22:11
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հուսալի որակ և անվտանգ շինություններ. «Մեղրու ճանապարհների շահագործման և շինարարության ձեռնարկություն» ՍՊԸ

2019-06-15 11:00

 «Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Մեղրու ճանապարհների շահագործման և շինարարության ձեռնարկություն» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանը:

 

-Պարո՛ն Գասպարյան, «Դե Ֆակտո» ամսագիրը բարձր գնահատելով Ձեր ունեցած ավանդը շինարարական ոլորտում Ձեր ընկերությանը ճանաչել է «Տարվա շինարարական ընկերություն», ինչի առթիվ շնորհավորում ենք:

-Շատ շնորհակալ եմ նման գնահատականի համար, մեզ համար ցանկացած գնահատական և պարգև շատ կարևոր է, այն մեզ ուժ է տալիս առաջ շարժվելու և գրանցելու նորանոր ձեռքբերումներ:

-Շինարարությունը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև հայերի համար ազգային բնութագիր, կխնդրեմ ներկայացնեք` ի՞նչ զարգացման փուլեր է անցել «Մեղրու ճանապարհների շահագործման և շինարարական ձեռնարկություն» ՍՊԸ-ն:

-Մեր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1953 թվականից, զարգացման տարբեր փուլեր անցնելով, իր կատարած բարձրորակ շինարարական աշխատանքների և մատուցվող որակյալ արտադրանքի շնորհիվ, այսօր հասել է այն արդյունքի, որ Սյունիքի մարզում ձեռք է բերել մեծ վստահություն և պահանջարկ: Տարեցտարի ձգտում ենք զարգացնել և ընդլայնել մեր գործունեության շրջանակը և մեր կատարած որակյալ աշխատանքներով հնարավորինս ավելի շատ օգտակար լինել մեր հայրենիքին:

-Բացի ճանապարհաշինության շահագործումից, ուրիշ ի՞նչ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Մեղրու ճանապարհների շահագործման և շինարարության ձեռնարկություն» ՍՊԸ-ն:

-23 տարի Մեղրիում լինելով միակ շինարարական կազմակերպությունը, մենք զբաղվում ենք տարբեր ոլորտներին առնչվող շինարարական աշխատանքներով:
Բացի ճանապարհաշինությունից, ընկերությունն իրականացնում է հասարակական և բնակելի շենքերի կառուցում, խմելու և ոռոգման ջրի ջրամատակարարման համակարգերի կառուցում և վերակառուցում, ինչպես նաև էներգետիկ բնագավառում կոնկրետ ենթակայանների կառուցման աշխատանքներ: Արդեն 10 տարուց ավելի է ակտիվ համագործակցում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ և իրականացնում զորանոցների, սպայական շենքերի կառուցման աշխատանքներ:
Նաև հարկ է նշել, որ ունենք արտադրություն, մեր ընկերությունում արտադրվում է ասֆալտբետոն, խճաքար, խիճ, ցեմենտ, բետոն, և առհասարակ այն անհարժեշտ շինարարական նյութերը, որոնք անհրաժեշտ են շինարարության ոլորտի աշխատանքներին:

-Ընկերությունն իր գործունեության այս տարիների ընթացքում անցել է բեղմնավոր ուղի, այս տարիների ընթացքում կառուցվել է հուսալի, որակյալ շինություններ և արժանացել բարձր գնահատականների, հետաքրքիր է, ամփոփելով 2018 թվականը` ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք ընկերության համար:

 

Շինարարության մեջ ամենակարևորը վստահությունն է, որը մենք ձեռք ենք բերել մեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ:

 

-Յուրաքանչյուր տարի մեր ընկերությունն ունեցել է շինարարական լուրջ ծավալներ և գրանցել բազում հաջողություններ: 2018 թվականին մենք ունեցել ենք շուրջ 10.6 կիլոմետր ճանապարհահատվածի վերանորոգում, Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածում կատարել ենք շինարարարական աշխատանքներ: Անցած տարի շահագործման ենք հանձնել 20 բնակարանով սպայական շենք:
Ընկերությունը, ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ 2018 թվականին զբաղվել է ճանապարհների ձմեռային պահպանությամբ:

-Այս տարիների ընթացքում բազում ծրագրեր են կյանքի կոչվել, ներկայումս ի՞նչ ընթացիկ աշխատանքներ են կատարվում և ի՞նչ ապագա ծրագրեր ունեք:

-Ներկայումս ընկերությունը զբաղվում է միջպետական, հանրապետական և մարզային նշանակությամբ ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանությամբ:
Մեր ընկերության ճանապարհների ձմեռային պահպանության հերթապահները, որոնք Մեղրիի լեռնանցքում շուրջօրյա հերթապահություն են անցկացնում, մեծ պատասխանատվությամբ կարողանում են լեռնանցքը պահել անցանելի. չի եղել ոչ մի ժամ, որ այն լինի դժվարանցանելի:
Այս տարի Գորիսում, Մեղրիում և Կապանում իրականացվել են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ, կարծում եմ դա սկիզբն է: Մինչև 2022 թվականը նախատեսել ենք, որ միջպետական ճանապարհների մոտ 333 կմ ճանապարհահատվածը կլինի կապիտալ վերանորոգված:
Ագարակում փետրվարի 1-ից արդեն սկսել ենք Իրան-Հայաստան էլեկտրականության ամենամեծ և հզոր ենթակայանի կառուցումը, որի 95 տոկոս աշխատանքներն իրականացնում է հենց մեր ընկերությունը:
Առաջիկա ծրագրերից ասեմ, որ ապագայում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ծրագրի համաձայն պետք է մինչև 2021 թվականն ավարտին հասցնենք երկու միջպետական ճանապարհների վերանորոգման աշխատանքները:
2019 թվականին նաև պետք է Ագարակ համայնքում կառուցենք բնակելի շենքեր, եթե հաջողությամբ պսակվի այդ աշխատանքը, ապա մյուս տարի բնակելի շենք կկառուցենք նաև Մեղրիում:
Դա շատ արդյունավետ ծրագիր կլինի մարզի բնակիչների համար, ովքեր հնարավորություն կունենան գնել բնակարաններ հենց կառուցապատողից:
Ծրագրերը բազում են, տարեցտարի մեր գործունեության ծավալները պետք է ընդլայնենք` ի շահ մեր հայրենակիցների:

-Պարո՛ն Գասպարյան, ընկերությունը ճանապարհների շահագործման և շինարարական գործունեություն իրականացնում է միայն Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանո՞ւմ, թե՞ այլ տարածաշրջաններ նույնպես ընդգրկված են:

-Մեր ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է հիմնականում Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում, որն իր մեջ ընդգրկում է 13 գյուղ, սպասարկում ենք 104 կմ միջպետական, 47.2 կմ հանրապետական և 48.6 կմ մարզային նշանակության ճանապարհահատված` սկսած Քաջարանից մինչև Մեղրի, Մեղրիից մինչև Կապան, որը այլընտրանքային ճանապարհահատված է:

-Ճանապարհաշինությունը բարդ և պատասխանատու ոլորտ է, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքում:

-Արդեն 36 տարի աշխատում ենք շինարարության ոլորտում, ամենակարևորը վստահությունն է, որը մենք ձեռք ենք բերել մեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Յուրաքանչյուր աշխատող իր գործի վարպետն է և աշխատանքին մոտենում է մեծ պատասխանատվությամբ և բարեխղճորեն: Տարիներ շարունակ այդ սկզբունքով առաջնորդվելով` ձեռք ենք բերել մեր հանդեպ ունեցած այս վստահությունն ու հավատը, որոնք շատ կարևոր արժեքներ են մեզ համար:

-Ընկերությունը բազում մրցանակներ է ստացել, այս տարի ևս «Համազգային վստահության» խորհրդի կողմից շատ կարևոր և նշանակալի մրցանակի արժանացաք` ի՞նչ կարևորություն ունեն դրանք Ձեզ համար:

-Նմանատիպ պարգևները մեր աշխատանքի գնահատականն են, որոնք մեզ համար շատ կարևոր ու թանկ են, դրանք մեզ ավելի են պարտավորեցնում և ստիպում առաջ շարժվել և օր օրի բարձրացնել մեր աշխատանքի որակը:
Մենք հավատարիմ ենք մեր որդեգրած շինարարական քաղաքականությանը, հավատարիմ այնքանով, որ այսօր մեր Հարավային դարպասը կառուցապատ է և բարեկարգ:

 

Քայլ առ քայլ գնում ենք առաջ. ես հավատում եմ վաղվա հզոր և լուսավոր Հայաստանի ապագային:

 

-Պարո՛ն Գասպարյան, ամուր ընտանիքն ազգի հենասյունն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Սիրով: Ես ինձ կարող եմ երջանիկ մարդ համարել, քանի որ ունեմ բազմանդամ ընտանիք, մեր ընտանիքը բաղկացած է 11 անդամից: Ունեմ երկու զավակ և հինգ թոռնիկ: Ուրախանում եմ նրանցից յուրաքանչյուրի հաջողությամբ:

-Ի՞նչ մասին եք երազում:

-Ինչպես յուրաքանչյուր պապիկ, ես նույնպես երազում եմ, որ թոռնիկներս լինեն առողջ: Ցանկանում եմ ապրեմ այնքան, որ տեսնեմ նրանց յուրաքանչյուրի հաջողությունը, քանի որ նրանց հաջողություններով ես կրկնակի երջանիկ եմ:

-Պարո՛ն Գասպարյան, և վերջում, ինչպիսի՞ Հայաստանում կցանկանաք ապրեն Ձեր թոռնիկները:

-Ես վստահ եմ, որ օրեցօր մեր երկիրը կզարգանա, նոր գույներ կստանա, քանի որ այսօրվա իշխանության գերնպատակն է հզորացնել մեր երկիրը և այդ հզորացման գործում մենք, ինչքան որ կկարողանանք, կունենանք մեր ավանդը:
Քայլ առ քայլ գնում ենք առաջ. ես հավատում եմ վաղվա հզոր և լուսավոր Հայաստանի ապագային:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...