21:39
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես ջանք ու եռանդ չեմ խնայում` հանուն Գեղաշենի զարգացման և բնակչության կյանքի որակի բարձրացման

2020-11-15 19:17

 ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի ղեկավար

«Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.) 


-Պարո՛ն Հակոբյան, շուրջ երկու տարի է, ինչ ղեկավարում եք Գեղաշեն համայնքը, հետաքրքիր է, ինչպիսի՞ ճանապարհ եք անցել մինչև համայնքապետի պաշտոնը ստանձնելը:
-2000թ. ավարտել եմ Գեղաշենի միջնակարգ դպրոցը, ընդունվել եմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը, 2005թ. ավարտել եմ այն և զորակոչվել բանակ: 2007թ. վերադարձել եմ ծառայությունից և 2011-2015թթ. աշխատել «Սեյֆվեյ» ՓԲԸ-ում` որպես ապրանքագետ, 2015-2016թթ. աշխատել եմ «Կրեատիվ Սոլյուշնս»
ՍՊԸ-ում` որպես շուկայի զարգացման պատասխանատու: 2016թ. ընտրվել եմ համայնքի ավագանու անդամ, 2018թ-ի հուլիսի 18-ից ստանձնել եմ Գեղաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը, 2018թ.-ի հոկտեմբերի 26-ից` Գեղաշեն համայնքի ղեկավարն եմ:
-Արդյո՞ք խնդրաշատ էր համայնքը, երբ նոր էիք ընտրվել, և ինչպիսի՞ թիմով ու աշխատանքային սկզբունքներով եք սկսել աշխատել:
-Երբ նոր էի ընտրվել Գեղաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում, համայնքը բազում խնդիրներ ուներ, որոնք, բնական է, հնարավոր չէր երկու տարվա ընթացքում ամբողջությամբ լուծել: Այսօր էլ համայնքում շատ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք իրականացնում:
Գեղաշենի համայնքապետարանն ունի հիանալի աշխատանքային թիմ, որն ինձ հետ միասին աշխատում է սահմանված աշխատաժամից ավել, անգամ հանգստյան օրերին` հանուն մեր համայնքի զարգացման: Մեր աշխատանքային սկզբունքն է «Չխնայել ոչինչ` հանուն Գեղաշենի զարգացման և բնակչության կյանքի որակի բարձրացման»: Եվ հավատացեք, որ ահռելի աշխատանք է իրականացվել մեր կողմից, նույն տեմպով ու նպատակասլացությամբ առաջիկայում ևս պետք է շարժվենք առաջ:
-Ի՞նչ ծրագրեր են իրականացվել այս երկու տարվա ընթացքում:
-Ընտրվելուց հետո ինձ համար առաջնային էր համայնքում մանկապարտեզ կառուցելու ծրագրի իրականացումը, քանի որ Գեղաշենը, լինելով ՀՀ Կոտայքի մարզի ամենախոշոր ու խիտ բնակեցված գյուղաբնակ համայնքներից մեկը, երբևէ մանկապարտեզ չի ունեցել: Նախորդ տարի` 2019թ., իրականացվեց եռակողմ սուբվենցիոն ծրագիր` համայնքի բարերար (40 տոկոս), պետություն (50 տոկոս), համայնքապետարան (10 տոկոս) շրջանակներում, որի շնորհիվ կառուցվեց մանկապարտեզի շենքը: Այս տարի երկկողմ` պետություն, համայնքապետարան, սուբվենցիոն ծրագրով կատարվել են մանկապարտեզի շենքի ներքին և արտաքին հարդարման, կահավորման, բակային հատվածի բարեկարգման, կանաչապատման և ցանկապատման աշխատանքները, և հավանաբար հոկտեմբեր ամսից մեր նորակառույց մանկապարտեզը կընդունի իր առաջին սաներին: Նշեմ նաև, որ մրցութային փուլից հետո ընդհանուր նախագծի իրականացման արժեքը կազմել է 190 մլն. դրամ, որի 50 տոկոսը վճարել է համայնքը, մյուս 50 տոկոսը` պետությունը:
-Ո՞վ է համայնքի բարերարը և ի՞նչ աշխատանքներ է իրականացրել Գեղաշենում:
-Մեր համայնքի բարերարը Գեղաշեն համայնքի բնակիչ, համայնքի պատվավոր քաղաքացի «Արփիմեդ» դեղագործական ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանն է: Նա մեծ գործ է անում Գեղաշենի համար: Նրա շնորհիվ` համայնքում իրականացվել են մշակույթի տան, երաժշտական դպրոցի, հանրակրթական դպրոցի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Անցյալ տարի մեր երաժշտական դպրոցին նա էլեկտրոնային դաշնամուր նվիրեց: Ամեն տարի պարտադիր իր ներդրումն է ունենում համայնքի զարգացման գործում:
-Ուրիշ ի՞նչ ծրագրեր են իրականացվել Գեղաշենում Ձեր պաշտոնավարման ընթացքում:
-Ինչպես վերը նշեցի, մեր բարերարի կողմից վերանորոգվել են երաժշտական դպրոցն ու մշակույթի տունը, սակայն կարիք կար նաև ջեռուցման համակարգի ներդրման և գազաֆիկացման աշխատանքների իրականացման: Այս տարի մենք ՀՀ կառավարությանը ներկայացրել ենք 10 մլն 600 հազար դրամ արժողությամբ ծրագիր խնդիրը լուծելու համար և պատրաստակամություն հայտնել դրանում ունենալ 70 տոկոս մասնակցություն: Կառավարությունը հաստատել է ծրագիրը, և այն այժմ իրականացման փուլում է:
Գեղաշենի համայնքապետարանի բյուջեի և սուբվենցիոն ծրագրի միջոցներով համայնքի 2-րդ թաղամասի
1-ին փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքներն ամբողջովին գազաֆիկացվելու են: Այժմ համայնքում միայն մեկ փողոց կա, որ գազաֆիկացված չէ` մոտ 40 տուն, 2021թ. այդ խնդիրն էլ կլուծենք, և համայնքն ամբողջությամբ գազաֆիկացված կլինի:
Նախորդ տարի Գեղաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի գլխավոր փողոցներում լեդ լուսավորություն ենք անցկացրել: Լեդ լուսավորություն է անցկացվել նաև գերեզմանատուն տանող ճանապարհահատվածում: Ընդհանուր առմամբ, լուսավորված են համայնքի բոլոր կենտրոնական փողոցները, բացի մեկից, որը ևս անպայման կլուսավորվի:
2019թ. ավելացրել ենք խմոցների թիվը, վերանորոգել դաշտամիջյան ճանապարհները: Այս տարի այդ աշխատանքները շարունակվում են:
Համայնքի մեծ մասն ասֆալտապատված է` շնորհիվ համայնքի բարերար Վաչագան Ղազարյանի:
-Ի՞նչ խմբակներ են գործում մշակույթի տանը:
-Մշակույթի տանը գործում են` երգի, պարի, դաշնամուրի, դհոլի, քանոնի, շվիի, նկարչության խմբակներ, ինչպես նաև ներգրավված են սպորտային պարապմունքներ` գիմնաստիկա, ըմբշամարտ, կարատե: Բոլոր խմբակները ծանրաբեռնված աշխատում են:
Այժմ գերմանացի հովանավոր ունենք, ով ֆինանսավորել է, որպեսզի համայնքում լոֆթ ոճի գրադարան ունենանք, այժմ աշխատաքներ են տարվում այդ ուղղությամբ, նոր ուսումանական տարվա մեկնարկին ընդառաջ` այն կբացվի:
-Արդյոք համայնքն ունի՞ ջրի խնդիր:
-Խմելու ջրի խնդիր չունենք, մեզ ջուրը հասնում է սարերից, բնական աղբյուրներից` ինքնահոս եղանակով: Համայնքն ապահովված չէ ոռոգման ջրով, որը լուրջ խնդիրներ է առաջացնում, և առաջնային կարևորություն ունի մեզ համար: Ֆինանսական առումով` խնդրի լուծումը բավականին ծախսատար է, և համայնքապետարանն իր ուժերով չի կարող այն կարգավորել, այլապես մենք ջանք ու եռանդ չէինք խնայի դրա համար: Հուսով ենք` մոտ ապագայում կունենանք ոռոգման ջուր, և մեր համայնքում կզարգանա նաև գյուղատնտեսությունը, կունենանք վարելահողեր:
-Արդյո՞ք սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվում համայնքում` ջրագծերի արդիականացմանն ուղղված:
-2018թ. երկու սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, որոնցով փոխվել են Գեղաշենի 1-ն և 2-րդ թաղամասերի գլխավոր մագիստրալի ջրագծերը:
2019թ. սուբվենցիոն ծրագրով փոխվել է խմելու ջրի մայր ջրագծերի որոշակի հատվածը (մի քանի կմ):
Այս տարի հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով էլ կվերակառուցվեն համայնքի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարի հարակից երեք ջրաբաշխիչ հանգույցները, ինչպես նաև կենտրոնական ջրատարի վրա մարիչի ջրամբար` հոր կկառուցվի: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում խմելու ջուրը հավասարաչափ կբաշխվի, կբարելավվի որակը, կնվազեն կորուստները: Ծրագրի նախագծա-նախահաշվային արժեքը կազմել է 12 մլն. դրամ:
-Որքա՞ն է համայնքի բնակչության թիվը և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:
-Գեղաշենի համայնքի բնակչության թիվը կազմում է 4320 մարդ: Նրանց մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ (մոտ 7300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա համայնքում), իսկ մյուս մասն էլ աշխատում է մեր համայնքում գործող սուրճի վերամշակման գործարանում, ոչ գազավորված ըմպելիքներ արտադրող գործարանում, ինչպես նաև Աբովյան քաղաքում գործող տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում:
-Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները բնակիչների հետ և ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում:
-Մեր հարաբերությունները համայնքի բնակիչների հետ անմիջական են, բարեկամական, ես հասանելի եմ նրանց համար 24 ժամ, շաբաթական 7 օր: Դիմում են ամենատարբեր հարցերով ու խնդիրներով, փորձում եմ անպայման օգնել, աջակցել կամ գոնե ճիշտ ուղղորդել:
-Ինչպիսի՞ դաստիարակություն եք ստացել Ձեր ծնողներից, որը փոխանցում եք Ձեր զավակներին:
-Իմ ծնողների համար ամենակարևորը մարդկային բարձր արժեքներով օժտված մարդ դաստիարակելն է եղել, ում կերպարը, դիմագիծը չի փոխվում` անկախ ստացած պաշտոնից և ունեցվածքից: Փորձում եմ նույն կերպ դաստիարակել իմ զավակներին: Ունեմ երկու զավակ` մեկ աղջիկ և մեկ տղա:
-Ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել Գեղաշենը Ձեր պաշտոնավարման ավարտին և ինչի՞ մասին եք երազում:
-Ցանկանում եմ հասցնել իրականացնել իմ բոլոր ծրագրերն ու նպատակները, որպեսզի համայնքը ապահովված լինի բոլոր անհրաժեշտ պայմաններով ու կայուն զարգացում ապրի: Ցանկանում եմ, որպեսզի սոցիալական խնդիրներ չունենան մեր բնակիչները, ապահովված լինեն աշխատանքով և կարողանան իրենց ընտանիքների կարիքները հոգալ: Այսինքն` համայնքի զարգացման շնորհիվ` բարձրանա բնակչության կյանքի որակը:
Երազում եմ, որ բոլորիս բալիկներն ապրեն աշխարհի ամենահզոր երկրում: Համոզված եմ, որ մենք այդ ճանապարհին ենք, բոլորս պետք է ամեն ինչ անենք դրա համար:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...