18:09
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Համայնքն իմ մեծ ընտանիքն է` համախմբված ու համերաշխ

2020-08-25 10:15

 
«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Արմավիրի մարզի Արագած համայնքի ղեկավար Աշոտ Կամավոսյանը:

Համայնքապետարանի դռները միշտ բաց են բնակիչների առջեւ եւ ես միշտ հասանելի եմ բոլորի համար:

Արագածի բնակիչներն այստեղ բնակություն են հաստատել 1828թ-ից: Եկել են Խոյից և որպես առաջին կարևոր գործ կառուցել են Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Ժամանակի ընթացքում այն քանդվել ու վերածվել է պահեստի: Այս տարի բնակիչների ջանքերով եկեղեցին վերանորոգվում է: Ցանկություն կա եկեղեցու շուրջը հիմնել գեղեցիկ այգիներ: Ի դեպ, եկեղեցին վերականգնվում է իր նախնական տեսքով ու ձևով: Որպես շինանյութ օգտագործվում է ձվի և հողի շաղախը: Եկեղեցու հատակին փռվելու է Արագածի գագաթից բերված կարմիր քարը, որն իր կարմրությունը ստացել է դարավոր արևայրուկից:

-Պարո՛ն Կամավոսյան, ինչպիսի՞ն են համայնքի ղեկավար-համայնքի բնակիչ հարաբերությունները:


-22 տարի շարունակ Արագած համայնքի ղեկավարն եմ, բայց ինձ համարում եմ ոչ թե համայնքի ղեկավար, այլ համայնքի ծառա: Իմ և համայնքի բնակիչների միջև շփումները պարզ, ազատ և անկաշկանդ են: Համայնքապետարանի դռները միշտ բաց են նրանց առջև. ես միշտ հասանելի եմ բոլորի համար: Համայնքի ցանկացած բնակչի հոգսը նաև իմ հոգսն է, և ես ջանք չեմ խնայում անել ամեն ինչ, որպեսզի համայնքի բնակիչների խնդիրները չմնան անլուծելի:

-Որքա՞ն է համայնքի բնակչության թիվը և ինչո՞վ են նրանք զբաղված:

-Ժամանակին համայնքը մեծ բնակչություն ուներ, տարբեր պատճառներով բնակիչների թիվը տարեցտարի նվազել է, սակայն այսօր կրկին բնական աճի միտում կա, ունենք մոտ 3800 բնակիչ:
Համայնքում գրեթե չմշակվող հողեր չկան: Գյուղմթերքի շուկան վաղահաս կարտոֆիլով, կաղամբով ու թարխունով ապահովում է Արագած համայնքը: Մեզ մոտ կարտոֆիլ սկսում են ցանել դեկտեմբեր ամսին: Փետրվարին արդեն ունենք կարտոֆիլի առողջ բերք: Նաև 160 հա եգիպտացորենի այգիներ ունենք: Անցյալ տարի կաղամբի լավ բերք ունեինք ու իրացման հետ խնդիրներ չառաջացան, այս տարի կաղամբի բերքի 80 տոկոսը չիրացվեց, նույնիսկ բերքահավաք չկատարվեց, քանի որ ցածր գնի պատճառով գյուղացին չէր կարողանալու վերադարձնել ծախսը: Նոյեմբեր ամսից մոտ 500 հա մշակովի հողեր ծածկվում են պոլիէթիլենով, սկսվում է ջերմոցային ցանքի սեզոնը:
Ունեինք նաև չմշակվող հողեր, որոնք դարձան մշակովի «Արցախ ալկո» ընկերության շնորհիվ: Այժմ այդ տարածքներում թթի, ծիրանի և հոնի ծառեր են, որոնց պտղից ընկերությունը օղի է պատրաստում և արտահանում:

-Ի՞նչ խնդիրներ են լուծվել համայնքում, և ի՞նչ ծրագրեր ունեք դեռևս կատարելու:

-Ամենակարևոր խնդիրը, որն արդեն լուծել ենք, խմելու ջրի խնդիրն էր: Համայնքը խմելու ջուր չուներ, օգտվում էր 3-4 փոքր աղբյուրներից: Համայնքում ստեղծվել է 70 կմ երկարությամբ խմելու ջրագծի ցանց: Այսօր ունենք 24-ժամյա ջրամատակարարում, որից օգտվում են նաև հարևան համայնքները:
Մյուս կարևոր խնդիրը գազաֆիկացումն էր: Տարածաշրջանում գազաֆիկացված համայնք չկար: Այսօր արդեն Էջմիածնից Արագած ձգվող գազատար խողովակներից գազ են ստանում նաև հարևան համայնքները:
Ունենք մանկապարտեզ, որն արդեն 11 տարի նախադպրոցական կրթություն է ապահովում համայնքի 120 երեխաների և հարևան համայնքից հաճախող երեխաների համար:
Համայնքում գործում է հանդիսությունների սրահ, որը ցանկացած միջոցառում անցկացնելու համար սիմվոլիկ գումարով տրամադրվում է ինչպես մեր, այնպես էլ հարևան համայնքի բնակիչներին:
Համայնքը չունի ոռոգման ջրի խնդիր: Գիշերային լուսավորության խնդիր նույնպես չունենք, 20 տարուց ավելի է համայնքի փողոցները լուսավորված են, ճանապարհները բարեկարգ, կանաչապատ ու գեղեցիկ ձևավորված: Այս տարի սուբվենցիոն ծրագրի և համայնքի բյուջեի միջոցներով վերանորոգվում է Արագած համայնքի մշակույթի տան տանիքը:
Արագած համայնքում հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրով և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ նախատեսվում է կառուցել սպորտային մեծ համալիր, որը կզբաղեցնի մոտ 1 հա տարածք և կունենա ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտեր, լողավազան, վազքուղի:
Համայնքում մշտապես կատարվում են միջհամայնքային ու դաշտամիջյան ճանապարհների վերականգնման աշխատանքներ, քանի որ անձրևից ու ձյունից նրանք շատ շուտ քայքայվում են:

-Պարո՛ն Կամավոսյան, իսկ ի՞նչ առանձնահատկություններով են օժտված համայնքի բնակիչները:

-Համայնքի բնակիչները ստեղծող, արարող, շատ հայրենասեր, իրենց հողն ու ջուրն անչափ սիրող, նամուսով, թասիբով ժողովուրդ են: 1941-45թթ Հայրենական պատերազմի ընթացքում Արագած գյուղից պատերազմին մասնակցել են երկու հարյուրից ավել մարդ, որոնցից 79-ը չեն վերադարձել: Գյուղի մասին խոսելով ես` որպես հայ մարդ, չեմ կարող չհիշել և չխոսել Արագած համայնքի չորս քաջարի արծիվների մասին, ովքեր նահատակվեցին և անմահացան Արցախյան հերոսամարտում: Գնդապետ Մեխակ Մեխակյանի անունը ծանոթ կլինի յուրաքանչյուր հայի, իսկ նրա անցած մարտական ճանապարհի և կատարած սխրագործությունների, զինվորների շրջապատում նրա գրագետ և դաստիարակչական պահվածքի, պատերազմի ընթացքում նրա կազմակերպած խելացի և հմուտ մարտական օպերացիաների մասին գիտեն շատ շատերը: Մեխակն իր մարտական ուղին սկսեց 1988 թվականին` շարքային զինվորի աստիճանով, և անմահացավ 1994 թվականի մայիսի 1-ին Թալիշ գյուղի մոտ, զինադադարից ընդամենը մի քանի օր առաջ, գնդապետի կոչումով: Մեխակն իր կատարած հերոսությունների համար պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ I-ին աստիճան» շքանշաններով: Նշեմ, որ իրենց կյանքը հայրենիքին և հայ ժողովրդին նվիրած Սամվել Կարապետյանը, Համբարձում Ոսկանյանը և Վարիչ Մովսիսյանն իրենց մարտական ուղին անցել են Մեխակի հետ և նրա հրամանատարության ներքո:

-Պարո՛ն Կամավոսյան, ի՞նչ ցանկություն և երազանքներ ունե՞ք:


-Մեր երկրին խաղաղություն եմ ցանկանում և երազում եմ զարգացած, բարեկեցիկ, հզոր Հայաստան ունենալու մասին:


Հարցազրույցը՝ Սեդա Գասպարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...