22:14
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Մենք պատասխանատու ենք Ձեր առողջ սննդի համար». «Նարե» կաթնամթերք

2020-02-10 11:55

«Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Նարե» կաթնամթերքի
հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հակոբյանը:

Մեր այսօրվա զրուցակիցը, չնայած իր երիտասարդ տարիքին, իր հայրենի Նորատուս համայնքում հիմնել է տեղական կաթնամթերքի արտադրություն:
Նրա հայրենասիրությունը, իր հող ու ջրին նվիրվածությունն անսահման է, նա այլ երկրում չի պատկերացնում իր ապագան: Նրա նպատակն էր հայրենի հողում զարգացնել տեղական արտադրանքը, ստեղծել աշխատատեղեր: Նա կարծում է, որ հայրենական արտադրության զարգացումը երկրի տնտեսության կարեւոր հիմնասյուներից մեկն է:

-Պարո՛ն Հակոբյան, ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց «Նարե» կաթնամթերքի արտարդրության ընկերությունը:

-«Նարե» կաթնամթերքի արտարդրությունը հիմնել եմ 2015 թվականին, այդ ժամանակ երկրորդ կուրսի ուսանող էի: Ծնվելով և մեծանալով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, որոշեցի հենց մեր համայնքում հիմնել կաթնամթերքի արտադրություն: Իմ նպատակն էր թողարկել այնպիսի արտադրանք, որը կլիներ պատրաստված անարատ կաթից, բացառապես առանց ներկանյութերի և խոլեստերինի: Սկզբնական շրջանում արտադրությունը սկսել ենք երեք աշխատակցով և մթերել մոտ 40 լիտր կաթ, այսօր արդեն ունենք 14 տոննա օրեկան կաթի մթերում և 14 աշխատակից:
Եթե հետ ենք նայում, տարիներ առաջ և այսօր, ապա տեսնում ենք այն նվաճումներն ու ձեռքբերումները, որոնք ունեցել ենք այս տարիների ընթացքում: Այս ընթացքում մեզ հաջողվել է արժանանալ սպառողների վստահությանը և բարձր գնահատականին: Մեզ համար, թերևս, ամենակարևորը սպառողների գոհունակությունն է:

-Իսկ ինչո՞ւ հենց «Նարե» կաթնամթերք:

-Ընտրել ենք «Նարե» անվանումը, քանի որ մայրիկիս անունը Նարինե է:

-Ի՞նչ տեսականիով է հայկական շուկայում ներկայանում «Նարե» կաթնամթերքի, ընկերությունը:

-«Նարե» կաթնամթերքն առաջարկում է անարատ կաթից պատրաստված, ինչպես նշեցի, բացառապես առանց ներկանյութերի և խոլեստերինի, բնական կաթնամթերք: Արտադրամասը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, մենք աշխատում ենք նորագույն տեխնոլոգիաներով: Մեր արտադրանքը պաստերիզացվում է` դուրս բերելով կաթի մեջ առկա բոլոր բակտերիաները, ունենք նաև լաբորատորիա:
Ընկերությունը հայ սպառողին ներկայանում է պանրի տեսականիով` լոռի, չանախ, սուլուգունի և սուլուգունի ապխտած:
Ունենք նաև երկու տեսակի կարագ` պրեմիում և սովորական: Տարբերությունն այն էր, որ պրեմիումի յուղայնությունը 82% է, իսկ սովորականինը` 72%:
Նշեմ նաև, որ մինչ տարվա վերջ Հոլանդիայից մեզ կայցելեն հայտնի պանրագործներ և մեր մասնագետներին կուսուցանեն հոլանդական պանրի պատրաստման գաղտնիքները և մենք մեր սպառողին կներկայացնենք ևս երեք տեսակի պանիր` գաուդա, դամեր և դասական հոլանդական:

-Պարո՛ն Հակոբյան, որտե՞ղից կարող են գնել Ձեր արտադրանքը:

-Այս պահի դրությամբ մեր հիմնական սպառումը իրականացնում ենք ՀՀ մարզերում: Բոլոր մարզերում ներկայացված է մեր արտադրանքը` բացի Սյունիքի մարզից: Մինչև տարվա վերջ մեր արտադրանքը կներկայացնենքնաև Երևանում:

-Ի՞նչ կարգախոսով է առաջնորդվում ընկերությունը:

-Մեր հիմնական նպատակն է սպառողին ներկայացնել միայն բնական արտադրանք` առանց որևէ արհեստական հավելումների, մենք ուշադրություն ենք դարձնում ցանկացած մանրուքի, քանի որ մեր հաճախորդների առողջությունն ու գոհունակությունը մեզ համար առաջնային է և ինչպես մեր կարգախոսում է ասված. «Մենք պատասխանատու ենք Ձեր առողջ սննդի համար»:

-Պարո՛ն Հակոբյան, աշխատանքում ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

-Աշխատանքում առաջնայինը կարևորում եմ կարգապահությունը, եթե կարգապահություն չլինի, ոչինչ իր հունով չի ընթանա: Նաև շատ կարևոր է սանիտարական պայմանների ապահովումը, այն պետք է մեզ մոտ իդեալական վիճակում լինի:Իմ կարծիքով, եթե դու ներկայացնում ես տեղական արտադրանք, ապա պետք է պահես բոլոր մշակված դրույթները, որպեսզի ունենաս որակյալ արտադրանք և կարողանաս մրցունակ լինես շուկայում:

-Մասնակցում եք «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին, Ըստ Ձեզ` այն ի՞նչ հեռանկարներ կստեղծի ընկերության համար:


-Ցուցահանդեսի այցելուները հիմնականում Երևանից են և իրենց համար մեր ընկերության կողմից ներկայացվող արտադրանքը նորություն է: Ասեմ, որ յուրաքանչյուր «էքսպո» ստեղծում է բազում հեռանկարային ծրագրեր, այն նոր շուկաներ դուրս գալու մեծ ճանապարհ է:

-Պարո՛ն Հակոբյան, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, տեսականու համալրում սպասվու՞մ է:

-Ինչպես նշեցի, այս ամսվա վերջում մեր արտադրանքը կներկայացնենք Երևանում և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա մոտ ապագայում նաև Երևանում կունենանք մեր ֆիրմային խանութ սրահը: Առաջիկայում ցանկանում ենք նաև մեր ընկերության կողմից ներկայացվող տեսականին ավելացնել, սակայն հստակ ժամկետ` թե երբ կլինի, չեմ կարող ասել:
Ունենք բազում ծրագրեր, որոնք ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք:

-Ամուր ընտանիքն ազգի հենասյուն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Սիրով, ամուսնացած եմ, ունեմ հայկական ավանդական ընտանիք: Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, քանի որ նրանք յուրաքանչյուր հարցում միշտ աջակցում են ինձ և իմ կողքին են:

-Ի՞նչ արժեքներ կան կյանքում, որոնք Ձեզ համար անհերքելի են:
-Ինձ համար կյանքում կարևոր և անփոխարինելի արժեքներ են ընտանիքն ու հայրենիքը, իսկ մարդկային շփման մեջ շատ կարևորում եմ մաքրությունն ու ազնվությունը: Ազնվությունն ինձ համար կարևոր արժեք է և այն ոչնչի հետ չեմ փոխի, եթե մարդու հետ շփվում ես, պետք է նրա հանդեպ ազնիվ լինես, քանի որ դա է հենց մարդկային փոխհարաբերությունների հիմքը, առանց ազնվության ոչինչ չի լինի, ամեն ինչ հիմնված է հենց դրա վրա:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...