20:39
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արարատ համայնքը Հայաստանի խոշոր համայնքներից է` միշտ բարեկարգ, մաքուր, խնամված ու առաջատար է ոչ միայն մարզում, այլեւ հանրապետությունում

2020-08-19 10:00

ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Արարատ համայնքի ղեկավար

-Պարո՛ն Ղազարյան, արդեն 8 տարի է Արարատ համայնքի ղեկավարն եք: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել համայնքում Ձեր ղեկավարման տարիներին:


-2012թ.-ի նոյեմբերի 12-ից Արարատ համայնքի ղեկավարն եմ: Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից հետևողական եմ իմ պարտականությունների կատարման գործում: Սկզբնական շրջանում շփվել եմ համայնքի բնակիչների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, գտել ենք լուծման հնարավոր տարբերակներ ու սկսել ենք աշխատել: Մշակել ենք համայնքի զարգացման հնգամյա ծրագիր ու փորձում ենք իրականություն դարձնել այն: Մի շարք խնդիրներ արդեն լուծվել են, որոշներն ընթացքի մեջ են: Խմելու ջրի խնդիրը, որպես կարևորագույն հարց առաջնային էր: 2014թ.-ին հին ջրագծերը փոխարինել ենք նորերով: Այս տարի նախատեսում ենք փոխարինել մայր ջրագծի ևս մոտ 5կմ: Այս պահին կատարվում են նախագծման աշխատանքներ: Համայնքը միաժամանակ նաև ասֆալտապատվում է, սակայն դեռ ջրագծերի հարցը վերջնականապես լուծված չէ: Մարզպետարանի ու կառավարության հետ քննարկում ենք ջրագծերի հարցը հրատապ լուծելու տարբերակը: Նաև համայնքի ոռոգման ջրի ցանցը համաֆինանսավորմամբ բարելավելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ասֆալտապատվում են միջհամայնքային ճանապարհները` ընդհանուր երկարությունը 9կմ, Արարատ համայնքում 3-4 կմ:

-Ո՞ր խնդիրներն են այսօր հրատապ համայնքի համար:

-Լուծում պահանջող խնդիրներից կուզենայի նշել մարզադահլիճի խնդիրը: Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներից, կառավարության հրատապ ծրագրերի շրջանակում, հատկացվել է մոտ 75 մլն դրամ համայնքում նոր մարզադահլիճ կառուցելու համար: Գումարը, իհարկե բավարար չէ, սակայն համայնքը պատրաստակամություն է հայտնել համաֆինանսավորել ծրագիրը: Այստեղ բախվել ենք մեկ այլ խնդրի, հայտարարված մրցույթին մասնակցողներ, ցավոք, չեն գրանցվում: Թեև մարզադահլիճ, որպես այդպիսին, դեռ չկա, սակայն մեր բնակիչների` սպորտով զբաղվելու ցանկությունն իրականություն է: Ունենք բացօթյա լողավազան երեխաների ու մեծերի համար: Անցած տարի Ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով կառուցվել է մինի ֆուտբոլի դաշտ:

-Համայնքում կա՞ գործող մանկապարտեզ, մշակույթի տուն:


-Իհարկե, ունենք վերանորոգված հրաշալի մանկապարտեզ նախատեսված մոտ 200 սաների համար: Պարզապես այս պահին կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, այն ժամանակավորապես չի գործում: Իրականացրել ենք Մշակույթի տան հիմնանորոգում համայնքապետարանի ու պետական միջոցների համաֆինանսավորմամբ:
Համայնքի հարևանությամբ գործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը 2017թ.-ին տրամադրել է մեզ ավտոբուս Երևանում սովորող ուսանողներին անվճար կրթօջախներ հասցնելու համար: Ի դեպ, մոտ 40 ուսանողի ուսման վարձի փոխհատուցում է տրվում 50000 դրամի չափով:

-Ինչպե՞ս են կազմակերպում համայնքի բնակիչներն իրենց ժամանցը:

-Հայրենական մեծ պատերազմիզոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի տարածքը համայնքի բնակիչների սիրելի վայրերից է` գեղեցիկ շատրվաններով, ճեմուղիներով, որտեղ մեր բնակիչները երեկոյան ժամերին զբոսնում են, այստեղ են կազմակերպվում տոնական միջոցառումները:

-Համայնքը գազաֆիկացվա՞ծ է:


-Ընդհանուր առմամբ այո, սակայն ունենք որոշ փողոցներ, որոնք գազաֆիկացված չեն: Այս տարի մեր միջոցների մեծ մասն ուղղելու ենք գազամատակարարման խնդիների լուծմանը:

-Նկատեցինք, որ բարեկարգման աշխատանքներ են ընթանում համայնքի փողոցներում:

-Այո, մեր փողոցները բարեկարգվում են, խճապատվում: Ասֆալտապատել ենք դեպի դպրոց, դեպի փոստ, համայնքի կանգառ տանող ճանապարհները:

-Ո՞րն է այսօր Արարատ համայնքի գերխնդիրը:

-Այս պահին, որպես գերխնդիր, կնշեմ ջրահեռացման համակարգի վերականգնումը և մաքրման կայանի կառուցումը: Արարատ համայնքում տնտեսությունների մոտ 30-40 տոկոսն է օգտվում կենտրոնացված ջրահեռացման համակարգից: Արարատ քաղաքի ջրահեռացման կոլեկտորն անցնում է մեր համայնքով և միանալով մեր համայնքի ջրահեռացման գծին, կեղտաջրերը մոտ 1 կմ-ոց խողովակաշարով հասնում և թափվում են մեր համայնքի դաշտերը` ստեղծելով սանիտարական և էկոլոգիական աղետալի վիճակ:
Խնդիրը մշտապես բարձրաձայնվում է, պարզապես լուծումը կապված է մեծ ծախսերի հետ:

-Որքա՞ն բնակչություն ունի համայնքը և ինչո՞վ են նրանք զբաղված:

-Գրեթե 8100 բնակիչ ունի Արարատ համայնքը: Մեր համագյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, զարգացած է հատկապես խաղողագործությունը: Եվ այստեղ կուզենայի նշել իրացման խնդիրը: Գյուղացին չի կարողանում սպառել կամ իրացնել արտադրանքը: Ունենք նաև աշխատատեղերի պակաս: Արարատ քաղաքում գործում են ոսկու և ցեմենտի գործարաններ, սակայն բնակչության փոքր տոկոսն է կարողանում այնտեղ աշխատել. գործարանները բավականին հեռու են գտնվում մեր համայնքից:


-Ինչպիսի՞ն է հոգևոր կյանքը համայնքում:


-Համայնքի կիսակառույց եկեղեցին մեր բնակիչներից մեկի` Արմեն Գիքինյանի ջանքերով վերակառուցվում է, համայնքապետարանը նույնպես ունի իր ներդրումը և շուտով եկեղեցին պատրաստ կլինի: Համավարակից հետո մեծ շուքով կնշենք եկեղեցու բացումն ու կօծենք այն: Մոտ օրերս համայնքում կտեղադրվի հուշաքար ի նշան համայնքի հայերի և եզդիների բարեկամության:
Ունենք նաև հին` Սուրբ Հակոբ եկեղեցին, որի 150 ամյակը մի քանի տարի առաջ նշեցինք: Ավանդաբար ամեն տարի դեկտեմբերի այդ օրը տոնում ենք նաև գյուղի հիմնադրման տոնը: Արարատ գյուղն արդեն 192 տարեկան է:

-Պարո՛ն Ղազարյան, ինչպե՞ս կգնահատեք Ձեր և համայնքի բնակիչների շփումը:

-Համայնքի ղեկավար - համայնքի բնակիչ հարաբերություններն ընկերական են: Ես նույնպես համայնքի բնակիչ եմ, նրանց համար և՛ ընկեր եմ, և՛ եղբայր, հայր, որդի... մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա, մենք մեր շփումներում չենք կաշկանդվում միմյանցից, ցանկացած հարց քննարկվում է, հնարավորության դեպքում տրվում են լուծումներ: Անապահով ընտանիքներին տրամադրում ենք սոցիալական օգնություն, լուծում են ստանում բնակիչների թե՛ առողջական և թե՛ սոցիալական խնդիրները: Բոլոր ծնվող երեխաների մայրերը ստանում են 20000 դրամի չափով նվեր, զույգ երեխայի դեպքում` 50000 դրամ: Համավարակով պայմանավորված մանկապարտեզին ու դպրոցին հատկացվող սնունդը բաժանել ենք անապահով ընտանիքներին: 200-ից ավելի ընտանիքներ «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից 2 անգամ ստացել են աջակցություն: Սոցիալապես անապահով ընտանիքներին պարբերաբար տրամադրվել է օգնություն թե՛ անհատ բարեգործների, թե՛ այլ կազմակերպությունների կողմից: Այսօր էլ հնարավորությունների սահմաններում պատրաստ ենք օգնել մեր համագյուղացիներին, համավարակը հաղթահարելու գործում:


Հարցազրույցը` Սեդա Գասպարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...