22:43
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ամենակարեւոր առաքելությունս այն է, որ կարողանում եմ մարդկանց պարգեւել աշխարհն իր ողջ գույներով տեսնելու կարողություն

2020-01-25 14:28

 «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

Նորածինների ակնահատակի խոռոչային վիրահատությունն այնքան բարդ ու եզակի է, որ աշխարհում ընդամենը 34 վիրաբույժ է զբաղվում այդ գործով: Մեր այսօրվա զրուցակիցը Թադեւոս Հովհաննիսյանն է, ով նորածնային կուրությունը կանխարգելող միակ վիրաբույժն է Հայաստանում: 2010 թվականից մինչ օրս վիրահատությունների շնորհիվ նա կարողացել է 200-ից ավել երեխայի փրկել կուրանալուց:
Ինչպե՞ս որոշեց ընտրել բժիշկի մասնագիտությունը, իր մասնագիտական ձեռքբերումների եւ այլ հարցերի շուրջ մեզ հետ զրուցեց վիտրեորետինալ վիրաբույժ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Հայ-գերմանական ակնաբուժական կլինիկայի ղեկավար Թադեւոս Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս ընտրեցիք ակնաբույժի մասնագիտությունը և ի՞նչ եք զգում, երբ ամեն անգամ հիվանդին վերադարձնում եք, թերևս ամենաթանկը` աչքի լույսը:
-Սերում եմ բժիշկների ընտանիքից և մասնագիտական ընտրությանս մեջ դեռ փոքր տարիքից եմ կողմնորոշվել:
Ընտրեցի ակնաբուժությունը, քանի որ իմ մտերիմները, հարազատ մարդիկ ինձ խորհուրդ տվեցին ընտրել հենց այդ ուղղությունը և այսօր շնորհակալ եմ իրենցից: Երբ կարողանում ես մարդկանց մոտ վերականգնել իրենց համար, թերևս ամենակարևորը` աչքի լույսը, քո մեջ էներգիայի նոր աղբյուր է ծնվում, ինչու չէ, նաև հպարտություն, որոնք ապրում ես սովորաբար, երբ ինչ-որ մի բարդ բան ես հաղթահարում:
Այս զգացողությունը նոր ուժ է տալիս առաջ շարժվելու և մասնագիտական հմտությունները կատարելագործելու համար:
Մասնագիտական գործունեությունս սկսել եմ Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից, աշխատել եմ այնտեղ մոտ 20 տարի` վնասվածքաբանության բաժանմունքում որպես վիրաբույժ, իսկ հետագայում որպես ամբուլատոր դիագնոստիկայի բաժանմունքի վարիչ, այնուհետև` 2013 թվականին տեղափոխվել եմ Քանաքեռ Զեյթունի բժշկական կենտրոն, որպես ակնաբուժական կլիկայի ղեկավար:
Այժմ աշխատում եմ նաև Հայկական ակնաբուժական նախագծում (ՀԱՆ) որպես վիրաբույժ: Այս բացառիկ նախագծի առաքելությունն է Հայաստանում կանխարգելել ձեռքբերովի կուրությունը: Աշխատում եմ նաև Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում, որտեղ իրականացնում ենք անհաս ծնված նորածիների ակնահատակի վիրահատություններ:

-2010 թվականից մինչ օրս վիրահատության շնորհիվ մոտ 200 երեխաների մոտ կանխարգելել եք կուրությունը: Հետաքրքի՞ր է` ի՞նչ առաջընթաց կա այս ուղղությամբ:
-Մանկական կուրության կանխարգելումը բավականին բարդ և պատասխանատու ոլորտ է և մենք հպարտանում ենք, որ մեր կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում ունենք այսօր գերազանցության կենտրոն: Ի դեպ, այս կենտրոնի ծառայություններից օգտվում են ոչ միայն Հայաստանի բնակիչները:
Այս վերջին տարիների ընթացքում կարողացել ենք 200-ից ավել երեխայի փրկել կուրությունից: Կարողանում ենք այնպես անել, որ անհաս ծնված երեխան չկուրանա, վերականգնում ենք տեսողությունը:
2010 թվականից այս ծրագիրը գործում է և ասեմ, որ մեր թիմային աշխատանքի շնորհիվ մենք ունենք մեկ կամ երկու երեխա, ով կույր է մեկ աչքով, իսկ երկու աչքով կույր երեխա չունենք, դա կարող եմ համարել շատ մեծ ձեռքբերում:

-Արդեն մեկ տարի է ինչ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գործում է ակնաբուժական գերժամանակակից կլինիկա, որի ղեկավարն եք, եկեք մի փոքր խոսենք կլինիկայի գործունեության մասին:
-«Աստղիկ» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ է և ժամանակի ընթացքում անհրաժեշտություն առաջացավ ունենալ նաև ակնաբուժական կլինիկա: Լրջագույն ներդրումներ են արվել պարոն Ս.Ալեքսանյանի կողմից, ինչը հնարավորություն տվեց ունենալ ժամանակակից սարքավորումներով հագեցած բաժանմունք: 2018թ.-ից բացվեց Հայ-Գերմանական ակնաբուժական կլինիկան, որը համարվում է Հայդելբերգի համալսարանական աչքի բաժանմունքի մասնաճյուղը Հայաստանում, ու մեր բժիշկներին ընձեռնվեց հնարավորություն վերապատրաստվել Հայդելբերգի համալսարանում, ծանոթանալ և ուսումնասիրել ոլորտին առնչվող նորությունները և այն ներդնել Հայաստանում: Հավատացեք, Գերմանիայից բժիշկները հաճախ են այցելում Հայաստան, և ամեն անգամ շեշտում են, որ մեր կլինիկայի հագեցվածությունը ոչնչով չի զիջում իրենց կլինիկայի սարքավորումներին: Այսօր կենտրոնը հագեցած է գերժամանակակից նորագույն սարքավորումներով, ունենք նաև մեկանգամյա օգտագործման բոլոր այն նյութերն ու պարագաները, որոնք անհրաժեշտ են բուժման համար. դրանք մատչելի չեն, սակայն մենք տրամադրում ենք այդ ամենը, քանի որ մեզ համար կարևոր է պահպանել բուժման համար անհրաժեշտ լավագույն չափանիշները: Կլինիկայում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հիվանդները լիարժեք բուժվեն: Մեզ մոտ սպասարկման որակը նույնպես բարձր է և հպարտությամբ կարող եմ նշել, որ այս մեկ տարվա ընթացքում թե՛ հետազոտված հիվանդների ընդհանուր քանակով և թե՛ վիրահատությունների ցուցանիշով կլինիկայի արդյունքները բավականին խոսուն են և տպավորիչ: Մեզ մոտ աչքի հիվանդությունների նույնիսկ ամենաբարդ դեպքերը հետազոտվում և բուժվում են:


-Ի՞նչ եք կարծում, բժիշկ լինելը ավելի շատ կոչում է, թե՞ մասնագիտություն:
-Միանշանակ բժիշկ լինել կոչում է, որը պարտավորեցնում է քեզ լինել լավ մասնագետ և ամենակարևորը` լավ մարդ:


-Պարո՛ն Հովհաննիսյան, վիրահատարան մտնելիս ի՞նչ զգացողություններ եք ունենում:
-Աշխատանքային տարիներիս փորձը բերել է նրան, որ այժմ ավելի շատ մտածում եմ վիրահատության ընթացքի, հիվանդի հոգեբանական վիճակի և հետվիրահատական ընթացքի մասին, իսկ էմոցիոնալ մասը դնում եմ մի կողմ: Երբ վիրահատությունը բարեհաջող ու իմ ակնկալած արդյունքն է ունենում, չթաքցնեմ, նաև հպարտության զգացողություն եմ ունենում:


-Յուրաքանչյուր բժիշկ պետք է...
-Յուրաքանչյուր բժիշկ, միաժամանակ պետք է լինի լավ, կարեկից ու բարի մարդ, ու անդադար իր վրա աշխատող, կատարելագործվող պրոֆեսիոնալ: Այս ամենի համադրությունն է ինձ համար տեղավորվում «պետք է»-ի մեջ: Մարդկային ու պրոֆեսիոնալ որակները ստեղծում են մի կարևոր միջավայր ու մթնոլորտ, որը օգնում է և՛ բժշկին, և ՛ իր կարիքն ունեցողին:

-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա այն ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար, ի՞նչ սպասելիքներ ունեք 2020 թվականից:
-Բժշկի աշխատանքը հետաքրքիր է այնքանով, որ ամեն տարի աշխարհում, բժշկության ոլորտում, գիտական առաջընթաց է գրանցվում և պետք է ձգտես, որպեսզի այդ նորարարությունները կարողանաս ուսումնասիրել և կիրառել աշխատանքում: Գիտական առաջընթացի ձգտումն իմ մեջ մշտապես արթուն է, ինչն էլ ես համարում եմ իմ հաջողության ու կատարելագործման խթաններից մեկը, որն օգնում է կիրառել աշխատանքում այն նորարարությունները, որոնք կան աշխարհում: Աշխարհին համընթաց քայլելու գիտակցումը հաճելի զգացողություն է: Ամենակարևորն այն է, որ շարունակում եմ հավատարիմ մնալ առաքելությունս, այն է` կարողանում եմ մարդկանց պարգևել աշխարհն իր ողջ գույներով տեսնելու հնարավորությունը:
2020 թվականից սպասումներս մեծ են.մաղթում եմ մեր ոլորտին և ինձ` շարունակել քայլել համաշխարհային գիտական առաջընթացին համընթաց, ցանկանում եմ, որ մենք նույնպես դառնանք ակնաբուժության ոլորտում գիտական հաջողությունների ու համաշխարհային գիտության պրոցեսների կարևոր մասը:


-Ձեր աշխատանքի լավագույն գնահատականներից մեկն էլ Ձեր ունեցած բազում պարգևներ են, վերջերս «Համազգային վստահության» խորհրդի կողմից ստացաք մրցանակ որպես «Տարվա ակնաբույժ», ի՞նչ են տալիս նման մրցանակները Ձեզ:
-Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց և ընկերություններին, որոնք գնահատում են իմ աշխատանքը: Այդ պարգևներն ինձ էլ ավելի են ոգևորում և ստիպում են առաջ շարժվել ու աշխատանքում ձգտել լավագույնին:

-Շուտով Ամանոր է, ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար և ինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:
-Սիրում եմ Ամանորը, այն անցկացնում եմ ընտանիքիս հետ և փորձում եմ ամեն տարի, արձակուրդային այդ շրջանը, իսկապես, արդյունավետ հանգստի համար օգտագործել: Այս տարի Ամանորն անցկացնելու ենք Հայաստանից դուրս:

-Պարո՛ն Հովհաննիսյան, և վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

-Ցանկանում եմ բոլորին բարձր տրամադրություն, անսպառ ժպիտ, լավատեսություն, որն առողջ ապրելու կարևոր պայմաններից է: Ամուր առողջություն բոլորին:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...