22:17
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԱՅԱՆ`40 տարուց ավել ակնաբուժության ոլորտում

2020-01-20 14:36

 «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը:


-Պարո՛ն Մալայան, 40 տարուց ավել է արդեն հազարավոր մարդկանց մոտ վերականգնում եք, ամենաարժեքավորը` աչքի լույսը, ինչպե՞ս ընտրեցիք բժիշկի բարդ և պատասխանատու մասնագիտությունը:


-Ծնվելով բժիշկների ընտանիքում` ես չէի ցանկանում բժիշկ դառնալ, քանի որ փոքր տարիքից ինձ ասում էին, որ պետք է բժիշկ դառնամ և դա ինձ ըմբոստացնում էր, չեմ սիրում, երբ ինձ հրամցնում են պատրաստին և ստիպում են իրենց ընդունած որոշումը դարձնել պարտադիր: Ցանկանում էի լրագրող կամ իրավաբան դառնալ: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ականատես եղա, թե ինչպես է երջանկահիշատակ վիրաբույժ Վիգեն Մալխասյանը կատարում վիրահատություն և իմ մեջ փոխվեց մասնագիտական ուղղվածությունս, ես որոշեցի ընտրել բժիշկի բարդ և պատասխանատու աշխատանքը:


-Շուրջ 23 տարի է դուք 1978 թ.-ին կազմավորված Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրենն եք, եթե հետադարձ հայացք նետենք, ապա ի՞նչ նվաճումներ կառանձնացնեք:


-Շատ դժվար է մեկ-երկու նախադասությամբ թվարկել այս տարիների ընթացքում բոլոր ունեցած ձեռքբերումները: Երբ ես աշխատանքի անցա Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, կատարակտայի վիրահատությունից հետո հիվանդը երեք օր փակ աչքերով պարկում էր անկողնու մեջ, յոթ օր մնում էր հիվանդանոցում, հետո, գնում էր տուն և մեկ ամիս անընդմեջ այցելում բժիշկին: Իսկ այսօր հիվանդին վիրահատելուց երկու ժամ անց նա կարող է գնալ տուն, հաջորդ օրը գալ ստուգման և անցնել իր բնականոն կյանքին: Ձեռքբերումները բոլոր այն նորարարական մեթոդներն են, որոնց մասին տարիներ առաջ նույնիսկ չէինք կարող մտածել:

 

-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա ինչպիսի՞ տարի էր այն Ձեզ համար:


-2019 թվականը հաջող տարի էր կենտրոնի համար: Նախաձեռնությունները, որոնք մենք մտածել էինք, արդեն իսկ իրականություն են դարձել, իհարկե ՀՀ առողջապահության նախարարության, հիմնականում ֆինանսական, օժանդակությամբ: ՀՀ կառավարության կողմից իրականացավ շատ կարևոր մի ծրագիր` 0-18 տարեկան քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակում. չնայած որ շատ դժվար էր այդքան մեծ ծավալի աշխատանքը համակարգել և ընդունել մեծ թվով հիվանդների, սակայն մենք կարողացանք: Իրականացնում ենք նաև մի ծրագիր, որը վաղ շրջանում հայտնաբերում և բուժում է թերհաս ծնված երեխանների ցանցաթաղանթի ախտահարման դեպքերը: Բժշկության մեջ շատ կարևոր է, որպեսզի բժիշկը գիտակցի իր կատարած աշխատանքի կարևորությունը և հետ նայելով տեսնի այն ձեռքբերումները, որ ունեցել է:

-Դուք արդեն երկար տարիներ է ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչն եք և շատ սերունդներ եք ճանապարհել դեպի կյանքի նոր ուղի, ո՞րն է եղել Ձեր խորհուրդը նրանց:


-Առաջին հերթին լինեն լավ մարդ և լավ քաղաքացի: Մասնագիտական առումով ես միշտ քարոզել եմ, որ ամեն մի վիրահատություն, անկախ բարդությունից և ծավալից, պետք է լինի վիրաբույժի յուրահատուկ ուշադրության ներքո:

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:


-Նախ և առաջ` ցանկանում եմ, որ ոչ ոքի աչքի լույս երբեք չմարի: Մեր ժողովրդին կմաղթեմ հանդուրժողականություն, կցանկանայի, որ մեր հայկական ընտանիքները ձևավորվեն միայն սիրո հիման վրա, քանի որ սերը մեծատառ է, պետք է իմանալ սիրել և ատել, քանի որ առանց ատելության սիրել հնարավոր չէ:


Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...