02:58
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ առաքելությունը ժողովրդին ծառայելն է` կլինի գործադիր, թե օրենսդիր մարմնում

2019-07-23 13:21

ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը»
խմբակցության պատգամավոր

«Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.) 

-Պարո՛ն Համբարձումյան, ինչպե՞ս կգնահատեք հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական զարգացումները:

-Կարծում եմ` հետհեղափոխական Հայաստանում, ընդհանուր առմամբ, արվել և արվում է այն, ինչ խոստացվել էր, ու բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ինչքան էլ փորձենք գերարագություն դրսևորել, միևնույնն է, երկիրն ուշքի բերելու համար ժամանակ է հարկավոր: Ցանկացած քաղաքացու համար տեսանելի և հասկանալի են մեկ տարվա կտրվածքով արված աշխատանքը և հետագա զարգացման համար նախապատրաստվող պայմանները:

-Այսօր իշխանության առջև մեծ պահանջներ են դրվում` ակնկալելով կարճ ժամանակում արդյունավետ լուծումներ, արդյո՞ք արդարացի եք համարում այդ պահանջները:

-Այո՛, իհարկե, արդարացի եմ համարում: Եթե հաշվի ենք առնում, որ մենք իշխանության ղեկին հայտնվել ենք հենց այդ պահանջները դնողների շնորհիվ, այսինքն` ժողովրդի, ապա նրանք ունեն պահանջներ դնելու բոլոր իրավունքները, իսկ մենք պարտականություն ունենք` այդ պահանջները հնարավորինս շուտ ի կատար ածելու:

-Ինչպե՞ս կգնահատեք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ աշխատանքը, արդյո՞ք հաջողվում է ժողովրդի շահը վեր դասել քաղաքական ամբիցիաներից:

-Քաղաքական ամբիցիաները, կարծում եմ, ցանկացած քաղաքականության անբաժան մասն են, բայց դրանք վեր դասել ժողովրդի շահից` նշանակում է մոռացության մատնել այն ամենը, ինչ մենք միասին իրագործեցինք նախորդ տարվա այս օրերին:
Անկեղծ ասած` այսօր ինձ մտահոգում է ԱԺ-ում առկա այն լարված մթնոլորտը, որ անընդհատ ստեղծվում է, ինչը, կարծում եմ, նաև մեր ժողովրդի կողմից ընկալելի և ընդունելի չէ: Եվ մեր խնդիրը այդ պարագայում ոչ թե բանավեճի մեջ մտնելն է, փոխադարձ վիրավորանքներ հասցնելը, այլ այն, որ բոլորը հասկանան մեկ կարևոր հանգամանք` մենք աշխատում ենք ի շահ ժողովրդի: Մեր ցանկությունն է, որ առողջ քննարկում տեղի ունենա, և մենք խորհրդարանի պատերի ներքո քննարկենք հանրության խնդիրները, այլ ոչ թե մեր անձը, անձնական շահերն ու փոխհարաբերությունները:

-Ինչպե՞ս քվեարկեցիք «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին օրենքի նախագծում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

-Նախ ասեմ, որ ես ինքս կիսում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված այս օրենսդրական փոփոխության մտահոգությունները, ինչպես, թերևս, ցանկացած գիտակից քաղաքացի: Բայց թույլ տվեք չբացել փակագծերը և չբարձրաձայնել իմ դեմ քվեարկելու հանգամանքը, միայն կարող եմ ասել, որ մեր խմբակցության դիրքորոշումը հիմնավորված է:

-Որքանո՞վ եք կարևորում երեխաների անվտանգության նկատառումներով քարսիթների պարտադիր օգտագործման մասին օրենքի նախագիծը:

-Իհարկե, կարևորում և մեծ նշանակություն եմ տալիս այս նախագծին: Կարծում եմ, որ բացի անվտանգությունից, ինչն առաջնայինն է, իհարկե, այս պարագայում, երեխաների մոտ կձևավորվի նաև համապատասխան կուլտուրա` կապված թե՛ մեքենա նստելու, թե՛ վարելու հետ: Այս գիտակցության ձևավորումը երեխաների շրջանում թույլ կտա հետագայում խուսափել բազմաթիվ անցանկալի դեպքերից, իսկ շատերից էլ` այսօր:

-Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ աշխատանքներ են ընթանում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որում Դուք ընդգրկված եք:

-Թող անհամեստ չհնչի, բայց մեր հանձնաժողովը ԱԺ ամենաակտիվ և արդյունավետ աշխատող հանձնաժողովն է, որը գրեթե ամեն օր նիստ է հրավիրում, կազմակերպում քննարկումներ, խորհրդակցություններ, որոնց ընթացքում մշակվում են խնդիրների լուծման ուղիներ, տրվում եզրակացություններ: Իսկ խնդիրները հասկանալի է, որ շատ են: Մենք մանրամասն ուսումնասիրություններ ենք իրականացնում յուրաքանչյուր խնդրի հետ կապված: Պարբերաբար հանդիպումներ ենք ունենում նաև հասարակական կազմակերպությունների, ՓԲԸ-ների, ՈՒՎԿ-ների, ՓՄՁ ներկայացուցիչների և այլոց հետ, ու միշտ պատրաստակամ ենք լսելու ցանկացած առաջարկ ու մտահոգություն:

-Դուք կարճ ժամանակահատված աշխատեցիք որպես Սյունիքի մարզպետ, նաև այդ տարածաշրջանից եք վարկանիշային ընտրակարգով ընտրվել պատգամավոր, ի՞նչ խնդիրներ կան մարզում, որոնց լուծմանը հետամուտ եք լինելու:

-Այո՛, մինչ պատգամավորական մանդատը ստանձնելը, Սյունիքի մարզպետն եմ եղել, որտեղ, ինչպես և մյուս մարզերում, իհարկե խնդիրներ կան: Նախ Մ2 ավտոճանապարհը բարվոք վիճակում չէ, որը ռազմավարական նշանակության ճանապարհ է: Ունենք խնդիրներ` կապված շենքերի տանիքների, վերելակների, ոռոգման և խմելու ջրի հետ կապված, որոնց լուծմանն ուղղված աշխատանքներ արդեն իսկ տարվում են:
Մենք ամեն օր զանգեր ենք ստանում մարզի տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ, որոնց լուծման նպատակով ես մեր բնակչության ձայնը հասցնում եմ ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին և պարբերաբար դրանց մասին հայտնում եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և այլոց: Քննարկում ենք խնդիրները, փորձում լուծումներ գտնել:

-Ինչպիսի՞ լուծում կստանան հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված խնդիրները:

-Պետք է նշեմ, որ մենք ընդերքի մասին օրենքի նախագիծ ենք մշակել, որը շատ հետաքրքիր օրենք է և ի զորու է կարգավորել, թափանցիկ դարձնել ոլորտը: Մեկ դրույթ նշեմ. օրենսդրական այս կարգավորումների համաձայն` բոլոր սեփականատերերը` ֆիզիկական անձիք, պետք է գրանցվեն պետռեգիստրում: Այս փորձը կարող է ընդհանրական բնույթ կրել և տարածվել նաև այլ ոլորտների վրա: Կարծում եմ` սա սպասված օրենք է մեր բնակիչների համար:

-Ո՞ր աշխատանքն է առավել հոգեհարազատ Ձեզ:

-Իմ առաքելությունը ժողովրդին ծառայելն է` թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմնում:

-Որպես սյունեցի` ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել Ձեր փոքր հայրենիքը:

-Իմ Սյունիքը ցանկանում եմ տեսնել բարեկեցիկ, երջանիկ և առաջ շարժվելու ձգտումով լի, և որ Նախիջևանը լինի Սյունիքի կազմում: Անհնար է բառերով բնութագրել, թե ինչ աշխարհ է ինձ համար Սյունիքը:

-Ինչպիսի՞ արժեքներն են ընտանիքը և հայրենիքը Ձեզ համար և ինչպիսի՞ դաստիարակություն եք տալիս Ձեր երեխաներին:

-Նախ նշեմ, որ ունեմ հրաշալի ընտանիք` սիրելի կին և երկու հրաշք բալիկներ` մեկ որդի և մեկ դուստր: Ինձ համար ամեն ինչի ակունքը ընտանիքն է, և հայրենիքն էլ սկսվում է ընտանիքից, որոնք իմ կյանքի կարևորագույն և ամենամաքուր, անեղծ արժեքներն են:
Ինչ վերաբերում է դաստիարակությանը, ապա ես իմ երեխաներին, հատկապես տղայիս, մեծացնում եմ իբրև հայրենասեր, պետականամետ, ուժեղ և սկզբունքային սյունեցի, ով երբեք թույլ չի տա, որ թշնամին ոտք դնի իր հայրենիք:

-Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

-Ամբողջական: Ասածս գուցե շատ երազային թվա, բայց պատմական Հայաստանի, հայկական լեռնաշխարհի մասին եմ երազում:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...