի բացակայությունն է, ինչը ժամանակի խնդիր է մեզ համար: Լինելով երկար տարիների պետական աշխատող, առավել ևս` ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ, ես ունեմ պետական մտածողություն և չեմ կարող ինձ թույլ տալ դուրս գալ օրենքի շրջանակներից բիզնես շահի համար: Կարծում եմ` իմ պետական մտածողության և մասնավոր կենտրոնի բիզնես շահի համադրությունից պոլիկլինիկայում ճիշտ և որակով աշխատանքային գործընթացի հիմք է դրվում:


-Կենտրոն մուտք գործելու պահից զգացվում է հոգատար, ջերմ վերաբերմունքը յուրաքանչյուրի հանդեպ: Նաև հաճելի է նկատել գեղեցիկ մշակված այգին, համատարած մաքրությունն ու բծախնդիր վերաբերմունքն աշխատանքային գործընթացի հանդեպ: Ի՞նչ սկզբունքներ են ներդրված պոլիկլինիկայի աշխատանքի հիմքում, որոնք նաև աշխատանքի որակ են ապահովում:


-Բուժօգնության որակի կարևոր գրավական է առողջության առաջնային պահպանումը, որն իրականություն դարձնելու համար հիմնականում շեշտը պետք է դնել ոչ միայն բժշկի ինտելեկտուալ, մասնագիտական, կառավարչական հմտությունների, այլ նաև մարդկային ջերմ և հոգատար վերաբերմունքի վրա: Պացիենտը պետք է վստահի և հավատա իր բժշկին ու նրանց երկուսի աշխատանքը պետք է կառուցված լինի համատեղ ուժերով հիվանդության դեմ պայքարելու նպատակի իրականացման հիման վրա: Ես միշտ ասում եմ` հավատն ամենաթանկ դեղատոմսն է: Բժշկի հետ շփվելուց հետո պացիենտը պետք է հեռանա լիահույս, որ ինքն անպայման բուժվելու է:


-Մի փոքր պատմեք պոլիկլինիկայի բուժանձնակազմի մասին, ինչպիսի՞ մասնագետներ են ներգրավված:


-Մեր թիմը դեռևս փոքր է, ներկայումս ութ մասնագետ ունենք, որոնք երիտասարդ, արհեստավարժ, հոգատար բժշկուհիներ են, ում աշխատանքով ես ամեն օր հիանում եմ: Նրանք թե՛ մասնագիտական, թե՛ կազմակերպչական առումով շատ ճիշտ և ճշգրիտ են աշխատում, ինչի արդյունքում մեզ մոտ հաշվառված քաղաքացիների թիվն անընդհատ ավելանում է:
Ունենք մեկ թերապևտ՝ Ջուլիետա Սահակյան, ով մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում է 1050 բնակչի հետ, համակարգում բոլոր նեղ մասնագետների աշխատանքը: Նրանք թիմային աշխատանք են իրականացնում. թերապևտը հավաքագրում է բոլոր նյութերը, հետազոտությունների արդյունքները և այդ ամենի հիման վրա ախտորոշում պացիենտին և բուժում նշանակում: Նախատեսում ենք ևս մեկ թերապևտ ներգրավել մեր թիմ՝ հաշվառված քաղաքացիների թվի աճին զուգահեռ:
Քաղաքացիներն այցելությունից առաջ նախապես հերթագրվում են և ըստ այդմ՝ կամակերպվում է նրանց բուժսպասարկումը:
Պոլիկլինիկայում գործում է ներզատաբանի՝ էնդոկրինոլոգի, մանկաբույժի, սոնոգրաֆիայի, գինեկոլոգի, նյարդաբանի, աղեստամոքսաբանի ծառայությունները, որոնցում ներգրավված են կոչումով բժիշկներ, արհեստավարժ մասնագետներ:
Մեր բժիշկները նաև տնային կանչի շրջանակում են այցելում հիվանդներին, տնօրինությունը տրամադրել է ավտոմեքենա, որը տեղափոխում է նրանց բնակչի տուն: Մեր կայքում տեղադրված են հեռախոսահամարները, որոնցով կարելի է զանգահարել և տնային կանչ գրանցել:
Բացի այդ, մեր բժիշկները կատարում են նաև պրոֆիլակտիկ՝ կանխարգելիչ այցեր, տեղեկանում, թե ինչ խնդիրներ ունեն մեզ մոտ հավաքագրված բնակիչները: Իհարկե, արտակարգ դրության պայմաններում, դադարեցված է այդ ծառայությունը, բայց շտապ կանչերը գործում են:


-Ուրիշ ի՞նչ հետազոտություններ են ներառված անվճար ծառայությունների շարքում:


-Մեզ մոտ անվճար իրականացվում է դժվարամատչելի հետազոտություններ, մասնավորապես` սրտի էխոգրաֆիան, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, զինծառայողների ընտանիքների, նպաստառուների շարքում հաշվառվածների համար:
Սրտաբանական ծառայությունը, որը մեր բուն մասնագիտական ուղղվածությունն է, կրկին այս խոցելի խմբերի համար իրականացվում է անվճար:
Մեր պոլիկլինիկայում անվճար հիմունքներով իրականացվում են նաև սոցփաթեթի շահառու համարվող մանկավարժների, դասախոսների կանխարգելիչ հետազոտությունները:


-Որքանո՞վ եք Դուք ներգրավված այս բոլոր գործընթացներում:


-Կարելի է ասել, ես ներգրավված եմ բոլոր գործընթացներում, ինձ ամբողջությամբ զեկուցվում է պոլիկլինիկայում կատարվող բոլոր աշխատանքների, քաղաքացիների այցելությունների, նրանց տրամադրվող ծառայությունների մասին: Խստորեն հետևում եմ, որ բոլոր քաղաքացիները ստանան համալիր բուժում` հիմնված մի քանի նեղ մասնագետների եզրակացությունների վրա:


-Ինը ամիսների ընթացքում հսկայական աշխատանք է արվել: Ի՞նչ ծրագրեր կան, որ պետք է առաջիկայում իրականացվեն:


-Մի մեծ ծրագիր արդեն իրականություն է դարձրել. պոլիկլինիկայում արդեն գործում է կանանց կոնսուլտացիա և կարող ենք հաշվառել նաև հղիների: Ինչպես նաև ծրագրում եմ բացել մի քանի նեղ մասնագիտական ծառայություններ, օրինակ, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, վնասվածքաբանական և այլն:
Նաև ցանկանում եմ այստեղ հիմնել փոքրիկ ուսումնական կենտրոն նորավարտ բժիշկների համար և նրանց փոխանցել սրտաբանության ոլորտում մեր ունեցած փորձը, հմտությունները, կառավարչական կարողությունները: Չմոռանանք, որ սա հայ-ճապոնական բժշկական կենտրոն է, և շատ նորարարություններ են ներդրվում այստեղ, որոնք ցանկանում ենք կիսել նորավարտ բժիշկների հետ: Նախատեսում ենք նաև կազմակերպել գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ:

-Արտակարգ դրության պայմաններում ենք ապրում, պոլիկլինիկաներում թեսթավորում է անցկացվում, Ձեզ մոտ հակահամաճարակային ի՞նչ գործընթացներ են իրականացվում:


-Մեր պոլիկլինիկայում բարձր մակարդակով են իրականացվում բոլոր հակահամաճարակային միջոցառումները: Քանի որ մեր թերապևտն անմիջականորեն իրականացնում է բնակչության առողջության առաջնային պահպանման աշխատանքները, բնականաբար, այս ընթացքում ունեցել ենք վարակակիրներ: Նա նման պացիենտներին այցելում է հատուկ պաշտպանիչ համազգեստով, ուղղորդում ՀՎԿԱԿ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, որին կցված է մեր պոլիկլինիկան: Այնտեղ նրանք թեսթավորվում են, և եթե թեսթի պատասխանը դրական է լինում, հիվանդը մեկուսացվում է տանը, և թերապևտը վարում է նրա բուժման ողջ ընթացքը: Մինչև այսօր ունեցել ենք վարակակիրների տասնյակ դեպքեր, որոնք ճիշտ և կառուցողական բուժման, վերահսկողության շնորհիվ ապաքինվել են, վերադարձել իրենց բնականոն կյանքին:
Ինչ վերաբերվում է հակահամաճարակային միջոցառումներին, ապա դրանք պարտաճանաչ կերպով իրականացվում են մեր կենտրոնում` ջերմաչափում, ախտահանում, դիմակների տրամադրում (եթե կարիքը կա), սոցիալական հեռավորության պահպանում, տարածքի ախտահանում կես ժամը մեկ անգամ, ամեն հիվանդի խորհրդատվությունից հետո սենյակի ախտահանում և այլն:
Ի դեպ, մենք ունենք երկու մուտք, մեկուսարաններ, և եթե կասկածներ կան, որ տվյալ պացիենտը վարակակիր է, ապա նա այլ մուտքով է ներս մտնում և նրա հետ աշխատանքն իրականացվում է մեկուսարանում:


-Հետաքրքիր է, ինչո՞ւ մինչև հիմա Ձեր անձնական գործը չեք հիմնել:


-Ես մտածողությամբ պետականամետ եմ, սիրում եմ օգնել, սատարել իմ հայրենիքին, հայրենակիցներին: Ես մտածում եմ, որ, ի վերջո, բոլորն էլ իմն են, իմ երկիրն է, և ես ծառայում եմ նրան, այլ ոչ թե իմ անձնական շահերին:


-Որո՞նք են կյանքում և աշխատանքում Ձեզ հաջողություն բերած սկզբունքները:


-Առաջինը` մարդ լինելն է, երկրորդը` կարգապահությունը, երրորդը` նվիրվածությունը, չորրորդը` մաքսիմալիզմը, հինգերորդը` հավատը: Իմ սկզբունքների մասին տեղյակ են իմ թիմի անդամները: Գիտեն` աշխատանքը պետք է անթերի կատարել, երբեք որևէ հաջողություն, պաշտոն չպետք է փոխի մարդու մեջ մարդկայինը, պետք է ձգտել հասնել նպատակիդ` մտովի քարտեզագրելով դեպի այն տանող ճանապարհն ու հավատն առ Աստված պահել սրտումդ:


-Տիկի՛ն Աբրահամյան, Դուք ուժեղ, կայացած կին եք, հետաքրքիր է, կարողանո՞ւմ եք ժամանակ հատկացնել նաև ընտանիքին, երեխաներին: Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին:


-Ճիշտ է, ես աշխատանքում հասել եմ բազում հաջողությունների, բայց ընտանիքս, երեխաներս ինձ համար կյանքիս ամենակարևոր արժեքներն են: Ունեմ երկու հրաշք, կիրթ և դաստիարակված զավակներ, որոնցով հպարտանում եմ: Աղջիկս մասնագիտությամբ լրագրող է, գերազանց ավարտել է Երևանի պետական համալսարանը և աշխատում է պետական վերահսկողական ծառայությունում, տղաս միջազգային ֆինանսիստ է, այժմ աշխատում է ՀՀ առողջապահության նախարարությունում. կարծես իմ գործի շարունակողն է:
Ես ամեն ինչ փորձում եմ հասցնել կյանքում, առավելագույնն անել ընտանիքիս համար: Ձգտում եմ լինել հոգատար կին, լավ մայր երեխաներիս և արժանի զավակ ծնողներիս համար:
Պետք է նշեմ, որ իմ ձեռքբերումների համար մեծապես պարտական եմ ամուսնուս և երեխաներիս իրենց համբերության և աջակցության համար, քանի որ մշտապես ծանրաբեռնված աշխատել եմ, երեխաներս փոքր տարիքից տանը մենակ են մնացել: Երկու կրթությունս այլ երկրում եմ ստացել, և այդ ընթացքում ամուսինս է երեխաների մասին հոգ տարել, որպեսզի ես կարողանամ սովորել: Ճիշտ է, ամեն ինչի հասել եմ իմ ձգտման, ինտելեկտի շնորհիվ, բայց առանց ամուսնուս աջակցության, ուժի, հավատի, սիրո, անհնար կլիներ. նա ինձ թևեր է տվել, որ թռչեմ:


-Լիդերի հատկանիշեր ունեք, ճի՞շտ եմ գուշակում:


-Այո՛, ես լիդեր եմ և՛ տանը, և՛ դրսում: Իմ խոսքը միշտ արժեք ունի, եթե ինչ-որ բան ասում եմ, ուրեմն` դրանում համոզված եմ, երբեք չիմացածիս մասին չեմ խոսի, պարզապես ներողություն կխնդրեմ, որ չեմ կարող որևէ բանով օգնել: Չեմ վախենում ներողություն խնդրել, կարծում եմ` դա ուժեղ մարդկանց է բնորոշ:
Մարդկային փոխհարաբերություններում և աշխատանքում փորձում եմ լինել ամենալավը: Գնահատում եմ իմ ընկերներին, ղեկավարությանը, և իմ ճկուն հմտությունների շնորհիվ բոլոր հարաբերություններում մշտապես հաղթող եմ դուրս գալիս: Նույնիսկ վեճն ինձ հետ շատ հաճելի է անցնում:
Ընկերասեր եմ, հանուն ընկերներիս պատրաստ եմ ամեն ինչի, երբեք չեմ նեղացնում նրանց. ինձ համար մարդկային հարաբերությունները վեր են ամեն ինչից, և ես հոգու դողով եմ պահպանում յուրաքանչյուր ընկերական հարաբերություն ու շատ եմ նեղվում, եթե կորցնում եմ նրանցից որևէ մեկին:


-Դուք կնոջ ուժեղ տեսակ եք, հե՞շտ է լինել այդպիսին:


-Շատ դժվար է, բայց մտածում եմ, որ դա է իմ առաքելությունը: Ես հավատում եմ, որ ամեն մեկս լույս աշխարհ ենք գալիս ինչ-որ մի բան անելու, երևի թե իմ առաքելությունը կնոջ ուժեղ տեսակի պահպանումն է:


-Կա՞ն արժեքներ, որոնք Ձեզ համար անփոխարինելի են:


-Ինձ համար ամենաանփոխարինելի արժեքը հայի տեսակն է, հետո` ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատը: Ճիշտ է, ես ազատամիտ եմ, բայց մյուս կողմից` նաև պահպանողական եմ: Բարձր եմ գնահատում ճիշտ հայկական ավանդական ընտանիքը, հայ կնոջ եզակի կերպարը: Ինձ համար անփոխարինելի արժեք է իմ Հայաստանը, իմ Երևանը, իմ Գեղարքունիքը:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...