18:51
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առօրյա հոգսերը լուծելի են, երբ համայնքն ապրում է մեկ ընտանիքի նման

2020-08-31 10:23

 
«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Աղավնատուն համայնքի ղեկավար ԳՆԵԼ ՄԱԹԵՎՈՍՅԱՆը:

2016թ-ի հունիսից Գնել Մաթևոսյանն Աղավնատուն համայնքի ղեկավարն է: 3600 բնակիչ ունեցող համայնքը մեկ ընտանիք դարձած ապրում է առօրյա հոգսերով: Համայնքն ունի 450 հա մշակովի հողեր, այդ իսկ պատճառով պտղատու այգիները համայնքում քիչ են: Չկան արոտավայրեր, ինչը թույլ չի տալիս զբաղվել անասնապահությամբ: Աճեցնում են թարխուն, անանուխ, ելակ, ինչպես նաև բանջարաբոստանային կուլտուրաներ:

-Պարո՛ն Մաթևոսյան, ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել համայնքում:


-Համայնքն ապահովված է խմելու և ոռոգման ջրերով, էլեկտրաէներգիայով, հենասյուների 90 տոկոսը փոխված է, համայնքում կա արտաքին լուսավորության ցանց: Աղբահանության խնդիր համայնքը նույնպես չունի: Գյուղերից միայն մենք ունենք աղբավայր, աղբահանության համար նախատեսված մեքենա: Համայնքում և գերեզմանատանը, նույնիսկ հասարակական զուգարան ենք կառուցել, ինչը հազվագյուտ երևույթ է Հայաստանի համայնքների համար:
Քայլեք Աղավնատուն համայնքի փողոցներով, դրանք բարեկարգ են ու ասֆալտապատ: Անցյալ տարի սուբվենցիոն ծրագրով, որի 55 տոկոսը վճարում է համայնքը, երկու փողոց` մոտ 4000 քմ, ասֆալտապատվել է, նույն ծրագրով այս տարի նախատեսում ենք ասֆալտապատել համայնքի մուտքի տարածքը` մոտ 3000 քմ:
Բարերար Վահան Ավագյանի միջոցներով 2012թ. համայնքում բացվեց Սուրբ Աննա եկեղեցին: 2012 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի նախագահությամբ կատարվել է «Դռնբացէքի» արարողություն և օծվել են եկեղեցու 12 սյուները: Հոկտեմբերի 21-ին Սրբազան Հայրը Սրբալույս մյուռոնով օծել է Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի սյուները` չորս Ավետարանչիների անուններով, և Մկրտության ավազանը: Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղադրվել են 17 խաչքարեր, որոնց հեղինակը քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն է:
Բարերարը որոշել է նաև կառուցել մանկապարտեզ, որը տարածքով ամենամեծն է լինելու մարզում` 2000քմ: Շուտով ավարտին կհասցվի ժամանակակից պահանջներին համապատասխան սպորտային համալիրը, ֆուտբոլի դաշտը, վոլեյբոլի ու բասկետբոլի հրապարակը, վազքուղիները, բայց ամենաշատն ուրախացնում է, հատկապես, մանկապարտեզ ունենալու միտքը, որովհետև վերջին 30 տարում համայնքում մանկապարտեզ չի եղել: Վահան Ավագյանի շնորհիվ համայնքում գործում են մշակութային խմբակներ: Համայնքում կա նաև բարձրակարգ բուժամբուլատորիա, որը բժշկական օգնություն է ցուցաբերում մեր բնակիչներին:
Բարերար Վահան Ավագյանն ապրում է Մոսկվայում, բայց հնարավոր ամեն միջոցով աջակցում է իր ծննդավայրին: Այս տարվա մարտին ամեն ընտանիքի բաժանել է մեկ պարկ ալյուր, նախորդ դեկտեմբերին 85 ընտանիքի 100 դոլար է նվիրել, բայց այդ մասին երբևէ չի բարձրաձայնում: Նրա միջոցներով է ապահովվում ուսանողների տրանսպորտային ծախսերը. այս գարնանը բարերարը համայնքի ուսանողների համար գնել է մեծ ավտոբուս:


-Պարո՛ն Մաթևոսյան, ինչպիսի՞ն է համայնքում համայնքի ղեկավար-բնակիչ հարաբերությունները և ինչպիսի՞ ընտանիք ունեք:


-Մարդկային, բարեկամական հարաբերություններ են ստեղծվել համայնքի ղեկավարի և բնակիչների միջև: Հարցրեք նրանց համայնքի ղեկավարի մասին, հաստատ դժգոհ մարդիկ չեն լինի: Գյուղապետը ժողովրդի ծառան է, գյուղապետը պաշտոն չի, եթե ընտրել ես այդ աշխատանքը, ապա պետք է պատասխանատվությամբ ու նվիրումով աշխատես ու պիտանի լինես համայնքիդ, անգամ հրաժարվել եմ ծառայողական մեքենայից: Ընտանիքիս մասին շատ բան չեմ ասի, միայն կասեմ, որ երկու եղբայր, մեր ընտանիքներով, ապրում ենք մի բակում ու օրինակ ենք շատ ու շատ ընտանիքների համար: Միայն խաղաղություն լինի երկրում, մնացածը կամաց-կամաց կկարգավորվի, աշխատանք սիրող ժողովուրդն ամեն ինչի կհասնի:


Հարցազրույցը՝ Սեդա Գասպարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...