2020-10-24 13:10
«Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.)
ես՝ պատահական մի քար քո ճամփին
դու՝ անկյունաքարն իմ ամբողջ կյանքի
ես՝ մի անցողիկ դեմք քո աշխարհում
դու՝ իմ աշխարհը անցողիկ կյանքում...
Սոնա Վան
Նուբար Ջանոյանի գործն անմահ է, անունը՝ հավերժ հիշվող, մարդ տեսակը՝ եզակի, հայի կերպարը՝ օրինակելի ներկա և ապագա սերունդների համար:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարը նվիրվում է ամերիկահայ բժիշկ, բարերար, ազգային գործիչ, գրող-հրապարակախոս ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆԻ հիշատակին՝ ի նշան հարգանքի և երախտիքի նրա անձի ու կատարած աշխատանքի հանդեպ:
Նուբար Ջանոյան.
բժշկելու արվեստը
Բժիշկ, հոգեբան, գրող-հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ, բարեգործ, մտավորական. այս բոլոր կոչումներն իրավացիորեն բնորոշ են նրան: Նրա նշանաբանն անհատույց նվիրաբերումն էր:
Հավերժի ճամփորդը
Նուբար Ջանոյանին վիճակվել է ապրել բազմաթիվ երկրներում: Ծնվել է Իրաքում, գաղթական հայերի ընտանիքում, մեծացել է Բաղդադում, ավելի քան 6 տարի ապրել Հայաստանում: Ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ երիտասարդ բժիշկը վերցնում է ճամփորդի իր ցուպն ու հավատարիմ Հիպոկրատի երդմանը՝ մեկնում երկրներ, որտեղ իր օգնությունն անհրաժեշտ կլիներ: Նուբար Ջանոյանն աշխատում է Ալժիրում, Անգլիայում և վերջնական հանգրվանը գտնում է Միացյալ Նահանգներում, ուր բնակվել է շուրջ 40 տարի:
«Գործունեությանս ողջ ընթացքում առաջնային է եղել մարդկանց օգնելը և երբեք չեմ մտածել նյութական փոխհատուցման մասին: Ալժիրում սպասարկում էի աղքատ շրջանի բնակչությանը, ինչպես և Անգլիայում, որտեղ իմ աշխատած հաստատությունը բուժօգնություն էր հատկացնում ամենաաղքատներին ու կարիքավորներին»,- պատմում էր Ջանոյանը: Հիրավի, մեծ մարդասերի ընտրած ճակատագիրն էր` լինել կարիքավորների կողքին: Բժշկի այս առաքելությունը շարունակվում է նաև, երբ Ջանոյանը 1987-ին հիմնում է սեփական գրասենյակը, որտեղ էլ իրեն դիմած յուրաքանչյուր այցելուի մշտապես օգնում է՝ շահելով բոլորի սերն ու վստահությունը: 2005 թվականին Նուբար Ջանոյանը հիմնում է «Ամեն ինչ առողջության համար և առողջություն` բոլորին» ոչ շահութաբեր բժշկական կլինիկաների ցանցը, որը առաջնային բուժօգնություն և սոցիալական ծառայություններ է մատուցում Գլենդելի և հարակից քաղաքների կարիքավոր բնակիչներին: Այն Դաշնային Կառավարության կողմից որակավորում ստացած կենտրոն է և անդամագրված է բազմաթիվ ծրագրերի, որոնց շնորհիվ կարիքավոր խավն անվճար օգնության արտոնություն ունի: Բժշկական կենտրոնն այժմ արդեն իր մասնաճյուղերն ունի Գլենդելում, Բրբակում, Սանլանդում, Լաս Վեգասում, Սան Լուիս Աբիսպոյում:
Նուբար Ջանոյանը նաև հոգիներ էր բժշկում՝ իր ջերմությամբ, լավատեսությամբ, հավատով ու սիրով: Մարդիկ լիահույս էին հեռանում նրա աշխատասենյակից, թաքուն ժպիտով՝ «ալքիմիկոսը» նրանց հայտնել է կյանքի խորհուրդը, որ ձևավորել է ճշմարտության որոնումների ճանապարհին:
Կյանքը հրաշք է
Ջանոյանի կարծիքով` վերջին տարիներին մարդիկ հեշտությամբ են կորցնում հոգեկան հավասարակշռությունը, ինչը համաշխարհային աննախադեպ արագ զարգացումների ստեղծած դժվարությունների հետևանք է: Արդյունքում, հատկապես Ամերիկայում, մարդիկ հաճախ են դիմում հոգեբույժների, հանգստացնող դեղահաբերի, թմրանյութերի օգնությանը՝ վերագտնելու ներքին խաղաղությունը: Այնինչ, Ջանոյանը խորհուրդ էր տալիս անդրադառնալ բնությանը, «քանի որ բնությունն ինքնամաքրման մեծ ուժ ունի և հակառակը՝ կարող է ըմբոստանալ, երբ մարդը խախտում է բնական ընթացքը»,- նշում էր բժիշկը:
«Իմ կլինիկա այցելում են տարբեր հիվանդներ: Որոշ այցելուների հիվանդ կոչելը ճիշտ չէ, նրանք ըստ էության առողջ են, բայց տխուր ու հուսահատ: Նման հոգեվիճակի մեջ ընկնող մարդիկ դիմում են հոգեբանի, ապա՝ հոգեբույժի օգնության, սկսում դեղահաբեր կուլ տալ: Այդ սպիտակ հաբերը, որ խոստանում են փոխել հիվանդի տրամադրությունը, թեթևություն բերել, վերացնել վախը, երկյուղը, հաճախ չեն արդարացնում հիվանդի ակնկալիքները: Ախր այս մարդկանց հաբեր պետք չեն, այս մարդկանց աշխարհայացքն է պետք փոխել: Ես մշակել եմ որոշ զրույցներ, որ կրկնում եմ պարբերաբար ծանր հոգեվիճակով տառապող այցելուներիս հետ հանդիպելիս: Այդ զրույցները, թեկուզ ժամանակավոր, բարեփոխում են նրանց հոգեվիճակը: Ես սկսում եմ մի պարզ հարցից. «դու հրաշք տեսե՞լ ես»: Հաճախ պատասխանը լինում է՝ ո՛չ: Հրաշք ասելով՝ մարդիկ հասկանում են պատի միջով անցնելը, կողպված դռնից ներս մտնելը, ջրի վրայով քայլելը: Հարցս շարունակում եմ: Քո մտքով երբեւէ անցե՞լ է, որ դու հրաշք ես և ես սկսում եմ բացատրել. «Քո ծնունդից առաջ մի տղամարդ, որ քո հայրն է, մոտեցավ մի կնոջ, որ քո մայրն է և նրան փոխանցեց մի բջիջ: Այդ բջիջը գիտակցորեն ուղղություն վերցրեց և փնտրեց մի ուրիշ բջջի միանալու և ամբողջանալու համար և կնոջ ձվաբջիջը հյուրընկալեց նրան: Միանալով իրար՝ այդ քրոմոսոմների միջև սկսվում է կոդավորված մի ամբողջ կյանք. մի բջիջը կիսվում է, դառնում երկուս, երկուսը՝ չորս և այդպես շարունակ: Հետո բջիջները դառնում են աչք, ականջ, թոք, սիրտ և բոլոր մյուս օրգանները: Բջիջների թիվը հասնում է տրիլիոնների և մինչ երեխայի հասունացումը՝ հասնում է հինգ տրիլիոնի: Յուրաքաչյուր բջջի մեջ ամեն երկու վայրկյան կատարվում է հինգ տրիլիոն քիմիական ռեակցիա, և դա կոչում ենք կյանք: Սա կատարվում է մեկ պահի մեջ այնքան համաչափ, իրար լրացնելով, օգնելով, սնելով, մաքրելով, այնպիսի ներդաշնակ ձևով, որ հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել»: Այս ամենը Դո՛ւ ես, Մա՛րդ, բա սա հրաշք չէ, ինչ է: Դու հրաշք ես, ամուսինդ հրաշք է, զավակդ հրաշք է, բոլորս հրաշք ենք: Հրաշք են կենդանիները, բույսերը: Հրաշք աշխարհի մեջ ենք ապրում ու չենք գիտակցում: Հուզվելը հրաշք է, մտածելը, հիշելը, քայլելը, խորհելը, սիրելը: Հրաշք են քամին, անձրևը, ամպրոպը, արեգակի լույսը և այս ամենը գիտակցելն է հրաշք: Այսքանից հետո նեղանում ենք և մելամաղձի մեջ ենք ընկնում, երբ ինչ-որ մեկը՝ մի ուրիշ անգիտակից հրաշք, մեզ հավանություն չի տվել, չի սիրել, չի օգնել: Այ քեզ անհեթեթ, անիմաստ մտահոգություն: Մեր իմաստուն նախնիները փիլիսոփայել են, բայց ոչ ոք չի հանգել այս ճշմարտության՝ կյանքը հրաշք է: Այս պատճառով էլ դեռ խավարի մեջ շվարած ման ենք գալիս: Իրականում, ամեն ինչ հրաշք է այս աշխարհում և երջանիկ և ուրախ չլինելու ոչ մի պատճառ չունենք: Նեղություններ կան ու պիտի լինեն, դրանք հրաշք աշխարհի խաղերն են միայն»:
Հայաստան, ինքնություն
Ճամփորդությունը Նուբար Ջանոյանի նախասիրություններից էր, որ վերջին 12 տարիներին մեկ նշանակետ ուներ: «Բյուրականում մեծ հողամաս ունեմ, որտեղ տասը հազար ծիրանի, դեղձի ու խնձորի ծառ եմ տնկել: Հայաստանն ինձ լիցքավորում է, շարունակելու ուժ տալիս»,- պատմում էր Ջանոյանը:
«Հայերը պետք է վերադառնան իրենց ակունքներին, ավանդական արժեքներին: Հազարավոր տարիներ հայն ապրել ու ստեղծել է ազգային արժեհամակարգ, որի հիմնական կրողն ու պահպանողը տոհմական ընտանիքն է եղել: Սերունդները կրթվել են այդ արժեքներով՝ յուրաքանչյուրը քաջ գիտակցելով իր դերն ու պարտականությունները»,- ազգային ինքնության վերարժևորման անհրաժեշտության մասին խորհում էր մտավորականը: Ըստ Ջանոյանի՝ այդ համակարգը ոչնչացվեց 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ ազգը որբացավ բոլոր առումներով:
«Ցեղասպանությունից փրկված մայրս, որ չորս տարեկանից մեծացել է մանկատանը, երբեմն չգիտեր՝ ինչպես վարվել որոշ պարագաներում, քանզի չէր տիրապետում իր ընտանիքի ժառանգությանը, և մենք էլ մոլորված էինք»,-պատմում էր Ջանոյանը: Սակայն նա լավ էր հիշում մանուկ հասակում մոր սովորեցրած երգերը: «Հալածուած ենք Հայաստանի լեռներ, է, ով չի վախնար սուրով թուրով մեռնելէն, քառսուն աղջիկ իրարու ձեռք բռնեցին, իրենք-զիրենք Եփրատ գետը նետեցին»,- երգում էր Ջանոյանը՝ նշելով, որ այս երգն ուղեկցել է նրան ողջ կյանքի ընթացքում՝ ոգեշնչելով առ հայրենիք ու ազգային իր գործունությունը:
Ուժը հարուստ ներաշխարհից է
Հայաստանի գրական կյանքը խթանելու և մշակութային ճգնաժամը հաղթահարելու նպատակով 2006 թվականին Նուբար Ջանոյանի հովանավորությամբ Հայաստանում բացվում է «Նարցիս» անվանումով գրական-գեղարվեստական հանդեսը: Նախաձեռնությունը հաջողվում է նաև Նուբար Ջանոյանի կնոջ և համախոհի՝ սիրված բանաստեղծուհի Սոնա Վանի շնորհիվ` 10 տարի շարունակ դառնալով գրական-մշակութային դաշտի առաջատարը Հայաստանում, նպաստելով նոր գրողների հայտնաբերմանը, գրաքննական և թարգմանական գործի զարգացմանը, առողջ մշակութային դաշտի ձևավորմանը հայրենիքում:
«Կարծում էի, որ հայ գրողները հայրենիքում որբացած են և որոշեցինք նրանց օգնելու, արտահայտվելու համար կնոջս հետ միասին հիմնել ամսագիր, որ նաև ֆինանսապես պետք է օժանդակեր նրանց», -նշում էր ազգային հարցերի ջատագով հասարակական գործիչը:
«Մարդու ներքին աշխարհը նույնքան ընդարձակ է որքան արտաքինը, մինչդեռ վաղ հասակից մենք ծանոթանում ենք միայն արտաքին օրենքներին՝ անտեսելով ներքինը, որտեղ առաջինն ընծայման օրենքն է: Միայն ուժեղ ու հարուստ ներաշխարհ ունեցող, հետևաբար՝ իմաստնացած անհատներին է բնորոշ մարդկային վսեմությունը, բարությունը»,- կյանքի իր փիլիսոփայությունն էր ներկայացնում Նուբար Ջանոյանը, ում կյանքն ու գործունեությունը մշտապես համապատասխանել են խոսքերին:
Նրա օժանդակությամբ Հայաստանում տարիներ շարունակ գործեց «Ինտրա» հոգեբանական աջակցության կենտրոնը` թմրադեղերի և ալկոհոլիզմի կախվածության մեջ գտնվող անձանց ծառայելու նպատակով: Որպես ազգային մշակույթի կարևորությունը հասկացող անհատ՝ Բժիշկ Ջանոյանը բազմիցս հովանավորել է բարձր, մաքրամաքուր արվեստի բազմաթիվ ձեռնարկներ: Լոս Անջելեսում նա հիմնել է առաջին մշակութային ակումբը՝ «Վահագնը», առաջին հայկական հեռուստաալիքը՝ «Եղիցի լույս» խորագրով, որի շրջանակներում հայ ունկնդրի հետ կիսել է իր մտորումները մարդկային բարձր արժեքների, հոգեբանության, աշխարհաճանաչության, ընտանիքի, առողջապահության, արվեստի կարևորության և բազմաթիվ այլ խնդիրների շուրջ՝ քաջալերելով ազատ մտածողությունը, նպատակասլացությունը և բաց բանավեճը: Գրականությունը որպես բարոյականության հիմք ընդունելով՝ նա հովանավորել է Լոս Անջելեսում առաջին գրական ամսագիրը՝ «Եղիցի լույսը», ապա հիմնադրել LASCCA մշակութային ֆոնդը, տարբեր արվեստագետների ու մտավորականների միջև մշտական շփումներ ստեղծելու նպատակով:
Բժիշկ Ջանոյան լեգենդը և նրա գործունեությունը կշարունակվի Բյուրականում՝ 40 հա հողատարածքի վրա տնկված 10 հազար պտղատու ծառերի այգու շնոհիվ, որից ստացված եկամուտը ըստ բժշկի ցանկության՝ պիտի տրամադրվի պայծառ, տաղանդաշատ, բայց նյութապես անապահով երիտասարդների կրթության առաջխաղացմանը: Ֆոնդը, որը կկոչվի «Նուբար արա», բաց կլինի բոլոր նրանց համար, ովքեր կիսում են բժշկի տեսլականը:
Բժիշկ Ջանոյանը հեղինակել է երեք գիրք, որոնցից առաջինը «Մենք հավատում ենք» խորագրի տակ փորձում է ձևակերպել հայի ինքնությունը, իսկ մյուս երկուսը՝ «Կյանքս՝ ինչպես որ ապրեցի», «Ճամփորդություն ժամանակի և տարածության միջով» գրքերը, համարյա օրագրային պատմություններն են աշխարհի հինգ տարբեր մայրցամաքներում իր մարդկային և մասնագիտական փորձությունների մասին, որոնց արդյունքում ձևավորվել է ոչ միայն իր՝ հեղինակի դիմագիծը որպես մեծ անհատ, այլ նաև մաքառող, ստեղծագործ, լավատես ու բարեգութ հայ մարդու ազգային միասնական դիմանկարը:
ALL FOR HEALTH, HEALTH FOR ALL` Իրականացած երազ
Նուբար Ջանոյանի հիմնադրած և Դաշնակցային կառավարության որակակավորմամբ գործող All For Health, Health For all բժշկական կենտրոնն այսօր տասնվեց մասնաճյուղ ունի: Հիվանդներին անվերադարձ օգնելու բժշկի պատրաստակամությունն է, որ գնահատել է Միացյալ Նահանգների Դաշնային կառավարությունը՝ կենտրոնին տրամադրելով տասնյակ ծրագրեր` անապահով և կարիքավոր խավի համար:
Նուբար Ջանոյանը սիրում էր կրկնել և այդ խոսքերը նշանաբան էին դարձել աշխատակիցների համար. «Իմ կենտրոնի շեմն անցած ոչ մի հիվանդ չպետք է մերժվի և նրան պետք է օգնություն ցուցաբերվի: Հիվանդն, ի վերջո, գիտի իր ցավն ու գիտի, որ կստանա անհրաժեշտ դեղը: Բժշկին հանդիպելու կարևոր նպատակն իր ցավը կիսելն է ու դիմադրելու ուժը ստանալը: Լավ բժիշկը հիվանդությունից չի խոսում: Երբ կատարյալ գիտելիքներով մասնագետը հիվանդին գնահատում է որպես ախտանիշների մի հանրագումար և վայրկենական որոշում կայացնում՝ դա հիվանդին անվստահության առիթ է տալիս, հիվանդը մտածում է նաև, որ ինքը բժշկի եկամտի աղբյուրն է: Հաճախ մեծահասակների համար միակ խոսելու առիթ ընձեռում է բժիշկը, միակ մարդը, ով հարցնում է` ինչով կարող եմ օգնել, ում կարելի է բողոքել տանջող ցավերից»:
Այս հավատով էլ բժիշկ Նուբար Ջանոյանը նախաձեռնեց իր հետագա ծրագրերը՝ տարեցների «ՍՈՆԱՖԵ» առողջապահական և «GIFT» հոգեբանական օգնության կենտրոնների հիմնադրումը: «Տարեցներին տրվող ուշադրության կարևորությունը երբեմն չենք գնահատում,- ասում էր Նուբար Ջանոյանը,- ընտանիքի երիտասարդ անդամների հոգսերը շատ են: Մեծահասակները, երբեմն անուշադրության մատնվելով, մեղքի զգացում են ունենում, որ ևս մի հոգս են, կամ իրենց երեխաներին ամեն ինչ չէ, որ հասցրել են անել: Շփման պակասը, անօգտակարության զգացումը բավարար պայմաներ են, որպեսզի մարդն իրեն հիվանդ զգա: Իր նման մարդկանց հետ փոխադարձ շփումը ոչ միայն օգտակար կլինի նրանց առողջությանը, նաև կօգնի ավելի քիչ հաճախականությամբ ծայրահեղ բժշկական օգնության դիմել: Այսօր կենտրոն դիմած հիվանդների մի զգալի մասն էլ ունի հոգեբանական խնդիրներ: Դրանք ավելի են սրվում, երբ կյանքի հասուն տարիքում մարդը հայտնվում է օտարության մեջ: Առանց ցավի ու բորբոքումների ընթացող հոգեկան շեղումները հաճախ են անտեսվում, դառնում ընտանեկան անհանգստությունների պատճառ, փոխանցվում շրջապատին»:
Բժշիկ Նուբար Ջանոյանի մարդասիրության մասին պատմությունները շատ են: Երբեմն անկարող հիվանդներից շատերի համար բժիշկն ինքն է գնել դեղերը: Նա գիտի քաղաքի գրեթե բոլոր անտուններին, գիտի նրանց ապրելակերպի խնդիրները: Գիտի, ովքեր են անապահով ընտանիքներից, հաճախ նրանց աննկատ դրամական օգնություն է ցուցաբերել: Օրինակ, մի հիվանդ հերթական այցելությունից հետո մոռանում է պիջակը: Վերադառնում է պիջակի հետևից, հետո գրպանում գումար հայտնաբերում, որ աննկատ թողել էր իր բժիշկը:
Հոդվածի պատրաստման համար օգտագործվել են հատվածներ Նանե Ավագյանի 2011 թվականին արված զրույցից:
«Հիմա, երբ օվկիանոսը Դու ես արդեն...»
IN REVEENCE OF OUR BELOVED
Dr. NOOBAR JANOIAN
Աճյունամոխիրը օվկիանոսին
հանձնելու ծիսակատարություն
Սոնա Վան
Հիմա, երբ օվկիանոսը դու ես արդեն, ես ծովահարս եմ: Սովորական ծովահարս: Երկկենցաղ կին: Ուզում եմ սպասել, մինչև ամբողջ օվկիանոսը ներծծվի քո մահվամբ ու քո ներկայությամբ: Ինչպես հատակում ապրող էակ, ուզում եմ պառկել ու կրծքիս վրա զգալ քեզանով նորոգված մեգատոնների ծանրությունը: Ուզում եմ թույլ տալ, որպեսզի այն ճնշի, ձևափոխի, քայքայի, տափակեցնի մարմինս: Ուզում եմ դառնալ ծակոտկեն:
-Ուժեղ հոգիները դիմադրում են,- ասում ես:
-Բայց ես ուժեղ հոգի չեմ՝ սեր: Ես ընդամենը ծովահարս եմ:
Ահա օվկիանոսը: Ահա արևը, որ դեռ չի հասցրել զտել իր լույսը: Ահա նստարանը, ավազը, ճայերը: Ամեն բան իր տեղում է, բացի քեզանից ու այդ գիտակցությունը բավական է, որպեսզի բնության այս ծանոթ ու վայրենի կենդանությունը վերածվի անշունչ թատերական դեկորի: Որպեսզի կոկորդս խեղդվի օդի այս անքանակության մեջ: Վախենում եմ գլուխս բարձրացնել: Վախենում եմ նայել օվկիանոսի աչքերի մեջ: Ի՞նչ պատասխան եմ տալու ալիքներին, ավազին, արևին, մայրամուտին,- որտե՞ղ է Նուբարը» եթե հարցնեն: Այսքան շատ ճայերին ի՞նչ եմ ասելու: Ո՞նց եմ եղածը բացատրելու փայտե այդ բութ նստարանին, երեսուն տարի ձգվող խոստովանությունների այդ անմշակ խորանին, որն ամեն բան գիտի մեր մասին: Որ տեսել է մեզ վեճի ժամանակ ու սեր անելիս, արցունքների մեջ ու գրկախառնության. դրան ինչպե՞ս եմ խոսք հասկացնելու: Մարմինս դողում է անզորությունից: Տե՛ս, փշաքաղվել եմ արդեն: Այս պահերին դու սովորաբար հանում էիր բաճկոնդ ու ծածկում ուսերս: Որտե՞ղ են ձեռքերդ: Մի՞թե մահը կարող էր կանխել քո քնքշությունը, ամեն գնով ինձ պաշտպանելու քո թուլությունը, քո սերը…
Ահա օվկիանոսը: Երեսուն տարիների մեր մշտական հանդիպման վայրը: Մեր խառնակիչն ու մեր հաշտարարը: Ինտենսիվ, պոտենտ ու անկանխատեսելի, ինչպես դու: Երկուսդ էլ հարուստ զվարթ ու աղետալի պատմությունների հիշողություններով: Երկուսդ էլ ընդունակ ծայրահեղ բալանսի ու ծայրահեղ լարվածության: Երկուսդ էլ հավասարապես հակված զվարթության ու ալեկոծումի: Երկուսդ էլ անասելի խորն ու անասելի խաղաղ: Ես արդեն տեսնում եմ ձեր հաշտությունը: Տեսնում եմ ինձ մեկնված օվկիանոսի ձեռքն ու ձեր մերձեցումն եմ տեսնում րոպեներ անց: Ահա այն, ինչ մնացել է քեզանից: Այս մոխիրը: Թեթև, բայց իրական՝ ինչպես դու: Բացակա, բայց ներկա՝ ինչպես քո լինելու կերպը, երբ ես աշխատում էի:
Թույլ տուր իմի բերել. քո լռությունը, քո թեթևությունը, քո բացակա ներկայությունը: Այն սուրբ երրորդությունը, որն ամփոփված է այս մոխրի մեջ: Քո ցանկությամբ ես այն հանձնում եմ օվկիանոսին ժամանակավորապես մինչև մեր վերջնական հանդիպումը՝ ջրերի մեջ: Հանդիպման վայրը մնում է նույնը:
Իմ փառահեղ կես: Որբուկ Խանումի ու Համբարձումի տղա: Թող նոր բարձրացող արևը քարտեզի ճշգրտությամբ մի պահ լուսավորի խորդուբորդ ճանապարհիդ զիգզագը Ասորեստանից Բաբելոն, Ասիայից Աֆրիկա, Եվրոպայից մինչև Ամերիկա: Քաղաքակրթական հսկայի քայլերով անցած այդ դժվար ու քարքարոտ ճանապարհը, որը դու անցար արժանապատիվ ու ճակատդ բարձր, թեթևությամբ ու համարյա պարային վայելչագեղությամբ: Անցար փոշոտ անապատով ու աշխարհի լավագույն փողոցներով` երբևէ չզլանալով լսել կողքիդ մարդու կոնկրետ կարիքի մասին և տրվեցիր նրանց ըստ պահանջի. հիվանդին՝ որպես դեղ, խեղդվողին` որպես օդ, սովածին` որպես հաց ու անհույսին` որպես հույս: Երևի հենց այդպես էր հարկավոր ապրել, որպեսզի մահվան անկողնու մեջ լինես այդքան փայլուն, այդքան լավը: Ոսկու պես այդքան ազնիվ ու այդքան թանկ: Ահա ոսկեփոշին՝ մոխիրը քո, որ կտակիդ համաձայն, քո իսկ ապրած կյանքի վայելչությամբ հանձնում եմ ջրերին՝ վստահ, որ մինչև մայրամուտ հասցրած կլինես զգալ, թե ինչի՞ կարիք ունի այս հսկա օվկիանոսը:
Միասին մենք
կամփոփենք տիեզերքը
/Հրաժեշտի բաց նամակ Սոնայիս
և բոլոր ներկաներին/
Նուբար Ջանոյան
Իմ լավ Սոնա:
Իմ հավերժական հարս:
Իմ լացկան աղջիկ:
Գիտեմ՝ տխուր ես: Տխուր ես ու նաև թեթևակի զարմացած, թե արդյոք երբ է գրվել սա ու թե տեսնես ինչ է գրված այնտեղ: Քեզ այդ լարման մեջ երկար չպահելու համար անմիջապես ասեմ, որ արտահայտածս մտքերից և ոչ մեկը անակնկալ չի լինելու քեզ համար, որովհետև մենք հարյուրավոր ժամեր ենք անցկացրել` դրանք քննարկելով, և դու հավանաբար ցանկություն չես էլ ունենալու ընթացքում ոտքս հրելու միջոցով դադարեցնել խոսքս: Հիշու՞մ ես մեր դժգոհության չափը հանգուցյալի վերջին տեսակցության տեքստի հետ կապված, որտեղ ամփոփվում էր մեռյալի կենսագրությունը՝ որպես թվերի ու փաստերի հանրագումար, որպես կնունքի ավազանից մինչև մահվան ավազանը ձգվող ուղիղ մի գիծ, ենթադրության և ոչ մի տեղ չթողնելով հեռացողի հավանաբար կիսատ թողնված ասելիքի համար: Այս պահին, երբ ես այլևս դուրս եմ մարմնիս կաղապարից, առավել հստակորեն եմ զգում, որ ես ավելին եմ, քան վերջին ամիսներին ինձ հետևողականորեն դավաճանող այս մարմինը ու հենց այդ ավելի մասով է, որ փորձելու եմ վերջին անգամ հաղորդակցվել քո և քո միջոցով նաև բոլոր նրանց հետ, ովքեր անկասկած այս պահին շրջապատում են քեզ ու ինձ:
Հոգի՛ս, չեմ թաքցնի, վերջին տարիներին իմ բազմաթիվ մահերի միջև հաճախ եմ փորձել պատկերացնել հեռանալու իմ արարողությունը, մտովի հետ ու առաջ եմ տարել ներկաների աթոռները, փորձել կարդալ նրանց վերջին մտքերը մահվան ու իմ մասին, տեսնել նրանց դեմքերը ու հատկապես հետևել քեզ, նշմարել խեղդվող կոկորդիդ դողը, քո անզորությունը՝ որպես իմ բազում մահերը վերածնունդի փոխարինելու մեջ արդեն վարպետացած անհատական աստված: Իմ պարտված հրեշտակ:
Ների՛ր ինձ ու հավատա, որ մինչև իսկ այս պահին, կյանքի ու ոչնչի միջև գտնվող այս ջրբաժանում ինձ ցավ պատճառողը ոչ թե մահվան գոյաբանական փաստն է, այլ քեզ կրծքիս սեղմելով հաջորդ արցունքդ կանխելու ու «վաղը ավելի լավ օր է լինելու» ասելուս անհնարինությունը: Սա իմ ամենամեծ անզորության պահն է, իմ կյանքի ամենամեծ պարտությունը: Հավատա, որ այս պահի՛ն անգամ ինձ չեն հուզում դրախտի կամ դժոխքի մանրամասները: Ես դրանք երկուսն էլ համտեսել եմ իմ մարդկային ու մասնագիտական կյանքի բերումով՝ հինգ տարբեր մայրցամաքների վրա: Տեսել եմ քաղցած անկողին մտնող որբի և լքված կնոջ ողբերգությունը: Որպես բժիշկ՝ անհաշիվ ու անժամանակ մահեր եմ տեսել: Իմ ապրած դրախտն ու դժոխքը ես իրական պատմություններով ներկայացրել եմ «Ճամփորդություն ժամանակի ու տարածության միջով» գրքիս մեջ: Աֆրիկայում ես հիվանդացա աչքի մի հազվագյուտ հիվանդությամբ, որը երեք ամսվա մեջ ավարտվելու էր կուրությամբ: Այդ օրը ես գրել եմ անձնասպանի իմ առաջին նամակը: Ինչ-որ հրաշքով ես չկուրացա, բայց իմ զգայարանների սրությունը երբեք չկորցրեցի: Այդուհետ երբեք չդադարեցի կյանքը, բնությունն ու մարդուն որպես հրաշք ընկալելու սովորույթս, որով մշտապես փորձել եմ վարակել իմ կողքին հայտնված բոլոր մարդկանց: Իսկ եթե պարզվի, որ իսկապես կա՛ հոգու սավառնումի մեկ այլ հնարավորություն / ես դրախտ չեմ կարող անվանել որևէ վայր կամ ժամանակ, որտեղ դու բացակայելու ես/, խոստանում եմ այնտեղից հսկել քո երկրային ճախրանքը, առանց երևալու, առանց քեզ սահմանափակելու, ինչպես քամին է շարժում նավի առագաստները, թռչունի թևերը: Իսկ իմ չլինելը թող որ քեզ շատ ցավ չպատճառի, քանի որ այս երեսուն տարիների ընթացքում ես այնքան մանրամասնորեն եմ ներծծվել քո մեջ, իմ աշխատանքի և բոլոր նրանց, ովքեր դարձան մեր միասնական առաքելության իրագործողները, որ մինչև իսկ մահը ինձ չի կարող լիովին հեռացնել այդ մեծ ու առողջ «Մենք»-ից, որի մասն եմ ես:
Հիշի՛ր, մահացողը «ես»-ն է՝ մարմինը,
իսկ «Մենք»-ը անմահ է, հավերժական:
«Մենք»-ը մեր ստեղծած հույսի ու կարեկցանքի
All for health կոչվող այն նավն է, որի ղեկը վստահելի ձեռքերում է /մենք համաձայնել ենք, որ չկա ավելի վստահելի բան, քան կանացի նվիրումը/ և որի ողջ անձնակազմը ընտրյալների կատարյալ համաստեղություն է: Անկախ տարիների թվից՝ մեկ մարդու կյանքը սեփական «ես»-ի շուրջ կատարված կարճատև պտույտ է, և մարդ արարածի ամենամեծ ձեռքբերումը հարմոնիկ ու նշանակալից «Մենք»-ի մեջ ինտեգրվելն է: Ուզում եմ, որ մեր ստեղծած «Մենք»-ի յուրաքանչյուր անդամ իր հետագա ընթացքի մեջ անվերջ զգա իմ կենդանի ներկայությունն ու իմ երախտապարտ ժպիտը: Ես երբևէ չեմ հավակնել աշխարհը փրկելու: Իմ խնդիրը մշտապես եղել է ճակատագրի բերումով իմ կողքին հայտնված մարդու փրկությունը և մասնագիտությանս բերումով ես հաճախ եմ վայելել միայն փրկարարին տրվող հաճույքի այդ աննախադեպ ձևը: Այս ժամանակներում, երբ մենությունը ոչ միայն խրախուսվում է տեխնոլոգիաների միջոցով, այլ նաև պարտադրվում է օրենքի ուժով, մտածող մարդու խնդիրը պիտի լինի ճիշտ վերլուծել ցանկացած իրավիճակ և թույլ չտալ, որ ապահովության անվան տակ մեզանից խլվի որպես մարդ, որպես հասարակական էակ ապրելու իրավունքը: Մարդկային երջանկության մեր իրավունքը:
Տեսակի աստվածահաճո հատկանիշների զոհաբերության գնով եւ մուտացիայի ենթարկվելով՝ պարզապես գոյությունը պահպանելու ձեւը վիրուսի՛ կենսաձեւն է, այլ ոչ մարդու:
Ես գնում եմ վախով, բայց նաև լավատեսաբար, հույսով, որ մտածող մարդը կանդրադառնա ժամանակի խնդիրներին ու վերջապես տեղի կունենա գիտական հանճարի և բարոյական հանճարի այդ կարևոր բաց զրույցը, որից հետո աշխարհը և մարդը կնորոգեն իրենց պայմանագիրը կյանքի ու մոլորակի հետ: Շատ կցանկանայի, որ այդ զրույցի թատերաբեմը դառնար Հայաստանը, որտեղ դեռ մասամբ պահպանված է սրտի ու մտքի բալանսը, քանի որ տեխնոլոգիան ու գիտությունը առանց կարեկցանքի ու բարոյականության կարող են վերածվել տառապանքի նոր աղբյուրի, բացառելով մարդկային երջանկության հնարավորությունը: Այսօր, երբ բոլոր կացութաձևերը վերջնականապես սպառված են, ոչ թե նոր գաղափարախոսության, այլ նոր հայտնության կարիք կա, որն անկասկած կծնվի հաջորդ առաքյալի մտքում և համացանցի կայծակնային արագությամբ կտարածվի ողջ մոլորակով՝ մեկ գիշերվա մեջ փոխելով ութ միլիարդ սիրտ: Բացառված չէ, որ դա լինի կին, քանի որ աշխարհի անկատարությունը մեծապես պայմանավորված է մտքի ու հոգու միջև գնալով մեծացող ճեղքով, այսինքն կանացի մասնակցության պակասով: Գաղտնիք չէ, որ ինտուիցիայով և իմաստությամբ գենետիկորեն առավել օժտված կինը վտանգը զգում է ավելի շուտ, քան տեստոստերոնով ուղղորդվող տղամարդը ու նաև առավել արագ է կողմնորոշվում կամ գտնում լուծումներ: Ես դրանում ավելի համոզվեցի՝ քեզ ճանաչելուց հետո: Ինձ միշտ զարմացրել է այն անճիգ թեթևությունը, որով դու միտքդ բաժան ես պահել սրտիցդ: Արդարության և հավասարության գաղափարը ինձ միշտ է ոգևորել, որի համար երկու անգամ հայտնվել եմ Իրաքի բանտում: Հայաստան մեկնելուս պատճառը ոչ միայն ուսման իմ ծարավն էր, այլ նաև ծնողներիս վախը՝ կապված իմ ըմբոստ քաղաքական ծրագրերի հետ: Ճիշտ է՝ Հայաստանում պայթեց կոմունիզմի ուտոպիայի երազս, բայց փոխարենը դարձա ավելի իրատես և գործնական: Իմ շարժումը մի՛շտ է ուղղված եղել դեպի օգտակարն ու ազնիվը: Սակայն դու իմ մեջ փոխել ես ամենակարևորը՝ իմ գործողությունների շարժառիթը: Նախքան քեզ հանդիպելը իմ բոլոր գործողությունների հիմքում ընկած է եղել ցեղասպանության զոհի վրեժը, ցավի և նվաստացման հիշողությունը, ինչ- որ մեկին ինչ- որ բան ապացուցելու կիրքը, իմ ազգային ու մարդկային արժանապատվության հարցը: Ես միշտ փողոց եմ դուրս եկել՝ ներքուստ լարված, ասես գնում եմ պատերազմի դաշտ, ասես գնում եմ քննության: Միայն քեզ հանդիպելուց հետո է, որ իմ մոտիվը դարձավ բացառապես սերն ու կարեկցանքը, իսկ ավելի հաճախ՝ քեզ զարմացնելու և քեզ հիացնելու ցանկությունը: Միևնույն մղումները, ինչ քո իսկ խոստովանությամբ ընկած են ստեղծագործության հիմքում: Սխալ չի լինի ասել ուրեմն, որ մենք միասնաբար կերտել ենք մեր կյանքը՝ որպես արվեստի գործ: Ես ոչ մի հարցում այնքան հետևողական չեմ եղել, որքան այդ սերը պահպանելու և աճեցնելու մեջ: Քո շնորհիվ իմ վերջին երեսուն տարիները դարձան երևակայական դրախտի իրական մանրակերտը՝ առանց սիմվոլների, մետաֆորների և ավետարանական տեքստերի անհրաժեշտության: Ինտենսիվ, ինքնուս ու ինքնաբավ երջանկություն՝ ինքն իր կարևորության և եզակիության մեջ: Քանի՜ցս ենք ծովափնյա մեր նստարանից հիացել իջնող արեգակով ու անակնկալ եզրակացրել, որ աշխարհի ղեկը կարելի է վստահել միայն գեղեցկության ու երջանկության մոլի՝ պրակտիկ սիրահարին: Որ միայն նրանց է տրված կյանքը ոչ թե որպես գաղափար, այլ որպես կենդանի փորձ ապրելու հրաշքը: Մարմնի միջոցով հոգին նորոգելու արվեստը: Որ միայն նրանք գիտեն մեկ ուրիշի հետ մեկանալու երջանկությունը: Միայն նրանք են գիտակցում հաճույքի լրջությունը:
Իսկ ես գնում եմ: Գնում եմ, քանի դեռ հավերժության միևնույն կողմում ես դու՝ այն եզակի անձը, ով կարող է իմ սխալ շարժումը վերածել համարյա էրոտիկ ոգևորության: Ով կարող է ճիշտ ուղղվածություն հաղորդել իմ պարտությանը: Գնում եմ՝ հետևում թողնելով ոգևորություններով ու հուսախաբություններով լի մի կյանք: Բոհեմի, խնդության ու տառապանքի, ազնիվ աշխատանքի, իմաստության, ճոխության ու բարեգործության տարիների հիշողություն՝ լի ծիծաղով, հպարտությամբ, խոնարհումներով ու ծափահարություններով: Հենց այդ ծափահարությունների ներքո էլ ուզում եմ կտրել կյանքի և ունայնության միջև գտնվող այս ժապ
Վերադառնալ