02:41
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարծում եմ` սպասվում է բերքառատ եւ հաջողություններով լի տարի

2019-08-07 12:14

 ԱՌԱՔԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրեն



«Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.) 

-Պարո՛ն Խաչատրյան, արդեն երրորդ տարին է, ինչ գործում է «Կոտայք» ՋՕԸ, որը Դուք ղեկավարում եք: Ձեզ համար ոլորտը նոր էր, արդյո՞ք հաջողվել է լիովին ինտեգրվել նոր աշխատանքում և կխնդրեմ ներկայացնեք` ինչ հաջողություններ են արձանագրվել այս տարիների ընթացքում:

-Թեև սա նոր, բայց կարճ ժամանակահատվածում հոգեհարազատ և սիրելի ոլորտ դարձավ ինձ համար: Ես սիրով եմ աշխատում, ինձ հետաքրքիր է աշխատանքային ողջ գործընթացը, մշտական շփումը բնակիչների հետ և նրանց օգտակար լինելը: Իսկ երբ աշխատանքդ սիրում ես, դրական արդյունքներն էլ չեն ուշանում: 2017թ. մինչև այսօր ավելացել է թե՛ պայմանագրերի, թե՛ մեր կողմից ոռոգվող հողերի քանակը` մոտավորապես 1000 հա-ից ավելի: Ոռոգման սեզոնը լավ ենք անցկացրել, ջրի օգտագործումն իրականացվել է ըստ պլանավորածի, ավել ջուր չենք օգտագործել` չնայած համակարգի քայքայված և մաշված վիճակին: Այս տարի ևս նույն ձևով շարունակում ենք աշխատել:
Պետք է նշեմ, որ մեր բոլոր հաջողություններն արձանագրվել են մեր թիմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

 

-Ո՞ր համայնքներն են սպասարկվում «Կոտայք» ՋՈԸ-ի կողմից:

-Նախ նշեմ, որ միավորման արդյունքում այժմ «Կոտայք» ՋՕԸ-ի կազմի մեջ մտնում է հինգ ՋՕԸ` «Գառնի», «Հրազդան», «Եղվարդ», «Ջրվեժ-Ձորաղբյուր» և «Նաիրի»:
«Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է ամբողջ Կոտայքի մարզը` 6 քաղաքային և 65 գյուղական համայնք, Գեղարքունիքի մարզի 2 համայնքներ և Երևան քաղաքի մի հատվածը (250-300 հա): Այս տարի պլանավորված տարածքները հասնում են 12 հազար հա-ի, որը պետք է ապահովենք ջրով:

 

-Ջրի կորուստ շա՞տ եք ունենում:

-Ցավոք, այո, ունենք ջրի մեծ կորուստ, որը Կառավարության կողմից հաստատված է 40 տոկոս, բայց փաստացի կորուստն առանձին վայրերում հասնում է 60-65 տոկոսի, ինչը համակարգի քայքայվածության արդյունքն է: Չնայած դրան` մենք 70-80 տոկոսով ջուրը հասցնում ենք բնակիչներին, մեր աշխատանքային թիմն առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի մեր բնակիչները գոհ լինեն: Հուսով եմ` նրանց աշխատանքը գնահատվում է բնակչության կողմից, իսկ թերացումներին նրանք ըմբռնումով են մոտենում` հասկանալով, որ համակարգը վատ վիճակում է:

 

-Որտեղի՞ց եք ջուր ստանում և ի՞նչ եղանակով եք իրականացնում ոռոգումը:

-Մենք հիմնականում օգտվում ենք Մարմարիկի ջրամբարից և Սևանից, քանի որ խորքային հորեր քիչ ունենք տարածքում: Ոռոգումն իրականացնում ենք 70 տոկոս ինքնահոս և 30 տոկոս մեխանիկական եղանակով: Ունենք տարածքներ, որտեղ ոռոգումն իրականացնում ենք կաթիլային եղանակով:

 

-2019թ. ջրառատ տարի է, ըստ Ձեզ` հավելյալ ջուր բաց թողնելու կարիք կլինի՞:

-Փառք Աստծո, այս տարի ջրամբարների լցվածության առումով խնդիր չունենք, շատ ավելի լավ վիճակ է` նախորդ տարվա համեմատ: Կարծում եմ` հավելյալ ջուր բաց թողնելու կարիք չի լինի: Իհարկե, մենք էլ մեր հերթին պետք է ջուրը խնայողաբար օգտագործենք, խիստ վերահսկողություն իրականացնենք, հետևողական աշխատանքներ կատարենք, որպեսզի ամեն բան ընթանա ըստ նախնական ծրագրի:

 

-Հիմնականում ինչպիսի՞ հողատարածքներ եք ոռոգում:

-Մեր տարածաշրջանում հիմնականում մշակում են բանջարաբոստանային մշակաբույսեր, պտղատու այգիներ, ավելացել են հատապտուղների այգիները (20 հա), և մեծամասամբ տարածված են տնամերձ հողամասերը:

-Ոռոգման սեզոնը ե՞րբ է մեկնարկում Ձեր տարածաշրջանում, նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել:

-Ոռոգման սեզոնը սկսվում է ապրիլի առաջին տասնօրյակից, իսկ նախապատրաստական աշխատանքները` մարտ ամսից` բացառությամբ բարձրադիր գոտիներում գտնվող համայնքների, որոնցում և՛ նախապատրաստական աշխատանքները, և՛ ոռոգումը 10-15 օր ուշ է սկսվում:

-Արդյո՞ք համակարգի բարելավման աշխատանքներ իրականացվել են այս երկու տարիների ընթացքում: 

-2017թ մոտ 2 կմ-ի չափ աշխատանք ենք կատարել Արզական համայնքում, առանձին ջրագիծ ենք կառուցել, որը շատ կարևոր է Արզական-Բջնի հատվածը տարանջատելու, ժողովրդին ավելի որակյալ ջուր մատակարարելու համար:
Այժմ մի շատ կարևոր ծրագիր է ընթացքի մեջ` Վերին Պտղնիում ջրագիծ է կառուցվում, որի շնորհիվ Մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ջուր կմատակարարվի, և մենք այլևս չենք օգտվի Վերին Պտղնիի և Ներքին Պտղնիի պոմպակայաններից ու էլեկտրաէներգիայի համար այդքան մեծ գումարներ չենք վճարի: Շինարարները խոստացել են աշխատանքներն ավարտին հասցնել օգոստոսի կեսերին:
Մենք նաև որոշակի ծրագրեր ենք ներկայացրել մեր գլխամասային գրասենյակ, որոնք հավանաբար մյուս տարի կիրագործվեն:

-Քանի՞ բաժանորդ ունեք այժմ և արդյո՞ք ջրաչափեր տեղադրված են համայնքներում:
-Կոտայքի մարզում ունենք 22 հազար բաժանորդ, որոնցից 80-90 տոկոսի հետ ունենք կնքված պայմանագրեր: Պետք է նշեմ, որ այսօր բոլոր բաժանորդներն էլ ցանկանում են պայմանագիր կնքել, քանի որ հասկացել են, որ այդպես ավելի ճիշտ է: Ի դեպ` վճարումներն էլ կատարվում են բանկային համակարգի և փոստի միջոցով, առձեռն հավաքագրում չունենք: Ավելացնեմ, որ մեր բաժանորդները բավականին պարտաճանաչ են վճարումների հարցում: Կան որոշները, որ իսկապես չունեն միջոցներ վճարելու համար, մենք նրանց ներողամտաբար ենք վերաբերվում:
Ինչ վերաբերում է ջրաչափերին, ապա դա ցավոտ հարց է մեզ համար, քանի որ համակարգի ներկայիս վիճակը և ջրի որակը` աղտոտվածությունը, թույլ չի տալիս անցնելու ջրաչափերի մասսայական կիրառման, դրանք պարզապես ճիշտ չեն աշխատի և որևէ օգուտ չեն տա: Իհարկե, կան առանձին վայրեր, որոնցում ջրաչափեր տեղադրված են, բայց դրանք փոքր տոկոս են կազմում:

-ՀՀ Կոտայքի մարզում կա՞ն կաթիլային եղանակով ոռոգվող այգիներ:
-ՀՀ Կոտայքի մարզում կա մոտ 300-350 հա հողատարածք, որ ոռոգվում է կաթիլային եղանակով: Այս տարի նման հողատարածքների թիվը կավելանա, ինչի համար մենք շատ ուրախ ենք: Այն շատ օգտակար տարբերակ է` հատկապես ջրի պաշարների խնայողության և ջրի բարձր որակի առումով: Սակայն կրկին խնդիր ունենք ջրի մաքրության հետ կապված, որը կաթիլային ոռոգման արդյունավետության ամենակարևոր գրավականն է: Ապագայում, եթե հնարավոր լինի, կանցնենք ոռոգման կաթիլային եղանակի:

-Ձեր կանխատեսմամբ` ինչպիսի՞ տարի կլինի 2019-ը, ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Կարծում եմ` տարին բարեհաջող սկսել ենք, այդպես էլ կավարտենք: Իհարկե, կլինեն նաև խնդիրներ, որոնք միանշանակ կհաղթահարենք: Հուսով եմ` լավ բերքի տարի կլինի և տարեվերջին կարձանագրվեն դրական արդյունքներ:

-Ո՞րն է Ձեր աշխատանքի հաջողության գաղտնիքը:
-Կարծում եմ` ցանկացած գործում հաջողության գրավականը անկեղծ, նվիրված և բարեխիղճ աշխատանքն է: Պետք է յուրաքանչյուրն իր աշխատանքով բարիք ստեղծի: Դա է գաղտնիքը: Մեր թիմն առաջնորդվում է այդ գաղափարով:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...