17:40
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տիեզերական դրոշի ներքո. Երեւանի օրերը Սանկտ ՊետերբուրգումՏիեզերական դրոշի ներքո. Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում

2019-08-08 11:41

«Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.) 

2019 թվականի հունիսի 20-21-ին տեղի ունեցան Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում:


Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք էր այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից գլխավորած պատվիրակությունը: Բացի պաշտոնական հանդիպումներից, հյուրերին հաճելի անակնկալ էր սպասվում` Երևանի 2800-ամյակի դրոշը, որը 95 օր եղել էր տիեզերքում` միջազգային տիեզերական «Միր» կայանում:


Այդ երկու օրերը հագեցած էին պաշտոնական և գործնական հանդիպումներով, այդ թվում նաև հանդիպում Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ, ինչպես նաև տեղի են ունեցել մի շարք տնտեսական և սոցիալական նախագծերի քննարկումներ:


Այցելության երկրորդ օրը հյուրերը հրավիրվել էին Տավրիդյան պալատ: Հանդիպումը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, ով ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի պատվիրակության Սանկտ Պետերբուրգ այցի բոլոր կազմակերպչական հարցերը:


Միջոցառմանը ներկա էր Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը` իր գործընկերների հետ, Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, Սանկտ Պետերբուրգի տարածքային հանձնաժողովների ղեկավարները, Հայ Առաքելական Եկեղեցու քահանաները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հասարակական և գործարար շրջանակի ներկայացուցիչները: Նրանց թվում էր նաև բարեգործական հիմնադրամի նախագահ, հայտնի բարերար Հրաչյա Պողոսյանը:
Իր ողջույնի ելույթում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսեց Սանկտ Պետերբուրգից ստացած իր տպավորությունների մասին և այն մասին, թե ինչպես են քաղաքացիները սրտի թրթիռով պահպանում հիշողությունները իրենց քաղաքի պատմության մասին, թե ինչպիսի տպավորություն է թողել իր վրա Պիսկարյովյան հիշատակի ճեմուղու այցելությունը, որտեղ Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Նա նաև նշեց Սանկտ Պետերբուրգի իշխանությունների հարգալից վերաբերմունքը Սանկտ Պետերբուրգում բնակվող այլազգի ժողովուրդների պատմության հանդեպ, ոչ բոլոր երկրներում կտեսնես այլազգի լեգենդար մարդկանց նվիրված հուշարձաններ. Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի (Վասիլեաստրովսկի) վարչական շրջանում տեղադրվել է մեծ երգահան Կոմիտասի հուշարձանը: Ելույթի վերջում Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի և Երևանի միջև կլինի երկար և արգասաբեր:


Ալեքսանդր Բեգլովը իր հեթին ջերմ ողջունեց հյուրերին, նշելով, որ Ռուսաստանը իր պատմության ընթացքում որևէ կոնֆլիկտ չի ունեցել Հայաստանի հետ և մեր ժողովուրդներն առ այսօր գտնվում են լավ բարեկամական հարաբերությունների մեջ:
Այնուհետև խոսափողին մոտեցավ Պետերբուրգում բնակվող հայ բարերար Հրաչյա Պողոսյանը, ով յուրահատուկ նվեր էր պատրաստել Երևանի քաղաքապետին` Երևանի դրոշը, որը եղել էր տիեզերքում:


Պետք է նշել, որ այդ գաղափարը բարերարի մոտ ծագել էր 2017 թվականին Ղազախստանի մայրաքաղաք Աստանա այցելությունից հետո: Նա այցելել էր Ղազախստանի ազգային թանգարան, որտեղ նրան հպարտությամբ ցույց էին տվել պետության դրոշը, որը եղել էր տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում: Այդ պատմությունը շատ էր դուր եկել Պողոսյանին, և նա որոշել էր նմանատիպ նվեր մատուցել իր հայրենիքին` ուղարկել տիեզերք Հայաստանի և Երևանի դրոշները այնպես, որ դրոշները վերադառնալուն պես փոխանցվեին երկրի ղեկավարին` Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակներում: Այդ նախաձեռնությունը ստացավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձրագույն օրհնությունը, «Ռոսկոսմոս»-ի և Տիեզերագնացության ֆեդերացիայի հյուսիս-արևմտյան մասնաճյուղի աջակցությունը: Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս Հրայր Կարապետյանի աջակցությամբ, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Հրաչյա Պողոսյանը փոխանցեցին Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Օլեգ Արտեմևին Հայաստանի և Երևանի դրոշները, և նա դրանք հասցրեց Միջազգային տիեզերական կայան: 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության դրոշը Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը և բարերար Հրաչյա Պողոսյանը հանդիսավոր կերպով հանձնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ Երևանի դրոշը սպասում էր իր ժամին: Այս մասին բարերարը համառոտ պատմեց հյուրերին: Նա նաև շնորհավորեց բոլորին Սանկտ-Պետերբուրգում Երևանի օրերի անցկացման կապակցությամբ, ապա ծածանեց Հայաստանի մայրաքաղաքի դրոշը: Դրոշի վրա տիեզերական արշավախմբի և տիեզերական կայանների նամականիշերն են դրոշմված, ինչպես նաև ռուս տիեզերագնացների` Օլեգ Արտեմևի և Անտոն Շկապլերովի ինքնագրերը, որպես վավերականության ապացույց: Հայկ Մարությանն իր երախտագիտությունը հայտնեց այսպիսի յուրահատուկ նվերի համար և հավաստիացրեց, որ այն իր արժանի տեղը կզբաղեցնի Երևանի քաղաքապետարանում:
Այդ իրադարձություններով հագեցած օրն ավարտվել է ընկերական շփումներով:

 


Նյութը պատրաստեց` Դինա Նիկիֆորովան


Թարգմանությունը` Հռիփսիմե Ղազազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...