22:25
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես հետեւողական եւ պատասխանատու կերպով եմ աշխատում, պատրաստ` ամեն ջանք ներդնել ցանկալի արդյունքի հասնելու համար

2020-09-02 10:26

ՎԱՀԱԳՆ ԱՐՇԱԿՅԱՆ

«Արմավիր» ջրօգտագործողների
ընկերության գործադիր տնօրեն


«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

-Պարո՛ն Արշակյան, մեկ տարի է, ինչ Դուք ղեկավարում եք ՀՀ ամենամեծ` «Արմավիր» ՋՕԸ-ն, հասցրե՞լ եք լիովին ուսումնասիրել ոլորտը և մշակել ՋՕԸ-ի արդյունավետ կառավարման սկզբունքներ:


-Պետք է նշեմ, որ ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ղեկավար պաշտոններ եմ զբաղեցրել տարբեր մասնավոր ընկերություններում, ունեցել եմ արդյունավետ կառավարման հաջող փորձ: Ջրամատակարարման ոլորտն ինձ համար նոր էր, սակայն ՋՕԸ-ի ղեկավարի պաշտոնի համար առավել կարևորվում էր բարձրագույն կրթությունն ու կառավարման փորձ ունենալը, որին, և մնացած մյուս պահանջներին, ես համապատասխանում էի:
Պաշտոնը ստանձնելուց հետո սկսեցի խորապես ուսումնասիրել ջրամատակարարման ոլորտը: Իմ սեղանի գրականությունն ամբողջությամբ դրան է վերաբերում, փորձում եմ գիտելիքներ քաղել ոչ միայն զուտ իմ աշխատանքի, այլև, առհասարակ, աշխատանքային ողջ շղթայի բոլոր օղակների մասին, որպեսզի կարողանամ օբյեկտիվ գնահատել յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը, տեսնել թերությունները և շտկել: Պակաս կարևոր չէ օրենսդրական մակարդակով տիրապետել ՋՕԸ-ի և ջրօգտագործողի իրավունքներին և պարտականություններին:
Ունեմ հրաշալի կոլեկտիվ, որակյալ մասնագետներ, որոնք հիանալի կատարում են իրենց աշխատանքը, և իմ փոխարեն ուրիշ մեկը երևի թե կհանձնարարեր նրանց ստուգել բոլոր աշխատանքները և չէր փորձի անձամբ խորանալ երևացող և չերևացող խնդիրների մեջ, բայց դա մարդու տեսակի հարց է, ես հետևողական, պատասխանատու կերպով եմ վերաբերվում աշխատանքին և պատրաստ եմ ամեն ջանք ներդնել, գիշեր-ցերեկ աշխատել ցանկալի արդյունքի հասնելու համար:
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ղեկավարում եմ «Արմավիր» ՋՕԸ-ն և պետք է ասեմ, որ լիարժեք տիրապետում եմ իրավիճակին, խնդիրներին, անձամբ տեղում եմ ծանոթանում դրանց և ձգտում շուտափույթ լուծում տալ:
Իմ դռները բաց են յուրաքանչյուր ջրօգտագործողի առջև, որևէ խնդրի դեպքում նրանք այցելում են գրասենյակ, և մենք քննարկում ենք առկա խնդիրը, փորձում լուծում գտնել: Ես անհատական մոտեցում եմ ցուցաբերում յուրաքանչյուրին և ձգտում եմ հնարավորինս օգտակար լինել, իսկ խնդրանքս մեկն է լինում, որ ժամանակին կատարեն վճարումները, որպեսզի մենք կարողանանք առավել արդյունավետ աշխատել, քանի որ նրանց վճարումներն ամբողջությամբ ուղղվում են ջրամատակարարման որակի բարձրացման աշխատանքներին, առկա խնդիրների լուծմանը:

-Թվով քանի՞ համայնք եք սպասարկում, դրանց ո՞ր տոկոսը մեխանիկական և ո՞ր տոկոսը` ինքնահոս եղանակով, այդ գործընթացի հետ կապված ի՞նչ խնդիրներ են առկա:

-«Արմավիր» ՋՕԸ-ն սպասարկում է 41 համայնք: Դրանց 20-25 տոկոսը ոռոգվում է մեխանիկական, իսկ մնացած 75-80 տոկոսն ինքահոս եղանակով:
Պետք է նշեմ, որ մայր ջրանցքի վերջին հատվածներում գտնվող համայնքներ դժվարությամբ է ջուրը հասնում, այդ պատճառով փորձել ենք մշակել ջրի պաշարների կառավարման արդյունավետ եղանակ. ջուրը կուտակում ենք Արտաշատի և Զարթոնքի մեր պոմպակայաններում և այնտեղից մղում այդ համայնքները, որտեղ ինքնահոս եղանակով ջուր չի հասնում:
Հուսով եմ` մեր ջրօգտագործողները գոհ են, թեև երբեմն լինում են նաև դժգոհություններ, ինչը բնական եմ համարում, բացատրում եմ, որ «Արմավիր» ՋՕԸ-ի ոռոգման համակարգը բետոնային առու է կամ հողային հուն, որը տարիների ընթացքում քայքայվել է, որ ներտնտեսային ցանցը շատ վատ վիճակում է, հիմնանորոգման կարիք ունի, դրա հետևանքով ծագում են բազում խնդիրներ, ունենում ենք 40-44 տոկոս ջրի կորուստ: Ճիշտ է, մենք ամեն տարի, մինչև ոռոգման սեզոնի սկսվելը, իրականացնում ենք մաքրման, բարեկարգման մեծածավալ աշխատանքներ, սակայն դրանք հիմնանորոգման աշխատանքներ չեն և մեծ իմաստով բուն խնդիրը չեն լուծում:

-Կներկայացնե՞ք այս տարի Ձեր իրականացրած աշխատանքները:

-Այս տարի ոռոգման սեզոնին ընդառաջ` պատշաճ կերպով իրականացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները` ջրատարների մաքրում, պոմպակայանների նորոգում, հարթափականների վրա բարդ փականների տեղադրում, պոմպակայանի մղման խողովակի նորոգում, առվահանության աշխատանքներ և այլն, որոնց արդյունքում ջրի կառավարումը հեշտացել է: Այս բոլոր աշխատանքներն իրականացվել են մեր կողմից սպասարկվող տարբեր համայնքներում` փորձելով լուծել դրանցում առկա խնդիրները:
Սակայն ևս մեկ անգամ պետք է նշեմ, որ աշխատանքները շատ են և դրանք պետք է կատարվեն փուլ առ փուլ, միանգամից հնարավոր չէ բոլոր խնդիրները լուծել: Փառք Աստծո, կան պետական ծրագրեր, որոնք ուղղված են համայնքների ներտնտեսային ցանցերի, միջտնտեսային ջրանցքների վերանորոգմանը, և այս պահին դրանք իրականացման գործընթացի մեջ են: Կարծում եմ` հաջորդ տարի որակապես շատ ավելի բարձր մակարդակի ջրամատակարարում կիրականացվի ողջ հանրապետությունում:

-Համավարակը մեծապես ազդեց բոլոր ընկերությունների աշխատանքի բնականոն հունի վրա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ այն Ձեր աշխատանքների վրա, և կխնդրեմ համեմատություն անցկացնեք նախորդ տարվա արդյունքների հետ:

-Բնականաբար, հնարավոր չէ, որ համավարակը մեզ շրջանցեր, որոշ աշխատանքներ չկարողացանք ճիշտ ժամանակին կատարել: Դրանք հիմնականում պայմանագրերի կնքմանն են վերաբերում:
Ընդհանուր առմամբ, ունենք 8000-8500 ջրօգտագործող, մեր հաշվարկներով` տարեվերջին նրանց թիվը կհասնի 12-13 հազարի: Մեծ հողակտորների պայմանագրերն արդեն կնքված են, մնացել են փոքրերը, որոնք պետք է ավելի շուտ ավարտած լինեինք, եթե չլիներ համավարակը:
Անցյալ տարի ոռոգել ենք 13500 հա հողատարածք, այս պահին մեր բազայում առկա է 12000 հա հողատարածք, քանի որ համավարակի պատճառով ջրօգտագործողների հոսքը մի պահ դանդաղեց: Մեզ մոտ փաստաթղթերի մեջ ունենք ևս 1000 հա հողատարածք, որը դեռևս բազա չի մուտքագրվել: Մեր տեղամասերի պետերի, բաժնի պետերի հետ խորհրդակցությունից պարզ դարձավ, որ մինչև ամսվա վերջ այդ թիվը ևս 1500 հա-ով կավելանա և մինչև ոռոգման սեզոնի ավարտը կունենանք 14500 հա-ից ավելի ոռոգվող հողատարածքներ: Այսինքն` անցյալ տարվա համեմատ` 1000 հա-ով ավելի են լինելու մեր կողմից ոռոգվող հողատարածքները:

-Երևում է, որ սրտացավ վերաբերմունք ունեք Ձեր աշխատանքի հանդեպ, հասցրե՞լ եք սիրել այն:

-Այո՛, ես մեծ սիրով և նվիրվածությամբ եմ աշխատում, անձամբ հետևում եմ բոլոր գործընթացներին, 24/7 ռեժիմով հետևում դրանց որակով իրականացմանը:
Իհարկե, մեր բոլոր հաջողությունները միայն ինձով չեն պայմանավորված, այլ նաև մեր ողջ աշխատանքային թիմով, որում կան նվիրյալ աշխատակիցներ, ովքեր ինձ հետ միասին գիշեր-ցերեկ աշխատում են:

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում համակարգը տարիներ անց, ի՞նչ նշաձող եք սահմանել Ձեզ համար:

-Իմ սահմանած նշաձողը մի քիչ անիրական է թվում, սակայն ցանկանում եմ, որ «Արմավիր» ՋՕԸ-ի բոլոր ջրօգտագործողները գոհ լինեն պետության և մեր թիմի աշխատանքից:
Ճիշտ է, մենք հաճախակի ենք ստանում շնորհակալական նամակներ, որոնցում նշվում է, որ եթե նախկինում իրենց հողակտորը 2-3 օրում էին ջրում, ապա այսօր` ընդամենը 6 ժամում, և որ գոհ են մեր վերաբերմունքից և խնդրիներին արձագանքելու արագությունից: Նրանք երևի թե չեն պատկերացնում, թե ինչպիսի մոտիվացնող ազդեցություն են ունենում նման նամակները մեզ վրա:

-Ձեր կոչը` ջրօգտագործողներին:

-Հարգելի՛ ջրօգտագործողներ, խնդրում եմ, հորդորում եմ վճարե՛ք ոռոգման ջրի վճարները և հարյուր տոկոսով վստահ եղեք, որ այդ ամբողջ գումարը ներդրվելու է համակարգի արդիականացման աշխատանքներին: Մենք աշխատում ենք պարզ, թափանցիկ, հաշվետվություններ ենք ներկայացնում, որոնք ուսումնասիրելով` ինքներդ կարող եք նման հետևություն անել:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...