22:41
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՆՄԲԿ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայությունն ապահովված է ժամանակակից պայմաններով եւ վերապատրաստված մասնագետներով

2020-08-06 10:01

ԱՐԱ ԱՆԱՆՅԱՆ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար, սրտային վիրաբույժ

«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.)

-Պարո՛ն Անանյան, Դուք ղեկավարում եք մի բաժանմունք, որտեղ գտնվող հիվանդները պայքար են մղում ապրելու համար և բժիշկների առավելագույն ուշադրության և հետևողականության կարիքն ունեն: Կներկայացնե՞ք` ինչ պայմաններ են ստեղծված նրանց համար սկսած մասնագետներից` վերջացրած տեխնիկական հնարավորություններով:


-Ցանկացած կլինիկական կառույցի այրվող խրամատային տարածքը համարվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, հետևաբար` այդտեղ իրականացվող ծառայությունները պետք է ապահովված լինեն հնարավոր բոլոր պայմաններով հիվանդներին օգտակար լինելու համար: Մեր ծառայությունը բացառություն չէ, և այստեղ ստեղծված են բոլոր հնարավորությունները լիարժեք և արդյունավետ բուժօգնության համար:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին, ապա պետք է նշեմ, որ «Նորք-Մարաշ»-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքն ապահովված է ժամանակակից սարքավորումներով, կահավորմամբ և մեր ծառայության առավելությունն այն է, որ այդ ամենը գեղեցիկ ձևով համադրվում է բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմով, հոգատար ու ջերմ վերաբերմունքով:

-Արդյո՞ք մասնագետները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում:

-Բժշկական շարունակական ուսուցումը շատ կարևոր նշանակություն ունի կլինիկական աշխատանքի որակի ապահովման հարցում, և մեր մասնագետները, բուժանձնակազմը ևս նման խնդրի առաջ կանգնում են: Մենք ձգտում ենք, որպեսզի մեր մասնագետները հնարավորինս հաճախակի մասնակցեն միջազգային կոնֆերանսների, սեմինարների, պրակտիկ աշխատանքային կոնֆերանսների: Կարևորում ենք նաև մեր կենտրոնում կազմակերպվող նմանատիպ կոնֆերանսները, սեմինարները, որոնց ընթացքում քննարկվում են գիտական նորություններ, տպագրված հոդվածներ, կենտրոնի պացիենտների վարման ընթացիկ խնդիրներ, բարդություններ. սրանք շատ կարևոր նշանակության միջոցառումներ են բժշկական շարունակական ուսուցման հարցում:
Իհարկե, փորձում ենք այդ ամենը համատեղել նաև պետության կողմից մեզ ներկայացվող պահանջներին, չափանիշերին, ըստ որոնց` բուժանձնակազմը պետք է պարբերաբար անցնի վերապատրաստումներ: Մենք միայն մեկ խնդիր ունենք` վերապատրաստումները պահանջում են տվյալ մասնագետի աշխատանքից բացակայություն, բայց, իհարկե, փորձում ենք հաղթահարել այն` գիտակցելով վերապատրաստոււմների կարևորությունը:

-Որպես ղեկավար` ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում, որոնք համարում եք բաժանմունքի արդյունավետ աշխատանքի գրավականը:

-Պետք է նշեմ, որ ղեկավարի ստանդարտ կերպարը ընդունելի և արդյունավետ չէ կլինիկական ծառայության համար, քանի որ այստեղ մենք բոլորս բժիշկներ ենք և կատարում ենք մեր առաքելությունը: Այսինքն` ծառայության ղեկավարը բուժանձնակազմի անդամներից մեկն է, ով բոլոր մասնագետների հետ մեկ թիմ դարձած` պայքարում է հիվանդների առողջության համար: Բուժծառայության, այս դեպքում` վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավարի առաքելությունն է համախմբել ամբողջ բուժանձնակազմին մեկ գաղափարի շուրջ, ներդնել աշխատանքի բարձր արդյունավետություն ապահովող օրենքներ, կանոններ, որոնցում, իհարկե, ներառված պետք է լինեն պետության կողմից ընդունված կլինիկական պրոտոկոլներն ու ուղեցույցները:
Միայն այդ դեպքում է հնարավոր հասնել որակյալ աշխատանքի ապահովմանը:
Իհարկե, ենթատեքստում միշտ նշվում է, որ ղեկավարները պետք է ավելի պատրաստված լինեն, ուշադիր, զգոն և տիրապետեն իրենց մասնագիտությանը, իսկ ես կարծում եմ, որ ցանկացած բժիշկ, մասնագետ` անկախ իր կարգավիճակից, պետք է աշխատի այդ ուղղությամբ:

-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ որակներ պետք է ունենա կոչումով բժիշկը, ով դրանց շնորհիվ դառնում է հիվանդի հույսի և հավատի աղբյուրը, ինչը շատ կարևոր է հատկապես այս բաժանմունքում:

-Շատ հետաքրքիր կարծրատիպեր են ստեղծվում բժշկի կերպարի մասին, նրան վերագրվում աստվածային, գերբնական հատկանիշեր: Բայց ես կարծում եմ, որ բժիշկ պետք է դառնա այն մարդը, ով իսկապես սիրում է այդ մասնագիտությունը, պատրաստ է իր ուժերը ներդնել խորը գիտելիքներ ձեռք բերելու համար և պատրաստակամ է իր աշխատանքն ամեն օր կատարել: Ինչո՞ւ եմ դա ասում, քանի որ բժշկի մասնագիտությունը ընտրելուց առաջ ցանկացած անձ պետք է գիտակցի, որ ինքը շարունակական աշխատանքային ռեժիմ է ունենալու, այսինքն` սովորական աշխատանքային գրաֆիկը բժշկի համար չէ:
Ինչ վերաբերում է զուտ մարդկային որակներին, ապա դրանց հետ կապված ևս տարբեր կարծրատիպեր կան, որ, օրինակ, բժիշկները պետք է սառնասիրտ լինեն կամ նրանց մասնագիտությունն իրենց դարձնում է այդպիսին և հակառակը` բժիշկը պետք է հոգատար լինի, սրտացավ: Ես կարծում եմ, որ ցանկացած մասնագետ, և հատկապես բժիշկը, պետք է լինի մարդասեր, հոգատար, սրտացավ, քանի որ նա աշխատում է հիվանդների հետ, ովքեր նրանից մեծ սպասելիքներ ունեն: Բայց, իհարկե, միայն մարդասիրությամբ հիվանդին չես բուժի, բժշկի մասնագիտական բարձր որակները պետք է առաջին տեղում լինեն, այլապես մենք կկորցնենք աշխատանքի արդյունավետությունը: Այսինքն` բժշկի կերպարում պետք է միաձուլվեն հումանիզմն ու պրոֆեսիոնալիզմը:
Եվ ես խորապես համաձայն չեմ այն մտքի հետ, որ բժիշկները, աշխատելով այս ոլորտում, սառնասիրտ են դառնում, իրենց համար սովորական են դառնում մարդկային հիվանդությունները, խնդիրները, ոչ, դա այդպես չէ, վստահ եղեք, բոլոր բժիշկներն էլ ապրում են հիվանդների խնդիրներով, հուզական ապրումներ ունենում և հակառակը չի կարող լինել:

-Դուք սրտային վիրաբույժ եք և գիտեմ, որ սիրահարված եք Ձեր մասնագիտությանը, արդյո՞ք կարողանում եք Ձեր սերն ու կարոտը բավարարել ներկայիս աշխատանքով:

-Սա ինձ համար շատ հետաքրքիր և նուրբ հարց է. սկզբում ես բժշկի մասնագիտությունն ընտրել եմ` դեռևս չգիտակցելով, որ պետք է սրտի վիրաբույժ դառնամ, բայց տարիների ընթացքում ճակատագիրն ինձ այնպիսի միջանցքներով է տարել, որոնց շնորհիվ գտել եմ ինձ այս մասնագիտության մեջ: Ուրախ եմ, որ այդ միջանցքներն ինձ հանգեցրել են այն համոզմանը, որ էլ ավելի վստահ եմ կարողացել ասել, որ այո, սրտի վիրաբուժությունն այն մասնագիտությունն է, որ ես ընտրել եմ` որպես նեղ բժշկական ոլորտ: Եթե կյանքը մեկ անգամ էլ անցնելու կարիք լինի, ապա ես, միևնույնն է, կընտրեմ սրտային վիրաբուժությունը:
Իհարկե, հիմա հասկանալի պատճառներով չեմ կարողանում վիրահատել, բայց, միևնույնն է, սրտի խնդիրներով հիվանդների նախա և հետվիրահատական վարման գործընթացն ինձ մոտեցնում է վիրահատարանում գտնվելու ձգտման բավարարմանը, սակայն չեմ կարող ասել, որ որպես վիրաբույժ` լիարժեք բավարարված եմ զգում ինձ ներկայիս աշխատանքում` ի համեմատություն վիրահատարանում գտնվելու: Սակայն, ինձ համար կարևորն այն է, որ ես զբաղվում է իմ սիրելի գործով, քանի որ ես սիրում եմ բժշկությունը, սրտի վիրաբուժությունը և դրա հետ կապված ամեն ինչ. մեծ դրական էներգիա ու բավարարվածություն եմ ստանում իմ աշխատանքից:

-Կա՞ն առաջիկայում իրականացվելիք ծրագրեր, որոնց մասին կցանկանայիք խոսել:

-Բժշկությունն անընդհատ զարգանում է, դրա հետ միասին նաև սրտի վիրաբուժությունը և հարակից ծառայությունները, մասնավորապես` վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայությունը, և, բնականաբար, ցանկություն է առաջանում առաջադեմ աշխարհի մասնագիտական բոլոր նորույթները, տեխնոլոգիաներն անմիջապես ներդնել ծառայությունում: Իհարկե, մենք այսօր ունենք ժամանակակից գերազանց ծառայություն, սակայն ես կցանկանայի, որ մեր երկիրն այնքան հզոր ու զարգացած լիներ, նրա հետ մեկտեղ` նաև առողջապահությունը, որ կարողանայինք առաջինը ներդնել աշխարհում ստեղծվող և կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, սարքավորումները, դեղորայքը և աշխատանքում հասնեինք կատարելության:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...