20:21
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր դպրոցի ամենամեծ ձեռքբերումը մեր շրջանավարտների յուրօրինակ նկարագիրն է

2020-04-09 13:48

 
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Էօրնեկեան հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը

«Դե Ֆակտո» N 01/152 (01/2020թ.) 

 


-Տիկի՛ն Վարդանյան, արդեն 38 տարի է` ինչ զբաղվում եք մանկավարժական գործունեությամբ, կխնդրեի ներկայացնեք` ի՞նչ աշխատանքային ճանապարհ եք անցել:

-Շատ հետաքրքիր էր մանկավարժական գործունեությանս սկիզբը. երբևիցե չեմ մտածել, որ մի օր կաշխատեմ դպրոցում, իմ ողջ երազանքը եղել է բանասիրության ոլորտում հաջողություններ գրանցելը, սակայն որոշ ընտանեկան հանգամանքներ հանգեցրին նրան, որ ընտրեցի հենց մանկավարժությունը: Համալսարանն ավարտելուց հետո շատ հետաքրքիր ձևով հայտնվեցի մի հաստատությունում, որն այն ժամանակ կոչվում էր ԲՇՏ /բնակշահագործման տեղամաս/. աշխատում էի մանկավարժական հաստիքում /այդ ժամանակ այդպիսի հաստիք կար/, և իմ աշխատանքը հիմնականում հակասոցիալական վարք դրսևորած անձանց հետ էր, շատ հետաքրքիր էր և այդ տարիների ընթացքում ինձ համար մարդկային նոր դրսևորումներ բացահայտվեցին: 11 ամիս աշխատել եմ այդ հաստատությունում, այնուհետև Դավիթաշենի առաջին թաղամասում գտնվող նորաբաց թիվ 189 դպրոցում ընդունվեցի աշխատանքի` որպես երկարօրյայի ուսուցչուհի, այնուհետ` դասվար, նույն դպրոցում նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 10 տարի թիվ 189 դպրոցում աշխատելուց հետո ինձ առաջարկեցին աշխատել փոխտնօրեն Երևանի թիվ 94 դպրոցում. որքան էլ` ինձ համար դժվար էր փոխել աշխատանքս և թողնել հ.189 դպրոցը, ես համաձայնվեցի իմ մասնագիտական գործունեությունս և նոր առաջարկվող վարչական աշխատանքը համատեղել թիվ 94 դպրոցում: 2007 թվականին հենց նույն դպրոցում ընտրվեցի որպես դպրոցի տնօրեն և մինչ 2017 թվականն աշխատեցի այնտեղ:
2017 թվականի հունվարից մինչ օրս աշխատում եմ Էօրնեկեան հանրակրթական դպրոցում որպես տնօրեն:
Ամփոփելով իմ անցած մասնագիտական ուղին ասեմ, որ իմ անցած ճանապարհը ես քայլել եմ ինքնուրույն, փորձել եմ իմ աշխատանքով ճանապարհս հարթել, շատ բան եմ սովորել իմ ավագ ընկերներից, նույնիսկ իմ աշակերտներից եմ սովորել, ովքեր ինձ սովորեցրել են ինչպես պետք է աշխատել և վարվել իրենց հետ և իմ աշխատանքային ամենամեծ ձեռքբերումը կրթության ոլորտում լավագույն մասնագետներն են, ովքեր այսօր կանգնած են կրթության հիմքում և պատրաստ են ամեն բանի, որ մեր երկրում կրթությունը դառնա ամուր սյուներից մեկը:

-2009 թվականին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Էդուարդո Էռնեկայանի հովանավորությամբ հիմնադրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը, մի փոքր կպատմե՞ք դպրոցի ստեղծման մասին:

-Դպրոցն իր գործունեությունը սկսել է Վաղարշապատի թիվ 13 հատուկ դպրոցի հիման վրա: 2009 թվականին ազգային բարերար Էդուարդո Էռնեկյանի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծվեց Էօրնեկեան հանրակրթական դպրոցը:
Բարերար Էդուարդո Էռնեկյանը` բավականին լուրջ ներդրումներով, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կրթության նկատմամբ իր տեսիլ-մոտեցումներով, ամեն ջանք գործադրեցին, որպեսզի ստեղծվի այս օրինակելի դպրոցը:
Այսօր այդ երկու մարդականց համատեղ ջանքերի, մեծ նվիրումի և բարեգործության արդյունքում ունենք այս հրաշալի դպրոցը: Մանկավարժական հզոր թիմի, աշակերտական կոլեկտիվի և ծնողական համայնքի շնորհիվ է, որ մեր դպրոցն այսօր տարբերվում է շատ ու շատ դպրոցներից:
Դպրոցը այս տարիների ընթացքում կրթադաստիարակչական ոլորտում գրանցել է բավականին մեծ նվաճումներ: Մեր դպրոցում մենք պահպանում ենք ազգային դպրոցի հիմքը: Այստեղ որպես առաջնային խնդիր դրված է ճիշտ դաստիարակությունը, այնուհետև նոր կրթությունը, որովհետև այսօր կարծես դպրոցներում դաստիարակությունը մի փոքր հետ է մղված: Շատ եմ կարևորում սովորողների լուրջ մոտեցումն ուսման նկատմամբ. որովհետև հնարավոր է լինեն ուսուցմանը նպաստող լավագույն պայմաններ, սակայն սովորողներն իրենց ոչ ճիշտ մոտեցմամբ չկարողանան այս ամենի արժեքը գնահատել և հասնել նման հաջողությունների: Շատ եմ կարևորում ծնողական համայնքի մոտեցումը` ի դեմս ծնող-խորհրդի նախագահ` Խաթուն Ներսիսյանի, ով գրեթե ամեն օր իր թիմով դպրոցում կատարում է բազմաբնույթ աշխատանքներ. ցանկացած նախաձեռնությանը, ցանկացած խնդրի ժամանակ առաջին արձագանքողը հենց ծնողական համայնքն է, և, երևի այս թիմն է, որ մանկավարժների հետ միասին կարողանում են բարձր պահել դպրոցի նման նկարագիրը:
Արտադպրոցական դաստիարակության մեջ մեծ լումա ունի դպրոցը. դպրոցն ունի բազում խելացի շրջանավարտներ, ովքեր մշտապես մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի և միջազգային տարբեր մրցույթներում գրանցում են հաջողություններ: Ունենք յոթանասուն հոգուց բաղկացած հրաշալի երգչախումբ և մեր երգչախումբը պարբերաբար մասնակցում է միջազգային մրցույթների:
Կարծում եմ մեր դպրոցի ամենամեծ ձեռքբերումը մեր շրջանավարտների յուրօրինակ նկարագիրն է, որը որ բերում է նոր կյանք:
Դպրոցն անցել է արտաքին գնահատում. արձանագրվել են կրթության որակի բավականին բարձր տոկոսներ. սա արդեն ևս մեծ ձեռքբերում է:

-Դեռ 2009 թվականին դպրոցն իր գործունեությունը սկսել է 80 աշակերտով, այսօր որքա՞ն աշակերտ է սովորում այստեղ: 


-2009 թվականին, երբ բացվեց դպրոցը, ուներ ընդամենը 80 սովորող. սովորողների աճը բավականին դժվար ճանապարհ է անցել:
Ոչ ոք անգամ պատկերացում չուներ, որ տասը տարվա ընթացքում կարող է դպրոցի աշակերտների թիվը նման աճ գրանցել և ունենալ այնպիսի զարգացում, որ այսօր նույնիսկ արդեն աշակերտների տեղերի սահմանափակման խնդիր ունենք: Երբ մեզ մոտ հայտարարվում է առաջին դասարանցիների ընդունելություն, դիմողների թիվը հասնում է մինչև 170-190 երեխայի, սակայն մենք ընդամենը կարող ենք 40 երեխայի ընդունել, դա կապված է բարերների ներդրած միջոցների, դպրոցի ֆիզիկական վիճակի հետ:
Այս պահին ուրախությամբ նշեմ, որ արդեն ունենք 500 սովորող: 500-ն էլ իրենց կրթության որակի առումով հիմնականում առաջավորներ են կամ գերազանցիկներ, գրեթե չունենք վատ սովորողներ:
Այդ աճը հիմնականում կապված է մեր հզոր և լավ մանկավարժական թիմի աշխատանքի հետ: Մեզ մոտ ուսուցիչների ընդունելության կարգը մի փոքր տարբերվում է պետական դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթային կարգից. մեզ մոտ քննությունը պարտադիր անցնում է մի քանի չափորոշիչով. առարկայական մրցույթ, մեթոդական մրցույթ, հոգեբանական մրցույթ, այսինքն` ուսուցչի գնահատումը կատարվում է բոլոր չափորոշիչներով: Նման գործընթացով է ընտրվել ուսուցչական ողջ կազմը, նաև անցել են ատեստավորում, և ատեստավորման արդյունքում մնացել են այն լավագույն ուսուցիչները, ովքեր այսօր աշխատում են այստեղ: Ունենք շենքային հզոր պայմաններ, կցանկանայի, որ ՀՀ բոլոր դպրոցներում սովորող աշակերտներն ունենան նմանատիպ պայմաններ և հնարավորություններ, որոնք նաև էսթետիկական հաճույք են, և մղում են դեպի լավ կրթություն:

Իմ կարծիքով երեխային դասավանդել չի նշանակում զուտ քերականական սերտում տալ,

այլ նաև նրան պետք է ծանոթացնել ազգային, ավանդական մշակութային արժեքներին


-Տիկի՛ն Վարդանյան, ինչպե՞ս կարող են աշակերտները ընդունվել Էօրնեկեան հանրակրթական դպրոց և միայն էջմիածնի՞ց են աշակերտները:


-Առաջին դասարանի սովորողները դպրոց ընդունվում են հատուկ հարցազրույցով:
Հարցազրույցն անցնում է խաղի, երգի, պարի տեսքով. չկա ոչ մի ակադեմիական գիտելիքի հարցում, մենք երեխայի մոտ ստուգում ենք իր ընդունակությունը, կողմնորոշումը, ընտանիքի մոտեցումը կրթության նկատմամբ: Իսկ միջին դասարաններում ընդունելություն կատարվում է այն դեպքում, երբ այդ դասարաններում թափուր տեղ է առաջանում. որևէ դասարանում երեք և ավելի թափուր տեղ առաջանալիս հայտարարվում է ընդունելության մրցույթ: Վեհափառ Հայրապետի սահմանած կարգի համաձայն` մեկ դասարանում սովորողների առավելագույն թիվը չպետք է գերազանցի 16-ը:
Ավագ դպրոց ընդունվում են 9-րդ դասարանն ավարտած աշակերտները. ավագ դպրոցի ընդունելությունը կատարվում է ամեն տարի հոսքային առարկանների շրջանակում և մանկավարժական խորհուրդն է որոշում` ինչ քննություններ պետք է սահմանվի 10-րդ դասարան ընդունվող աշակերտների համար, տրվում է հայտարարություն և սահմանվում են տեղերը:
Մեր դպրոցում ոչ միայն սովորում են Արմավիրի մարզում բնակվող երեխանները, այլ նաև ունենք աշակերտներ հարակից համայնքներից, նույնիսկ Երևանից: Չունենք որևէ մարզի սահմանափակում:

-Այստեղ ուսուցումն անվճար է, և երեխան մուտք գործելով դպրոց, ստանում է հաշվեքարտ` 100 դոլարին համարժեք գումարով, ամեն տարի քարտին փոխանցվում է 100 դոլար, ի՞նչ նպատակով է փոխանցվում գումարը:

-Այո, մեր դպրոցում աշակերտները ստանում են կրթական օգնություն: Յուրաքանչյուր երեխա ունի հաշվեքարտ, և հաշվեքարտին յուրաքանչյուր տարի ավելանում է 100-ական դոլար և երեխան 12-րդ դասարանն ավարտելուց հետո` մտնելով նոր կյանք` կարող է տնօրինել իր գումարը:
Բացի այդ գումարից աշակերտները ստանում են նաև անվճար դասագրքեր մինչև 12-րդ դասարան: Յուրաքանչյուր երեխայի անվճար տրվում է երկու օրինակ հագուստ:
Այս տարվանից Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ կմատուցվի նաև անվճար տրանսպորտային ծառայություն: Դիմել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ստացել թույլատվություն մասնակցելու պետական դպրոցներին տրամադրվող աբոնեմենտային անվճար համակարգին:
Նաև այս տարի Վեհափառ Հայրապետը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված մեր դպրոցի ութ շրջանավարտների ուսման վարձն է փոխանցել` հաջորդ տարի ուսման որակի բարձրացումն ապահովելու և անվճար համակարգ անցնելու նախապայմանով: Եվ արդեն ունենք երկու ուսանող, ովքեր այս ընթացքում գրանցել են այդ հաջողությունը և հաջորդ տարի կլինեն անվճար ուսուցման համակարգում:

-Ինչպե՞ս են այստեղ ձևավորված ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները, արդյո՞ք դժվար չէ ներկայիս սերնդի հետ աշխատել:

-Այսօրվա երեխան արդեն մեկ տարի առաջվա երեխան չէ, այսօրվա սովորողը և մեկ տարի առաջվա սովորողը` նույն դասարանների, տարբեր են. Տեղեկատվական արագընթաց նորարարությունների այս դարաշրջանում աշխարհն առաջ է գնում, փոխվում է ամեն ինչ, և այս տեղեկատվական միջոցներն այնքան բաց են, որ հետևից հասնելը բավականին բարդ է: Մեր դպրոցում աշակերտների և ուսուցիչների միջև կա համագործակցության հետաքրքիր եզր, եթե ուսուցիչը որևէ հարցում դժվարանում է` որևէ սարքի հետ աշխատանքի ընթացքում, մենք հրավիրում ենք աշակերտին, խնդրում ենք մեզ բացատրել, կարծես դերային փոփոխություն է տեղի ունենում և հանգիստ սովորում ենք աշակերտից: Այս համագործակցության արդյունքում էլ շատ հետաքրքիր նոր նախաձեռնություններ են ծնվում, այսպես ստեղծվում են աշակերտ-ուսուցիչ ընկերական փոխհարաբերությունները:
Մենք փորձում ենք պահել այն եզրը, որ ուսուցիչը չպետք է մտնի դասարան և ասի` ես ուսուցիչն եմ, դուք աշակերտը, ես պետք է խոսեմ, դուք պետք է լռեք: Ուսուցիչները զուտ նրա համար չեն, որ մտնեն դասարան, դասապրոցեսն անցկացնեն և դուրս գան, ուսուցիչները նաև պատասխանատվություն են կրում սովորողներին որոշակի հմտություններ ու կարողություններ տալու համար: Իմ կարծիքով երեխային դասավանդել չի նշանակում զուտ քերականական սերտում տալ, այլ նաև պետք է ծանոթացնել ազգային, ավանդական մշակութային արժեքներին:
Մեր դպրոցում այսօր ձևավորված է հենց այդ ավանդույթը, և մեր պարագայում շատ հեշտ է ստացվում շփումը աշակերտների հետ .քանի որ այստեղ կարծես ընտրված ընտանիքի ընտրված երեխաներ են:

-Ինչպե՞ս է կազմակերպվում աշակերտների ամառային արձակուրդը, մենք գիտենք, որ ունենում եք ամառային ճամբարներ, մի փոքր կմանրամասնե՞ք:

-Մեր դպրոցը կազմակերպում է ամառային ճամբարներ: Արդեն երկրորդ կիսամյակից որոշվում է, թե ովքեր պետք է մեկնեն ամառային հանգստի. դժվար է ընտրել երեխաներին, սակայն դպրոցում դրված են չափորոշչային պահանջներ, և սովորողը պետք է ներկայանա այդ պահանջներով, որպեսզի կարողանան մասնակցել ամառային ճամբարին: Ցավոք սրտի շատ մեծ չեն հնարավորությունները. պայմանավորվածությունը Ջինիշյան հիմնադրամի հետ է և իրենք են մեր հովանավորները: Աշակերտներն ամռանը մեկ շաբաթ անցկացնում են ճամբարում. վերջի երկու տարիներին ամառային ճամբարն անցկացրել ենք Վանաձոր քաղաքում, անցյալ տարի մոտ 130 աշակերտներ մասնակցել են ճամբարին:
Ճամբարը ևս կրթադաստիարակչական է. ունենք ճամբարային ծրագիր, առավոտյան ունենում ենք առարկայական որոշակի դասընթացներ, այնուհետև երեխաները ազատ են լինում: Վեհափառ Հայրապետի հովանավորությամբ անցյալ տարի մեր լավագույն սովորողներից երեքին հնարավորություն տրվեց ամառային ճամբարը մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նրանք ներկայացել էին լավագույն դրսևորումներով, վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից շատ տպավորված և կազմակերպեցին սեմինար` ներկայացնելով այնտեղի կրթական համակարգը:

-Մանկավարժի աշխատանքը, թերևս, ամենապատասխանատու և բարդ աշխատանքներից է, Ձեր բնորոշմամբ` ինչպիսի՞ն պետք է լինի մանկավարժը:

-Ամենաառաջինը մանկավարժը պետք է լինի համար մեկ օրինակը, ոչ միայն իր աշխատավայրում, այլ նաև իր՛ ընտանիքում, իր՛ շրջապատում: Շատ կարևորում եմ մանկավարժի անհատական տեսակը, մանկավարժը պետք է ունենա անհատականություն, նա պետք է ունենա իր եսը, իր ուրվագիծը, իր ուղղորդումը: Մանկավարժը պետք է օժտված լինի դրական հատկանիշներով, պետք է մշտապես պատրաստ լինի անձնազոհությանը: Նա պետք է իր մասնագիտության հանդեպ նվիրումը երբեք չպակասեցնի. ոչինչ հաշվի չառնելով `շարունակի իր անձնվեր աշխատանքը: Եվ նման մանկավարժների կերպարը պետք է պահպանվի:

-Ինչպիսի՞ն է Սուսաննա Վարդանյանն աշխատանքից դուրս:

-Աշխատանքից դուրս շատ եմ սիրում ներկայացումներ դիտել, դա ինձ համար մեկ այլ հաճույք է: Սիրում եմ ճանապարհորդել ավտոմեքենայով, ասեմ որ ամուսինս նույնպես սիրում է մեքենայով ճանապարհորդել, քանի որ այդպես մենք կարողանում ենք էլ ավելի շատ բան տեսնել և ծանոթանալ այլ երկրների մշակույթին, ավանդույթներին:
Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել թոռնիկներիս հետ, ունեմ չորս թոռնիկ. երկու թոռնիկներս այստեղ չեն բնակվում, հաճախ եմ տխրում, կարոտում եմ շատ. նրանք բնակվում են Սանկտ Պետերբուրգում, և ուրախությամբ ուզում եմ ասել, որ տղա թոռնիկս, ով 8 տարեկան է, ապրելով օտար հողում` գրում և կարդում է հայերեն, որն ինձ համար երջանկություն է: Մյուս երկու թոռնիկներս այստեղ են, նրանք ամեն ուրբաթ այցելում են մեզ և լցնում մեր օրը: Փորձում եմ թոռնիկներիս կրթական գործընթացում ունենալ իմ ներդրումը, ինչը տարիներ առաջ զբաղվածությանս պատճառով չեմ կարողացել լիարժեք հասցնել երեխաներիս առումով:

-Եվ վերջում` տիկին Վարդանյան. որո՞նք են ամենակայուն արժեքները Ձեր կյանքում:

-Ինձ համար կյանքում ամենակարևոր արժեքը լավ ընտանիքն է, ես միշտ ասում եմ` շատ լավ է, երբ կինը հասարակության մեջ մեծ դեր ունի, շատ լավ է, երբ կինը ճանաչված և սիրված է, սակայն այդ ամենը շատ կարևորվում է այն ժամանակ, երբ այն լրացվածէ իր ստեղծած գեղեցիկ ընտանիքով, քանի որ մարդու համար աստվածային պարգև է ընտանիքը, երեխան: Ցանկացած կնոջ համար ամենակարևոր առաքելությունը լավ սերունդ ունենալն և այդ լավ սերնդին ազգային և մշակութային արժեքներ,ավանդույթներ և լավ կրթություն փոխանցելն է: 

Ամենակարևոր արժեքը նաև այն է, որ մարդ պետք է պահպանի այն բարոյական սկզբունքներն ու արժեքները, որոնք ի վերուստ են տրված:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...