06:38
06/26/2022
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մահափորձ Սեվանի նկատմամբ

2019-04-22 16:35


ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

 «Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.) 

-Պարո՛ն Սողոմոնյան, Դուք բավականին հարուստ աշխատանքային կենսագրություն ունեք, տասը տարուց ավելի է` անդամակցում եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հետաքրքիր է, որքանո՞վ է Ձեր փորձն այսօր օգնում օրենսդիր մարմնում աշխատելիս և արդյո՞ք դժվար չէ նման պատասխանատու աշխատանք կատարելը: Անելիքներ շա՞տ ունեք` որպես ԱԺ պատգամավոր:

-Մասնագիտությամբ ճարտարագետ-տեխնոլոգ եմ:
Աշխատել եմ որպես Մարտունու սննդի կոմբինատի գլխավոր ճարտարագետ: Եղել եմ Մարտունու գյուղաշխատողների արհմիության շրջկոմի քարտուղար, նախագահի տեղակալ: Երկար տարիներ աշխատել եմ ձկնաբուծության ոլորտում. 1989-2003թթ.` զբաղեցրել եմ «Հայձուկ» արտադրագիտական միավորման Լիճքի ձկնաբուծական գործարանի տնօրենի պաշտոնը, 2003-2007թթ.` «Հայձուկ» միավորման «Գոս» ՓԲԸ խորհրդի նախագահը, 2007-2014թթ. ընթացքում աշխատել եմ որպես ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ: 2014թ. իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից:
2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ համապետական ցուցակով:
Որպես ԱԺ պատգամավոր` անելիքներ շատ ունեմ, որոնց իրագործմանը, անշուշտ, մեծապես կնպաստեն տարիների ընթացքում ձեռք բերած իմ աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները:

-Դուք ծնունդով Գեղարքունիքի մարզից եք` Մարտունի քաղաքից, և երկար տարիներ աշխատել եք մարզում, լավատեղյակ եք տեղի խնդիրներին, ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք:

-Խնդիրները, ինչպես ամենուր, ՀՀ Գեղարքունիքի մարզում ևս շատ են, բայց ես առաջին հերթին մտահոգ եմ Սևանա լճի ապագայով: Սևանն այսօր փորձում են դիտարկել իբրև մեծ ձկնաբուծարան, փորձում են իրականացնել արհեստական կերպով իշխանի աճեցման ծրագիր:
ՀՀ նախկին կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճում արհեստական կերերով իշխանի ցանցավանդակային տնտեսության ստեղծման ծրագրին, ըստ որի` ձկնարտադրությունը պետք է հասցնել մինչև 50 հազար տոննայի: Համաձայն բնապահպանական լուրջ ռիսկեր ու վտանգներ պարունակող այդ ծրագրի նախագծային հաշվարկների` նշված ծավալի արտադրության իրականացման հետևանքով Սևանա լիճ տարեկան կարտանետվի 2000տ ազոտ և 250տ ֆոսֆոր: Իսկ մենք գիտենք, որ ազոտն ու ֆոսֆորը օրգանիզմի նյութափոխանակության կարևոր բաղադրիչներն են: Ազոտն իբրև սննդի հետ ներմուծվող սպիտակուցային հիմք` ապահովում է ձկան աճն ու զարգացումը, բազմացումն ու բնական կենսագործունեությունը: Քաղցրահամ ջրերում ձկան, նաև իշխանի սպիտակուցային փոխանակության արգասիքներն օրգանիզմից հիմնականում հեռացվում են խռիկների միջոցով, ավելի ճիշտ` արտաթորվող ազոտի 80% ջրային միջավայր է հեռացվում խռիկների միջոցով` լուծված ամոնիումի տեսքով:

-Ի՞նչ ազդեցություն կունենա նման քանակի ամոնիումի հայտնվելը ջրում:

-Միանգամայն անհիմն են ցանցավանդակային ձկնարտադրության ծրագրի կողմնակիցների այն պնդումները, թե ազոտային արտանետումները վտանգավոր չեն, քանի որ կարող են յուրացվել այլ ձկների և խեցգետնի կողմից: Բնական լճային տիպի ջրակալներում կայուն ջրային ռեժիմի և արտաքին աղտոտման բացակայության պայմաններում ստեղծվում են կենսածին տարրեր, նաև ազոտի և ֆոսֆորի հարաբերական հաշվեկշիռ: Արտաքին աղտոտման պայմաններում խախտվում է այդ հաշվեկշիռը, տեղի է ունենում օրգանական նյութերի կուտակում, ինչը հանգեցնում է ջրակալի ճահճացման: Նման գործընթացն անխուսափելի կլինի Սևանում արհեստական կերերով ցանցավանդակային տնտեսության կազմակերպման պարագայում: Ձկների արհեստական կերերով սնուցման արդյունքում կխախտվի լճի կենսածին տարրերի հաշվեկշիռը: Լուրջ ու մտահոգիչ խնդիր կդառնա հատկապես ազոտի քանակությունը: Կխախտվեն Սևանա լճի ջրաքիմիական, ջրակենսաբանական, սանիտարական ռեժիմները: Լճին սպառնացող իրական վտանգը ներկայացնելու համար մասնագետները խոշոր եղջերավոր անասունի (450կգ կով) համապատասխան քանակությամբ գոմաղբի և ցանցավանդակում աճեցվող ձկան արտաթորանքի համեմատական վերահաշվարկ են կատարել, ըստ որի լճում արհեստական կերպով ցանցավանդակային տնտեսության ստեղծումը համարժեք է այնպիսի պատկերի, երբ 70 հազար կովեր տարիներ շարունակ օր ու գիշեր կարտաթորեն անմիջապես լճի մեջ: Բոլորս գիտենք, որ դեռևս վերջնականապես լուծված չեն Գեղամա գեղեցկուհու ոռոգման շրջանում ջրառի, մաքրման կայանների, ապօրինի որսի, էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման և այլ խնդիրներ:
Եվ այս նոր, չափազանց ռիսկային ծրագիրը, կարող է ևս մեկ իրական սպառնալիք դառնալ Սևանա լճի համար: Նման ծրագրի իրականացումը համեմատելի է, թերևս, Ամուլսարի հանքի շահագործման հետևանքներին: Ավելին, այստեղ գործընթացը տեղի է ունենալու, ոչ թե սարերի հետևում, այլ հենց լճում: Այս չափազանց մտահոգիչ խնդիրը շուտով կներկայացնեմ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովներին, որպեսզի այն հանրային հնչեղություն ստանա:

-Ի՞նչ ներդրումային ծրագրեր են իրականացվելու մարզում:

-Լիճքի նախկին ձկնաբուծարանի տարածքում լուրջ ներդրումներ են իրականացվել, այն հագեցվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, աշխատանքային բոլոր գործընթացները մեքենայացվել են: Այստեղ կատարվում է մանրաձկան աճեցում, վերամշակում. արտադրանքի հիմնական մասը արտահանվելու է: Ձկնաբուծարանի վերանորոգման և վերազինման աշխատանքները գրեթե ավարտվել են: Ներդրողների պնդմամբ` որոշ ժամանակ անց աշխատատեղերի թիվը կրկին կավելանա:
Ներդրողներ են ներգրավվել ԱՄՆ-ից, ովքեր ցանկանում են նոր ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում: Արմավիրի մարզում մոտ 1050 հա տարածքում կհիմնվեն սև սալորի, բալի և կեռասի այգիներ: Կկառուցվի վերամշակող գործարան, որը գործարկվելուց հետո կմթերի գյուղացու բերքը: Խրախուսելի կլինի երբ Գեղարքունիքի մարզի բնակիչները օգտվելով այս ծրագրի հնարավորությունից հիմնեն ինտենսիվ այգիներ։

-Ի՞նչ կարծիք ունեք ՀՀ կառավարության ծրագրի մասին:

-Մեր խմբակցությունն արդեն հայտնել է իր դիրքորոշումը, ես մի բան կավելացնեմ, որ շատ կցանկանայի` Սևանի հիմնախնդիրները ևս այնտեղ ներկայացված լինեին:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...