16:35
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինձ համար ամենամեծ գնահատանքը` դա իմ հիվանդների երախտիքի բառերն են, նրանց պայծառ և ժպտացող աչքերը

2020-01-23 11:23

 «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային բաժանմունքի վարիչ, Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն տեխնոլոգիաների և լազերային բաժանմունքի բժիշկ-միկրովիրաբույժ, «Աջափնյակ» ԲԿ աչքի բաժանմունքի ղեկավար Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը:

 

 

-Տիկի՛ն Թամազյան, Հայաստանում աչքի էքսիմեր լազերային վիրահատություններն արդեն վաղուց կիրառվում են: Դրանց մեկնարկը տրվել է Ձեր կողմից` 20 տարի առաջ, եթե ամփոփենք Ձեր անցած մասնագիտական ուղին, ապա ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կմատնանշեք այս տարիների ընթացքում:
-Կցանկանայի հպարտությամբ նշել, որ հեռավոր 2001 թվականին առաջինը Հայաստանում մենք սկսեցինք կատարել էքսիմեր լազերային վիրահատությունները և պատվով կրեցինք «պիոների» կոչումը:
Բժիշկի համար առաջին կարագախոսը պետք է լինի «Մի վնասիր»-ը և ես հնարավորինս փորձել եմ չվնասել հիվանդներին. հենց դա էլ կարող եմ համարել իմ կարևոր ձեռքբերումը:


-Այսօր, «Որակյալ բժշկական ծառայության մատուցում» ասելով` հաշվի է առնվում, նորագույն սարքավորումների առկայությունը և լավ մասնագետը: Աչքի վիրահատման նորագույն և գերժամանակակից ի՞նչ մեթոդներ են կիրառվում Ձեր անմիջական մասնակցությամբ:


-Նորամուծություններից մեկն այն է, որ 2009 թվականից Հայաստանում առաջինն էինք, որ սկսեցինք կատարել կերատոկոնուս հիվանդության համար կատարվող քրոսլինգինգ վիրահատությունը: Վիրահատությունը կատարում ենք իտալական սարքավորումներով: Նախկինում նման վիրահատություններ չի կատարվել և հիվանդությունը չի բուժվել: Պետք է ասեմ, որ մեր երկրի համար այդ վիրահատությունը շատ կարևոր էր, քանի որ կերատուկոնուսը բավականին հաճախ է հանդիպում հայերի մոտ և նաև հրեաների:


-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա այն ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար, ի՞նչ նորարարական մեթոդներ են կիրառվել բժշկության մեջ:


-2019 թվականը բավական բեղմնավոր տարի էր ինձ համար, բավականին մեծ թվով հիվանդներ ունեցանք, ովքեր ձեռք բերեցին տեսողություն և փոխվեց նրանց կյանքի ամբողջ գունապնակը:

-Յուրաքանչյուր բժիշկ...


-Յուրաքանչյուր բժիշկ պետք է իր հիվանդին վերաբերվի կարեկցանքով, կարողանա իրեն դնել իր հիվանդի տեղը, սակայն հիվանդն էլ իր հերթին պետք է հասկանա, որ բժիշկը ոչ թե սպասարկում է իրեն, այլ բուժում է, և բժիշկին վերաբերվի նույն հարգանքով:

Պետք է երբեք չկորցնել մարդասիրությունը,

մարդկանց հանդեպ լինել բարի և երբեք չչարանալ:


-Դուք հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր Համլետ Թամազյանի և ներկայիս վաստակավոր բժիշկ, գիտությունների թեկնածու, գինեկոլոգ Անժելա Թամազյանի դուստրն եք, ի՞նչ խորհուրդներ են նրանք Ձեզ տվել մասնագիտական կայացման ճանապարհին:
-Ծնողներս դեմ էին, որ ես դառնայի բժիշկ և սկզբնական շրջանում խորհուրդներ չէին տալիս, իսկ երբ արդեն ավարտեցի և ընտրեցի բժիշկի մասնագիտությունը, ու նրանք տեսնելով, որ ես ամեն դեպքում սիրում եմ իմ մասնագիտությունը և սրտացավ եմ հիվանդների նկատմամբ, սկսեցին փոխանցել ինձ իրենց մասնագիտական հմտությունները և խորհուրդ տվեցին, որ երբեք հիվանդին չնայեմ վերևից, փորձեմ ինքս ինձ դնել հիվանդի տեղը և վարվեմ խղճիս թելադրանքի համաձայն:
Իմ համեստ գործունեության համար պատվոգիր ստանալու առիթով գրվեց այս բանաստեղծությունը, որը նվիրում եմ հորս հիշատակին`


Հորս


Ինձ համար այս օրը աշնան
Լուսաբաց էր սպասված կանչիս,
Հաղթանակի ժամ էր իմ մեջ
Անմաշ կարոտ խոցված սրտիս:
Պատիվ տալու փառքը հորս, որ նա ինձ զգա.
Ես մի քայլով նրան նորից ետ բերեցի...
Հա՛յր իմ, ես քո պատիվն եմ քո կրծքին
Սերունդներդ կողքիս կանգնած, քե՛զ լույս տվին
Մասիս սարի լանջերի պես,
Խոնարհումով զգացնել տվին, անկեղծացան,
Որ անունդ` ժայռ Թամազյան
Դարձավ նրանց
Ալեհածուփ ու անբասիր ճամփան կերտման...
Էլ ի՞նչ ունեմ հա՛յր իմ, ասա՛
Ես ինձ քեզնով բարձր զգալու,
Բաժին հացս այս նեղ կյանքում
Հանգիստ խղճով ե՛ւ ծամելու, ե՛ւ ապրելու:
Իմ ապրելու խաչը մեկն է՝
Քո անվան դեմ պատիվ տալու,
Իմ անունը քո անունով բարձր զգալու:
Հա՛յր իմ, ես իմաստն եմ գտել կյանքի,
Խոնարհումի ու հարգանքի,
Մեծարանքի ու սփոփանքի,
Ազնվության ու վեհության
Քո մի կաթիլ շնչով իմ մեջ
Մեծ մարդկության ու բարության...
Չմարելո՛ւ, այլ վառվելո՛ւ,
Վառված հրով տաքացնելո՛ւ,
Հոգին սրտին մոտ բերելո՛ւ,
Ազնվական մահը զգալո՛ւ...
Բայց քանի դեռ հա՛յր իմ ժայռից կյանք ես առել,
Ի՛նձ ասել ես՝ մահը միշտ կա,
Դեռ ժամանակն է ապրելո՛ւ...
2019թ.

-Դուք `որպես բժիշկ, Ձեզ համարու՞մ եք գնահատված:
-Նախ և առաջ` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բժշկական կենտրոնների տնօրեններ Վլադիմիր Ավագյանին, Ալեքսանդր Մալայանին և Գրիգորի Մանուկյանին, ովքեր գնահատում և կարևորում են իմ աշխատանքը և ներդրումը հայկական ակնաբուժության մեջ:
Ես, գնահատանքի առումով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել տարբեր կազմակերպություններին, հասարակական խորհուրդներին, ովքեր որ գնահատել են իմ աշխատանքը և ինձ ճանաչել են «Տարվա բժիշկ»: Շնորհակալ եմ սոցկայքերի ներկայացուցիչներին, ովքեր կատարելով սոցհարցումներ, ներկայացնում են տվյալներ, որտեղ ես տեսնում եմ իմ անունը: Սակայն ինձ համար ամենամեծ գնահատանքը` դա իմ հիվանդների երախտիքի բառերն են, նրանց պայծառ և ժպտացող աչքերը:
Ես ինձ գնահատված եմ զգում, երբ հիվանդը մտնում է իմ սենյակ և գոհունակությամբ է նստում այն աթոռին, որտեղից պետք է տեսնի տառերը, որոնք ամբողջ կյանքում չի տեսել, ու տեսնում եմ, որ այժմ հաճույքով է նստում այդ աթոռին, քանի որ վիրահատությունից հետո նրա տեսողությունը հարյուր տոկոս է: Երկու ամիս առաջ մի կին եկավ ինձ մոտ և բացականչեց. «Ես շատ շնորհակալ եմ Ձեզ բժիշկ, այսօր իմ ամենաերջանիկ օրն է»: Ես զարմացած հարցրեցի` ինչո՞ւ, նա ասաց, որ վիրահատությունից հետո այժմ նա տեսնում է անգամ մրջյուններին: Մի հիվանդ էլ ունեի, եկավ ինձ մոտ և ասաց, որ նա գիտի թե ինչու է իմ անունը Լուսինե, ես զարմացա, քանի որ շատ քիչ մարդիկ գիտեին, որ հայրս իմ անունը դրել է Լուսինե Զաքարյանի պատվին: Նա ասաց անունս Լուսինե է, քանի որ ես լույս եմ պարգևում մարդկանց: Հավատացեք` դրանից մեծ գնահատական և հաճելի զգացողություն ինձ համար չկա:


-Ունեք գեղեցիկ, ներդաշնակ ընտանիք, կարողանու՞մ եք մասնագիտությունն ու ընտանիքը համատեղել, այսքան զբաղվածության հետ մեկտեղ հասցնու՞մ եք:
-Գիտեք, իմ ծնողները լինելով շատ զբաղված մարդիկ, աշխատելով ծանրաբեռնված գրաֆիկով, նրանք մեզ ոչինչից չեն զրկել, և եթե ունեցել են մեկ-երկու ժամ ազատ ժամանակ, ապա այդ ժամանակը մեզ համար տոն են դարձրել:
Հայրս բարդ վիրահատությունից գալիս էր տուն և ասում` ունեք հինգ րոպե ժամանակ պատրաստվելու, և մենք չանցած հինգ րոպե արդեն Թբիլիսիի ճանապարհին էինք: Ես միշտ փորձում եմ իրենց օրինակով ապրել, չնայած զբաղված աշխատանքային առօրյայիս, աշխատում եմ օրս տոն դարձնել: Շատ շնորհակալ եմ ամուսնուս և երեխաներիս, որոնք ըմբռնումով են մոտենում իմ զբաղված լինելուն, չնայած երեխաներս արդեն մեծ են. մեծ որդիս 31 տարեկան է, միջնեկ որդիս 28, իսկ աղջիկս 24 տարեկան է: Մեծ տղաս և դուստրս ամուսնացած են և մենք ընտանիքներով կարողանում ենք մեկս մյուսով հագեցնել մեր օրը և ստեղծել փոքրիկ տոներ: Երեխաներս կարող են մեկ վայրկյանով մտնել իմ աշխատասենյակ և ինձ ծաղկեփունջ նվիրել, որն ինձ համար հավասարազոր է երեք օրվա շփման:


-Ըստ Ձեզ` ո՞րն է հայ կնոջ կարևոր առաքելությունը կյանքում:
-Հայ կինը բազմաթիվ առաքելություններ ունի: Միայն հայ կինը կարող էր այն մութ ու ցուրտ տարիներին մեծ բեռ վերցրել իր ուսերի և պահել իր օջախը:
Տարիներ առաջ` օդանավակայանում, մի խոսակցության ներկա գտնվեցի, զրուցում էին երեք կին` մեկը մյուսին ասում էր թե ինչ էր անում նա Միացյալ Նահանգներում. մեկն ասում էր գնացել էր եղբոր մոտ, մյուսը` մեկնել էր ճանապարհորդության, սակայն քիչ անց երեքն էլ խոստովանեցին, որ այլ բան էին անում այնտեղ, մեկը ծեր կին էր պահում, մյուսը երեխա, երրորդն էլ ինչ-որ մեկի տունն էր մաքրում: Անցել են տարիներ, սակայն դա այնպես է տպավորվել ինձ մոտ, որ ես կարծում եմ, որ միայն հայ կինը կարող էր նման քայլի դիմեր իր ընտանիքը պահելու համար, ուրիշ ազգի կինն այդպիսի բան չէր անի: Միայն հայ կինը մի փոքր մսից կարող է 10 տեսակի ուտելիք պատրաստել: Այն մութ ու ցուրտ տարիներին նրանք կարողացել են իրենց երեխաներին և ամուսնուն կոկիկ հագցնել և ճանապարհել: Եթե հայ կինը նստեր ու ոչինչ չաներ և անընդհատ բողոքեր, ապա ընտանիքում ոչ ոք ոչնչի չէր հասնի: Ես գտնում եմ, որ հայ կինը շատ խելացի է և իրեն ոչ մի դասեր և կարգախոսներ պետք չեն, նա անում է այն, ինչ անհրաժեշտ է:


-Շուտով ամենագեղեցիկ և ամենահեքիաթային տոներն են` Ամանորն ու Սուրբ ծնունդը, ինչ խորհուրդ ունի տոնը Ձեզ համար և ինչպե՞ս եք այս տարի պատրաստվում նշել այն:
-Ամանորն ու Սուրբ ծնունդը մեր ընտանիքի համար ամենասիրելի տոներից են, որոնք ես ևս շատ եմ սիրում:
Հիմնականում տոները նշում ենք տանը, միայն մեկ անգամ ընտանիքով Ամանորը նշել ենք Օձուն գյուղում` հայրիկիս ծննդավայրում: Օձունը շատ հազվադեպ էր ձնառատ լինում, սակայն այդ տարի ամբողջությամբ սպիտակ էր և մենք անցկացրեցինք անմոռանալի յոթ օր:


-Սիրու՞մ եք ամանորյա ճաշատեսակները ինքներդ պատրաստել և կա՞ մի ճաշատեսակ, որը միշտ զարդարում է Ձեր սեղանը:
-Շատ եմ սիրում պատրաստել, կա երեք տեսակի աղցան, որոնք ամեն տարի ամանորին պատրաստում եմ: Դա «Գարուն», «Վիագրա» և «Նրբություն» աղցաններն են, այս անունները որոշել ենք մեր ընտանիքի անդամներով:
Մեր ամանորյա սեղանը մշտապես զարդարում է հայկական ավանդական ճաշատեսակները, փորձել ենք այլ ազգի խոհանոցի ուտեստներ պատրաստել, բայց միևնույն է, առաջին տեղում հայկական ավանդական ճաշատեսակներն են: Ես ձմռանը, նաև հաճախ ամանորին պատրաստում եմ սերկևիլով ճաշ, որն ինձ սովորեցրել է իմ սկեսուրի վանեցի հայրիկը:

Թող բոլորի կյանքում ավելի շատ առիթներ լինեն

Աստծուն շնորհակալություն հայտնելու, քանց թե խնդրելու:


-Եթե ամփոփենք 2019թ-ը, ապա ինչպիսի՞ն էր տարին Ձեզ համար, ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք և արդյո՞ք 2019թ. խորհրդանշական էր Ձեզ համար:
-Տարին խորհրդանշական էր ինձ համար, քանի որ մեծ որդիս տեղափոխվեց Հայաստան, երեխաներս ունեցան գործունեության նոր ոլորտ և կայացան իրենց բիզնեսում ու հաջողությամբ փորձում են պահպանել այն ձեռքբերումները, որին արդեն հասել են:


-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:
-Որպես բժիշկ` կցանկանամ, որ բոլորի աչքերից ճառագի երջանկություն: Թող բոլորի կյանքում ավելի շատ առիթներ լինեն Աստծուն շնորհակալություն հայտնելու, քան խնդրելու:
Եվ քանի որ այսօր «Դե Ֆակտո» ամսագրի հյուրն եմ, կցանկանամ մաղթել բոլորին ոչ թե երազանքներ և ցանկություններ, որոնք կմնան թղթի վրա գրված` այլ «Դե Ֆակտո» (փաստացի) լինեն երջանիկ, թող հաջորդ տարի բոլորը փաստեն, որ կատարվել են այն բոլոր երազանքները` ինչին ձգտել են:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...