07:05
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
24 տարի ոլորտի առաջատար ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ

2020-02-05 11:38

«Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.)


ՄՍԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2019
Մեր զրուցակիցն է «Բեկոն Պրոդուկտ» ընկերության տնօրեն Դավիթ Մարգարյանը:


-Պարո՛ն Մարգարյան, նախ շնորհավորում ենք Ձեզ. «Բեկոն Պրոդուկտը» «Դե Ֆակտո» ամսագրի կողմից ճանաչվել է մսամթերքի արտադրությամբ զբաղվող տարվա լավագույն ընկերություն:
-Շնորհակալություն մեր աշխատանքը գնահատելու համար:


-Արդեն 24 տարի շուկայում եք: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում` ժամանակի ընթացքում ընդարձակվել և այսօր գործում եք ժամանակակից ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: Բնականաբար փոփոխվել և կատարելագործվել է նաև արտադրանքի որակը:
-Կարծում եմ գիտեք, որ գործարանը հիմնել է հայրս` Պավլիկ Մարգարյանը, ընդ որում` դեռևս 24 տարի առաջ: Ուզում եմ ասել, որ մեծ ջանքեր են ներդրվել պահելու և զարգացնելու համար այն, ինչ այժմ ունենք: Երկար տարիներ ընկերությունը կառավարել է մեծ եղբայրս` Կարեն Մարգարյանը, ով էլ ավելի ճանաչելի է դարձրել այն: Ինձ արդեն փոխանցվել է մի հզոր ընկերություն, մեծ ընտանիք, որի պահպանման և զարգացման հիմքում արժեքներն են` բարձր որակը, նորարարությունը:
Կյանքը ցույց է տվել, որ մեր աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում հասել ենք այն արդյունքին, որն ի սկզբանե պլանավորել էինք:
Ես կարծում եմ` լավագույն և բարձրակարգ արտադրանք հնարավոր է թողարկել միայն ժամանակակից տեխնոլոգիաների, լավ մասնագետների, բարձրակարգ հումքի և բարձրորակ սարքավորումների միջոցով, այդ ամենը, ի ուրախություն բոլորիս, մենք ունենք և տարեցտարի փորձում ենք դրանց քանակն ավելացնել: Այս տարի մեզ հաջողվել է մեծացնել արտահանման ծավալները` թե աշխարհագրական, թե քանակական տվյալներով, ներդնել նոր տեխնոլոգիաներ, որակի նոր ստանդարտներ և հասնել արտադրանքի սերտիֆիկացման: Մենք անում ենք ամենը` արդարացնելու մեր սպառողի վստահությունը: Կարողանում ենք կայուն պահել մեր տեղը շուկայում` շնորհիվ մեր արժեքների պահպանման. դա ես մեր ամենամեծ հաղթանակն եմ համարում:


-Ի՞նչ նոր սարքավորումներ ու տեխնոլոգիաներ եք կիրառում արտադրության մեջ:


-Մենք ներդրել ենք ISO 22 հազար ստանդարտը, իսկ ISO-ն արդեն իսկ ենթադրում է, որ պետք է ունենալ դրան համապատասխան սարքավորումներ, հումք, համեմունք և այն ամենը, ինչն օգտագործվում է մսամթերքի արտադրության մեջ: Այս տարի ձեռք բերեցինք երկու նորարար սարքավորում` արժեքով թանկ, արտադրական ծավալով շատ մեծ և շուկայում պահանջված. Եվրոպայից ենք գնել: Դրանք սարքավորումներ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս մեր ապրանքատեսականու փաթեթավորումն ավելի հետաքրքիր դարձնել, և լավ արտադրանքն ավելի ժամանակակից փաթեթավորմամբ ներկայացնել մեր սպառողին:
Դրանով նաև սպառողներին տված մեր խոստումն ենք պահում. մենք նորարար ենք, և եթե շուկայում կա ինչ-որ նորություն, մենք պետք է լինենք առաջինը դա ներկայացնողը: Մենք անընդհատ հետևում ենք միտումներին, մշտապես հետաքրքրվում ենք, թե շուկան որ կողմ է շարժվում: Իսկ այդ գործընթացն անվերջ շարունակվում է, 2020-ին նույնպես նոր սարքավորումներ են շահագործման հանձնվելու:
Ուզում եմ շեշտել, որ դա բխում է նաև ընկերության ռազմավարությունից: Մենք նոր տեխնոլոգիաներ ներդնելուց զատ շատ հաճախ դրսից հրավիրում ենք համապատասխան մասնագետներ, արդյունքում այդ երկու գործոնների ներդաշնակմամբ ծնվում է լավ պրոդուկտ: Օրինակ` մեր իսպանական և իտալական շարքը, ծնվեց, երբ այդ երկրներից կոնկրետ տեխնոլոգներ հրավիրեցինք Հայաստան, նրանք ստեղծեցին ապրանքներ, որոնք մինչ այդ Հայաստանում ուղղակի չկային: Հիմա այդ ապրանքների նմանօրինակները մեր մրցակիցներն էլ են սկսել արտադրել, ինչի համար մենք միայն ուրախ ենք, մեզ համար հաղթանակ է դա: Մեր առաջնային առաքելություններից է սպառողին նոր, հետաքրքիր տեսակներ ներկայացնելը, հայկական շուկան զարգացնելը:

-Արդեն հասկացանք, որ արտադրանքի արտահանման ծավալները մեծացրել եք. ո՞ր երկրներ եք արտահանում, ի՞նչ ծավալներով:

-Արտահանում ենք Ռուսաստան, Վրաստան, նաև Ղազախստան, այսինքն` ԵԱՏՄ երկրներ, Արաբական Էմիրություններ, այս ուղղությամբ մեծ ներդրում ենք արել, և կասեմ, որ այդ հաջողությանը հասել ենք ինքներս` մեր իսկ ջանքերի, աշխատանքի շնորհիվ: Մեր ռազմավարությունից չշեղվելով, արտադրանքի որակը պահպանելով դարձել ենք մրցունակ այլ շուկաներում ևս: Ընդ որում, շատ ուրախալի է, որ այդ շուկաներում մեր ներկայացրած ազգային սննդի հետ կապված շատ մեծ էմոցիոնալ բավարարվածություն կա: Խոսքը նրա մասին է, երբ, օրինակ, իսպանացիները, իտալացիները, սլավոնները փորձում են մեր համանուն տեսակներն ու չեն տարբերում իրենց խոհանոցից:
Վրաստանը հայտնի է որպես գինու երկիր, բայց մենք միակն էինք ամբողջ տարածաշրջանում, որ թողարկեցինք գինով արտադրատեսակ, որը, ի դեպ, ցնծությամբ ընդունվեց ինչպես ռուսական, այնպես էլ վրացական շուկայում: «Բեկոն»-ում մարդիկ ստեղծագործում են, այդ արտադրանքը մեր տեխնոլոգի ոգեշնչման արդյունքն էր: Երբ երշիկեղենի մասին ենք խոսում, ասածս տարօրինակ է հնչում. երշի՞կ, ստեղծագործությո՞ւն... բայց իրականում մեր տեխնոլոգները, դիզայներները, որակի և մյուս բաժինների աշխատակիցները ստեղծագործ մարդիկ են: Նրանք ամեն առավոտ աշխատանքի են գալիս ոչ թե աշխատավարձ ստանալու համար, այլ մի բան սովորելու, մի բան սովորեցնելու: «Բեկոն»-ը մի մեծ ընտանիք է, մենք էլ ներկայացնում ենք ոչ թե պարզապես սննդամթերք, այլ սննդի մշակույթ` ցույց տալով մարդկանց, որ կան սննդի բազմազան տեսակներ, և ի վերջո մենք էլ այն ենք, ինչ ուտում ենք:
Գալով արտահանմանը` արտահանումը ոչ միայն բիզնես գործընթաց է, որ մենք իրականացնում ենք` հետապնդելով բիզնես շահ, այլև լավագույն միջոցն է հայկական մշակույթը ներկայացնելու նաև Հայաստանից դուրս: Շատ հստակ չափանիշ ենք սահմանել դեռ վաղուց` մեր կողմից արտահանվող ապրանքը պետք է լինի տեղի շուկայում լավագույնը, որովհետև ցանկացած երկրում վաճառելով հայկական արտադրանք` մենք գիտակցում ենք, որ մեր երկրի այցեքարտն ենք դառնում:


-Մսամթերքի տեղական շուկայի քանի՞ տոկոսն է զբաղեցնում ձեր արտադրանքը: Քանի՞ անուն ապրանքատեսակ ունեք: Ի՞նչ նոր արտադրատեսակներ են ավելացվել:
-Չէի ուզի հստակ նշել շուկայում մեր մասնաբաժինը, որովհետև շուկան խիստ բազմազան է, սեգմենտավորված, համենայն դեպս «Բեկոն Պրոդուկտ»-ը բարձրակարգ մսամթերքի շուկայում է հանդես գալիս և հենց այդտեղ, այդ սեգմենտում մենք առաջատար ենք: Սեգմենտ ասելով նկատի ունենք այն սպառողին, ով մտնելով խանութ, փնտրում է հստակ ապրանք` համոզված, որ լավագույն ապրանքը գնում է վստահելի գնով:
Մեր արտադրատեսակները բավականին շատ են` ավելի քան 250 անուն ապրանք, ներկայացնում ենք ինչպես ավանդական, այնպես էլ իտալական և իսպանական, սլավոնական մշակույթի լավագույն տեսակները: Այս տարի շուկա ենք ներմուծել գերմանական գրիլի տեսականին, որը մեծ հաջողություն գրանցեց և սիրվեց սպառողների կողմից: Տեսականին ներկայացված է Հայաստանի լավագույն ռեստորաններում և սրճարաններում, իսկ այժմ մեր սպառողներն արդեն հնարավորություն ունեն գերմանական խոհանոցի լավագույն տեսակները վայելելու նաև տանը` ընտանեկան և ընկերական ջերմ միջավայրում:

-Մսամթերքից բացի` նաև կիսաֆաբրիկատների արտադրությամբ եք զբաղվում: Այդ տեսականի՞ն էլ է մեծ:

-Ոչ այնքան, դրանք հիմնականում թիրախային ընտրված տեսակներ են: Փոխարենը մենք վերջերս Հայաստանի լավագույն ռեստորաններից խոհարարներ ենք հրավիրել` մշակելու հնարավոր լավագույն բաղադրատոմսերը: Առավել, քան 25 անուն տեսակ այդ նոր ապրանքները շուտով ներկայացված կլինեն Երևան Սիթիի «Բեկոնի» հատուկ տաղավարում, իսկ մասսայական թողարկման համար կունենանք մոտավորապես 18 տեսակ:
Կարող եմ վստահաբար ասել, որ ստանդարտ կիսաֆաբրիկատների փաթեթը չէ, որը, մեր պատկերացմամբ, անպայման պետք է սառեցված լինի, երկարաժամկետ պատրաստված և այլն: Մենք աշխատում ենք սպառողին առավել թարմ տարբերակներ հասցնելու ուղղությամբ:

-Նախապատվությունը տեղակա՞ն, թե՞ դրսից ներկրված հումքին եք տալիս և ի՞նչ նպատակահարմարությամբ:

-Միտումը, իհարկե, տեղական մսամթերքին է ուղղված, բայց մեր արտադրության մեջ տեղական հումքը մոտավորապես կազմում է 50-70 տոկոս` կախված ապրանքատեսականուց:
Իհարկե շատ լավ կլիներ, եթե այն ձգտեր 100 տոկոսի, սակայն մենք, ցավոք, չունենք այդ ծավալի տավարաբուծություն և խոզաբուծություն Հայաստանում, իսկ առկա որոշակի քանակն էլ չի կարողանում մրցակցել դրսի շուկայական գների հետ: Բացի դրանից, սերտիֆիկացված սպանդանոցներ Հայաստանում գրեթե չկան, ինչը թույլ կտար լաբորատորիա չանցած միսն օգտագործել արտադրության մեջ:
Մենք խուսափում ենք նաև 0-ից ցածր ջերմաստիճանում պահվող, սառցարանային սառեցման հումք գնել (հումքը պետք է 0-6 աստիճանում սառեցված լինի), որովհետև կրկնակի հալեցումը բերում է հումքի որակի կորստի:

-Մրցակցային դաշտը ձևավորող մի շարք տեղական ընկերություններ և տեղական ու ոչ տեղական ապրանքանիշներ կան: Ինչպե՞ս եք դիմակայում մրցակցությանը, պահպանում ձեր տեղն ու անունը:

-Շուկայում հզոր մրցակիցներ ունենալը էլ ավելի է բարձրացնում պատասխանատվությունը ինչպես արտադրանքի որակի, այնպես էլ սպառողի նկատմամբ: Տարիներով փորձված մեթոդ է. եթե պահում ես քո որակը, հավատարիմ ես սպառողին տված քո խոստմանը, մրցակցային շուկայի կենտրոնում ես մնում: Բացի այդ շուկայում հանդես գալով որպես նորարար ընկերություն, միշտ թարմացնելով մեր սարքավորումները, արտերկրից նոր մասնագետներ հրավիրելով, աշխատակիցների որակավորումը բարձրացնելով, լավագույն նորարար արտադրանք թողարկելով, կարողանում ենք մեր դիրքը պահել շուկայում: Նաև հավելեմ, որ մենք երբեք ժամանակը չենք ծախսում` մտածելու մրցակիցն ինչ արեց, ինչպես իրեն հասնենք, մենք մեր ռեսուրսը` թե ժամանակային, թե ֆինանսական, ներդնում ենք մեր աճի վրա, մտածում ենք` ինչպես «Բեկոնը» ամեն օր զարգացնենք` մեր արժեքները պահելով: Ես կարծում եմ հենց դա է մեր հաղթանակը, որովհետև հակառակ ռազմավարությունն այս շուկայում միայն անհաջողության է բերելու:

-Ձեր առաքելության մեջ «սպառողին առողջ և անվտանգ սնունդ հասցնելու, լավագույն մասնագետներին միավորելու, նորարար լինելու և միայն ամենաբարձր ցուցանիշներին հասնելու» ուղենիշներ եք սահմանել: Որո՞նք են ամենաբարձր ցուցանիշների ձե՛ր սանդղակն ու պատկերացումները:

-Ամենաբարձր ցուցանիշը չունի սանդղակ: Եթե մարդն ամեն օր չի զարգանում, չի սովորում մի նոր բան, նա չի կարող բարձրանալ, նույն բանն էլ բիզնեսում է, եթե նույն բանն անեմ ինչ անում եմ տարիներ շարունակ, վստահաբար մի օր իմ մրցակիցը նոր բան անելով կգերազանցի ինձ: Իսկ ինչու է ասվում ամենաբարձր... որ ամեն օր ավելիին ձգտես. Օրինակ ես ուզում եմ, որ մեր տեխնոլոգիան, մեր սարքավորումները օր օրի զարգանան, մեր թիմն ամեն օր էլ ավելի պրոֆեսիոնալ դառնա: Եթե մարդը նորին չձգտի, հնով պարտվելու է, իսկ զարգացումը, առաջընթացը սանդղակ չունի, դա անվերջության է ձգտում:

-«Բեկոն»-ը միշտ առանձնանում է իր ամանորյա հետաքրքիր անակնկալներով: Այս տարի ի՞նչ եք նախապատրաստել մեր ազգաբնակչության համար:

-Շարք ենք պլանավորել, շուտով կլինի շուկայում, հետաքրքիր տեսակներ են` ամբողջությամբ հայկական համեմունքներով, տեղական մսամթերքից, գինով, չրերով... մի խոսքով, ավելի քան 12 արտադրատեսակ կլինի Ամանորին` որպես նվեր հայ սպառողներին:

-Ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը, և ինչպե՞ս եք սիրում նշել այն:

-Քանի որ 7 տարի արտերկրում եմ սովորել` Անգլիայում, որտեղ յուրահատուկ ձևով են նշում Ամանորը, ինձ համար էլ է այն բացառիկ: Անպայման ընտանեկան միջավայրում եմ նշում, որովհետև ընտանիքի անդամների հետ պետք է տարին ամփոփել, հետևություններ անել, ձեռքբերումներն ու կորուստները գնահատել, հաջորդ տարվա անելիքները ծրագրել:

-Ի՞նչ երազանք ունեք գալիք տարվա համար:

-Երազանքս մեկ տարվա համար չէ, ավելի մեծ ժամանակային ընդգրկում ունի... նյութական էլ չէ:
Ամենակարևորը` ընտանիքիս անդամներն առողջ լինեն (թիմս էլ է իմ ընտանիքը), բոլորիս նպատակներն ի կատար ածվեն, որովհետև ամենքս էլ ինչ-որ առասպել ենք ապրում, դրա համար ենք առավոտյան արթնանում, մեր ամբողջ ժամանակը դրան ուղղում, անում ամեն ինչ` այն իրագործված տեսնելու համար:
Որպես վերջաբան` բոլորիս նվիրական իղձերի իրականացում եմ մաղթում, սահմանին` խաղաղություն, իսկ մեր հենասյանը` զինվորներին, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...