05:16
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Յունիթայմ» միջազգային ակադեմիա` Կրթություն առանց սահմանների

2019-10-10 11:26

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Յունիթայմ» միջազգային ակադեմիայի նախագահ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

«Դե Ֆակտո» N 04/150 (07-08/2019թ)

-Տիկի՛ն Հարությունյան, ուսումնական տարվա մեկնարկը տրված է, մենք տեղյակ ենք, որ Կրթության միջազգային ակադեմիան անվանափոխվել է, գործունեության նոր ձև և բովանդակություն ստացել: Կպատմե՞ք` ինչպես նման որոշում կայացրեցիք:
-Կրթության միջազգային ակադեմիան հիմնադրվել է 2006թ.` որպես իրավաբանական անձանց միություն, սակայն ժամանակի ընթացքում այն կորցրեց իր դերակատարումը, քանի որ բոլոր իրավաբանական անձիք միավորվեցին մեկ համալսարանի` «Հայբուսակ»-ի կազմում: Այդ իմաստով անհրաժեշտություն առաջացավ փոխելու Կրթության միջազգային ակադեմիայի թե՛ բովանդակությունը, թե՛ անունը, թե՛ գործունեության տեսակը: Արդյունքում` Կրթության միջազգային ակադեմիան վերջերս վերագրանցվեց որպես հասարակական կազմակերպություն, որը կրում է «Յունիթայմ» միջազգային ակադեմիա անունը:


-Ինչո՞ւ «Յունիթայմ»:
-Երևի շատերն են հիշում «Յունիթայմ» ամսագիրը, որը լույս էր տեսնում Կրթության միջազգային ակադեմիայի հովանու ներքո: Այժմ ամսագիրը չի տպագրվում, սակայն նրա անվանումը խորհրդանշական է մեզ համար, այդ պատճառով որոշեցինք պահպանել այն և ակադեմիան կնքել հենց այդ անունով:


-Կներկայացնե՞ք «Յունիթայմ» միջազգային ակադեմիայի գործունեության ուղղվածությունը, ինչո՞վ է այն զբաղվելու:
-Ակադեմիայի հիմնական գործառույթներն են` կրթական, գիտական, մշակութային կապերի ստեղծումը և զարգացումը, մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացումը, և այլն: Առաջին ուղղությունը, որը հիմք ենք ընդունել ակադեմիայի գործունեության համար, «Life long learning»-ն է, որը թարգմանաբար նշանակում է «Կրթություն ողջ կյանքի ընթացքում»: Այս գաղափարը ստեղծվել է ԱՄՆ-ում 1996-97թթ., և Հայաստանում երբևէ չի գործել: Մեր ակադեմիան առաջինն է, որ անդրադարձել է այս ոլորտին, և մենք այդ որոշումը կայացրել ենք` հետևելով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և ոչ միայն կրթական ոլորտի, այլ նաև հասարակական հարաբերությունների, հատկապես` տարեց մարդկանց, արդեն աշխատանքային տարիքից դուրս գտնվող, գործազուրկների խնդիրներին և նախատեսում է աշխատանք տարբեր տարիքային խմբերի հետ` սկսած ուսանողական տարիքից մինչև ավագ սերունդ:


-Առավել մանրամասն կներկայացնե՞ք, մասնավորապես` ի՞նչ ծրագրեր են իրականացվելու:

-Ծրագրերի հիմքում դրված է այն գաղափարը, որ մարդն ինչքան ապրում է, կարող է սովորել և նրա այդ ցանկությունը բնական է, ընդ որում, սովորել կարելի է ոչ միայն աշխատելու, այլ պարզապես հասարակության մեջ, ընտանիքում, ընկերների և հարազատների շրջապատում ինտեգրված և պահանջված զգալու համար:

Ակադեմիայի հիմնական նպատակն է` հատուկ մշակված ծրագրերի միջոցով օգնել գործազուրկ մարդկանց ավելի հեշտ աշխատանք գտնել, և եթե դրա համար կարիք կլինի լրացնել գիտելիքների որոշակի պաշար, ապա մեզ մոտ նրանք կարող են անցնել մասնագիտական դասընթացներ, վերապատրաստվել կամ բոլորովին փոխել մասնագիտական պրոֆիլը` նորագույն, գերժամանակակից կրթական ծրագրերով և տեխնոլոգիաներով:
Ծրագրերը կնպաստեն գործազրկության նվազեցմանը, որն առավել խորը արտահայտված է միջին և ավագ սերնդի շրջանում:


-Իսկ ի՞նչ ծրագրեր են նախատեսված տարեց մարդկանց համար:


-Աշխարհի բազմաթիվ երկրներում կարևորվում է կենսաթոշակային տարիքում գտնվող մարդկանց զբաղվածությամբ ապահովելը: Պարտադիր չէ, որ նրանք աշխատեն, բայց ցանկալի է, որ տարեցները զբաղված լինեն, իրենց հասարակության լիարժեք անդամ զգան, ինչն էլ մարդու երկարակեցության և առողջ ապրելակերպի ամենակարևոր գրավականն է:
Ցավոք, մեր իրականությունում մի շատ սխալ բան կա` երբ մարդը հասնում է որոշակի տարիքի, կյանքը, կարծես կանգ է առնում նրա համար, քչերն են, որ շարունակում են ապրել նույն տեմպով կամ գոնե մասամբ կատարել իրենց սովորական գործառույթները, առավել ևս` նոր հետաքրքրություններ գտնել: Մինչդեռ այսօր կյանքի տևողությունը շատ երկրներում այնպիսին է, որ մարդ կարող է ընդհուպ մինչև կյանքի 30 տոկոսն անցկացնել հետթոշակային տարիքում: Սա շատ արժեքավոր ժամանակ է, երբ կենսափորձը և առողջ դատողությունը կարող են մեծ դրական փոփոխություններ առաջացնել առանձին մարդկանց և հասարակության կյանքում, մինչդեռ այդ մարդիկ մեծ մասամբ հեռանում են ակտիվ հասարակական կյանքից և անցնում են պասիվ ու «ընդհատակյա» կենսակերպի:
Կարծում եմ` այս ուղղությունը ևս տեղ կգտնի Հայաստանում, քանի որ նոր խոսք է ասվում, և ես ուրախ եմ, որ այն մենք ենք հնչեցնում: Մեր հասարակության մեջ, անկասկած կան մարդիկ, ովքեր չեն աշխատում, ստանում են կենսաթոշակ, բայց ցանկանում են աշխատել, զբաղված լինել, օգտակար գտնվել: Նրանց կհետաքրքրի այս ծրագիրը:


-Իսկ ինչպե՞ս է լուծվելու ֆինանսավորման հարցը:


-Ակադեմիայի հիմնադիրների խնդիրը միջազգային կազմակերպություններից դրամաշնորհ ստանալն է, որը կծառայի առաջին հերթին կենսաթոշակային տարիքի մարդկանց հետ աշխատանքին: Նրանց համար կկազմակերպվեն պարապմունքներ, դասընթացներ և տարաբնույթ միջոցառումներ:


-Ինչպե՞ս կարող են դիմել Ձեզ, դասընթացները վճարովի՞ են լինելու:


-Մեզ կարող են դիմել կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ ակադեմիայի գործունեությանն ու ծրագրերին և մեզ դիմելու կարգին, ինչպես նաև, մենք ունենք ֆեյսբուքյան էջ, որի միջոցով ևս ցանկացողները կարող են կապ հաստատել մեզ հետ և ներկայացնել իրենց անհանգստացնող խնդիրները և ընդգրկվել տարբեր խմբերում:
Իսկ դասընթացները կլինեն և՛ վճարովի, և՛ անվճար: Որոշ կազմակերպություններ կամ անձինք կվճարեն առանձին մարդկանց կամ խմբերի համար, որոնք մեր դասընթացներին կմասնակցեն անվճար, օրինակ, կենսաթոշակառուները:
Դասընթացներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները ստանալու են հավաստագրեր:


-Արդեն ունե՞ք գործընկերներ, հովանավորներ:
-Արդեն ունենք խոշոր գործընկերներ, որոնք հետաքրքրված են իրենց աշխատակիցների վերապատրաստմամբ: Վստահ եմ` այս տեսակի համագործակցությունն առանցքային կդառնա մեզ համար:
Հայաստանը մասնագետների երկիր է, մեզ մոտ մասնագետի պակաս չկա, բայց կան մասնագետներ, ովքեր աշխատանք չունեն, և կան գործատուներ, որոնք համապատասխան մասնագետներ չեն գտնում: Որտե՞ղ է բացթողումը: Այդ հարցի պատասխանը մեկն է` ունենք լավ մասնագետներ, որոնք չեն համապատասխանում այսօրվա շուկայի պահանջներին և մյուս հակասությունն այն է, որ գործատուն պահանջում է փորձառու մասնագետ, բայց նախընտրում է երիտասարդ կադրերին, որոնք չեն կարող փորձառու լինել: Անհրաժեշտ է բարձրացնել աշխատաշուկայի տարիքային շեմը, որպեսզի որակյալ կադրերն իրենց արժանի տեղը զբաղեցնեն, իսկ գործատուն կարողանա որակյալ կադրերով համալրել իր կազմակերպությունը:


-Վերապատրաստման ի՞նչ հնարավորություններ եք առաջարկում:


-Մեր ակադեմիան հնարավորություն է ստեղծում վերապատրաստման դասընթացներ անցնել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Պարզապես պետք է դիմել մեզ, ընտրել դասընթացը, մասնակցել և ստանալ արդի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ:


-Տիկի՛ն Հարությունյան, այդքան տարի Դուք Ձեր կյանքը նվիրել եք համալսարանական կրթությանը և այժմ ինչո՞ւ որոշեցիք թողնել այդ գործը:

-Ամեն ինչ ունի իր ժամանակը: Ես 25 տարի ղեկավարել եմ «Հայբուսակ» համալսարանը և սիրով ու գոհունակությամբ եմ կատարել այդ գործը, իսկ հիմա, կարծում եմ` եկել է ժամանակը իմ փորձն ու գիտելիքները մեկ այլ ոլորտում ներդնելու և կիրառելու: Իմ հետաքրքրությունների շրջանակն ընդլայնվել է, ես այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ կրթությունը մարդու համար երբևէ չպետք է ավարտվի, չպետք է մարդն իր կյանքի որևէ ժամանակահատվածում վերջակետ դնի կրթվելու գործընթացին: Սակայն մարդկանց մեծամասնությունը, ավարտելով բուհը, կարծես կանգ է առնում, ինչի արդյունքում, որոշ ժամանակ անց նա այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և չի գտնում իրեն համապատասխան աշխատանք: Ես նման մարդկանց հետ շատ եմ շփվել, ու նաև դա է պատճառը, որ որոշեցի այս նախաձեռնությամբ հանդես գալ: Ցանկանում եմ Հայաստանում շատ-շատ երջանիկ, բավարարված, իրենց կյանքից գոհ մարդկանց տեսնել, ինչի գրավականներից մեկը համարում եմ մարդկանց ողջ կյանքի ընթացքում կրթություն ստանալու հնարավորությունը:


-Տիկի՛ն Հարությունյան, Դուք երկար տարիներ է, ինչ աշխատում եք կրթության և գիտության ոլորտում, լավատեղյակ եք դրանում առկա խնդիրներին, մարտահրավերներին, հետաքրքիր է, ինչպե՞ս եք վերաբերվում վերջին բարեփոխումներին, կրթության ոլորտը հեղափոխության կարիք ունի՞:
-Ընդհանրապես, կրթությունը հեղափոխություններից պետք է հեռու մնա, կրթությունն այն ոլորտն է, որտեղ ցանկացած փոփոխություն պետք է հիմնված լինի հստակ գիտական սկզբունքների և կոնկրետ փորձի վրա: Կրթությունն ունի իր հստակ սահմանված խնդիրները, և դրանք լուծելու համար անհրաժեշտ է կիրառել և՛ միջազգային փորձը, և՛ մեր դարավոր ավանդույթները, բայց միշտ պետք է ելնել կոնկրետ խնդրի լուծման գաղափարից, հստակ հասկանալ նպատակները և վերջնարդյունքները և երբեք չընկնել վտանգավոր մոլուցքների մեջ, քանի որ գործ ունենք մեր երկրի ապագայի հետ: Այնպես որ, կրթության ոլորտում հեղափոխություն բառը ես չեմ ընդունում: Իսկ բարեփոխումների կարիք, իհարկե, կա, և այդ գործընթացում ամենակարևորը ձևը ճիշտ բովանդակությամբ լցնելն է:


-Ի՞նչ լուծումներ կառաջարկեք:


-Առաջին հերթին`մասնագետների պատրաստում ու վերապատրաստում է պետք, քանի որ մասնագետն է որոշում ամեն բան թե՛ դասարանում, թե՛ լսարանում, և թե նույնիսկ նախադպրոցական կրթական հիմնարկում: Նաև անհրաժեշտ եմ համարում միջազգային առաջատար փորձի տեղայնացումը: Ինչ վերաբերում է դիպլոմների ճանաչմանը, ցանկացած երկրում ճանաչվում է գիտելիքը. պահանջված մասնագետն ամենուրեք ընդունվում է և հաջողության հասնում: Շատ հաճախ գիտելիքն առավել հզոր գործոն է դիպլոմը ճանաչելու հարցում, քան երկու երկրների միջև կնքված պայմանագիրը:


-Տիկի՛ն Հարությունյան, Դուք բավականին երիտասարդ տարիքից ակտիվ գործունությամբ եք զբաղվում և դրան զուգահեռ` ունեք ընտանիք, երեխաներ, հետաքրքիր է, ըստ Ձեզ` որո՞նք են կնոջ ամենամեծ առաքելությունները կյանքում, և արդյո՞ք Ձեզ հաջողվել է դրանք իրականություն դարձնել:
-Այդ մասին պետք է հարցնել իմ մտերիմներին, բայց հուսով եմ` հաջողվել է և հաջողվում է...
Կնոջ կարևոր առաքելությունը համարում եմ ճիշտ, ազնիվ, շիտակ օրինակ ծառայելը: Եթե կինն ազնիվ է, բարի, նվիրված, ուրեմն, նա կատարում է իր առաքելությունը` անկախ նրանից, նա հիմնարկ է ղեկավարում, թե տնային տնտեսուհի է:


-Որքանո՞վ կարող են ներդաշնակ լինել կինը և քաղաքականությունը:

-Կարծում եմ` կինը և քաղաքականությունը կարող են ներդաշնակ լինել, որևէ խնդիր չեմ տեսնում: Առհասարակ, կնոջ հետ ամեն ինչ կարող է ներդաշնակ լինել, եթե կինն իր տեղում է, և այստեղ կարևորը կինն է քաղաքականության մեջ, այլ ոչ թե քաղաքականությունը նրա կյանքում:


-Ի՞նչ է ուզում կինը, և արդյո՞ք կնոջը հաջողվում է հասնել լիակատար երջանկության, թե՞ մի մութ կամ չբավարարված անկյուն ամեն դեպքում մնում է հոգու խորքում:
-Լիակատար երջանկությունը մի վերջնական ու անփոփոխ վիճակ չէ, որին կարելի է հասնել և մնալ այնտեղ: Քանի մարդուն տրված է ապրելու ժամանակ, նա ունի նաև փոփոխվելու, աճելու, զարգանալու և կատարելագործվելու հնարավորություն և պարտավորություն: Սխալն այն է, որ մենք շարունակ սպասում ենք, որ ինչ-որ բան կատարվի ու նոր կարողանանք երջանիկ լինել, մինչդեռ ապրելու և կատարելագործվելու հնարավորությունն ինքնին մեծագույն երջանկություն է:
Կարծում եմ` ամեն մարդու առաջին հերթին տրվում է ըստ իր հավատի` ոչ միայն ըստ իր խելքի և աշխատասիրության: Ինչին հավատում ես, դրան էլ հասնում ես:


-Ո՞վ է եղել Ձեր կյանքում ներշնչանքի աղբյուր:
-Իմ ներշնչանքի աղբյուրը եղել է հայրս, հայրս և հայրս, որովհետև ես փոքրուց սովորել եմ լսել նրա պահանջները, խնդիրները, որոնք պետք է լուծեի և, անպայման նրա գովասանքին ու խրախուսանքին արժանանայի: Նա միշտ օրինակ է եղել ինձ համար, թեև չեմ էլ մոտեցել իր կերպարին:


-Ինչի՞ մասին եք երազում այսօր:


-Երազում եմ տեսնել մեր երկիրը` ամենատարբեր, և հատկապես կրթության ոլորտում միջազգային մեծ հաջողություններ գրանցած երկրների շարքում: Ես դա երազում եմ, քանի որ մի փոքր մասնիկն եմ եղել անկախության տարիներին մեր բարձրագույն կրթական

համակարգի ձևավորմանն ու կայացմանը և անցել եմ բավականին դժվարին ճանապարհ վերջին 25-30 տարվա ընթացքում: Ինչո՞ւ դժվարին, քանի որ այդ ժամանակ ամեն ինչ փլուզվել էր, և մենք կարծես զրոյից ենք կերտել այդ համակարգը: Նորանկախ Հայաստանի կրթական համակարգը ձևավորվել է մի քանի ջատագովների, երախտավորների շնորհիվ, ու ես այսօր երազում եմ, որ այդ աշխատանքի արդյունքները երևան ոչ միայն առանձին կրթօջախների, այլ ողջ Հայաստանի մակարդակով:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...