16:07
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխարհի բոլոր պարգեւներից մնայուն է միայն բարի անունը

2020-08-12 10:00

«Աշխարհի բոլոր պարգեւներից մնայուն է միայն բարի անունը»

Լիդա Մուրադյանի կյանքն ու գործունեությունը կարմիր թելով անցնում են այս խոսքերի միջով

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, մանկական սրտաբան, Հայաստանի վաստակավոր բժիշկ Լիդա Մուրադյանի համար կյանքի իմաստը բարություն, սեր արարելն է, կարիքավորին աջակցելն ու ձեռքը բռնելն է, անմնացորդ նվիրվելն ու պայքարելն է հանուն բարիքի ստեղծման: Իսկ այդ բարիքը նրա կյանքում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն է, որը դարձավ կայացած բժշկական կենտրոն` իր և Հրայր Հովակիմյանի մարդասիրական ու մասնագիտական մեծ աշխատանքի շնորհիվ: Նրա ազնիվ մղումները պատճառ դարձան, որպեսզի Հրայր Հովակիմյանի նման Մեծ հայը իր ողջ ներուժը ներդնի կենտրոնի զարգացման գործում և ոչ միայն նա. բժիշկների նվիրյալ մի ողջ թիմ Հայաստանի համար ծանր տարիներին` 1990-ականներին, դարձավ այս երկու վառ անհատականությունների նվիրական գործի աջակիցն ու մասնակիցը:
Լիդա Մուրադյանն այսօր իր «զավակին», ինչպես նա է կոչում կենտրոնը, հանձնել է երիտասարդ սերնդին և հույս ունի, որ կենտրոնի հիմքում դրված բարձր արժեքները կպահպանվեն, ու «Նորք-Մարաշը» կպահպանի իր դիմագիծը:


-Տիկի՛ն Մուրադյան, Դուք մեծ ներդրում ունեք Հայաստանում սրտի վիրաբուժության ծառայության զարգացման և կայացման գործում: Կպատմե՞ք` ինչո՞ւ և ինչպե՞ս ստեղծվեց այդ ծրագիրը, ինչպե՞ս ծանոթացաք Հրայր Հովակիմյանի հետ և ինչպե՞ս նա արձագանքեց Ձեր առաջարկին:

-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ հանդիպեցի աշխարհահռչակ վիրաբույժ Հրայր Հովակիմյանին, մտածեցի. «Պետք է այնպես անեմ, որ Հրայրն այստեղ աշխատի», որովհետև ես արդեն պատկերացնում էի, թե սրտային վիրաբուժության ինչպիսի ծառայություն է ստեղծվելու Հայաստանում և որքան կյանքեր են փրկվելու, ու ես չսխալվեցի:
Հրայրի հայտնվելը Հայաստանում իսկական երևույթ էր: Նա Հայաստան եկավ երկրաշարժից հետո ԱՄՆ-ի հայկական սփյուռքի կազմակերպած բարեգործական ծրագրի շրջանակներում: ԱՄՆ-ում ձևավորվել էր մի թիմ, որի անդամները, գալով Հայաստան, իրենց ծառայություններն էին առաջարկում ժողովրդին: Նրանցից մեկը Հրայր Հովակիմյանն էր: Նա 1992-
1993թթ. աշխատում էր Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Այդ ժամանակ իմ ղեկավարած Երկրորդ մանկական հիվանդանոցից, որտեղ կար սրտի բնածին կամ ձեռքբերովի արատներով հիվանդների բաժանմունք, երեխաները նախապատրաստվում և տեղափոխվում էին Միքայելյանի անվան ինստիտուտ` վիրահատվելու: Վիրահատությունները կատարում էր Հրայր Հովակիմյանը:
1993թ. վերջին Հրայրը որոշեց հեռանալ այդ բուժհաստատությունից և այն ժամանակվա առողջապահության նախարար Արա Բաբլոյանի առաջարկով նոյեմբերին մի քանի բժիշկների հետ, ովքեր առաջին օրվանից եղել են Հրայրի կողքին` Վիլեն Մանուկյան, Կարինե Սարգսյան, Գոհար Ենգոյան, Գագիկ Մովսիսյան, Իրինա Բակունց, Կարեն Կուրդով, արժանահիշատակ Կոնստանտին Տեր-Ոսկանյան, Հովիկ Զոհրաբյան և այլք, տեղափոխվեց մեզ մոտ:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը հիմնադրվեց 1993թ.` նախկին Երկրորդ մանկական կլինիկական հիվանդանոցի սրտի արատների և ռևմատոլոգիայի բաժանմունքի հիման վրա: Մենք ձեռք-ձեռքի տվեցինք և բոլորի ներկայությամբ խոստացանք, որ կնվիրվենք այս բուժհաստատությանը, մեր գործին և այն երբեք չենք դարձնի սեփական:
Հրայրը սկզբում Հայաստան էր գալիս վեց ամսով: Զբաղվում էր միայն մանկական սրտի վիրաբուժությամբ: Այդ ժամանակ Հայաստանում սրտի վիրահատություններ չէին արվում, ով կարողանում էր, արտերկիր էր մեկնում: Մենք մեր առջև նպատակ դրեցինք ստեղծել այնպիսի կենտրոն, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա մեկնել արտասահման: Իսկ առաջին վիրահատությունը Հայաստանում կատարեց 1994թ. հունիսին: Այդ տարիներին` ակտիվացել էր սեփականաշնորհման գործընթացը, շատերն էին հարցնում` ինչու չենք սեփականաշնորհում հիվանդանոցը, բայց ոչ ես նման ձգտում ունեի, ոչ էլ, առավել ևս, Հրայրը, ում առաքելությունը Հայաստանում միայն բարեգործությամբ զբաղվելն էր:
Երեք-չորս տարի անց` 1997-1998թթ. «Նորք-Մարաշ» ԲԿ-ն դարձավ տարածաշրջանի միակ մասնագիտացված կենտրոնը, որտեղ վիրահատվում էին նաև Վրաստանից, ՌԴ հարավից, Միջին Ասիայից, Սիրիայից, Իրանից և այլ վայրերից եկած բազմաթիվ հիվանդներ: Իսկ նման վստահություն ձեռք բերվեց կենտրոնում վիրահատված անձանց շնորհիվ, ովքեր իրենց ապաքինման մասին պատմում էին միմյանց` նշելով, որ Երևանում կա մի կենտրոն, որտեղ աշխատում է ամերիկահայ բժիշկ Հրայր Հովակիմյանը, ով ստեղծել է դպրոց, և վիրահատությունները կատարվում են բարձր մակարդակով:
Եվ քանի որ բժշկությունը զարգացող գիտություն է, ամեն տարի մեր կենտրոնում ներդրվում էին գիտապրակտիկ և ախտորոշիչ նորագույն տեխնոլոգիաներ: Ինվազիվ սրտաբանության զարգացման նպատակով մենք կապված էինք Եվրոպայի հետ, սակայն ուսումնասիրում էինք նաև ամերիկյան փորձը, իսկ սրտի բաց վիրահատությունների իրականացման առումով հետևում էինք ամերիկյան դպրոցին: Բոլոր նորագույն մեթոդներն ու նոր առաջարկությունները Հրայր Հովակիմյանը ներմուծում էր մեր կենտրոն:


-Ինչպե՞ս կբնորոշեք Հրայր Հովակիմյանին և նրա դերակատարումը Հայաստանում սրտային վիրաբուժության զարգացման գործում:
-Հրայր Հովակիմյանը մեծ նվիրյալ է, իսկական հայրենասեր, ով իր գործով է պատմում այդ մասին: Նա սիրտ-անոթային վիրաբուժական ծառայության հիմնադիրն է, ով անգնահատելի դեր ունի հայ սրտային վիրաբուժության դպրոցի ստեղծման գործում: Նա սրտային վիրաբույժների մի ամբողջ սերունդ է կրթել` նպաստելով Հայաստանում սրտային վիրաբուժության զարգացմանը, և այսօր գործող բոլոր սրտաբանական ծառայություններում աշխատող բժիշկների մեծամասնությունն անցել է Հրայրի դպրոցը: Ինչպես նաև, նրան հաջողվել է սրտային վիրաբուժության մի ամբողջ ուղղություն փոխել, որի շնորհիվ բարդագույններից մեկը համարվող սրտի վիրահատությունների իրականացումը Հայաստանում դարձել է առավել անվտանգ ու արդյունավետ:


-Ինչպե՞ս էիք կարողացել լուծել կադրերի վերապատրաստման և սարքավորումների ձեռքբերման հարցը:
-Վերապատրաստումը մասնագետների պատրաստման անքակտելի մասն է, առանց որի` հնարավոր չէ գործունեություն ծավալել ու փոփոխություններ մտցնել բժշկության մեջ: Գործընթացն ամենակարևորներից մեկն է, սակայն դրսում վերապատրաստվելու անհրաժեշտություն չի եղել: Բախտավոր է այն վիրաբույժը, ով սրտի տաղանդավոր վիրաբույժ և մեծ հայրենասեր, «Մեսրոպ Մաշտոցի» շքանշանակիր դոկտոր Հրայր Հովակիմյանի դպրոցն է անցնում և նրա մոտ սովորում: Սրտի վիրաբույժների պատրաստման հարցը Հրայր Հովակիմյանի առաքելությունն է, իսկ ինվազիվ (փակ ներսրտային միջամտություն) սրտաբաններ պատրաստելու համար մշակվեցին տարբեր ծրագրեր ինչպես տեղում, այնպես էլ արտերկրում որակավորում ստանալու համար: Սրտի վիրաբուժության հայկական դպրոցը Հրայրի մենաշնորհն է, և բոլորը նրա սաներն են:


-Արդյո՞ք տարիները չեն փոխել Հրայր Հովակիմյանին և ձեր հարաբերությունները, հանդիպո՞ւմ եք, երբ նա գալիս է Հայաստան:
-Տարիները չեն փոխել Հրայր Հովակիմյանին, նա նույն մարդն է, ինչպիսին ես տեսել եմ նրան առաջին անգամ: Մեր հարաբերություններում նույնպես ոչինչ չի փոխվել, նույն ջերմ, ընկերական և անկեղծ շփումն է: Ամեն այցելության ժամանակ նա անպայման զանգահարում է ինձ, մենք հանդիպում ենք, ցավոք, այս անգամ չստացվեց, ես վատառողջ էի և չկարողացա գնալ կենտրոն, միայն հեռախոսով զրուցեցինք: Նա ինձ հորդորեց շուտ առողջանալ, և իր հաջորդ այցի ժամանակ անպայման հանդիպենք:


-Ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ այցելում եք կենտրոն, որն այլևս չեք ղեկավարում:
-Պետք է անկեղծ ասեմ, որ դժվար է ինձ համար կենտրոն գնալը, քանի որ այնտեղ ամեն ծառ, տերև, ամենափոքր մանրուքն անգամ մեծ ջանքերի ներդրման շնորհիվ է ստեղծվել: Ես նայում եմ շուրջս և հիշում, թե ինչ վիճակում եմ ընդունել հիվանդանոցը և ինչպիսին է այն հիմա... անհամեմատելի է: Եվ հեռանալ «Նորք-Մարաշ» ԲԿ-ից, ինձ համար նույնն է, թե լքել սեփական զավակին: Ես մեծ նվիրումով ու սիրով եմ աշխատել և իմ սիրտը ցավում է, որ այլևս գործ չունեմ կենտրոնի հետ: Բայց ես դրա պատասխանն էլ եմ գտել` կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ: Ամենակարևորն այն է, թե ինչպիսի հետագիծ ես թողել: Միշտ մտքումս կրկնում եմ Սաադիի հայտնի խոսքերը. «Աշխարհի բոլոր պարգևներից մնայուն է միայն բարի անունը»: Եվ իրոք այդպես է, ես մեծ ուրախություն և հպարտություն եմ ապրում, որ անգամ դրսում քայլելիս պատահական անցորդներ ժպտում են ինձ, ես գուցե շատերին չեմ հիշում, բայց իրենք ինձ հիշում են, մոտենում և շնորհակալություն հայտնում. դա ինձ համար լավագույն պարգևն է և վարձատրությունն իմ կատարած աշխատանքի համար:


-Ինչպիսի՞ն է այսօր կենտրոնը` Ձեր աչքերով:
-Այսօր սիրով հետևում եմ կենտրոնի կայուն զարգացմանը: Մեզ հաջողվել է ստեղծել բարի անուն, որը, հուսով եմ, հետագա սերունդները կպահպանեն և այնտեղ ներդրված արժեքների կրողը կլինեն:
Դրական եմ գնահատում այն, որ կենտրոնը ընդարձակվել է, ներդրվել են նոր ծառայություններ, ավելացել են կից կառույցներ, ավելի լայն հնարավորություններ են ստեղծվել հիվանդների բուժման համար:


-Դուք բազում պարգևներ եք ստացել` «ՀԽՍՀ առողջապահության գերազանցիկ» կրծքանշան, «Մխիթար Հերացի», ՀՀ վարչապետի, Արցախի նախագահի կողմից «Երախտագիտություն», Երևանի քաղաքապետի «Ոսկե», Մարսելի (Ֆրանսիա) քաղաքապետի մեդալները և այլն: Ո՞րն է Ձեզ համար ամենաթանկը:


-Իմ կյանքում հուզիչ պահեր շատ են եղել, որոնք տպավորվել են իմ մեջ, բայց այժմ կառանձնացնեմ մի քանիսը: Հուզիչ էր այն պահը, երբ չգիտեի` ինչ պարգև եմ ստանալու, և հանկարծ նախագահականում հայտարարում են, թե մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»: Այդ ժամանակ ես մտածեցի, որ արդարացրել եմ հորս երազանքները. ոչ միայն բժիշկ եմ, այլև ծառայություններ եմ մատուցել իմ անկախ հայրենիքին:
Երկրորդ մեդալը, որն ինձ հուզել է, «Գարեգին Նժդեհն» է: Ապրիլյան պատերազմից հետո զոհերի հարազատներից շատերն էին դիմում մեզ: Պատկերացրեք` կորցրել են իրենց զավակներին, ովքեր պետք է ամեն ինչ անեին ծնողների համար` նրանց բուժումը կազմակերպելու նպատակով... Նրանք մեր հատուկ ուշադրության կենտրոնում էին, անվճար էինք սպասարկում: Հասկացա, որ դա օրենք պետք է լինի մեր բժշկական կենտրոնի համար: Եվ խորհրդում ասացի, որ ապրիլյան զոհերի հիշատակը պետք է անմահացնենք, մեզ վրա պետք է պարտականություն վերցնենք` օգտակար լինելու զոհերի ընտանիքների անդամներին: Որքան հիշում եմ, 119 զոհ կար, որոնցից 7-ը` Արցախից, մնացածը` ՀՀ-ից: Զոհերի ծնողների հետ հանդիպումների ժամանակ բոլորին սերտիֆիկատ տվեցինք, որ սիրտ-անոթային ցանկացած հիվանդության դեպքում ցմահ անվճար կարող են բուժվել մեր բժշկական կենտրոնում: Այն, որ նրանք զավակներ կորցրեցին, ողբերգություն է ինձ համար, իսկ նրանց օգնելը` երջանկություն: Սգո ցերեկույթի ժամանակ, որին ներկա էին շատ պատգամավորներ ու կառավարության անդամներ, ՀՀ պաշտպանության նախարարն անսպասելիորեն ինձ հանձնեց «Գարեգին Նժդեհ» մեդալը:
Իսկ, ընդհանրապես, ամենանվիրականն այն է, ինչ կատարել եմ հանուն մարդկանց: Դրանք լավագույն պահերն են, լավագույն ապրումները, լավագույն հաղթանակները, երբ զգացել եմ, որ հայրս կժպտար ու հպարտությամբ կգրկեր ինձ: Ինձանից կախված որևէ հարց անլուծելի չի մնացել: «Նորք-Մարաշ» ԲԿ-ի գոյության ընթացքում ոչ ոք գումար չունենալու կամ գնի մի մասն ունենալու պատճառով չի զրկվել բուժօգնություն ստանալու հնարավորությունից:

-Կենտրոնը նաև բարեգործական ծրագրեր էր իրականացնում:

-Այո՛, մենք բարեգործական ծրագրեր էինք իրականացնում հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև ԼՂՀ-ում: Սիրում ենք Արցախը և մշտապես ցանկացել ենք ինչ-որ բանով օգտակար լինել: Տարին մեկ անգամ երեք օրով մեկնում էինք Արցախ և հետազոտում մինչև 360` առաջնային և կենտրոնում նախկինում վիրահատված կամ ստենդավորված հիվանդներին: Մեզ հետ տանում էինք դեղամիջոցներ և ուղղակի բաժանում դրանց կարիքն ունեցող հիվանդներին: Ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխում էինք այստեղ: Մեկ օր նվիրում էինք դասախոսություններին` ԼՂՀ տարածքի սրտաբանների, թերապևտների, մանկաբույժների համար: Տեղի մասնագետներին հնարավորություն էինք տալիս մի քանի ամսով վերապատրաստվել մեր կենտրոնում: Մեր դռները միշտ բաց են եղել նրանց առջև: Ջավախքի և Արցախի ժողովրդին այլ աչքով ենք միշտ նայել:


-Ձեր հայրիկի մասին հաճախ և մեծ հպարտությամբ եք խոսում և իմ տպավորությամբ` կարծես ինչ-որ կիսատ բան է մնացել Ձեր հարաբերություններում. այդպե՞ս է, կպատմե՞ք Ձեր արմատների մասին:

-Ես միշտ ասում եմ, որ գեները փոխանցվում են, և երջանիկ է այն մարդը, ում գեներն ավելի հզոր են:
Պապս մշեցի էր, շատ գթասիրտ մի մարդ, ով, ըստ հորեղբորս խոսքերի, հրահանգել է ընտանիքի անդամներից չտարբերել իրենց տան աշխատողներին: Հորս գնդակահարեցին, երբ ընդամենը 10 ամսական էի: Նա դաշնակցական էր, 1943 թ. վեց ամիս տառապել է անվտանգության պետական կոմիտեի նկուղում: Մանկավարժ էր, ուներ բանաստեղծական մեծ շնորհք, կարող էր շատ բարձունքների հասնել ու բարձր պաշտոններ զբաղեցնել, սակայն այդ ամենը մի կողմ էր դրել ու պայքարում էր անկախ Հայաստանի համար: Ես կրում եմ այդ գեները, նաև զավակներս` տղաս ու աղջիկս: Նրանք նույնպես չափազանց բարի են: Բնավորության նույն գիծն ուներ նաև մայրս: Երբ բակ էր իջնում, գրպանում շոկոլադ էր պահում` երեխաներին բաժանելու համար: Երբ կարիքավորը մեր դուռն էր թակում, մեծ ցավ էր ապրում, տանը ինչ կար` հավաքում ու նրանց էր տալիս:
Պապս ինքնասպան է եղել` չհաշտվելով որդու մահվան հետ: Մեր ընտանիքը դաժան կյանքով է ապրել, ենթարկվել հետապնդումների: Սակայն այդքանից հետո ես երբեք չեմ չարացել աշխարհի ու մարդկանց հանդեպ, պահպանել եմ հույսը, հավատը, սերը, հավատացել, որ ամեն ինչ լավ է լինելու, վերևն Աստված կա...


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...