19:00
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հիպոկրատի երդում` մարդկությանը

2020-10-27 00:02

Մաս VI

Գնացի՛ր... բայց գիտեմ
նայում ես ինձ թաքուն
վաղվա օրվա անցքից
չերեւացող
թե ոչ ինչու՞ եմ ես
չքմեղորեն հանվում
միշտ նույն ժամին
հենվում դռանս փակ
ու արտասվում

կարծում էի կվարժվե՛մ
բաժանումին
որ հաջորդը կլինի առավել հեշտ
բայց սիրտս էլ կատվի պես
չունի՛ հիշողություն
ամեն ցավ կոտրում է այն
հանց առաջին

բե՜ր ուսդ... լավ կին լինելուց չէ
որ հոգնել եմ
այլ կին լինելուց ընդհանրապես
կանցնի՜
լոկ ձեռքս շոյիր այս ընթացքում
ես հեչ`
մաշկի՛ս մենությունն է վախեցնում ինձ

շոյիր ինձ այսօր մանրամասն
իսկ վաղը
երբ կարմրի
հորիզոնը ինչպես առաջ
ես կքայլեմ կայարան
թիկնեթեկին
(երջանկությունը քայլվա՛ծք է
այլ ոչ վիճակ)

սիրում եմ հետաձգել
արցունքներս
քիթս սեղմած սառը
պատուհանին
ու
սպասել

մինչեւ բարձրանա ուղեւորը վերջին
ու շարժվի գնացքը
չխկչխկոցով

ՍՈՆԱ ՎԱՆ

Հիպոկրատի երդում`
մարդկությանը

Անի Թադևոսյան - Հարգարժան բժիշկ, ես գիտեմ, որ Դուք բազմիցս եք արժանացել տարբեր պարգևների և մեդալների` ինչպես ամերիկյան, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմից: Ձեր մշակութային գործունեության համար արժանացել եք Հայաստանի Հանրապետության մշակույթի և Սփյուռքի նախարարության ոսկե մեդալների, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Խորենացու անունը կրող հուշամեդալներին: Ինչպիսի՞ն է Ձեր զգացողություններն այս պարգևները ստանձնելու առումով:
Նուբար Ջանոյան - Շնորհակալության զգացում ունեմ, թեկուզ երբևէ չեմ ակնկալել, որ արածս պետք է արժեվորվի: Ակնկալել եմ, որ արածս պետք է արժեվորվի մշակութային կյանքի վրա դրական հետք թողնելու առումով, այլ ոչ իմ արարքի գնահատանքի ձևով: Հայ մշակույթն իր բարձրունքի վրա պահելը յուրաքանչյուր ճշմարիտ հայի գործն է: Ասում եմ ճշմարիտ, որովհետև հավատացած եմ, որ ամեն «յան» վերջածանցով ազգանուն կրողը ճշմարիտ հայ չէ: Նա, ով խոսում է մաքուր հայերենով, լսում ու քաջալերում է միայն մաքուր երաժշտությունը, նույնպես իր չափով նպաստում է հայ մշակույթի և լեզվի պահպանմանը: Հարություն Խաչատրյանն ազնվագույն հայ է և իր տեսակով, մասնագիտական տաղանդով ու կազմակերպչական հնարքներով կարող է իսկապես աշխարհի մշակութային քարտեզի վրա առավել տեսանելի դարձնել մեր բազմադարյա մշակույթը: Նա իր մեջ կրում է իր ժողովրդի պատմությունը, հոգսը և երազը, իսկ դա շատ կարևոր է: Այսօր շատ ազգեր «Ոսկե Ծիրանի» միջոցով են ծանոթացել հայ ազգի ու մշակույթի հետ, իսկ դա արդեն անփոխարինելի ծառայություն է: Ես հույս ունեմ, որ այս փառատոնը կշարունակի իր հայանպաստ գործը, շնորհիվ հայ ազգի ու մշակույթի պահապանների: Մի երկիր, որը չի փայլում իր կինոարտադրությամբ, այսօր ամեն տարի իր հողի վրա հյուրընկալում է աշխարհի կինոգետների ու ականավոր դեմքերի: Այդպիսինները մեր հողը մաքրողներն են, քարեր հավաքողները:
Անի Թադևոսյան - Այո, քարեր նետողներն էլ քիչ չեն:
Նուբար Ջանոյան - Միշտ էլ կլինեն: Դա էլ նրա՛նց գործն է: Պտղաբեր ծառի վրա քար նետողներ միշտ էլ կլինեն:
Անի Թադևոսյան -Ծնվել եք Իրաքում, սովորել Հայաստանում բժշկական համալսարանում, ապա հեռացել: Ինչո՞ւ հեռացաք:
Նուբար Ջանոյան -Ես հեռանալու նպատակ չունեի: Ուզում էի մնալ Հայաստանում ու աշխատել: Մինչև իսկ ամուսնացա իրաքցի մի աղջկա հետ, ում մայրս էր առանձնացրել ինձ համար: Ավարտելուց հետո երբ ինձ հարց տրվեց ` թե որտեղ կուզեք գործուղվել, ասացի` ինձ ուղարկեք այնտեղ, որտեղ ոչ ոք չի ուզում գնալ: Հեռավոր ու մոռացված մի գյուղ: Բայց մինչ այդ Կենտրոնական խորհուրդը որոշում էր կայացրել, որ ես պետք է թողնեմ երկիրը մեկ ամսվա մեջ: Այդպես էլ չհասկացա, թե ո՞վ և ինչո՞ւ է կայացրել այդ որոշումը ու ես ստիպված եղա վերադառնալ Իրաք:
Անի Թադևոսյան - Գուցե քաղաքական կարծիքների համա՞ր: Այդ տարիներին խոսքի ազատություն չկար:
Նուբար Ջանոյան - Գուցե: Իրաքում ես Կոմունիստական Կուսակցության էի հարում դեռ 14-15 տարեկանից և մինչև իսկ հասցրել էի հայտնվել բանտում` որպես ակտիվիստ: Հայաստան ներգաղթի առաջին հնարավորության ժամանակ` մայրս ինձ խրախուսեց գնալ կոմունիստական Հայաստան: Ծնողներիս անհանգստացնում էր իմ հախուռն ու ըմբոստ բնավորությունը: Վախենում էին, որ կարող եմ մեծ փորձանքի մեջ ընկնել: Ինձ փոքրուց անհանգստացրել է հարուստ-աղքատի խնդիրը, սոցիալական անհավասարությունը: Այդ տարիներին հայրս արդեն հարուստ էր և մենք ապրում էինք հսկա մի տան մեջ: Իմ սենյակի պատերը ծածկել էի հանճարների մեծ նկարներով` Շեքսպիր, Գյոթե, Բախ, Մոցարտ, թեկուզ նրանց ստեղծագործություններից շատերին ծանոթ չէի, բայ ինչ-որ զգայարանով զգում էի, որ նրանք վերևում են, որ կա ինձնից մեծ ու բարձր մեկ ուրիշ բան, որին անհրաժեշտ է ձգտել: Երբ եկա Հայաստան ընդամենը 200-300 բառ գիտեի հայերեն: Լեզուն սովորել եմ բժշկության հետ զուգընթաց, կարդացել եմ մեր մեծերին, Թումանյանին պաշտում եմ ուղղակի, հայկական էպոսը, հեքիաթը, Կոմիտասին: Կոմունիզմի գաղափարը, որով ես ապրում էի Իրաքում, փուչիկի վերածվեց Հայաստանում: Ես հասկացա, որ դա անիրագործելի երազ է, ու հաճախ էի բարձրաձայնում այդ մասին: Մինչև իսկ դեպրեսիայի (ընկճախտի) մեջ ընկա, խորը հուսահատության, ասես մեկն իմ միջից հանել էր գոյության նպատակը:
Անի Թադևոսյան -Երևի հենց ադ պատճաոով էլ Ձեզ առաջարկել են հեռանալ, ուրիշներին էլ նույն «հիվանդությամբ» չվարակելու համար: Ի վերջո ապաքինվեցի՞ք «կոմունիզմից»:
Նուբար Ջանոյան -Իմ կարծիքով կոմունիզմն անբուժելի երազ կմնա աշխարհի բոլոր մարդասերների համար: Ես գտնում եմ, որ դրա «ախտանիշները» նկատվում են աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներում` «ձրի ուսում», «ձրի բժշկություն», «ծերության թոշակ» և այլն: Ես հասկացա, որ կոմունիզմի գաղափարը կարող է իրագործվել միայն հարուստ երկրում, բարոյական բարձր չափանիշներ ունեցող հասարակության պարագայում: Հայաստանից հեռանալը սկիզբ դրեց իմ աշխարհասփյուռ «թափառումներին» որպես բժիշկ և որպես արդարություն որոնող մարդ: Այս որոնումների պատճառով ես սկսեցի գրել, ի մի բերել իմ տպավորություններն ու զգացողությունները` որպես աշխարհի քաղաքացի:
Անի Թադևոսյան - Իրաք, Հայաստան, Աֆրիկա, Անգլիա ու հիմա Միացյալ Նահանգներ: Թվում է, թե մեկ մարդու կյանքի ժամանակը բավարար չէ տարբեր մայրցամաքներում ապրելու, ծառայելու, ամեն բան կրկին ու կրկին սկսելու, նոր լեզու սովորելու ու մասնագիտական մրցակցությունը կրկին ու կրկին հաղթահարելու համար: Մինչդեռ Դուք ոչ միայն հաղթահարել եք այդ դժվարությունները, այլ նաև ժամանակ եք գտել Ձեր ապրումներն ու փորձությունները գրառելու, ստեղծագործելու համար: Հայի մաքառող ու կենսունակ ոգու դրսևորման ապացույց է Ձեր կյանքը, որը կարող է դասագիրք դառնալ շատ շատերի համար: 75 տարին պատկառելի թիվ է, երկար ճանապարհ:
Նուբար Ջանոյան - 75 տարին գուցե հնչում է որպես երկար ճանապարհ, բայց հետադարձ հայացքով կյանքս ինձ որպես մի կարճ հայկական հեքիաթ է ներկայանում: Մենք ընտանիքում 6 երեխա էինք` 4 եղբայր և 2 քույր: Հորաքույրս հաճախ էր մեզ հեքիաթ պատմում և այդ հեքիաթներում միշտ թագավորն իր տղաներին ուղարկում էր աշխարհի տարբեր երկրներ ու նրանցից մեկը վերադառնում էր որպես հերոս: Ես ինձ միշտ տեսել եմ այդ հերոսի դերում: Թեկուզ մյուս երեք եղբայրներս ևս ուսում են առել Եվրոպայում և լավ մասնագետներ են, բայց նրանցից միայն ես եմ թափառել աշխարհով մեկ և հետևել իմ մեջ կայացած տրանսֆորմացիաներին` որպես հեքիաթի հերոս: Իմ մեջ բազմաթիվ ուժեր ու ծալքեր են ավելացել այդ թափառումների ընթացքում, ստիպողական վիճակներում վտանգված արժանապատվությունս պաշտպանելու համար: Ծայրահեղ վիճակները սրում են մարդու զգայարանները, բացում նրա պոտենցիալ հնարավորությունները, ոչ միայն ֆիզիկական ինքնապաշտպանության, այլ նաև բարոյական ես-ի պաշտպանության առումով: Երբ Անգլիայում էի աշխատում որպես բժիշկ, շփվում էի հասարակության հոգևոր և մտավոր էլիտայի հետ: Հասկացա, որ մշակութային առումով հետ եմ նրանցից ու գիշեր- ցերեկ կարդում էի ու ուսումնասիրում գրականություն, փիլիսոփայություն, քաղաքականություն ու պատմություն, որպեսզի զրույցների ժամանակ չմատնեմ իմ չիմացությունը: Այդպես էլ նրանք երբեք չիմացան, որ ես ինչ-որ բան պակաս գիտեի: Դա ոչ միայն անձի կռիվ էր, այլ նաև ազգային արժանապատվության խնդիր: Անգլիայում ես հաղթահարեցի մի քանի քաղաքակրթություններ` նախնական մարդուց մինչեւ ամենաքաղաքակիրթ եվրոպացին:
Անի Թադեւոսյան - Վստահ եմ, որ այդ երկրներում աշխատելիս ունեցել եք նաև հուսախաբություններ: Ո՞րն եք համարում դրանցից ամենահիշարժանն ու ամենաուսանելին:
Նուբար Ջանոյան - Աչքերիս հիվանդությունը: Երբ Անգլիայում էի, ինձ մոտ ծիածանաթաղանթի պրոգրեսիվ հիվանդություն հայտնաբերվեց, ինչը նշանակում էր, որ շուտով պետք է կուրանայի: Ես հավատացյալ չեմ, բայց սկսեցի աղոթել, ապավինել գերբնական ուժերին: Երկու երեխա ունեի ու կին, ո՞վ էր հոգալու նրանց համար: Մեծ հուսահատության մեջ ընկա ու թվում էր, թե այլևս ելք չկա: Գնացի Ֆրանսիա հույսով, որ այնտեղ կհասկանան պատճառն ու կբուժեն: Բայց նրանք էլ վերահաստատեցին ախտորոշումը և ինձ մեծ համբերություն մաղթելով ետ ուղարկեցին: Հուսահատությունս չափ չուներ: Ամեն օր երկու կիլոմետր վազում էի ու փորձում մեդիտացիայի մեջ մտնել: Շուտով ինձ ներառեցին փորձարարական մի բուժման շրջանակներում ու հրաշք տեղի ունեցավ: Հիվանդությունս նահանջեց և ես վերագտա իմ տեսողությունը: Այս հիվանդությունս պատճառ դարձավ, որ ես վերանայեմ իմ հայացքները, վերարժեվորեմ կյանքի հրաշքն ու դրա իմաստը: Հուսահատությունից տառապող հիվանդներին ես ավելի լավ եմ հասկանում և կարողանում եմ նրանց օգնել, որովհետև միայն դրա միջով անցած մարդը կարող է պատկերացնել, թե ինչ է նշանակում լինել ֆիզիկապես առողջ, բայց հոգուդ մեջ մեռած: Ես այդ մասին լավ գիտեմ: Այդ օրերին ես ինքս ինձ և այն անտեսանելի ուժին խոստացա հույս ու կորով տալ նրանց, ովքեր ճակատագրի բերումով կհայտնվեն իմ կողքին կամ իմ առանձնասենյակում: Ու հենց դրան էլ նվիրել եմ իմ ողջ կյանքը: Փորձում եմ իմ մասնագիտության և ինտուիցիայի միջոցով մասը կազմել այդ փրկակար ուժի: Թող այն կոչվի բժշկություն, էներգիա կամ Աստված:
Անի Թադեւոսյան - Կյանքը ընտրությունների և վճիռների շարան է: Որո՞նք են այն կարևորագույն վճիռները, որոնք ձևավորել են Ձեր կենսագրությունը:
Նուբար Ջանոյան - Առաջինը՝ 1960-ին Հայաստան մեկնելս է: Երկրորդ կարևոր վճիռս, Իրաք վերադառնալուց հետո, Ալժիր գնալն էր: Աշխատեցի ամենաղքատ շրջաններից մեկում, որտեղ մարդիկ տարիներ շարունակ բժշկի երես չէին տեսել: Հետո տեղափոխվեցի մայրաքաղաք ու սպասարկում էի նավթի ընկերության երեք հազարից ավել աշխատակազմին: Մեծ սեր ու հարգանք էի վայելում բոլորի կողմից, բայց զգում էի, որ այս հարմարավետությունը և բարեկեցությունը շուտով ճահիճի է վերածվելու: Որոշեցի հեռանալ: Եղբայրս, որը նույնպես բժիշկ է, այդ ժամանակ գտնվում էր Անգլիայում և ինձ հրավեր ուղարկեց: Կարճ ժամանակ անց սկսեց աչքերիս հիվանդությունը և այդ վիճակում ես լեզու էի սովորում ու պատրաստվում քննությունների: Շուտով անցա աշխատանքի ու ընտանիքիս ինձ մոտ տեղափոխեցի: Հաջորդ կարևոր քայլս Ամերիկա մեկնելն էր: Անձնական կյանքում ամենահամարձակ քայլս կնոջիցս բաժանվելն էր, իսկ ամենամեծ երջանկությունը` Սոնային հանդիպելը: Ես համարում եմ, որ դա նվեր էր վերևից` հակակշռելու իմ բոլոր դժվարություններն ու փորձությունները:
Անի Թադևոսյան -«Ճամփորդություն ժամանակի ու տարածության միջով» Ձեր էսսեների գիրքը, որը հայտնի է նաև որպես «Կյանքը` ինչպես որ ապրեցի» վերնագրով, մեծ ընդունելություն գտավ հայ ընթերցողի կողմից: Գրաքննադատներն այն շատ բարձր գնահատեցին` որպես արաբական մշակույթը և իրականությունը արտացոլող հազվագյուտ գրականություն: Գիրքը համարյա փաստագրորեն նկարագրում է արաբական աշխարհի ավանդույթներն ու սովորությունները և հաճախ դրանց զոհը դարձող կանանց ճակատագիրը: Ալժիրում ևս Դուք շփվել եք տեղացի կանանց ճակատագրերի հետ, դարձել նրանց խոստովանահայրը` ձեռք մեկնել լքված ու անբարո կանանց: Մասնագիտության բերումով ապրելով տարբեր մայրցամաքներում և շփվելով կանացի տարբեր տեսակների հետ, պետք է որ կնոջ ֆենոմենին լավագույնս ծանոթ լինեք: Այս համատեքստում ինչպե՞ս է առանձնանում հայ կինը, ո՞րն է կնոջ Ձեր իդեալը: Ի՞ն չ է նշանակում կին:
Նուբար Ջանոյան - «Կին» բառը ինձ համար բազմակի իմաստ ունի: Կին` նշանակում է ճակատագիր: Նշանակում է սկիզբ, նշանակում է տիեզերք, նշանակում է սեր, նշանակում է զոհաբերություն, նշանակում է մայր, նշանակում է գեղեցկություն: Բառարանի լավագույն բառերը կարելի է նույնացնել կնոջ կերպարի հետ: Մայրս մայրության իմ սիմվոլն է: Նա շատ վաղ մահացավ, երբ ես դեռևս ուսանում էի Հայաստանում: Չհասցրեցի նրան ձեռք մեկնել, օգնել, փրկել: Դա իմ կյանքի ամենամեծ ափսոսանքն է: Նրա մահվանից հետո ինձ հանդիպած ամեն կնոջ մեջ ես տեսել եմ նրա մի մասնիկը: Մեկը նրա աչքերի գույնն ունի, մյուսը նրա մազերի փայլն ու փարթամությունը: Երևի դա է պատճառը, որ ես կանանց միշտ առանձնակի գուրգուրանքով եմ մոտեցել, ինչ-որ տեղ ցանկացել եմ փրկել նրանց ինչ-որ վտանգից: Նրանց մեջ սրբության պոտենցիալ եմ տեսել, մինչև իսկ երբ դրանք հասարակաց տան կանայք էին, որոնց ես բժշկական քննության փաստաթուղթ պետք է տայի կամ բուժեի որևէ սեռական հիվանդությունից: Կինը մնում է կին: Նրան պետք է հասկանալ ու օգնել: Ավելին` նրան պետք է տոնել: Միացյալ Նահանգներում ևս ես աշխատել եմ կանանց հիվանդանոցում, ծննդաբերական բաժանմունքում: Ես տեսել եմ նրանց մայրանալու պահի հրճվանքը` մանկան ճիչը լսելուց հետո:
Անի Թադևոսյան - Դուք համարվում եք կայացած տղամարդ թե՛ մասնագիտական և թե՛ մարդկային առումով: Բոլորին չէ, որ հաջողվում է կայանալ: Կարո՞ղ եք բաղադրատոմս առաջարկել երիտասարդներին:
Նուբար Ջանոյան - Լավ մարդ կրթելու համար թե՛ ընտանիքը, թե՛ հասարակությունը մեծ գործ ունեն անելու: Կարևոր է, թե տվյալ հասարակության մեջ ինչպիսի արժեքներ են քարոզվում ու քաջալերվում: Ո՞վ է համարվում կայացած և ո՞վ ձախողված: Ինչո՞ւմ է կայանում հերոսությունը: Տղաները պետք է իմանան, որ հերոսությունը միայն պատերազմի դաշտում չէ, այլ ամեն օր և խաղաղ պայմաններում: Ինչ-որ մեկին իր ամոթալի վիճակից փրկելը, նրան ձեռք մեկնելը, ուրախացնելն ու երջանկացնելը ևս հերոսություններ են, որոնք զոհողություններ են պահանջում: Յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է կանացի նրբությունն ու առնական ուժը: Լավ տղամարդը այս երկուսի ճիշտ համադրությունն է: Յուրաքանչյուրիս մեջ ապրում է անմեղը, քանդարարը, ստեղծագործը, որբը, կռվարարը, խնամակալը, որոնողը, սիրեցյալը, հրամայողը, ստեղծագործը, հրաշագործը, իմաստունն ու խեղկատակը: Ճիշտ դաստիարակության ժամանակ այս բոլոր ուժերը գտնվում են ճիշտ հարաբերության մեջ և դրանցից ոչ մեկը չի գերակայում մյուսի վրա: Սիրող աղջիկը, ծնողը, ընկերը կամ խորհրդատուն կարող են ուղղորդել երիտասարդին, որ նրա մեջ կայանա այդ ուժերի ներդաշնակությունը: Պատասխանատվության զգացումը, աշխատասիրությունը, արժանապատվության զգացումը ևս պետք է խրախուսվեն ու գնահատվեն հասարարակության ու ընտանիքի կողմից, որովհետև յուրաքանչյուր անհատ պահանջ ունի ընդունված ու գնահատված լինելու: Կայացած է այն տղամարդը, որի կողքին կինը ոչ միայն նյութապես ապահովված է զգում, այլ նաև հոգեպես երջանիկ և հպարտ իր կողքին գտնվող տղամարդու տեսակի համար:
Անի Թադևոսյան - Մեր ժամանակներում հոգեբանները խրախուսում են հզորացնել եսը` էգոն: Մինչդեռ քրիստոնեությունը պահանջում է կողքի դնել եսը և զարգացնել հոգին: Ի՞նչով պետք է ուղղորդվի այսօրվա մարդը, երբ բոլոր արժեքները դարձել են հարաբերական:
Նուբար Ջանոյան - Թե՛ կրոնը և թե՛ ժամանակակից հոգեբանությունը շփոթեցնում են մարդուն: Կրոնը փորձում է մերժել էգոն, որպեսզի մարդն ավելի հեշտությամբ ճկվի ու խոնարհվի Տիրոջ առջև: Իսկ գրականությունն ու հոգեբանները կենտրոնանում են առողջ էգոյի ձևավորման վրա, անտեսելով հոգին: Քրիստոնեական արժեքները մարդուն զսպում և պահում են ճիշտ ճանապարհի վրա: Պատվիրաններին հետևելը որքան անհնարին է, նույնքան էլ կարևոր է, որպեսզի մարդու մեջ պահպանվի ավելի լավը դառնալու ձգտումը: Ես անձամբ կրոնական հավատամք չունեմ, թեկուզ ծանոթ եմ բոլոր կրոններին ու ուսմունքներին ու փոքր տարիքում դպիր եմ եղել եկեղեցում: Մեր օրերում կրոնը ծեսի է վերածվել, մարդը ավելի ռացիոանալ է դարձել և դժվար է նրան կույր հավատքի վերադարձնել: Հոլիվուդը և շուկայական հարաբերությունները առևտրականացրել են կրոնն ու Ավետարանը: Ամեն բան թվում է թույլատրելի, եթե այն չի վնասում մեկ ուրիշին: Սա շատ թույլ չափանիշ է: Քարոզողը չի ապրում իր քարոզին համաձայն, կղերականը և եկեղեցին ժողովրդին քարոզում է չկարևորել նյութական արժեքները, իսկ ինքը շարունակում է հարստանալ: Ես անձամբ հավատում եմ տիեզերական ուժի գոյությանը, բարձրագույն գիտակցությանը, երևույթների պատճառահետևանքային կապին և մարդ արարածի առաքելությանը: Ըստ ինձ էգոն չի բացառում հոգին, մարդ արարածին չի կարելի պատկերացնել առանց եսի, որը այդ հոգու կրողն է- անձը կամ անհատականությունը հոգու և եսի ամբողջականությունն է: Ես այստեղ հակասություն չեմ տեսնում:
Անի Թադևոսյան - Իսկ ինչպիսի՞ն է Ձեր երազների կինը:
Նուբար Ջանոյան - Նախկին կինս, ով իմ երկու երեխաների մայրն է, ցավոք չդարձավ իմ երազների կինը: Նրան, ինչպես ասացի, մայրս էր առանձնացրել և ես կարծես մի չկայացած երազի չափով միշտ դատարկություն եմ զգացել հուգուս խորքում: Երբ երեխաներս մեծացան, որոշեցի ինձ դուրս քաշել այդ հարաբերությունից, որտեղ այլևս ավելացնելու ոչինչ չունեինք: Ոչ ես, ոչ նա: Մի տեսակ անարժանապատիվ էր թվում մնալը այդ հարաբերության մեջ, որն իր մեջ ոչ մի խոստում չէր պարունակում: Այդ ժամանակ էր, որ հանդիպեցի Սոնային: 20 տարի է անցել այդ օրվանից և այս 20 տարիները ես համարում եմ անձնական կյանքի երջանկության տարիներ: Իմ կյանքում բազմաթիվ կանանց եմ ճանաչել, բայց Սոնան եկավ ամփոփելու «կին» բառը, բացահայտելու կնոջ ֆենոմենը: Նա ինձ ոչ միայն դուրս բերեց իմ հերթական հուսահատությունից, այլ դարձրեց աշխարհի ամենաուրախ և երջանիկ մարդը: Նրա հետ մենք հղացանք «Ամեն ինչ առողջության և առողջություն բոլորին» ոչ շահութաբեր հաստատության գաղափարը և մինչև օրս դրա միջոցով ծառայում ենք մեր ժողովրդին, ձեռք մեկնում նրանց իրենց հուսահատության պահերին: Սոնան ինձ վարակել է իր անսահման լավատեսությամբ, պոեզիա ներարկել իմ կյանքի մեջ: Տերն ինձ վերադարձրեց աչքիս լույսը, իսկ Սոնան գույներ ներարկեց իմ աչքերի մեջ: Դրանից ավելի ի՞նչ կարելի է սպասել մի կնոջից:
Անի Թադևոսյան - Ու ոչ միայն Ձեր կյանքի մեջ, նաև մեր բոլորի: «Նարցիսի» ընթերցողը կարող է հաստատել դա: «Նարցիսի» գաղափարը ևս պատկանում է Ձեզ և շնորհավորում եմ պարբերականի 10-րդ հոբելյանի առիթով: 10 տարի շարունակ Դուք հովանավորել եք ամսագիրը, բազմաթիվ նոր ձայներ բացահայտել: Այդ գումարով հնարավոր կլիներ մի ամբողջ գյուղ կառուցել, եկամտաբեր գործարան կամ անշարժ գույք ձեռք բերել, մինչդեռ Դուք նախընտրել եք պարբերականի գոյությունը: Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք կապիտալի դարում, որքանո՞վ եք արդարացված համարում այդ հսկայական ներդրումը:
Նուբար Ջանոյան - Այդ հարցին պատասխանելու համար հարկավոր է կշռել Հայաստանի մշակութային մթնոլորտի էներգետիկ խտությունը, գրողների ու ընթերցողների հոգում կայացած փոփոխությունը, որը տեխնիկապես հնարավոր չէ: Ամսագրի գաղափարը ծնվեց, երբ 11-12 տարի առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ հանդիպեցինք ու ճանաչեցինք մի քանի հրաշալի մտավորականների և գրողների: Հայաստանում այդ տարիներին գրական մամուլի առումով վակում գոյություն ուներ: Նպատակն այդ բացը լրացնելն էր ու նաև գրողներին ու մտավորականներին իրենց «գրողությամբ» վաստակած եկամտի հաճույք պարգևելը: Սոնան այդ մտքից ոգևորվել էր և իմ ցանկությունն այդ պահին նրա ոգևորությունը խրախուսելն էր: Երջանկահիշատակ Վահան Վարդանյանին որպես ամսագրի խմբագիր տեսնելն ավելի արագացրեց այդ որոշումը: Վահանը սիրով ընդունեց մեր հրավերը և սկսեցինք աշխատանքները: Վահանը յուրօրինակ աստվածատուր օժտվածություններով գրող էր, հոգևոր հանճարի կրող ու վստահ էինք, որ ամսագիրը կկրի նրա անաչառության ու գրական ճաշակի կնիքը: Խմբագրակազմը, ի դեմս փոխխմբագիր Շանթ Մկրտչյանի, (ժամանակավորապես նաև Արտաշես Ղազարյանի), ձևավորող նկարիչ Կարեն Մկրտչյանի, երիտասարդ գրաքննադատ Արմեն Ավանեսյանի և ամսագրի շուրջ համախմբված այլ գրող-գրաքննադատների, Վահան Վարդանյանի վերահսկողությամբ հնարավորինս անաղարտ պահեց ամսագրի հիմնական նպատակը` գրական արժեքը, արվեստի չափանիշը, նոր գրողներ հայտնաբերելու, թարգմանությունների միջոցով հայ գրական միտքը համաշխարհային գրական կոնտեքստի մեջ դնելու իր առաքելությունը: Այդ առումով կարող եմ ասել, որ իմ ներդրումը համարում եմ արդարացված: Չթաքցնեմ ասել, որ հույս կար ամսագիրը դարձնել ինքնաբավ, որպեսզի կարողանանք այլ նախաձեռնություններ ևս սկսել: Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ, իսկ Վահան Վարդանյանի անսպասելի մահը, իրոք, ցնցեց մեզ: Որպես ներկայիս գործող խմբագիր Սոնան հոգեբանորեն դեռևս ապաքինման պրոցեսի մեջ է: Ես դեռևս շարունակում եմ հովանավորել ամսագիրը, բայց կարծում եմ 10 տարին որևէ պահանջված ամսագրի համար բավարար ժամանակ է, որ այն կարողանա տնօրինել իր սեփական ապագան ու ճակատագիրը:
Անի Թադեւոսյան - Որպես «Նարցիսի» ընթերցող ես ևս իմ կողմից շնորհակալ եմ Ձեր այս նախաձեռնության համար: Հիշում եմ Տիգրան Մանսուրյանի խոսքերը` «Երբ հիշում եմ, որ «Նարցիս» կա, շտապում եմ վերադառնալ Երևան»: Ավելի մեծ հաճոյախոսություն կարելի՞ էր ակնկալել գրականության այնպիսի սիրահարից ու այնքան տաղանդավոր երաժշտից, ինչպիսին Մանսուրյանն է: Հույսով եմ, որ ամսագիրն իր շուրջը կհավաքի նաև այլ մտախոհ, հոգևոր ու հայրենանվեր մարդկանց: Բարի երթ «Նարցիսին» և Ձեր բոլոր նախաձեռնություններին, քանի որ դրանից օգտվում է մեր ողջ ժողովուրդը, մեր մշակույթը: Ձեր գործունեությամբ և նվիրումով Դուք իրոք արժանի եք «Մանթաշյան ասպետի» կոչման: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ում զոհողության շնորհիվ մեր ժողովուրդն ունենում է Թումանյան ու Կոմիտաս, նրանց, ովքեր հոգևոր, այլ ոչ նյութական բավականություն են ակնկալում մեր այնքան նյութականացված դարում:
Անի Թադևոսյան - Դուք բազմաթիվ թելերով կապված եք Հայաստանի ճակատագրի հետ: Վերջերս լրացավ անկախության 25 տարին: Ի՞նչ զգացումներ ունեք, ի՞նչն է պակասում մեր երկրին, ի՞նչը կարելի է փոխել:
Նուբար Ջանոյան - Հայաստանի անկախությունը բոլորիս երազն էր, թեպետ չի կարելի անտեսել Սովետական տարիների ձեռքբերումներն ու շինարարությունը մտավոր ու հոգևոր, գիտական ու տեխնիկական նվաճումները, որոնց շնորհիվ, Հայաստանը դարձավ արժանապատիվ երկիր: Երկար երազել էինք անկախության մասին, բայց պարզվեց` պատրաստ չէինք: Չգիտեինք` ինչ է նշանակում ազատ հայրենիք կառուցել: Արդյունքում կատարվեց այն, ինչ տեսանք. թալան ու աղքատություն, մտավոր ու հոգևոր հետաճ: Այսօրվա գերխնդիրը կայացածին հետադարձ ընթացք հաղորդելն է, սխալները վերանայելը և ճիշտ իշխանավորներ ընտրելը: Մեր ժողովուրդը բնական իմաստություն ունի ու ես հույս ունեմ, որ կգա այդ ժամանակը: Ես անձամբ խոնարհվում եմ իմ Հայրենիքին, որն ինձ տվել է իդեալական հասարակություն ունենալու երազ և մասնագիտություն, որի շնորհիվ կարողացել եմ իրագործել մարդասիրության ու դեմոկրատիայի իմ բաժին երազը, ձեռք մեկնել ամենաբազմաթիվ ազգերի մարդկանց, անկախ նրանց գույնից, սեռից կամ ֆինանսական վիճակից: Ինչ վերաբերում է փոխելուն` ես համակարծիք եմ Չերչիլի հետ, որն ասում էր. «Երբ փոքր էի` կարծում էի, թե կարող եմ փոխել քաղաքս: Երբ մեծացա, կարծում էի` կարող եմ փոխել աշխարհը, իսկ հիմա գիտեմ, որ կարող եմ միայն ինձ փոխել»: Փոփոխությունը սկսում է անձի մեջ:
Անի Թադեւոսյան - Շուտով` Ծննդյան օրերի շրջանակում, կնշվի նաև Ձեր տարեդարձը: Շնորհավորում եմ: Դեկտեմբերի 23-ը մոտ է: Վստահ եմ, որ այս անգամ ևս Ձեր տարեդարձը կունենա իր որոշակի անակնկալն ու շեշտադրությունը: Ի՞նչ է սպասվում մեզ:
Նուբար Ջանոյան - Իմ ծննդյան տարեդարձները սովորաբար անակնկալ են լինում ինձ համար: Անցած տարի այն, մեր այդպես էլ չկայացած, հարսանեկան ծեսի թատերականացումն էր, որից դեռ չեմ «ապաքինվել»: Այս տարի Սոնան այլ բան է մտածել: Տարեդարձս նվիրել է իմ կյանքի բոլոր կանանց: Նրանց, ում հանդիպել ու սիրել եմ, ովքեր հետք են թողել իմ կյանքի, ճակատագրի, զգացողությունների ու հիշողության վրա: Ինչպես ինքն է ձևակերպում , «…թող օրը նվիրվի բոլոր այն կանանց, ում գոյության հետևանքով դու այսօր այսպիսին ես, ինչպիսին կաս…»: Սրանից ավելին մեծ սիրո խոստովանություն լինել կարող է՞ր:
Անի Թադեւոսյան - Ձեր ծննդյան տոնը իսկապես կյանքի՛ տոնն է, կյանքի հաղթանակը:
Նուբար Ջանոյան - … կամ երջանկության: Երջանկությունը հոգու գերագույն հաղթանակն է:
Անի Թադևոսյան


Առաջին օրը` քեզնից հետո

Աշխարհը - մշուշի մեջ
փորձում է դառնալ մեկ այլ աշխարհ
գծեր են
գույներ են
ֆորմաներ
որ շարժվելով
մոտենում-երկմտում են ու հեռանում
սա կին է
սա ձի է
սա թռչուն
/այս կինը կառք չէ՞ր մի քիչ առաջ/
սա դե՞մք է կապուտաչ
թե ներկի կույտ
ոչինչ չի հստակվում
չի դառնում փաստ
ամեն ինչ շարժվում է տարակուսած
ամեն ինչ՝ դառնալու ընթացքի մեջ
ինչպես Պիսարոյի կտավներում
ժապավենը պտտվում է մտքիս մեջ
մեկ թագ է
մերթ թմբուկ
մերթ ծաղրածու
կանգ չի առնում պտույտը
չի դառնում պարտություն կամ հաղթանակ
ինչպես էկրանի վրա
փչացած մի մեքենայի կազինոյում
միակ փաստը այս թուղթն է
միակ վերջնականը
մահվան թվականով մի անկյունում
մնացածը սավան է սպիտակ-սպիտակ
ասես մեկը
ճերմակ ներկ է լցրել դույլով
կյանքիս վրա
լուսինը մեկ լրիվ է ու մեկ՝ կիսատ
վաղվանից ես լինելու եմ մեկ ուրիշ կին...
Սոնա Վան


Մենք հավատում ենք
Որ մենք՝ հայերս, արժանապատվորեն ու քաջազնաբար հազարամյակներ շարունակ ճեղքել-անցել ենք մեզ պատուհասած բոլոր արհավիրքները: Մեզ չեն ընկճել անթիվ դժբախտությունները:
Մենք դիմակայել ենք ճակատագրի անողոք ու նենգ հարվածներին, դիմակազերծել ենք մեզ ստրկացնելու ձգտող բազում ազգերի և մարդկանց՝ բացահայտելով նրանց նողկալի ստորությունները, դավերն ու խարդավանքները: Մեր պարտություններն անգամ հաղթանակներ են եղել և փորձության և ինքնաբացահայտման լուսավոր էջեր:
ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՀԵՆՑ ԻՐԵՆ՝ ԱՄԵՆԱԶՈՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ… ու հասել մեր օրերը՝ հպարտ, որ ժառանգներն ու հետնորդներն ենք տասհազարամյա վեհասքանչ պատմություն կերտած մի ժողովրդի, որը շարունակաբար մարդկային հոսք տվեց արևելք և արևմուտք՝ սկիզբ տալով հնդեվրոպական ժողովուրդների:
Իր որդիք, հասնելով աշխարհի տարբեր ծայրամասերը, սկիզբ տվին մի հրաշալի քաղաքակրթության, որի հիմքում պայծառ միտքն է և վեհություն տենչող հոգին:
Այդ ժողովուրդների փորձը և փորձանքները հյուսեցին քաղաքակրթության մի ամբողջ պատմություն:
Քաղաքակիրթ աշխարհն արթնանալու է շուտով, քանի որ մենք թևակոխել ենք լուսավորության դարը, և ճանաչվելու է հայ ժողովուրդը՝ որպես քաղաքակրթության հիմնադիրը, և Հայաստանը՝ որպես բնօրրանը իրենց նախահայրերի:
Հատված՝ Նուբար Ջանոյանի
«Մենք հավատում ենք» գրքից

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...