23:58
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինձ համար ամենամեծ մրցանակն առողջացած հիվանդների շնորհակալական հայացքներն ու խոսքերն են

2020-04-03 13:40

«Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի վարիչ, էնդոկրին վիրաբուժական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու  ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ


«Թայրոիդ» մասնագիտական ակումբի համահիմնադիրներից է, հոդվածներ է տպագրել միջազգային պարբերականներում, հեղինակել է «Վահանաձեւ գեղձի հանգույցներ» գիրքը, կազմակերպել է վահանաձեւ գեղձի խնդիրներին նվիրված գիտաժողովներ, վերջին երկու տարվա ընթացքում կատարել է տարեկան շուրջ 450-500 վիրահատություն:
Ստացել է բազմաթիվ սերտիֆիկատներ, պատվոգրեր, արժանացել է «Լավագույն բժիշկ», «Տարվա բժիշկ», «Որակի նշան» մրցանակներին:


Բժշկագիտությունն օր օրի զարգանում է, որի նվաճումներին հետևելը, նորագույն մեթոդներն ու մոտեցումներն աշխատանքում ներդնելը յուրաքանչյուր կոչումով բժշկի պարտքն է: Հենց այդ մոտեցմամբ է առաջնորդվում Արմեն Վարժապետյանը: Նա մասնագիտությամբ ընդհանուր և աբդոմինալ վիրաբույժ է, նեղ մասնագիտացմամբ` էնդոկրին և լապարոսկոպիկ վիրաբույժ:
Արմեն Վարժապետյանը Հայաստանի այն եզակի վիրաբույժներից է, ով մշտապես հետևում է զարգացած երկրների առաջադեմ կլինիկաների աշխատանքին, կապ պաշտպանում այնտեղ աշխատող լավագույն մասնագետների հետ, մասնակցում է մասնագիտական կարևոր կոնֆերանսներին, որոնց ընթացքում ձեռք է բերում լրացուցիչ գիտելիքներ, ինչպես նաև կիսվում իր փորձով, գիտական մոտեցումներով և նվաճումներով: Նա ընտրել է աշխատանքի բարձր արդյունավետության ապահովման և անընդհատ կատարելագործման ուղին:

Էնդոկրին վիրաբուժությունը տարեց տարի զարգանում է` փրկելով ավելի մեծ թվով կյանքեր:
«Վերջին տարիներին Էնդոկրին վիրաբուժությունը լուրջ առաջընթաց է ապրել Հայաստանում. փոխվել են վիրահատական մոտեցումները, մեթոդներն ու գործիքները, ամրապնդվել է գիտական կապն աշխարհի հետ, ինչի արդյունքում բարձրացել է վիրահատությունների արդյունավետությունը և բարելավվել մարդկանց կյանքի որակը` հետվիրահատական շրջանում»,-մեզ հետ զրույցում նշեց Արմեն Վարժապետյանը:
Արմեն Վարժապետյանի խոսքով` այսօր վահանաձև գեղձի վիրահատության հետ կապված մոտեցումները շատ են փոխվել արդի բժշկագիտության մեջ, փոխվել է թե՛ ռազմավարությունը` ո՞ր դեպքում վիրահատել, վիրահատության ի՞նչ ծավալ ընտրել, ինչպե՞ս վարել հետվիրահատական շրջանը, թե՛ ներվիրահատական առանձնահատկությունները` ի՞նչ փուլերով վիրահատել, ի՞նչ սարքավորումներ կիրառել և այլն: «Նախկինում կատարում էին վահանաձև գեղձի մասնատումներ` թողնելով բավականին մեծ քանակությամբ մնացորդային հյուսվածք, քանի որ վահանաձև գեղձից ավելի մեծ հատված հեռացնելու դեպքում առաջանում էր գեղձի թերֆունկցիա, մնացորդային հյուսվածքը չէր աշխատում, որը կանխելու համար անհրաժեշտ դեղորայքը դժվար էր ձեռքբերվում, ինչի արդյունքում ընկնում էր մարդու կյանքի որակը: Սակայն վերջին տարիներին այդ դեղանյութը թե՛ գնային արժեքով, թե՛ տարածվածությամբ առավել մատչելի է դարձել, մենք ավելի ծավալուն վիրահատություններ կարող ենք կատարել. գեղձն ամբողջությամբ հեռացվում է, ինչը պակասեցնում է հիվանդության կրկնվելու հավանականությունը»,-նշեց Արմեն Վարժապետյանը:
Չարորակ ուռուցքի դեպքում, երբեմն կատարվում է նաև օրգանպահպանողական ծավալի վիրահատություն` հեռացվում է վահանաձև գեղձի այն կեսը, որի մեջ ուռուցք կա: Եվ եթե վիրահատական և հետվիրահատական շրջանում ամեն ինչ ճիշտ է արվում, երկրորդ վիրահատության կարիք չի առաջանում:
Էնդոկրին վիրաբուժության երկրորդ ձեռքբերումը արդի սարքավորումների ներդրումն է, ինչը հեշտացնում է վիրաբույժի աշխատանքը: Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն կարճացնել վիրահատության տևողությունը, այլ նաև փոքրացնել տրավման. եթե նախկինում կատարվում էին 9-7 սմ երկարությամբ կտրվածքներ, հատվում էին մկանները, հիվանդները 1-2 օր պառկում էին վերակենդանացման բաժանմունքում, հետո մոտ մեկ շաբաթ հիվանդանոցում, ապա այսօր հիվանդների 90 տոկոսը վիրահատության հաջորդ օրը դուրս է գրվում հիվանդանոցից և գնում տուն:
«Մենք մեր կլինիկայում կիրառում ենք նաև նեյրոմոնիթորինգ, որն, ի դեպ, Հայաստանում միայն մեր կլինիկայում է ներդրված: Սարքը թույլ է տալիս իրականացնել հետադարձ կոկորդային նյարդի վիճակի մոնիթորինգ ողջ վիրահատության ընթացքում, ինչը շատ անհրաժեշտ է, քանի որ վիրահատության ժամանակ նյարդը կարող է վնասվել, և հիվանդի մոտ ձայնի, շնչառության հետ կապված խնդիրներ առաջանան: Հնարավոր է անգամ նյարդը չվնասվի, բայց կորցնի որոշակի ֆունկցիաներ, մենք հայտնաբերում ենք նման դեպքերն ու հենց այդ պահին կարգավորում գեղձի մանիպուլյացիաները»:
Երրորդ ձեռքբերումը գիտական կապն է աշխարհի հետ: Նախկինում` Խորհրդային Միության տարիներին, մեր երկրում արձանագրված լավագույն հաջողությունները գրանցվում և սահմանափակվում էին Միության շրջանակներում, և անգամ Ռուսաստանն էր հետ մնում ժամանակակից զարգացումներից: Այսօր պատկերն այլ է` ընդլայնվել և մատչելի է դարձել ինֆորմացիոն դաշտը, միջազգային կապերը, ինչում մեծ դեր ունի համացանցը: «Մենք, ամրապնդելով մեր կապերը Եվրոպայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Կորեայի լավագույն կենտրոնների հետ, մշտապես տեղեկություններ ենք ստանում իրենց նորարարությունների վերաբերյալ, նրանց հետ կիսում ենք նաև մեր փորձը: Վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 30 անգամ եղել եմ արտասահմանում, հանդիպել եմ ոլորտի լավագույն մասնագետների հետ թե՛ կլինիկական կոնֆերանսների, թե՛ վերապատրաստումների, և թե՛ ընդհանուր փորձի փոխանակության անձնական հանդիպումների շրջանակներում»,-ավելացրեց Արմեն Վարժապետյանը:

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների (քաղցկեղի) աճի դինամիկան մտահոգիչ է:
Այս հարցն ունի երկու կողմ` հարաբերական և բացարձակ: Հիվանդացության աճի բացարձակ ցուցանիշն այն է, երբ որոշակի թվաքանակով մարդկանց շրջանում տարեց տարի հիվանդների թիվն աճում է, իսկ հարաբերական աճը պայմանավորված է հիվանդությունների վաղ հայտնաբերմամբ` ախտորոշիչ հնարավորությունների զարգացման շնորհիվ: «Վիրաբուժության զարգացմանը զուգահեռ` զարգացում են ապրում նաև դիագնոստիկ միջոցները, որոնք թույլ են տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում և ապահովել բուժման առավել բարձր արդյունավետություն»: Վերջին 7 տարիների ընթացքում մեծ զարգացում ապրեց ուլտրաձայնային հետազոտությունը, որը հիվանդությունների վաղ հայտնաբերման և վաղ փուլերում բուժման գործում մեծ դերակատարում ունի: Այդ շարքում կարելի է թվել նաև էլաստոգրաֆիան, բջջաբանական հետազոտությունը, պունկցիան, բիոպսիան և այլն:
«Հիմնականում տարածված են վահանաձև գեղձի հիվանդությունների բարձր դիֆերենցված տեսակները, որոնք անվանում ենք պապիլյար և ֆոլիկուլային քաղցկեղներ: Դրանք հանդիպում են դեպքերի մոտ 98-99 տոկոսի ժամանակ, որոնց բուժումը բավականին արդյունավետ է, ապահովվում է 100 տոկոսանոց ապրելիություն»:
Ուրախալի է, որ այսօր պայմաններ են ստեղծվել հետվիրահատական բուժումը Հայաստանում ստանալու համար: Մեր երկրում արդեն հասանելի է ռադիոթերապիան, որը ներդրված է մի քանի բժշկական կենտրոններում, և այլևս կարիք չկա մեկնելու արտերկիր: «Աստղիկ» բժշկական կենտրոնը ևս քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

Ապագա ծրագրերը շատ են:
«Մեր բաժանմունքը զարգացնելու և բուժման արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով մենք ծրագրում ենք ստեղծել վիրահատական նոր եղանակ, ներդնել նոր սարքավորումներ: Խոսքը էնդոսկոպիկ եղանակով վահանաձև գեղձի վիրահատություններ սկսելու մասին է»,-մեզ հետ զրույցում նշեց Արմեն Վարժապետյանը:
Էնդոսկոպիկ եղանակով մակերիկամների վիրահատություններ արդեն իսկ կատարվում են բաժանմունքում:
Ծրագրում ենք նաև պարամոնիթորինգի /հարվահանաձև գեղձերի ներվիրահատական հսկողություն/ տարբեր եղանակների մշակումը և զարգացումը:
Ներկա պահին ակտիվ համագործակցում ենք ուռուցքաբանական համաշխարհային կենտրոնների հետ. որոշակի ծրագրեր կան Պիզայի համալսարանական կլինիկայի էնդոկրին վիրաբուժության կենտրոնի, Ռուսաստանի Գիտական ուռուցքաբանական կենտրոնի և Էնդոկրին գիտական կենտրոնի հետ:

Ամենամեծ մրցանակը բժշկի համար ...
«Ինձ համար ամենամեծ մրցանակը առողջացած հիվանդների շնորհակալական հայացքներն ու խոսքերն են, որոնք հիմնավորված են արդյունավետ բուժմամբ, դրանից ավելի բարձր մրցանակ չկա: Իհարկե, ինձ գնահատված եմ զգում նաև, երբ տարբեր կազմակերպությունների կողմից մրցանակներ եմ ստանում. դա շատ պարտավորեցնող է. պետք է պահպանես այն ձեռքբերումները, որոնց հասել ես և զարգացնես դրանք»,-նշեց Ա. Վարժապետյանը:
Երեխաները հայրիկի գործի


շարունակողներն են:
«Ունեմ երկու դուստր, մեծը ԵՊԲՀ ուսանող է, ընտրել է բժշկական ֆիզիկայի ուղղությունը, իսկ փոքրը դեռևս սովորում է դպրոցում, նա ևս նպատակ ունի բժշկուհի դառնալ»,-զրույցը եզրափակեց էնդոկրին վիրաբույժ Արմեն Վարժապետյանը:


Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...