20:00
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Տարվա Կին» կոչումը կկրեմ որպես սիրելի թագ»

2019-07-06 12:21

«Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.)

Երկրորդ մաս

-Դուք հաճախ եք ընդգծում երջանկությունը` որպես մարդու հիմնավոր իրավունք` այն համարելով առավել կարևոր, քան ազատությունը և անկախությունը: Ավելին` Դուք այն անվանում եք կնոջ միակ օրինական պարտականություն: Կյանքը լի է տարատեսակ հարվածներով, մենության ու մահվան վախով, կորստյան ցավով, և միշտ չէ, որ հնարավոր է լինում պահպանել հոգու երջանկությունը: Այդ առումով ունե՞ք գաղտնիքներ, որ կցանկանայիք կիսել հայ կնոջ հետ:

-Գուցե գաղտնիք չէ, որ այդ վախերը նաև իմ մեջ են: Իմ բանաստեղծական խոսքը դրա ապացույցն է: Տարիների հետ մահվան ուրվականը առավել շոշափելի է դառնում, իսկ հայելին ամեն օր մի վատ լուր ունի ինձ համար: Գոյության ու մահվան փաստարկները մնում են նույնը` քարանձավից մինչև հիմա: Բայց ես սիրում եմ կյանքը, մարդ լինելու ժամանակավոր այս վիճակը: Ինձ դրա համար մեղադրել պետք չէ: Աստված անգամ չդիմացավ մարդ լինելու գայթակղությանը` մինչև անգամ խաչի վրա մեռնելու գնով: Սա՛ է կյանքի գինը` մտածում եմ: Միայն մարդկային փորձն է թույլ տալիս սիրելու, նվիրվելու, զոհաբերվելու, մեկ ուրիշի վիշտն ու երջանկությունը կիսելու, գեղեցիկի ու վեհի հետ շփվելու հնարավորություն: Այդ առումով իմ մենությունը զվարթ մենություն է, որի համար ես պարտական եմ գոյության այս ժամանակավոր ցնորքին` անկախ ունայնության այն նոր չափից, որ պիտի գտնեմ հաջորդ ցնորքի մեջ հավերժության: Ինձ օգնում է նաև հումորի զգացումը: Եթե անգամ այդ պահին երջանկության զգացումը անհամատեղելի է քո իրականության հետ, ապա դա չի նշանակում, որ պիտի համաձայնես ապրել առանց դրա: Մարդն ի զորու է համակերպվել համարյա ամեն ինչի հետ, ընդհուպ մինչև սեփական զավակի անհեթեթ մահը` ինչ-որ անհասկանալի պատճառներով, բայց դա չի նշանակում, որ նա պարտավո՛ր է և կամ պե՛տք է համակերպվի: Վախերը միշտ էլ առկա են, մահը միշտ էլ անցանկալի, բայց պիտի կարողանաս նայել սեփական վախիդ աչքերի մեջ: Մահվան հրեշտակի շնչառությունը տարիների հետ ավելի իրական է դառնում: Նա, ով կանգնած է եզրագծի վրա, ունենում է ոտքերի տակից փախչող հողի զգացողություն: Հենարանի բացակայության ժամանակ մենք արձագանքում ենք մեր մենությանը, մոտենում մեր ճշմարտությանը: Նման պահերին տողը ինձ օգնում է կապվել իրականության հետ: Ի դեպ` երջանկությունը չի բացառում տխրությունը, այլապես չէր լինի «լուսավոր թախիծ» արտահայտությունը: Մեծ անհատը խորքում մշտապես ողբերգական անհատ է, որովհետև իրեն թույլ չի տալիս խաբվել իր իսկ ստեղծած փրկությամբ: Բայց կա մի բան, որն անհամատեղելի է երջանկության զգացողության հետ: Դա վախն է: Երջանկության հակառակը ոչ թե տխրությունն է, այլ վախը: «Սիրի՛ր թշնամուդ» ասելով` Քրիստոսը ոչ թե մեծահոգություն էր քարոզում, այլ երջանիկ լինելու նախապայման, որովհետև թշնամուդ սիրելով` դու քեզ ազատում ես նրանից վախի ու կասկածի մեջ գտնվելուց, վրեժի վարկածներ մտածելուց: Սերը մարդուն դուրս է քաշում ամենայն ճղճիմությունից, ազատագրում է նրան` տալով անհրաժեշտ օդ ու տարածք երջանկության համար: Կարո՞ղ եք հավատալ, որ այս մեկնաբանությանը ես անձամբ եմ հանգել և այն էլ վերջերս: Ինչ վերաբերում է մահվանը, ես այն ընդունում եմ որպես գոյության փաստարկ, որն ուղղված է ցանկացած ապրող բանի: Այդ առումով ժամանակի սանձերը իմ ձեռքում չեն: Լավագույն դեպքում ես կարող եմ շարժվել այնպես, ասես իմ ձեռքում են: Ես մահվան վրա միտք չեմ ծախսում: Ափսոսանք` ունեմ, այո՛, բայց ոչ վախ: Ինձ հետաքրքրում է մի բան. ի՞նչ իմացությամբ է սիրտս ենթարկվելու անծանոթ մահվան հրամանին:
Կինը, ում հիմնական առաքելությունը մայր լինելն է ու ընտանիքի ջերմությունը պահպանելը, հակված է զոհաբերել իր իրավունքը` հանուն իր պարտականության և այդ է պատճառը, որ ես երջանկությունը ոչ թե որպես իրավունք, այլ որպես պարտականություն եմ ներկայացնում: Ինձ տխրեցնում է այն փաստը, որ հայրենիքում մինչ օրս որոշ օրենսդիրներ անգամ, ում պարտականությունը թվում է երջանկությունը առավել հնարավոր դարձնելը պիտի լիներ, այդ ֆենոմենը լիովին չեն գիտակցում և կամ անլրջորեն են վերաբերվում դրան: Մինչդեռ Արաբական Էմիրաթներում պարզվում է գործում է Երջանկության նախարարություն: Ես այդ մասին իմացա պատահաբար, երբ իմ արաբերեն թարգմանիչը` բանաստեղծ Տիգրան Գաբոյանը, մի առիթով ինձ հարցրեց, թե արդյոք երբևէ կցանկանայի ներգրավվել քաղաքականության մեջ: Ասացի` միայն այն դեպքում, երբ մենք կունենանք երջանկության նախարարություն, կարծելով, որ դա հեռավոր և պոետական երազ է: Ցավում եմ, որ առիթ չունեցա այցելել այդ նախարարություն, ծանոթանալ նրանց աշխատանքներին, երբ ես արաբերեն գրքիս կապակցությամբ գտնվում էի Էմիրաթներում: Ընդհանրապես, կրթված զգայարաններով մարդը ավելի հեշտությամբ է կարողանում հաղթահարել ընկճվածությունը, մենության ու մահվան վախը: Արվեստը հենց դրան է ծառայում, ստեղծելով միջավայր, որտեղ փրկությունն ու երջանկությունը թվում են հնարավոր: Լավ երաժշտությունը վերափոխում է մարմնի մոլեկուլյար կառուցվածքը, մաշկիցդ լվանում-տանում է առօրյա ճղճիմության փոշին: Բանաստեղծական տողը մենամարտում է ժամանակի ու մահվան հետ, այն ռեկոնստրուկցիայի ենթարկելու միջոցով` դիկցիայի ու տոնայնության փոփոխությամբ կասեցնելով օտարացումը իրական կյանքից: Բանաստեղծը հաճախ որդեգրում է ժամանակի անանձնական մոնոտոնը այնքան ճշգրտորեն, որ դժվար է այլևս ասելը, թե ո՞ւմ է պատկանում մահկանացու եսը` դրանով իսկ մահը դնելով էթիկական ծուղակի մեջ: Այլապես մահը` որպես բիոլոգիական աղետ ինձ շատ չի անհանգստացնում: Ես ավելի շատ սարսափում եմ իմ սիրելիների հեռանալուց, քան իմ սեփական մահվանից: Բանաստեղծի համար մահը երբեք չի դառնում վերջնական վայր, որքան էլ որ այն հեռու լինի կամ վերամբարձ: Նա սգում է սգվորների՛ն, այլ ոչ մեռյալներին: Ժամանակի զզվելի մոնոտոնը լսելի դարձնելու միջոցով նա օգնում է, որպեսզի ընթերցողը շատ չտառապի իր մահկանացու լինելու համար և մահը ընկալի որպես այդ ձանձրալի կրկնողություններից փրկվելու ձև: Սա բանաստեղծության առաջարկած փրկության մեխանիզմն է, որը, իմ կարծիքով, պակաս կարեկից կամ էսթետիկ ակտ չէ` համեմատած մեռած Ղազարոսի քարի տակից դուրս գալուն` փոշի թարթիչների վրա ու կոշիկների: Ինչ վերաբերում է հավերժությանը, այն ինձ դադարեց հետաքրքրելուց այն օրվանից, երբ ֆիզիկոս հայրս հայտարարեց, որ հավերժությունը ոչ թե հոգևոր, այլ մաթեմատիկական ֆենոմեն է` հիմնված կրկնությունների և բազմապատկումների վրա` ինչպես զուգահեռ հայելիների միջև հայտնված պատկերը: Ցանկացած կրկնություն իմ մեջ ոչ թե դրախտի, այլ դժոխքի զգացողություն է առաջացնում` կյանքի կարճատևությունը դարձնելով գոյության ամենակարեկից հատկանիշը: Բանաստեղծը կյանքի հետ կապված է հիշողության միջոցով, ոչ թե ճանկերի: Կյանքը դառնում է ամենաթանկը, երբ հանկարծ զգում ես, որ այլևս վատնելու ժամանակ չունես: Ենթադրի՛ր մեկ ուրիշի մեջ ծավալվող կյանքը, և այն քոնը կդառնա մինչև իսկ մահվանդ անկողնու մեջ: Կարողացիր կիսել հայելու առջև կանգնած դեռահասի գեղեցկությունը և այն կլինի նաև քոնը: Գաղտնիքը սա է: Երջանկությունը կիսել կարողանալու արվեստ է:

-Դուք միշտ թագ եք կրում Ձեր գլխին, ինչի՞ հետ է դա կապված: Եվ ի՞նչ կարևորություն եք տալիս կանանց նվիրված տոներին:

-Թագի նկատմամբ իմ սերը ես կցանկանայի փոխանցել աշխարհի բոլոր կանանց ու աղջիկներին, թեպետ դրանք նաև մոդայիկ են համարվում այսօր: Թագ կրելը ենթադրում է որոշակի հոգեվիճակ, որոշակի քայլվածք, որոշակի պահանջատիրություն, որոշակի համարձակություն` շեշտելով մի բան. ես երջանիկ կին եմ: Այն կնոջը պահում է իր գենի վեհության և աստվածային էության ոլորտում: Նա, ով թագ է կրում, չի կարող համակերպվել ճղճիմության, բամբասանքի, առօրեականության և, հատկապես երջանկության բացակայության հետ: Թագը նաև ենթադրում է շարժման պարային վայելչագեղություն, թատերականություն, որը ևս գոյության էսթետիկայի մի մասն է: Միայն ֆիզիկական գոյությամբ բավարարվելը կամ ամեն գնով ջրի վրա մնալը չպիտի դառնա մարդու գերխնդիրը: Կյանքը շատ թանկ նվեր է, որպեսզի մարդը բավարարվի միայն այդքանով: Երջանկության ֆենոմենը ինձ միշտ է հետաքրքրել: Ես միշտ հետևում էի մորս շարժումներին ու դեմքի արտահայտությանը, ուզում էի հասկանալ նրա բավարարվածության, թեթև ժպիտի, հորս հետևից նայելու ձևի, աչքերը երբեմն լցնելու տրամաբանությունը: Մի խոսքով` կյանքը հարկավոր է ճիշտ ապրել` խնդիրը դարձնելով ոչ թե ջրի մեջ չխեղդվելը, այլ ալիքի հետ պարելը: Ինչ վերաբերվում է կանանց նվիրված տոներին, ապա դրանք կյանքին և երջանկությանը նվիրված տոներ են: Այն, ինչ արվում է կնոջ համար, արվում է ապագայի համար:

-«Ամեն բան ասված է արդեն»: Այս տողերը բերված են Ձեր առաջին գրքից: Մինչ օրս հարյուրից ավելի գրախոսականներ են գրվել Ձեր պոեզիայի շուրջ, որը նշանակում է, որ այդ մասին ևս ամեն բան ասված է արդեն: Ի՞նչը կարող է Ձեզ մոտ ոգևորություն կամ նոր բան ասելու ցանկություն առաջացնել: Ինչո՞վ է լիցքավորվում Ձեր գրիչը: Տասնամյակների օտարության մեջ ինչպե՞ս է հաջողվում պահպանել հայերենի մաքրությունը:

-Պարզվում է, օտար լեզվական մթնոլորտում գտնվելն այդքան էլ վատ բան չէ: Այն ինձ օգնեց վերասահմանել ամեն ինչ, նոր անուններ գտնել նրանց համար: Մինչ օրս ես խոսում եմ օտարի ակցենտով և ինձ դուր է գալիս բնիկների քմծիծաղը, որը հիշեցնում է ինձ, որ ես հայ եմ: Երբ ես գրիչ եմ վերցնում, իմ մեջ չկա նոր բան ասելու ցանկություն: Ինձ անհանգստացնողը ինչ-որ հին բանից ազատվելու ցանկությունն է: Իրականությունս վերագտնելու, շնչառությունս վերականգնելու բնազդը, լույսի տվյալ չափից, ձայնի տվյալ ուժգնությունից փախչելու կիրքը: Ընդհանրապես, շատ բացահայտ որևէ բան ճնշում է ինձ, որովհետև բացառում է մեկ այլ բանի ենթադրություն: Ես նախընտրում եմ հիշողությունը, որն անկատար լինելու պատճառով ինձ միշտ թույլ է տալիս լրացումներով ամբողջացնել իրեն: Իսկ իրականության վրա ես հենվում եմ միայն այն ժամանակ, երբ շատ հոգնած եմ: Մնացած բոլոր դեպքերում իմ իրականությունը կամ պոետիկ ճշմարտությունը կառուցվում է ոչ թե տեսածիս ու զգացածիս հիման վրա, այլ կոնցեպտի ու էմոցիայի միջոցով, որը մշտապես ենթակա է փոփոխության: Ինչ վերաբերում է գրողի գաղթական վիճակին, ապա դրա մեջ ողբերգություն տեսնել պետք չէ, պոետը գաղթական է իր բնույթով: Նա ոչ մի տեղ իրեն տանը չի զգում և մշտապես գտնվում է երկու բանի միջև: Ընդհակառակը` այն կրկնապատկում է հույզի աղբյուրը: Հայաստանն իմ առաջին ամուսինն է` իմ զավակների հայրը, իսկ Ամերիկան` երկրորդը, որից կախված է իմ զավակների ապագան: Ես ապրում եմ սիրեկան ունեցող կնոջ ինքնավստահությամբ, ով ունի երկու կարոտ, երկու մենություն, երկու վախ, երկու սեր և այդպես շարունակ... Սա այն վիճակն է, որը կիսում են հարբած մարդն ու բանաստեղծը:
Ինչ վերաբերվում է իմ գրչին, այն լիցքավորողը մարդն է և մարդկային հարաբերությունները: Այդ առումով ևս «Լիբրետո անապատի համար» գիրքը բացառություն է, որովհետև այստեղ գրիչը շարժողը եղել է բացառապես մի զգացում` ամոթը: Պատերազմը նաև իմ ամոթն է և ինձ մշտապես անհեթեթ են թվացել հասուն տղամարդկանց զորավարժական շարժումներն ու զենքի ցուցադրությունը: Նախապես ասեմ, որ իմ պասիֆիզմը Հայաստանի ներկա իրականությանը չի վերաբերվում, որովհետև մենք պարտավոր ենք պաշտպանվել: Ես խոսում եմ` որպես աշխարհի տաբեր ծայրերում վեց հարյուրից ավելի զինվորական բազաներ ունեցող Ամերիկայի քաղաքացի: Ամեն անգամ զինվորական շքերթ դիտելիս նախ ծիծաղս է գալիս, ապա ամաչում եմ: Ե՞րբ է հասունանալու մարդ արարածը: Ե՞րբ է ավարտվելու այս առնական կաբարեն: Իմ երազային հասարակության մեջ բանակը պիտի պահվի անգլիական թագուհու պալատի կարգավիճակով, որպես թանգարանային ցուցանմուշ` մարդու արյունոտ ու ամոթալի պատմության անցած էտապից: Նոր հերոսը կլինի նա, ով կարողացել է կանխել ինչ-որ ողբերգություն, կանխատեսել ինչ-որ բնական աղետ, նվաստացումից փրկել է ինչ-որ մեկին: Հերոսը կլինի նա, ով հանդես կգա այս անհեթեթությանը վերջ դնելու հանճարով, իսկ մինչ այդ հարկավոր է պայքարել զենքի արտադրության դեմ, որպեսզի գոնե մի քիչ հանդարտվի շուկայի մետաղական աղմուկը և լսելի դառնա ճշմարտության ու կնոջ ձայնը:

-Ո՞րն է Ձեր վերջին շրջագայությունների ամենամեծ տպավորությունը և ի՞նչ նոր նախաձեռնություններ ունեք:

-Բանաստեղծը միջավայրը բնորոշող լակմուսի թուղթն է: Այն հասարակությունը, որտեղ բանաստեղծն իրեն ներդաշնակ է զգում, ամենառողջ հասարակությունն է, որովհետև ընդհանուրի տառապանքն անցնում է բանաստեղծի բաց վերքի միջով: Իմ այցելությունների ընթացքում ես հետամուտ էի այդ զգացողությանը և այդ առումով կառանձնացնեմ Չինաստանը: Այս հողի վրա ես առավելագույնս զգացի պոետական բառի, ինտոնացիայի վրա դրված շեշտը, ընդհանուրի խոնարհումը հանդեպ գրի մարդը: Սա այն երկիրն է, որտեղ հազարամյակներ շարունակ չեն խաթարվել ազգային մշակույթի հիմքերը և այսօր հետևողական աշխատանք է տարվում տեխնոլոգիական արագացումները հոգևոր էվոլյուցիայի հետ հնարավորինս ներդաշնակ պահելու առումով: Մի բան, որ այսքան բացահայտ ձևով չի նկատվում աշխարհի մյուս երկրներում: Ֆեստիվալը կազմակերպել էր Գրողների միության փոխնախագահ, հայտնի գրող Ջիդի Մաջիան և հովանավորվում էր 800 տարվա պատմություն ունեցող Բանջու կոչվող խմիչք արտադրող ձեռնարկատիրոջ կողմից: Դրամը հանուն մշակույթի օգտագործելը խրախուսվում է երկրի տերերի կողմից և հարուստը գիտի, որ իր ժառանգին ուզում է փոխանցել ոչ միայն հարստություն, այլ նաև պարզ մարդկային երջանկություն ապահովող միջավայր, որն արժեքային ճիշտ համակարգի վրա հիմնված հասարակությունն է: Կոնֆուցիոսի իմաստությունները ժառանգած այս ժողովրդի համար գրականությունը և պոեզիան շարունակում են մնալ որպես բարոյականության և մարդկային հարաբերությունների արժանապատվությունը որոշող ֆակտորներ: Էկոնոմիկ բումի մեջ գտնվելով հանդերձ այսօր պետության մտահոգությունը գաղափարական և մշակութային բանկի ստեղծումն է և ամեն ինչ արվում է դրա համար: Երկիր են հրավիրվում աշխարհի լավագույն մտածողներն ու գրողները, որոնց տրվում է մտքերի փոխանակության հնարավորություն: Նայում ու ժպիտով արձանագրում ես կայսրության վերածնունդը:
Որպես իմ վերջին նախաձեռնություն կարող եմ ուրախությամբ ասել, որ ապրիլի 23-ին Blackstone ամերիկյան հեղինակավոր հրատարակչությունը թողարկեց “Libretto for the Desert” գրքի audiobook անգլերեն տարբերակը, որը ընթերցում է ճանաչված հոլիվուդյան դերասանուհի, նկարիչ, բանաստեղծ, ակտիվիստ Բիատա Պոզնյակը: Այն կներկայացվի հանրությանը LA Grammy Museum Life -ում, մայիսի 19-ին: Մինչ այդ այն կներկայացվի Նյու Յորքի Yale համալսարանի պոեզիայի ակումբում: Ուրախ եմ, որ կարողացանք հենց Ցեղասպանության հիշատակության նախօրեին իրականացնել սա, որն առիթ տվեց ևս մեկ անգամ շեշտել Ցեղասպանության թեման: Այդ հարցում մեզ օգնեց նաև Amazon ցանցի համագործակցությունը: Առաջիկայում կլինեմ Կոլումբիայում և կմասնակցեմ պոեզիայի աշխարհում ամենամեծ փառատոնին: Սեպտեմբերին ինձ սպասում են Չինաստանում, արդեն իսկ գրքիս չինարեն թարգմանության շնորհանդեսի կապակցությամբ: Մինչ այդ պարզ կլինեն նաև մրցանակաբաշխության արդյունքները: Հուսանք և սպասենք:

-Ինչպիսի՞ն է նորացող Հայաստանը Ձեր աչքերով: Այն կարո՞ղ է դառնալ ոգևորության աղբյուր: Ո՞րն է Ձեր երազած Հայաստանը, և ի՞նչը կարող է հուսախաբել Ձեզ:

-Թավշյա հեղափոխության ողջ ընթացքը ավելի շատ պոետիկա էր, քան պոլիտիկա: Այդ առումով այն չէր կարող ոգևորություն չառաջացնել ոչ միայն բանաստեղծի ու հայի սրտում, այլ ցանկացած երազող ու մտահոգ մարդու: Այն կատարյալ էր ոչ միայն իր խորեոգրաֆիկ անվրեպությամբ ու վայելչագեղությամբ, այլ նաև դրա արդյունքում արտադրված էներգիայի բնույթով` որպես սիրո, հույսի ու համերաշխության իդեալական խառնուրդ: Ինչ-որ հրաշքով ստացված աուրա, որը դեժավյուի պես մեզ հիշեցրեց, թե ով ենք մենք և ինչ առաքելություն ունենք այս աշխարհում: Սա հայ գենի մեջ ապրող Սասնա ծռի և իմաստունի ալքիմիայով ստացված մի տարերք էր, որը աշխարհի չարը ջնջելու և մոլորակը վերակառուցելու հավակնություն ուներ, ի դեպ` ոչ թե վեց օրում, այլ հինգ` կրկնապատկելով հանգստյան օրերի թիվը: Ընդդեմ բոլոր տրամաբանական հաշվարկների` ստեղծվեց մի նոր հարթակ, որը ենթադրում էր բոլորովին նոր իրականություն. նոր հող, նոր ջուր, նոր օդ, նոր մարդ: Եվ, հատկապես նոր մարդ` իր նոր մտածողությամբ և նոր սրտով, նոր արժեքներով և նոր երևակայությամբ: Այս մարդուն մենք ոչ թե լուսնից պիտի բերենք, այլ պիտի գտնենք ու վերակենդանացնենք հենց մեր մեջ: Սա այն հայն է, որ նախատեսվել էր որպես հայի աստվածային տեսակ: Այսօր` երբ մոլորակի վրա քանդվել կամ իրենց սպառել են քաղաքական, տնտեսական, սոցիալական բոլոր հնարավոր համակարգերը, հայը հնարավորություն ունի աշխարհին ներկայանալ բոլորովին նոր տեսլականով, որի առանցքը մարդու աստվածային գենի հիշողությունն է` նրա բնական (ոչ կրոնական) բարոյական ջիղը, նրա բնական արդարամտությունը (ոչ թե օրենքով պարտադրված), նրա բնական մարդասիրությունը (ոչ թե դեմոկրատիայի գաղափարով պարտադրված) և այլն: Հայի ստեղծագործ, շինարար, հումորով, առատաձեռն, ծնողապաշտ ու զավակապաշտ, աղ ու հաց կիսող, իմ ու քո չանող տեսակի վերածնունդը` որպես նոր Հայաստանի հոգևոր առանցք և դրա ֆիզիկական հավերժության գրավական: (Թվում է, թե խոսում եմ մութ ու ցուրտ տարիների հայի մասին, չէ՞): Թավշյա հեղափոխության հրաշքը իրականության վերածելու միակ ճանապարհը ազգովի այս նպատակին լծվելն է` մեկս մյուսին ոգևորելով, մեկս մյուսին ուժ տալով և, հատկապես համբերությամբ, որովհետև հոգու մեջ կատարվող հեղափոխությունը սովորաբար ավելի երկար ժամանակ է պահանջում, քան քաղաքական դաշտում: Կարևորը նպատակի հստակեցումն է` ի՞նչ ենք ցանկանում անել, ո՞ւր ենք ուզում տանել այս նոր նավը: Սա օրվա գերխնդիրն է: Միայն այն փաստը, որ այս նավը այլևս իրականություն է, բավական է, որպեսզի հրաշքի առաջին մասը համարվի կատարված, և դրա հեղինակները` հանձինս Նիկոլ Փաշինյանի և ժողովրդի ու նրա միասնական երազի, ստանան իրենց արժանի խոնարհումի չափը: Նավի հետագա ընթացքը բոլորովին այլ հարցադրումներից է կախված և այն տեղից կշարժվի այն ժամանակ, երբ ափը լքելու վճռականությունը կզուգադիպի մյուս ափի տեսլականին: Այլապես այն կշարժվի ակամա` ենթարկվելով քամիների տրամաբանությանը, այն քշելով դեպի Եվրոպա և կամ ուրիշ մի տեղ, որը կլինի հնարավոր ամենացավալի տեսարանը: Որովհետև մեզ տրվել է գոյության նոր մոդել ստեղծելու հնարավորություն, և այն մեկ այլ մոդելի կրկնօրինակը դարձնելը հավաքված հսկայական էներգիայի վատնումի չափազանց ցավալի տեսարան կլինի: Սա այն դեպքն է, երբ այլևս ոչ թե հայի բախտից է պետք բողոքել, այլ հայի խելքից կամ հայի բնույթից: Քաղաքականությունը հնարավորությունները ճիշտ օգտագործելու արվեստ է, իսկ այսպիսի հնարավորություն տրվում է եզակիներին և միայն տիեզերական ճարտարապետի թույլատվությամբ, հետևաբար` դրա վատնումը ևս կունենա տիեզերական հետևանքներ: Ես սրանից եմ վախենում, չնայած հավատում եմ հայի վերջին խելքի իմաստությանը, թեպետ այստեղ ոչ թե խելք, այլ մարգարեական տեսիլք է պահանջվում ու զոհաբերության աննախադեպ նոր չափ, որտեղ խաչվողը, ի տարբերություն Քրիստոսի, չունի Աստծո որդին լինելու և մահվան երրորդ օրը վերածնվելու վստահություն: Եվ սա պահանջվում է ոչ թե մեկ անձից, այլ շատերից: Թեկուզ այս պայմանով` զոհողության ավելի արժանի խորան ես չեմ պատկերացնում: Որքան ավելի շուտ տեղի ունենա իմաստունների միավորման արդյունքում այդպիսի հոգևոր կորիզի ձևավորումը, այնքան շուտ կշարժվի նավը: Ես ամեն օր քնում եմ այս երազով: Բանաստեղծ եմ և իրավունք ունե՛մ այդքան մեծ երազ ունենալու:

 

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

P.S. Նախքան «Դե Ֆակտոյի» այս համարի լույս ընծայումը Սոնա Վանը պարգևատրվեց «Մարիա Կոնոպնիցկա 2019» միջազգային մրցանակով, որը տրվում է աշխարհի ակնառու կանանց, ինչպես նաև Pan Armenian «Ազդեցություն» մրցանակով` որպես «Ամենազդեցիկ պոետ»: «Դե Ֆակտոն» շնորհավորում է Սոնա Վանին:

 

ԼԱՑ ՄԻ ԼԻՆԻ ԻՆՁ ՀԱՄԱՐ, ԵՐԵՎԱՆ

Հիշում եմ
եւ այն էլ` հստակորեն
շշուկով խոսելը պատի տակ
ուս-ուսի կանգնած տղաների
ապա - միանգամից
կտրուկ
համաչափ շրջվելը գլուխների
(ինչպես պարանին ձմեռային -
շարված ծտեր)
եւ քայլելն եմ հիշում իմ
այնուհետ
կարծես թե քամուց արագացած
ու ճիշտ է` չեմ հիշում տղաների
ճշգրիտ անունները այս վայրկյանին
(ես չեմ էլ իմացել դա երբեւիցե)
նրանք կոչվում էին բակի տղերք
սակայն կճանաչեմ փակ աչքերով
ու կզատեմ բոլոր քամիներից
այն մեկը
որ ծնվում էր նրանց գլուխների -
արագ
շրջվելու պատճառով
միանգամից
ու ծածանում կոնքերս
մինչեւ կանգառ

կճանաչեմ
իհարկե կճանաչեմ
հիմա՛ իսկ - թեթեւ լարումով
ոսպնյակներիս
ես տեսնում եմ նրանց ահա
ժամանակից մաշված նույն փողոցում
գլուխ գլխի դեռեւս քչփչացող
բակի այն սեւազգեստ տղաներին
ինչպես ողբացող կանանց
մտացածին ինչ-որ դիակի շուրջ

 

ՎԵՐՋԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՁՅՈՒՆԵՐԻ ՄԵՋ

Իսկապես - որքան կարճատեւ են
օրերը սիրո - երկրի վրա
հիշո՞ւմ ես - հոգիս
սապոգներիդ
անփույթ շպրտելը քո
անկողնուդ մոտ
ֆերամոնով լցված սենյակը - այն
գինին
ու մեր սինխրոն շարժվելը
սավանի տակ

հիմա դու չկաս ... զոհվեցիր դու
քաղաքում
որ չեմ գտնում այդպես էլ քարտեզի վրա
ոտնահետքերդ եմ հիշում ես
ձյան վրա
ու լա՛ց լինում
(լացկանի մեկն եմ ես չգիտե՞ս որ)
մինչդեռ շունը
տխեղծ ոռնոցով անիծում է
Աստծուն
լուսինը եւ ամեն ինչ
որ կա երկնքում
ընդհանրապես

հ.գ. երազումս գիտե՞ս
համբարձվեցիր
ձյունե նախշի տակից ոտնահետքիդ
գլխիդ` ճյուղեր
ապա նորից մեռար
սենյակում մեր
այս անգամ արդեն ծնկիս վրա

 

ՄԵԿ ԱՉՔՍ ՓԱԿ

Պերսեփոնեն եմ ես - հիշո՞ւմ եք
դուստրը Դեմետրա աստվածուհու
ինձ առեւանգել է Պլուտոնը նոր
երկիր վերադառնալու համար
պետք է քաղցեի - բայց
վեց նռնահատիկ կերա
ու հիմա
դատապարտված եմ
մնալ անդրաշխարհում

վեց սեր ընդամենը ու այստեղ եմ
պարզվեց
սիմվոլիկ էր ամեն բան առասպելում
եւս վեց դար ու կպեղեն ինձ
գիտեմ - վեց ասպետներ
կմաքրեն թարթիչներով իրենց
ոսկեփոշիս
կփայլեն նորից շլացուցիչ - արեւի տակ
վեց գմբեթ
վեց խորան
վեց սուտ

եկեղեցին եմ ես ապագայի

վատ չէ անդրաշխարհում
այստեղ
հռչակվել որպես
միակ մեծ պոետը մեռյալների
եւ ողջ օրը փառաբանել անբառ
գյոզալների
մաշկի դեղձ թարմությունը նախանձելի
այնքա~ն երկարատեւ քնից հետո

եւ վերջապես
անթիվ գիշերներից հետո
անքնության
կյանքիդ երկրորդ մասը
կարելի է չէ՞ ապրել
ավելի հեշտ -
հոգիների սփյուռքում հարմարավետ
որտեղ բավական է միայն
հորանջելով ձգվելը թեթեւակի - կատվի նման
եւ պարտադիր չէ
որ բառերդ ծակեն միշտ
նետերի պես



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...