16:33
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԳՏԵԼ ԵՄ ԻՄ ԿՈՉՈՒՄԸ

2020-08-17 10:21

 ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ

  «Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

-Պարո՛ն Համբարձումյան, Դուք առանձնանում եք երիտասարդ սրտաբանների, սրտային վիրաբույժների շարքում Ձեր մասնագիտական և մարդկային բարձր որակներով, որոնք արժանանում են և՛ պացիենտների, և՛ մասնագիտական շրջանակների բարձր գնահատականներին, պարգևներին: Կխնդրեմ Ձեր գնահատականը Հայաստանում սրտաբանության զարգացման տեմպերի, ներկայիս մակարդակի մասին:  


-Կարող եմ վստահաբար փաստել, որ սրտաբանությունն այսօր ՀՀ առողջապահական համակարգի ամենազարգացող և ամենաշատ ուշադրության արժանացած ճյուղերից մեկն է: Հայաստանում սրտաբանությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և՛ մասնագետների առումով, որոնք իրենց պատրաստվածությամբ չեն զիջում եվրոպական և ամերիկյան մեր գործընկերներին, և՛ տեխնիկական հագեցվածությամբ` ժամանակակից բժշկական սարքավորումների, գործիքների: Այդ համոզմանն եմ եկել` շփվելով տարբեր երկրների բարձրակարգ մասնագետների հետ, ուսումնասիրելով նրանց հնարավորությունները և ձեռքբերումները:
Պետք է նշեմ նաև, որ Հայաստանում սրտաբաններն առաջնորդվում են նույն բժշկական ուղեցույցներով, որոնցով աշխատում են եվրոպական և ամերիկյան կլինիկաների բժիշկները: Մենք մեր աշխատանքի որակով ևս չենք զիջում վերջիններիս:

-Ինչպե՞ս է հաջողվել նման ձեռքբերումների հասնել:

-Դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանից սկսած` Հայաստանում սրտաբանությունը բարձր հիմքերի վրա է դրված եղել` ի դեմս ակադեմիկոս Ռաֆայել Ստամբոլցյանի, իսկ 1990-ականների վերջերին սրտաբանության զարգացման մեջ մեծ ավանդ ունեցավ Հրայր Հովակիմյանը, ով սկսեց աշխատել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում` ներդնելով ժամանակակից դեղորայքային բուժման և սրտային վիրաբուժության ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները: Այնուհետև Հայաստանում ինվազիվ սրտաբանության հիմնադիր Շահեն Խաչատրյանի հետ միասին շարունակեց իր աշխատանքը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որը հետագայում դարձավ դարբնոց կամ դպրոց ապագա սերունդների համար: Այստեղ պատրաստվեցին երկրորդ, երրորդ սերնդի սրտաբանները, սրտային վիրաբույժները` ստանալով բարձրակարգ գիտելիքներ, փորձ, ինչպես նաև մասնակցության հնարավորություն եվրոպական կոնֆերանսների: Այդ ժամանակվանից սկսած` Հայաստանում սրտաբանությունը, սրտային վիրաբուժությունը մեծ վերելք ապրեց, ինչպես նաև զարգացավ ինտերվենցիոնալ սրտաբանությունը, ժողովրդի լեզվով ասած` ստենտավորումը:

-Կարճ ժամանակահատված է, ինչ գործում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, ի՞նչ ծառայություններ են գործում այնտեղ և ինչպիսի՞ տեխնիկական հագեցվածություն ունի:

-Բժշկությունը, այդ թվում` սրտաբանությունը, արագ զարգացող գիտություններից է, որը պահանջում է անընդմեջ առաջընթաց և կատարելագործում: Դրա հիմքում ընկած են մասնագիտական վերապատրաստումները, նոր մոտեցումների ներդրումը, նորագույն սարքավորումների, գործիքների և դեղորայքի ձեռքբերումը և այլն: Այսինքն` հիմնվելով Հայաստանում սրտաբանության հիմնադիրների և այն զարգացնողների դպրոցի վրա` մենք տարեց տարի ավելացնում ենք մեր գիտելիքների պաշարը, և չենք կարող համեմատել, օրինակ, 1990-ականների սրտաբանությունը 2000-ականների հետ կամ 2010-ականներինը` 2020-ի հետ: Փոխվում և կատարելագործվում են մոտեցումները, ստեղծվում են նոր սարքավորումներ և գործիքներ, բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը, մեծանում են կյանքեր փրկելու հնարավորությունները:
Մոտ մեկ տարի է, ինչ գործում է «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը, որի աշխատանքը հիմնված է «Մատուցել որակյալ ծառայություններ` լավագույն տեխնոլոգիաներով» սկզբունքի վրա: Մենք նախապատվությունը տալիս ենք ամենաորակյալ դեղորայքին, գերժամանակակից սարքավորումներին և գործիքներին` անկախ դրանց արժեքից: Այդ խնդիրը արդյունավետ լուծելու համար մենք համագործակցում ենք աշխարհում հայտնի լավագույն կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Մեդլայն»-ը, «Ասսայի»-ն, «Բիոտրոնիկ»-ը, «Ջեներալ Էլեկտրիկ»-ը, որոնք իրենց արտադրանքով առաջատար դիրքեր ունեն աշխարհում, արտադրում են ինտերվենցիոնալ սրտաբանության, ընդհանուր վիրաբուժության համար նախատեսված պարագաներ, գործիքներ: Պետք է առանձնացնեմ «Ջեներալ Էլեկտրիկ» կազմակերպությունը, որը լավագույնն է աշխարհում իր արտադրած անգիոգրաֆներով, էխոկարդիոգրաֆներով:
Մեր կենտրոնը նաև «Բիոտրոնիկ» ընկերության արտադրանքի միակ ներկրողն է Հայաստանում, և եթե որևէ մեկը ցանկանում է տեղադրել «Բիոտրոնիկ» -ի «Օրսիրո» ստենտները, որոնք լավագույնն են, պետք է դիմի մեզ: Մենք այժմ սպասում ենք դրանց հաջորդ սերնդի արտադրանքին` «Օրսիրո Միշն» կոչվող, որը մեկ քայլ առաջ է նախորդից: Բոլոր հետազոտությունները փաստում են, որ ներկայումս աշխարհում լավագույն ստնետը «Օրսիրո Միշնն» է` իր արդյունքներով, որը մենք պատրաստվում ենք մոտ ապագայում ներկրել Հայաստան:

-Ի՞նչ առավելություն ունեն «Օրսիրո Միշն» ստենտները:

-Մենք գիտենք, որ սիրտ-անոթային հիվանդությունների շարքում մահացության ամենաբարձր տոկոսն արձանագրվում է սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում (սրտի քաղցի հիվանդություն), որոնց բուժումը մեծամասամբ ստենտավորման եղանակով է իրականացվում: Այսինքն` երբ անոթը նեղացած է, ստենտ է տեղադրվում, որպեսզի մարդը չմահանա, ինֆարկտ չստանա, հաշմանդամ չդառնա: Ստենտի որակից և տեսակից շատ բան է կախված` հիվանդության կրկնման հավանականությունը, հիվանդի երկարակեցությունը, անոթում թրոմբի գոյացման հավանականությունը և այլն: Այսօր ամբողջ աշխարհում ստենտ արտադրող խոշոր ընկերությունների խնդիրն այդ չափանիշերին համապատասխան ստենտ արտադրելն է, որի լավագույն օրինակը «Օրսիրո Միշն» ստենտն է, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան դրան համարժեք մյուս երկրների արտադրած ստենտները:

-Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ, որն ուղեկցվող հիվանդությունների առկայության դեպքում կարող է մահվան պատճառ դառնալ: Ի՞նչ տոկոս է դա կազմում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, և ի՞նչ է փոխվել Ձեր աշխատանքում այս մի քանի ամիսների ընթացքում:

-Պետք է նշեմ, որ թեև աշխարհում ճգնաժամ է սկսվել նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սակայն մենք չենք դադարեցրել մեր ակտիվ գործունեությունը, զարգացմանն ուղղված հեռանկարային ներդրումները:
Շուտով կավարտենք մեր երկրորդ վերակենդանացման բաժանմունքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև ձեռք ենք բերել «Ջեներալ Էլեկեկտրիկ»-ի վերջին սերնդի երկրորդ անգիոգրաֆը: Մեր նպատակն է, որպեսզի ժողովուրդը օգտվի լավագույն բժշկական ծառայություններից` մատուցված արդի սարքավորումներով:
Նոր կորոնավիրուսի համավարակն իսկապես փոխել է աշխարհը, և պատահական չէ, որ ասում են` կա կյանք կորոնավիրուսից առաջ և հետո: Բժշկական աշխարհում ևս շատ բան է փոխվել, օրինակ, բժշկական ուղեցույցները, որոնք փոփոխություններ են կրել անգամ սուր ինֆարկտների բուժման դեպքում, եթե հիվանդը վարակված է նոր կորոնավիրուսով:
Մենք տեսնում ենք, որ այս համավարակի պատճառով գրանցված մահերի մեծ մասը խրոնիկ հիվանդությունների առկայության հետևանքով է արձանագրվել, այդ թվում` սրտային: Դրա պատճառն այն է, որ նոր կորոնավիրուսը հիմնականում ախտահարում է թոքերը, իսկ սիրտ-թոքային համակարգը իրար հետ փոխկապված է աշխատում, ինչի հետևանքով ՔՈՎԻԴ-19-ը երկրորդական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա: Այդ պատճառով սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար Քովիդ-19-ը կրկնակի, եռակի ռիսկ է ծանր ելքի, ուշ ապաքինման արձանագրման առումով:
«Բեսթ Լայֆ»-ն այն եզակի հիվանդանոցներից է, որը, Փառք Աստծո, զերծ է մնացել Քովիդ-19-ից, չկան փաստված դեպքեր` հակահամաճարակային միջոցառումների գերազանց կատարման շնորհիվ: Մենք ներկրել ենք Քովիդ-19-ի հետազոտման Ռապիդ կամ արագ թեսթերը, և եթե որևէ պացիենտի հետ կապված որոշակի կասկածներ ենք ունենում, ապա միանգամից թեսթավորում ենք նրան և կատարում բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այնուհետև նրան տեղափոխում համապատասխան բաժանմունք: Այդ իմաստով` «Բեսթ Լայֆ»-ը ամենաապահով հիվանդանոցներից է, որտեղ կարելի է հանգիստ բուժվել համավարակի պայմաններում:

-Ամեն դեպքում, դիմելիության պակաս նկատվո՞ւմ է:

-Երբ նոր էինք բացել կենտրոնը, հիվանդների դիմելիությունն ամեն ամիս կրկնապատկվում և եռապատկվում էր, վստահությունն աճում էր: Դիմում էին ոչ միայն վիրահատվելու, այլ նաև կանխարգելիչ հետազոտություններ անցնելու նպատակով: Դա շատ ուրախալի իրողություն էր մեզ համար: Սակայն համավարակի տարածմանը զուգընթաց` ինֆորմացիոն անընդհատ հոսքերի պայմաններում, երբ մարդիկ անընդհատ լսում են համավարակի աղետալի ազդեցությունների, մահերի թվի աճի մասին, ձևավորվել է վախի մթնոլորտ, որն այնքան էլ ճիշտ չեմ համարում: Բնականաբար, մարդիկ խուսափում են դիմել որևէ կենտրոն, շատ հիվանդների ես հեռախոսային զանգերով եմ օգտակար լինում:
Դիմելիության պակասի ևս մեկ գործոն կա` սոցիալական վիճակը. աշխատատեղեր են փակվել, մարդիկ ֆինանսական խնդիրներ ունեն և չեն կարողանում իրենց թույլ տալ դիմել բժշկի:
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, ընդառաջ գնալով առկա իրավիճակին, արդեն երրորդ ամիսն է 50 տոկոս զեղչ է սահմանել կորոնարոգրաֆիայի համար, որի շնորհիվ հետազոտվում են սիրտը սնուցող անոթները, բացահայտվում է սրտի իշեմիկ հիվանդությունը:

-Ո՞ր հիվանդություններն են առավել հաճախ արձանագրվում կենտրոնում վերջին ժամանակահատվածում:

-Բավականին շատացել է թրոմբոզների քանակը: Ցավոք, հիվանդները դիմում են հիմնականում հիվանդության սուր փուլում` սուր ինֆարկտ ախտորոշմամբ: Նոր կորոնավիրուսի վտանգավոր ազդեցություններից մեկը թրոմբոէմբոլիկ բարդություններն են, որոնց հետ կապված անընդհատ ահազանգեր ենք ստանում: Մենք հիվանդներին հորդորում ենք անպայման դիմել բժշկի, չվախենալ, քանի որ, միևնույնն է, հիվանդությունը չի վերանում, խորանում է, և այդ պարագայում նվազում է ապրելիության տոկոսը: Այսինքն` նման խնդիր ունեցող մարդիկ, միևնույնն է, դիմելու են բժշկի և ոչ թե սուր ինֆարկտի սուր փուլում, որի դեպքում կարող ենք մի քանի անգամ ավելացնել ապրելիության հնարավորությունը, այլ սուր ինֆարկտի հետինֆարկտային բարդություններով` կարդիոգեն շոկ, սրտամկանի պատռվածք, որոնց ժամանակ հիվանդության ելքն անորոշ է: Այդ պատճառով պետք է լուրջ վերաբերվել նոր կորոնավիրուսի համավարակին և դիմել բժշկի:
Այսօր մեզ մոտ և աշխարհում մահացության ամենաբարձր տոկոսը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին:

-Դուք նաև շտապ օգնության ծառայություն ունեք, ինչպիսի՞ հագեցվածությամբ է այն աշխատում:

-«Բեսթ Lայֆ» բժշկական կենտրոնի ստեղծման նպատակներից մեկն ամբողջական ծառայություն մատուցելն է, սկսած շտապ օգնությունից` վերջացրած ախտորոշիչ, վիրահատական ծառայություններով:
Մենք գիտենք, որ այսօր բժշկական կենտրոններ կան, որոնցում առկա է շտապ օգնության ծառայություն, բայց չկա նեղ սրտաբանական միջամտություններ կատարելու հնարավորություն, մյուսում կատարվում է ստենտավորում, բայց չկան վիրահատական ծառայություններ և այսպես շարունակ: Մենք մեր առջև խնդիր դրեցինք ստեղծել այնպիսի կենտրոն, որտեղ պացիենտն իրեն զգա ապահով ձեռքերում և կարիք չունենա այս պատերից դուրս գալու որևէ խնդիր լուծելու համար:
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում գործող շտապ օգնության ծառայությունն ունի երկու մասնագիտացված, գերհագեցած մեքենա: Կորոնավիրուսային այս օրերին մենք դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն` առաջարկելով մեր աջակցությունը փոքր-ինչ թեթևացնելու քաղաքային շտապ օգնության ծառայության աշխատանքը և ներգրավելու մեր ծառայությունն իրենց աշխատանքում, հատկապես այն պարագայում, որ այն այժմ անվճար է գործում: Եվ պետք է նշեմ, որ բավականին շատ զանգեր ենք ստանում, եթե տեղում խնդիրը լուծել չի ստացվում, հիվանդը տեղափոխվում է կենտրոն, հետազոտվում, որից հետո ձեռք են առնվում բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցառումները:

-Ի՞նչ ծառայություններ են մատուցվում կենտրոնում:

-Նախ նշեմ, որ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը ապահովված է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Բաղկացած է բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող ստորաբաժանումներից` ընդունարան, պոլիկլինիկա, ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունք (միջամտական լաբորատորիա), սուր կորոնար սինդրոմի բաժանմունք, վիրաբուժական բաժանմունք (վիրահատարաններ), վիրաբուժության ինտենսիվ թերապիայի սրահ, ընդհանուր թերապևտիկ սրտաբանական բաժանմունք, լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունք:
Կենտրոնը մատուցում է մեծ թվով ծառայություններ` սրտի բոլոր վիրահատությունները, բաց փականների պրոթեզավորում, աորտայի պրոթեզավորում, արտոկորոնալ շունտավորում, նաև սրտի արատների շտկում: Ինչպես նաև, մեր ինտերվենցիոնալ առիթմոլոգիական բաժանմունքում տեղադրվում են սիրտը վարող սարքեր, իսկ ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունքում իրականացվում է սրտի և ոտքի անոթների ստենտավորում, որի համար ձեռք ենք բերել երկրորդ սարքը: Ծրագրում ենք առաջիկայում իրականացնել նաև ուղեղի անոթների ստենտավորում:

-Կենտրոնում ծառայությունների արժեքը բավականին մատչելի է այն պարագայում, որ աշխատում եք լավագույն սարքավորումներով: Այդ ինչպե՞ս:

-Այո՛, մեր կենտրոնը վարում է մատչելի գնային քաղաքականություն, դա մեր տնօրենների խորհրդի որոշումն է, քանի որ մեր կարծիքով` բժշկական կենտրոնը բեզնես կենտրոն չէ և ունի բոլորովին այլ առաքելություն` փրկել մարդկային կյանքեր, լավացնել մարդկանց կյանքի որակը, ինչը վեր է ցանկացած բիզնես շահից: Ինչպես նաև, մենք բոլոր սարքավորումները, գործիքներն ու դեղամիջոցները ձեռք ենք բերում անմիջապես արտադրողներից, ունենք համագործակցության լայն շրջանակ, ինչը ևս թույլ է տալիս սահմանել ծառայությունների ավելի մատչելի արժեքներ, որպեսզի դրանք հասանելի լինեն հասարակության բոլոր շերտերին:

-Պարո՛ն Համբարձումյան, ո՞րն է վիրաբույժի ձեռքերիի ֆենոմենը և, առհասարակ, կա՞ նման բան:

-Այո՛, ես հավատում եմ, որ կա նման բան, բժշկության հանդեպ սերը պետք է մարդու արյան մեջ լինի, ներսից բխի: Ես շատ կուրսեցիներ եմ ունեցել, որոնք կարող էին լինել շատ լավ արվեստագետներ, երգիչներ, նկարիչներ, բայց ոչ բժիշկներ: Ես ինքս պապիկիս խորհրդով եմ ընտրել այս մասնագիտությունը, և շատ ուրախ եմ, որ չեմ սխալվել:
Իսկ վիրաբույժի ձեռքերի ֆենոմենը շատ նման է ֆուտբոլիստի ֆենոմենին, երբ տեսնում ենք, թե ինչպես մեկի ոտքին կարծես «ֆիքսված» լինի գնդակը, նա վարպետությամբ կառավարում է այն, իսկ մյուսի մոտ դա չի ստացվում, թեև առաջինից ավելի պրոֆեսիոնալ մարզիչների մոտ է մարզվել: Նույնը վիրաբուժության մեջ է, կան բժիշկներ, ում ձեռքում բժշկական գործիքը զարմանալի ճկունությամբ, թեթևությամբ ու նրբությամբ է աշխատում, իսկ մյուսը տասնյակ տարիներ է ծախսում այդ ամենին տիրապետելու համար, բայց, միևնույնն է, նրա աշխատանքում կոպտություն է նկատվում: Կոչումով բժիշկներն այլ մարդիկ են և չեն պատկերացնում իրենց կյանքն առանց հիվանդի, հիվանդանոցի, վիրահատարանի:
Իմ ուսուցիչներն ինձ միշտ ասում էին, որ ես կարծես առանց ջանք գործադրելու եմ կատարում վիրահատությունը, որ կոչված եմ վիրաբույժ լինելու: Դրանք թանկ գնահատականներ են ինձ համար:
Ես կարծում եմ, որ Աստված ամեն մարդու մի կոչումով է ստեղծել, պարզապես պետք է գտնել այն և ծառայել դրան և դրա միջոցով ծառայել մարդկանց: Ես երջանիկ եմ, որ գտել եմ իմ կոչումը:

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքում:

-Ես կարծում եմ` բժշկությունն ամենաասվածահաճո մասնագիտություններից մեկն է, և ես առաջնորդվում եմ Հիսուս Քրիստոսի խոսքերով` Մի՛ արա երբեք ուրիշին դու այն, ինչ որ չես ուզում քեզ ուրիշն անի: Այսինքն` կամենո՞ւմ ես առողջ լինել, նպաստի՛ր դիմացինիդ առողջությանը: Իսկ դիմացինին օգնելու համար պետք է պատրաստ լինել դուրս գալ սեփական հարմարավետությունից, նեղություն տալ ինքդ քեզ, այլ կերպ հնարավոր չէ: Իսկ դա ամեն մարդ չի կարող անել, քանի որ ոչ բոլորն են պատրաստ իրենց զրկել կյանքի ամենապարզ հաճույքներից անգամ:
Մենք աշխատում ենք գիշեր-ցերեկ ռեժիմով, որը ենթադրում է հանգստի պակաս, անձնական կյանքին ժամանակ տրամադրելու, հանգստանալու հնարավորության բացակայություն և այլն: Ես 2008-2009թթ. ակտիվ բժշկության մեջ եմ և դեռ արձակուրդ չեմ գնացել: Բայց փոխարենը` մենք օգնում ենք մարդկանց, փրկում կյանքեր, դառնում բազում ընտանիքների երջանկության գրավական: Դրա համար ես միշտ ասում եմ` բժշկությունը մասնագիտություն չէ, բժշկությունը կյանք է, և եթե դու ընտրել ես այն, ապա դու ընտրել ես մի ուրիշ կյանք: Ես առանձնացնում եմ բժշկությունն այլ մասնագիտություններից, քանի որ մենք անմիջականորեն գործ ունենք մարդկային կյանքի հետ և մեր ցանկացած թերացում կարող է ողբերգությամբ ավարտվել: Ես մի նվեր էի ստացել իմ պացիենտներից մեկից, ով մասնագիտությամբ դարբին էր, որի վրա գրված էր. «Վարպետի սխալը մյուս վարպետը կուղղի, բայց բժշկի սխալը միայն հողը կուղղի»: Իմաստուն խոսքեր են, և եթե որոշել ես բժիշկ դառնալ, պետք է լինես լավագույնը` թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային որակներով:

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Ձեզ շա՞տ են կարոտում:

-Բժշկի ընտանիքը միշտ տուժում է` ծնողները, կինը, երեխաները:
Ամուսնացած եմ, ունեմ մեկ աղջիկ, որը շուտով կդառնա երկու տարեկան: Հատկապես նա է շատ կարոտում ինձ, ուրախանում է, երբ հեռուստացույցով տեսնում է: Ես շատ քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել ընտանիքիս: Պատկերացրեք երեխաս ծնվել է, ես մեկ ժամ եմ կարողացել մնալ իր կողքին, կրկին վերադարձել եմ աշխատանքիս: Բայց ընտանիքս հասկանում է, որ իմ ընտրած ուղին է այդպիսին և փորձում է ներողամտաբար, համբերատար վերաբերվել իմ բացակայություններին:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...