15:36
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք մատուցում ենք անոթային վիրաբուժական վստահելի ծառայություններ

2020-08-04 11:00

 

ՐԱՖՖԻ ՔԱՍԱԲՅԱՆ
Ավստրալահայ անոթային վիրաբույժ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի անոթային ծառայության հիմնադիր

 

-Պարո՛ն Քասաբյան, նախ ուզում եմ նշել, որ մեզ համար մեծ պատիվ է զրուցել Ձեզ նման հայի հետ, ով «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի անոթային ծառայության հիմնադիրն է, իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն առավելագույնս ներդնում է հայրենիքում, փրկում կյանքեր` կատարելով բարդագույն վիրահատություններ և լիովին անվճար: Հետաքրքիր է, տարվա ընթացքում քանի՞ անգամ եք այցելում Հայաստան և այս անգամ քանի՞ վիրահատություն եք կատարել և ի՞նչ բարդության:
-Ողջույն և շնորհակալություն հաճելի խոսքերի համար:
Գալիս եմ Հայաստան` սկսած 2010թ.-ից, տարին 2-3 անգամ: Անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից, արևմտյան մոտեցումները Հայաստանում ներդնելը ինձ համար կարծես կյանքի նպատակ է դարձել: Չնայած պետք է նշեմ, որ այս տարի, «ԿՈՎԻԴ-19» համաճարակով պայմանավորված, ընդամենը մեկ շաբաթ կարողացա մնալ Հայաստանում, մենք կատարեցինք բազմաթիվ վիրահատություններ և, բարեբախտաբար, հաջող ելքերով և առանց նշանակալի բարդությունների:


-Որքանով տեղյակ ենք, Դուք նաև նորագույն սարքավորումներ եք բերում, ներդնում կենտրոնում. հետաքրքիր է, ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան անոթային վիրաբուժության ներկայիս ձեռքբերումները` թե՛ մասնագետների և թե՛ սարքավորումների առկայության առումով:
-Այո՛, ես միշտ փորձում եմ բերել նաև սարքավորումներ, որոնք հիմնականում տարբեր մարդկանց ու կազմակերպությունների նվիրատվություններ են: Հայաստանի առողջապահական համակարգը բավականին նոր է, և հիվանդները ստիպված են երբեմն վճարել ոչ միայն իրենց բուժման ծախսերը, այլ նաև կիրառվող բժշկական սարքավորումների համար: Ժամանակակից անոթային վիրաբուժությունը հնարավորություն է տալիս մի շարք հիվանդություններ բուժել ներանոթային միջամտությամբ, որոնց համար պահանջվում են հաճախ միանգամյա օգտագործման, թանկարժեք նյութեր և սարքավորումներ, որ, բնականաբար, մեր հիվանդների համար ոչ միշտ են հասանելի: Հենց նաև դրա համար ես ինձ հետ բերում եմ անհրաժեշտ պարագաներ, որ հատկապես անվճարունակ հիվանդները զրկված չլինեն բուժումից:
Ես կարող եմ, թերևս, միայն իմ թիմի մասին խոսել, ովքեր աշխատում են «Նորք Մարաշ» ԲԿ-ում` բժիշկ Էդուարդ Աղիյանի գլխավորությամբ, բժիշկներ` Վրեժ Հովակիմյանի, Արգիշտի Արոյանի և բժշկուհի Աղունիկ Զաքարյանի: Մենք միասին մատուցում ենք վստահելի անոթային վիրաբուժական ծառայություններ, ինչպես բաց, այնպես էլ ներանոթային վիրահատությունների միջոցով` բուժելով ամենատարբեր անոթային հիվանդություններ` պահանջվող ամենաբարձր ստանդարտներով և միջազգայնորեն ընդունելի բարդությունների տոկոսով:


-Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ցանկություն ունեք անոթային վիրաբուժության դպրոց հիմնել Հայաստանում, արդյո՞ք քայլեր ձեռնարկում եք այդ ուղղությամբ: Վերապատրաստման ի՞նչ ծրագրեր եք իրականացնում հայաստանյան մասնագետների համար:
-Իմ երազանքներից մեկն է Հայաստանում ստեղծել Անոթային վիրաբուժության դպրոց: Որոշակիորեն դա կարելի է անգամ իրականացված համարել, քանի որ այսպես ասած «ոչ պաշտոնական դպրոցով» արդեն անցած իմ աշակերտը` բժիշկ Էդուարդ Աղիյանը, սովորեցնում է բժշկուհի Աղունիկ Զաքարյանին, և հուսամ` իմ փոխանցած հմտություններն ու արդի բուժական մոտեցումները հետայսու էլ լայնորեն կտարածվեն վերջիններիս կողմից և այդպես շարունակ: Հիմնական ուսուցումը ես իրականացնում եմ ինչպես հիվանդների կլինիկական հետազոտման և որոշումների կայացման փուլում, այնպես էլ վիրահատարանում և ներանոթային միջամտության լաբորատորիայում: Կարծում եմ` Հայաստանում եզակի դեպքերում է, որ ուսանողները հնարավորություն ունեն ստանալ այդ տեսակի ուսուցում, այն է` կատարել ինքնուրույն վիրահատություններ, իհարկե, անմիջական վերահսկողության պայմաններում: Արդեն երկու անգամ կարողացել եմ բերել սիմուլյատոր (փոխառված մի բժշկական ընկերությունից) որովայնային աորտայի անևրիզմաների վիրահատական տեխնիկան ցուցադրելու և գործնական պարապմունքների համար:
Հայաստանում իմ եղած ժամանակահատվածում մենք նաև անցկացնում ենք ժամանակակից հեղինակավոր ամսագրերում տպագրված հոդվածների քննարկումներ, որոնք օգնում են մասնագետներին լինել տեղեկացված նորություններին և հակասական մոտեցումներին անոթային վիրաբուժությունում: Ավստրալիայում ստեղծել եմ նաև բարեգործական հիմնադրամ բացառապես Հայաստանում անոթային վիրաբուժությանն օժանդակելու համար: Եվ ուրախությամբ պիտի ասեմ, որ վերջինիս շնորհիվ` մեր երիտասարդ վիրաբույժներն արդեն երկու անգամ կարողացել են մասնակցել միջազգային կոնֆերանսների և հուսով եմ, որ շատ մոտ ապագայում կկարողանամ կազմակերպել վիրաբույժներից մեկի ժամանակավոր վերապատրաստումն այստեղ` Ավստրալիայում ևս: Հպարտ եմ, որ կարող եմ այս հնարավորությունները ստեղծել, որոնց պտուղներն արդեն, կարելի է ասել, տեսանելի են:

-Անոթային ո՞ր հիվանդություններն են առավել տարածված Հայաստանում:
-Ընդհանրապես, զարկերակային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոններն են` ծխելը, չբուժված զարկերակային գերճնշումը, բարձր խոլեստերինն ու չբուժված շաքարային դիաբետը: Անշուշտ, կա նաև ժառանգական նախատրամադրվածություն որոշ մարդկանց մոտ և ընտանիքներում, որով և պայմանավորված` վերջիններիս մոտ ավելի հաճախ և ծանր ընթացքով է ընթանում հիվանդությունը համապատասխան ռիսկի գործոնների առկայության պարագայում: Այս ռիսկի գործոնները բավական տարածված են Հայաստանում, որի արդյունքում էլ հաճախ տեսնում ենք զարկերակային համակարգի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` աորտայի անևրիզման, աորտայի շերտազատումն ու ծայրամասային զարկերակների խցանումը` բերելով համապատասխան հյուսվածքի կորուստի և, վերջիվերջո, անդամահատման:
Մենք հաճախ տեսնում ենք նաև երակային հիվանդություններով հիվանդերի, որոնց մոտ առկա է հիմնականում առաջնային վարիկոզ երակային լայնացումներ, երբեմն էլ խրոնիկ երակային գերճնշումով և բարդացած ձևերով` հիմնականում խորանիստ երակային թրոմբոզով պայմանավորված: Երակային հիվանդությունները ևս հաճախ կարող են լինել ժառանգական:


-«Նորք-Մարաշ» ԲԿ պարբերաբար այցելում է նաև ամերիկահայ սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը և կատարում անվճար վիրահատություններ. ի՞նչ կարծիք ունեք նրա գործունեության մասին:
-Հրայր Հովակիմյանը հայ ժողովրդի համար իսկական հերոս է և պետք է այդպես էլ հռչակվի: Նա հայաստանյան ժամանակակից սրտաբանության և հատկապես սրտային վիրաբուժության հիմնադիրն է և անկասկած բազմաթիվ երեխաների կյանքեր է փրկել իր անգնահատելի ունակությունների շնորհիվ մանկական վիրաբուժության բնագավառում: Իր անմիջական օժանդակությամբ ես սկսեցի աշխատել «Նորք Մարաշ»-ում և այն համակարգը, որ բժիշկ Հովակիմյանն ու Լիդա Մուրադյանն էին ստեղծել, ինձ հնարավորություն տվեց իրականացնել նպատակներս անոթային վիրաբուժության բնագավառում: Իմ սեփական փորձից արդեն գիտեմ, թե որքան է բժիշկ Հովակիմյանը զոհաբերել իր կյանքում հասնելու համար այն ամենին Հայաստանում, ինչ կա հիմա, և ես հսկայական մեծ հարգանք ունեմ իր հանդեպ թե՛ անձնապես, թե՛ որպես մասնագետի:


-Դուք Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Արքայազն Ալֆրեդի Թագավորական հիվանդանոցի առաջատար անոթային վիրաբույժն եք, մի փոքր կպատմե՞ք` Ձեր այնտեղի աշխատանքի և հաջողությունների մասին:
-Շնորհակալություն: Ես աշխատում եմ չորս հրաշալի վիբարույժներից կազմված թիմում: Զբաղված ենք բաց և ներանոթային վիրահատություններով: Ընդունում եմ հիվանդներին կլինիկայում շաբաթը 2-3 օր և կատարում վիրահատություններ 2-3 օր տարբեր հիվանդանոցներում: Հաճախ աշխատում եմ նաև այլ վիրաբույժների հետ` ուռուցքների հեռացումից հետո վերականգնողական անոթային վիրաբուժական օժանդակություն ցուցաբերելով: Ես ներգրավված եմ երիկամների փոխպատվաստման մեջ` պարբերաբար կատարելով փոխպատվաստումային վիրահատություններ: Ավելի քան 10 տարի է` գնում եմ նաև Սիդնեյից 450կմ հյուսիս-արևմուտք ընկած հեռավոր մի քաղաք, որտեղ ևս նայում եմ հիվանդերին և կատարում վիրահատություններ: Ես ակտիվորեն ընդգրկված եմ նաև ուսանողների և արդեն մասնագետ դառնալուն պատրաստ բժիշկների ուսուցման, դասախոսություններ կարդալու գործընթացներում: Վերջերս ընդունվեցի Անոթային Վիրաբուժության Ազգային քննական հանձնաժողով` մեր Ավստրալական Վիրաբուժական Թագավորական քոլեջի կազմում:
Վերջին 10 տարում ակտիվորեն ընդգրկված եմ նաև նշված վիրաբուժական քոլեջի աշխատանքներում, իսկ 2016-2018թթ-ին Նոր Հարավային Ուելս նահանգի նահանգային բաժնի նախագահն էի:
Ընդգրկված եմ բազմաթիվ հետազոտական նախագծերում և պարբերաբար հոդվածներ եմ տպագրում ամսագրերում: Նաև հեղինակել եմ երկու գլուխ մեր հայտնի վիրաբուժական դասագրքերից մեկում: Մասնակցում եմ նաև մեր հիվանդանոցում իրականացվող ամենամյա միջազգային դասընթացներին:


-Առաջիկայում իրականացվելիք ի՞նչ ծրագրեր ունեք:
-Շարունակելու եմ հայաստանյան այցերս և երիտասարդ բժիշկների ուսուցումը: Ներկա համաճարակային իրավիճակի լավացման պարագայում, առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալու եմ կիսատ թողնվածս շարունակելու: Մշտապես կապի մեջ եմ նաև բժիշկ Աղիյանի հետ` հատկապես բարդացած դեպքերի քննարկման, ախտորոշման և բուժման ընտրության հարցերով:
Ցավոք, կարծում եմ անոթային վիրաբուժությունն այդքան էլ բարձրակարգ չի դասավանդվում համալսարաններում, ուստի` կուզենայի ընդգրկվել նաև Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասավանդման գործընթացներում: Միշտ մտածել եմ, և հատկապես հիմա լրջորեն մտածում եմ նաև գիտական թեկնածություն պաշտպանելու մասին` անոթային վիրաբուժության ուղղությամբ: Շատ կուզենայի մեկ այլ անոթային գիտաժողով ևս կազմակերպել Հայաստանում, որը հնարավորություն կտար բոլոր անոթային վիրաբույժներին հանդիպել, փոխանակվել իրենց թե՛ հաջողված, թե՛ անհաջող փորձով, որը նաև կլիներ ուսուցման լավ առիթ: Ցավոք, նախորդ երկու գիտաժողովներն այդքան էլ բազմամարդ չէին:
Կարծում եմ` հայաստանյան անոթային վիրաբույժներն ունեն հնարավորություն նշանակալի բարձրացնելու հիվանդներին մատուցվող բուժօգնության որակն ու հիվանդների կյանքի որակն առհասարակ` անոթային վիրաբուժական հիվանդությունների ազգային տեղեկատվական բազա` դատաբազա ստեղծելով: Այն հնարավորություն կտա գնահատել մեր կատարած աշխատանքն ու բարելավել դրա կարիքն ունեցող ուղղությունները: Այդպիսի հզոր դատաբազան հրաշալի հնարավորություն է նաև բազմաթիվ հետազոտությունների համար համաճարակաբանության մեջ և, որ ամենակարևորն է, օգտակար ինֆորմացիա կլինի կառավարության համար հետագայում բուժօգնության որակի բարելավման ռազմավարությունը մշակելիս:


-Դուք Ձեր աշխատանքով բազում կյանքեր եք փրկում, հետաքրքիր է, ի՞նչ զգացողություններ եք ունենում ամեն անգամ որևէ մեկի կյանքը փրկելիս:
-Ինձ շատ բախտավոր եմ զգում, որ կարող եմ մարդկանց մեջ հույս արթնացնել, լավացնել նրանց կյանքի որակն ու երբեմն էլ փրկել կյանքեր: Դժբախտաբար, ոչ միշտ է դա ստացվում և ունենում ենք անցանկալի ելքեր: Ամեն հաջողված վիրահատությունից հետո մտածում եմ առաջին հերթին ցավալի կորուստների մասին և համոզվում, որ երբեք չպիտի դադարենք խորացնել մեր գիտելիքներն ու բարելավել անոթային վիրաբուժության մատուցման որակը:


-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Հայաստանը և հայաստանյան բժշկությունը, մասնավորապես` անոթային վիրաբուժությունը:
-Հիվանդների տեսակետից` ես կուզենայի տեսնել, որ բուժօգնությունը հասանելի է բոլորին հավասարապես, այն է` պետությունը հովանավորեր հիմնական բուժօգնության մատուցումը` անկախ հիվանդների ֆինանսական հնարավորություններից: Եվ ինչու ոչ, նաև նրանք, ովքեր ի վիճակի են ունենալ անձնական բժշկական ապահովագրություն, մասամբ սուբսիդավորվեր կառավարության կողմից: Հայաստանում պետք է բարելավվի առաջնակի բուժօգնությունը:
Ծխելու դեմ պայքարը պետք է բարձրացվի ազգային մակարդակի, պետք է խրախուսվի մարդկանց պարբերական այցերն իրենց ընտանեկան բժիշկներին` զարկերակային ճնշման, խոլեստերինի և շաքարի մշտական հսկման համար: Այս ամենը կօգնի նշանակալի իջեցնել ոչ միայն անոթային աղետների հավանականությունը, այլև սրտամկանի ինֆարկտի, ուղեղի արյան շրջանառության և տարբեր քաղցկեղների հաճախականությունը:
Բժիշկների տեսակետից` պետք է ստեղծվի համակարգ, որը կապահովի բարձրակարգ ստանդարտներ` ուսուցման, քոլեջի կողմից կազմակերպված և վերահսկվող քննությունների ու շարունակական բժշկական ուսուցման միջոցով: Պետք է բարելավվեն և վերահսկվեն վիրաբույժների վերապատրաստման ստանդարտները: Բժիշկները պետք է կրթվեն և խրախուսական հնարավորություն ստանան որոշումներ ընդունելու` հիմնված ապացուցողական բժշկության դրույթների վրա և ոչ երբեք շուկայի պահանջների:
Բժիշկները յուրահատուկ տեղ են զբաղեցնում հասարակության մեջ, ում հիվանդները վստահում են իրենց կյանքը: Հետևաբար` բժիշկների պատասխանատվությունն է պահպանել այդ վստահությունը` մնալով պրոֆեսիոնալ և անկեղծորեն մտահոգ սեփական հիվանդների բարեկեցությամբ:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...