2020-01-31 11:48
«Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.)
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Դան Դեսերտ» ընկերության տնօրեն Զարուհի Դանիելյանը:
Արդեն 30 տարուց ավելին է «Դան Դեսերտ» ընկերությունը հայ սպառողներին է ներկայանում իր անզուգական համեղ խմորեղենների տեսականիով: Ընկերությունը ստեղծվել է Դանիելյանների ընտանիքի կողմից: Նախաձեռնել և ընկերությունը ստեղծել է հայրը` այնուհետև գործը շարունակել են նրա զավակները` հայրիկից փոխանցված բարի ավանդույթներով:
Բարի համբավ, անկրկնելի համ, բարձր որակ, սննդի անվտանգության նորմերի պահպանում, մատչելի գներ, ահա այսպես կարող ենք բնութագրել «Դան Դեսերտ» հրուշակեղենի ընկերությունը:
«Դան Դեսերտ» հրուշակեղենի արտադրանքի ողջ տեսականին արտադրվում է հատուկ մշակված տեխնոլոգիայով: Խմորեղենների բաղադրատոմսերը կրում են համաշխարհային հռչակավոր հրուշակեղենների դասական ավանդույթները, ինչպես նաև միավորում են ժամանակակից տեխնոլոգիաների և հրուշակեղենի արվեստի նոր միտումները և հենց դրանց շնորհիվ է, որ «Դան Դեսերտ»-ի արտադրանքը շուկայում առանձնանում է իր նրբագեղ համով, յուրօրինակ և գեղեցիկ դիզայնով:
Ինձ համար երջանկությունը իմ ընտանիքն է:
-Տիկի՛ն Դանիելյան, ինչպե՞ս ստեղծվեց «Դան Դեսերտ» խմորեղենի ընկերությունը և այս տարիների ընթացքում ի՞նչ զարգացման փուլեր է անցել ընկերությունը:
-Ասեմ, որ «Դան Դեսերտ»-ն ընտանեկան բիզնես է, սկզբում հայրս է 1987 թվականին հիմնադրել խմորեղենի արտադրամաս` որպես «Հախս» արտադրական կոոպերատիվ, իսկ 1998թ. այն վերաձևավորվել է որպես «Սևան -7» ՍՊԸ, իսկ ավելի ուշ` 2003 թվականից մինչ օրս, որպես «Դան-Դեսերտ» ՍՊԸ:
Ես դեռ փոքր տարիքից շատ եմ սիրել պատրաստել, չնայած որ մասնագիտությամբ տնտեսագետ եմ, հինգերորդ դասարանից սիրել եմ պատրաստել խմորեղեններ: Հիշում եմ առաջին տորթը, որ պատրաստեցի կոչվում էր «Կորալ»:
Ի սկզբանե ընկերությունը մասնագիտացված էր հատային խմորեղենների արտադրության մեջ, ժամանակի ընթացքում ընդլայնելով մեր գործունեությունը փոփոխվեցին մեր արտադրանքի տեսակաները, այժմ արդեն ունենք հատային խմորեղենների և տորթերի լայն տեսականի, պատրաստում ենք նաև տոնական տորթեր տարբեր առիթներով` հարսանեկան, մկրտության, ծննդյան, մանկական, ցանկացած կորպորատիվ միջոցառումների համար: Մենք հաստատ չէինք հասնի նման հաջողությունների, եթե ես և իմ ընտանիքն այսքան միասնական չլիներ:
-Թխվածքների ինչպիսի՞ տեսականի ունեք և որ տեսակներն են սպառողների կողմից առավել սիրված և պահանջված:
-Նախ կուզենայի նշել, որ մեր թխվածքների տեսականիները ստեղծվում են բացառապես մեր կողմից` մեր մշակված տեխնոլոգիաներով և բաղադրատոմսերով:
Ունենք հիսունից ավել անուն թխվածքներ: Մոտ երեք տարի է առաջատար թխվածքներից ամենասիրված տեսակը «լակոմկան» է, այժմ ունենք բազմաթիվ նոր համեղ տեսականիներ, պիստակի բնական խտանյութով, որը նոր համ է, սակայն «լակոմկան» առայժմ չի զիջում իր դիրքերը:
-Մի փոքր խոսենք «Դան Դեսերտի» համային և որակական հատկանիշների մասին, ինչպիսի՞ չափորոշիչներով է աշխատում ընկերությունը:
-Մեզ համար կարևոր չէ թե խմորեղենի հումքը ձեռք ենք բերել ավելի թանկ, կամ ստացված շահույթն ավելի քիչ կլինի, դրանք մեզ համար երկրորդական հարցեր են, մեզ համար ամենակարևորն է` պատրաստել նրբահամ, համեղ և բարձրորակ հումքով խմորեղեններ:
Պետք է կարողանանք պահել մեր արտադրանքի որակը և բարձր պահենք մեր ձեռք բերված անունը: Հենց դրանով ենք առաջնորդվում աշխատանքում:
-«Դան Դեսերտը», բացի համային և որակական հատկություններից, նաև շատ գեղեցիկ դիզայն ունի, մի փոքր կպատմե՞ք` ինչպե՞ս են ստեղծվում «Դան Դեսերտի» թխվածքները:
-Խմորեղենների, տորթերի դիզայնով անձամբ ես եմ զբաղվում, իհարկե մեր պրոֆեսիոնալ աշխատակիցների հետ միասին:
Մեր աշխատակիցները ժամանակի ընթացքում այնքան են հմտացել իրենց աշխատանքում և փորձ կուտակել, որ դարձել են իրենց աշխատանքի պրոֆեսիոնալներ:
-Բավականին շատ են այսօր խմորեղենի արտադրամասերը, ինչպե՞ս է Ձեզ հաջողվել ձեռք բերել հաճախորդների նմանատիպ վստահությունը:
-Սպառողների վստահությանն արժանանալը երկարատև ու բազմաչարչար աշխատանքի արդյունք է: Նրանց վստահությանն արժանանալու համար պետք է լինել շատ հետևողական, հետևողական թե՛ որակի, թե՛ գնային քաղաքականության և թե՛ սպասարկման առումով: Աշխատել ենք ոչինչ չխնայել, որպեսզի կարողանանք պահել թվարկածս բոլոր չափանիշները:
-Ո՞րն եք համարում «Դան Դեսերտ» ընկերության հաջողության ամենակարևոր գրավականը:
-Հաջողության ամենակարևոր գրավականը սպառողների մեծ բանակն է և այն ճանաչումը, որն այսօր ունենք, շատ հաճելի է, գրեթե ամեն օր, սպառողներից լսել այն գովասանքի և շնորհակալական խոսքերը, որոնք մենք ստանում ենք:
Կարևոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ մենք այսօր կարողացել ենք ստեղծել հզոր և ամրակուռ թիմ, նրանք իրենց աշխատանքի նվիրյալներն են, որը շատ կարևոր է աշխատանքում հաջողության հասնելու համար, քանի որ, եթե այդ միասնականությունն ու ջանասիրությունը չլինի դժվար թե մեր բոլոր աշխատանքները պսակվեին նման հաջողությամբ: Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ողջ աշխատակազմին:
-Ձեր ընկերության հաջողության մասին խոսում են նաև Ձեր ստացած տարբեր պարգևները, վերջերս «Համազգային վստահության» կողմից արժանացաք պարգևի, հետաքրքիր է` ի՞նչ են տալիս նման պարգևները Ձեզ:
-Յուրաքանչյուր մրցանակ պարտավորեցնող է, ցանկացած պարգև ստանալիս մեծ հպարտության զգացում ենք ապրում, այն ոգևորող հատկություն ունի հետագայում էլ ավելի մեջ սիրով և ոգևորությամբ աշխատելու:
-Կարո՞ղ ենք ասել, որ «Դան Դեսերտի» խմորեղենների գները հասանելի են բոլորին:
-Մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում գնային քաղաքականությունը և այնպես ենք անում, որպեսզի սպառողների համար գները հասանելի լինեն: Մենք ներկայացնում ենք բարձր որակի արտադրանք մատչելի գնով:
Ես ասել եմ և այժմ էլ կասեմ, որ մենք ինչքան էլ թանկ ձեռք բերենք խմորեղենների հումքը, փորձում ենք, որ այն ոչ մի կերպ չանդրադառնա գնի վրա:
-Իսկ որտե՞ղ կարող ենք գտնել «Դան Դեսերտ» ընկերության արտադրանքը:
-Սկզբնական շրջանում ընկերությունն աշխատում էր միայն որոշ սուպերմարկետների և սրճարանների հետ, չունեինք մեր վաճառքի կետերը, այնուհետև, տարիներ անց ընդլայնվելով մեր գործունեությունը, բացեցինք մեր մասնագիտացված խմորեղենների և տորթերի ֆիրմային խանութ-սրահները, այսօր արդեն ունենք հինգ խանութ-սրահ. Սեբաստիա, Հանրապետության և Բագրատունյաց փողոցներում և երկուսը Կոմիտասի պողոտայում: Այսօր արդեն մեր ընկերության կողմից ներկայացվող խմորեղենները նաև ներկայացված են, գրեթե բոլոր սուպերմարկետներում, և որոշ սրճարաններում ու թեյարաններում:
-Ո՞րն է Ձեր ընկերության կարգախոսը:
-Մեր կարագախոսն է` «Կայուն որակ, նրբաճաշակ համ»:
-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա ինչպիսի՞ տարի էր այն ընկերության համար, ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք և ի՞նչ նորություններ են սպասվում 2020 թվականին:
-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա տարին մեզ համար կարող ենք համարել հաջողված, այս տարի ընկերության արտադրանքի շրջանառությունը շատ հաջող էր, նաև բացեցինք մեր նոր վաճառքի սրահը, որն իր մեջ ներառում է նաև թեյարան: 2020 թվականից սպասելիքներս մեծ են, հաջորդ տարի մեր սպառողներին կներկայացնենք խմորեղենների նոր տեսականիներ նոր համերով, ամեն տարի ձգտելու ենք էլ ավելի ընդլայնել մեր գործունեության շրջանակը:
-Յուրաքանչյուր կնոջ համար, աշխատանքից զատ, շատ կարևոր է ամուր ընտանիքի ստեղծումը, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ամուսնացած եմ, ունեմ երեք տղա` մեծս 23 տարեկան է, իսկ մյուս տղաներս զույգեր են` երեք տարեկան, տարիքային տարբերությունը շատ է, քանի որ կար մի շրջան, որ ես ամբողջությամբ նվիրվել էի աշխատանքին և համատեղել ընտանիքը և աշխատանքը շատ դժվար էր: Չնայած նրան, որ այժմ նույնպես բավականին ծանրաբեռնված գրաֆիկով եմ աշխատում, սակայն կարողանում եմ համատեղել և՛ աշխատանքս և՛ ընտանիքս:
-Ծանրաբեռնված աշխատանքից հետո ի՞նչն է Ձեզ լիցքաթափում:
-Ինձ լիցքաթափում է երեխաներիս հետ շփումը, սիրում եմ ճանապարհորդել, հաճախ եմ ամուսնուս հետ ճանապարհորդում: Շատ եմ սիրում պատրաստել, լիցքաթափում է որևէ համեղ կերակուր պատրաստելիս, եթե անգամ մի փոքր ազատ ժամանակ եմ ունենում, անպայման պատրաստում եմ, խոհանոցն իմ տարերքն է:
-Կինը երջանիկ է...
-Կինը երջանիկ է այն ժամանակ, երբ ունի իր ստեղծած ներդաշնակ ընտանիքը, ինձ համար երջանկությունը իմ ընտանիքն է` ամուսինս և երեք զավակներս,
Կինը երջանիկ է, երբ ունի սիրելի աշխատանք, որը նրան ոչ թե հոգնեցնում է, այլ երջանկություն է պարգևում:
-Ի՞նչ խորհուրդներ եք ստացել Ձեր ծնողներից, որոնք փոխանցել եք Ձեր զավակներին:
-Ծնողներս միշտ ինձ խրատել են լինել ազնիվ, պարկեշտ, աշխատասեր և ընտանիքին նվիրված, հենց այդ արժեքներ էլ փոխանցում եմ իմ զավակներին:
-Շուտով ամենահեքիաթային տոներն են Ամանորն ու Սուրբ ծնունդը, ի՞նչ խորհուրդ ունի տոնը Ձեզ համար և ինչպե՞ս եք այն նշելու:
-Դեռ փոքր տարիքից Ամանորն ինձ համար այն տոներից էր, որ հոգումս երջանկության զգացում էր առաջացնում: Տոնը միշտ նշել ենք ընտանեկան ջերմ միջավայրում, հենց այդպիսի ջերմ զգացողություն է առաջացնում այդ տոնը: Ամանորն այս տարի անցկացնելու ենք Հայաստանում, ընտանեկան միջավայրում:
-Ամանորին կատարվում են բոլորիս սպասված երազանքները, իսկ Դուք ի՞նչ երազանքներ ունեք:
-Գրեթե բոլոր երազանքներս կատարվել են, այժմ ունեմ նպատակներ, որոնք կապված են աշխատանքիս հետ: Նպատակներիցս մեկն այն է, որ մեր ընկերությունն իր գործունեության ծավալները ընդլայնի, որ մենք կարողանանք մեր տեսականին արտահանել այլ երկրներ: Հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր բոլոր նպատակներն իրականություն կդառնան:
-Սիրո՞ւմ եք նվիրել և նվեր ստանալ:
-Շատ եմ սիրում նվիրել, իհարկե նվեր ստանալ նույնպես սիրում եմ, բայց ամենից շատ սիրում եմ նվիրել, այն մի ուրիշ երջանկություն է ինձ համար, երբ դիմացինին կարողանում եմ պարգևել թեկուզ մի փոքր ուրախություն և ժպիտ:
-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Մաղթում եմ մեր երկրին կայունություն, թող վաղվա օրվա համար բոլորը վստահ լինեն, ցանկանում եմ մարդկանց մոտ չլինի լարվածություն, որպեսզի նրանք կարողանան ապրել անհոգ և լինեն ապահովված, և ամենակարևորը` հաճախ ժպտան և լինեն երջանիկ:
Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ