2019-04-19 11:52
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ ԱԺ ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր
«Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.)
-Պարո՛ն Վարդանյան, Դուք աշխատանքային հարուստ կենսագրություն ունեք, որի ընթացքում աշխատել եք թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցներում: Պատգամավորական գործունեությունը նոր է Ձեզ համար, որքանո՞վ է օգնում Ձեր անցած ուղին օրենսդիր մարմնում աշխատելիս:
-Կարծում եմ` իմ աշխատանքային փորձն ինձ մեծապես օգնում է օրենսդիր մարմնում աշխատելիս, քանի որ ես սկսել եմ ամենացածր` բանվորի աշխատանքից և զբաղեցնելով ամենատարբեր պաշտոններ, հասել մինչև նախարարի, իսկ այժմ` ՀՀ Աժ պատգամավորի պաշտոնին: Հեշտ չի եղել, դժվարություններ շատ եմ հաղթահարել և ամենակարևորը` սովորել և հասկացել եմ յուրաքանչյուր ոլորտի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները:
Ես բարձր եմ գնահատում յուրաքանչյուր ընտրողի քվեն և պետք է արդարացնեմ նրանց սպասումները:
-Հետաքրքիր է, հանդիպումներ ունենո՞ւմ եք Ձեր` թիվ 1, ընտրատարածքի բնակչության հետ, ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:
-Ամեն շաբաթ օր քաղաքացիների ընդունելության օր է իմ գրասենյակում, իմ ընտրատարածքի բոլոր բնակիչները հնարավորություն ունեն ինձ դիմելու, ես սիրով ընդունում և լսում եմ բոլորին: Դիմում են ամենատարբեր խնդիրներով, ձգտում եմ օգտակար լինել բոլորին, իսկ եթե իմ լիազորություններից դուրս հարցով են դիմում, փորձում եմ ճիշտ ուղղորդել, թե ինչպես կարող են հասնել իրենց խնդրի լուծմանը:
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ Աժ 7-րդ գումարման նստաշրջանի աշխատանքը:
-Աշխատանքները դեռ նոր են սկսվել, և դեռ վաղ է հստակ գնահատականներ տալ, սակայն մի բան պետք է փաստել` կա քաղաքական կամք հասնել լավագույն արդյունքի, մեր հայրենիքը դարձնելու տնտեսապես զարգացած, խաղաղ, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր: Համաչափ զարգացող Հայաստանին հասնելու ճանապարհին անհրաժեշտ է իրականացնել մի շարք օրենսդրական փոփոխություններ, ընդունել նոր օրենքներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել մեր նպատակները:
Բնական է, սկզբնական շրջանում կարող են թյուրըմբռնումներ լինել, բայց ես վստահ եմ, որ Աժ 7-րդ գումարման նստաշրջանի աշխատանքը շրջադարձային է լինելու Հայաստանի Հանրապետության համար:
-Որպես ընդդիմության ներկայացուցիչ` ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը Աժ-ում:
-Ինչպես մեր կուսակցության ղեկավարը մի քանի անգամ նշեց, մեզ համար նշանակություն չունի մենք ընդդիմություն ենք, թե ոչ, մենք ամեն ինչ անելու ենք ժողովրդի բեռը թեթևացնելու համար, դրան ուղղված` օրենքների նախագծեր ենք ներկայացնելու Աժ քննարկմանը և փորձելու ենք հասնել դրանց հաստատմանը:
-Ձեր խմբակցությունը դեմ քվեարկեց Կառավարության ծրագրին: Մի՞թե թերություններն այդքան շատ էին ծրագրում:
-Մեր խմբակցության ղեկավարը արտահայտեց իր կարծիքը, հիմնավորեց, թե ինչու ենք դեմ ծրագրին, մեր խմբակցությունը ներկայացրեց իր առաջարկությունները, որոնք սակայն չընդունվեցին, ինչի արդյունքում մենք դեմ քվեարկեցինք:
Իհարկե, դա չի նշանակում, որ «Ծառուկյան» խմբակցությունը` որպես ընդդիմություն, պետք է դեմ քվեարկի բոլոր օրինագծերին և ծրագրերին, բնավ, մեզ համար ամենակարևորը ժողովրդի շահն է, և մենք առաջնորդվում ենք միմիայն դրանով:
-Դուք ընդգրկված եք ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահի տեղակալն եք, ի՞նչ աշխատանքներ են ընթանում այնտեղ:
-Բավականին մեծ աշխատանք է կատարվում հանձնաժողովում, ունենք ծրագրեր, օրինագծեր, որոնք պետք է ներկայացնենք ԱԺ քննարկմանը: Վերջերս մեր հանձնաժողովի նիստի ժամանակ հաստատեցինք զինծառայությունից խուսափած 27 տարեկանը լրացած երիտասարդների մասին օրենքի նախագիծ: Բայց ես կարծում եմ` ԱԺ-ի և կառավարության ամենամեծ անելիքը բանակաշինության գործում պետք է լինի այն գաղափարի ամրապնդումը երիտասարդ սերնդի մեջ, որ հայրենիքին ծառայելը ամենապատվաբեր և ամենակարևոր քայլն է կյանքում, առանց որի` չի կարող մարդն իրեն լիարժեք զգալ: Պետք է ամեն բան անել, որ բոլոր երիտասարդները ցանկանան ծառայել բանակում, 17 տարեկան յուրաքանչյուր երիտասարդ իմանա, որ հայրենիքը սիրելը միայն խոսքով չէ, այլ նաև գործով` հայրենիքի պաշտպանության մեջ իր լուման ունենալով: Իսկ դրա համար անհրաժեշտ է դպրոցական հասակից երեխաների մեջ հայրենասիրություն սերմանել, ինչպես նաև բանակում ապահովել ներքին այնպիսի կանոնակարգ, խաղաղ և առողջ մթնոլորտ, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք հնարավորինս հանգիստ սրտով իր երեխային ճանապարհի հայրենիքին ծառայելու:
-Ի՞նչ կարծիք ունեք «Մարտի 1»-ի գործով ընթացող դատական գործընթացի մասին, հատկապես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության:
-«Մարտի 1»-ի գործի շուրջ մի բան կարող եմ ասել, այդ դեպքերի արդյունքում ունեցել ենք տասը զոհ, պետք է արդար դատավարություն ընթանա, բացահայտվեն մեղավորները և օրենքի առջև պատասխանատվություն կրեն: Այժմ նախաքննություն է ընթանում, կա քաղաքական կամք ամեն ինչ բացահայտելու և ժողովրդին ճշմարտությունը մատուցելու:
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ վարչապետի դիրքորոշումը` Արցախյան հիմնահարցի հետ կապված:
-Ինչ խոսք, բոլորն էլ կողմնակից են, որ խաղաղություն լինի, բայց դա չի նշանակում, որ խաղաղության համար մենք պատրաստ ենք ամեն զոհաբերության: Կարևորն այն է, որ վարչապետից սկսած, մինչև սովորական քաղաքացի` համախմբվածություն կա այն գաղափարի շուրջ, որ ոչ մի թիզ հող չենք զիջելու, հակառակ դեպքում` պատրաստ ենք պատերազմի: Եվ Արցախի` բանակցային կողմ լինելու գաղափարը, պահանջը նույնպես բխում է Հայաստանի կողմից հարցի խաղաղ կարգավորման պատրաստակամությունից:
-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսական հեղափոխության իրականացումը, որին ուղղված նաև անհատական քայլեր է ձեռնարկում Ձեր խմբակցության ղեկավարը:
-Մեր խմբակցության ղեկավարը միշտ ասել է, կրկնել և իր փորձով ապացուցել, որ տնտեսական հեղափոխություն անելու համար առաջին հերթի ներդրումներ են պետք, և դրա հետ կապված նա բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում: Վստահ եմ, որ այդ գործընթացը կշարունակվի: Իմ պատկերացմամբ` ինչպես 2018-ի ապրիլյան հեղափոխությունը սկսվեց, տարածվեց և հաղթանակեց ՀՀ ամբողջ ժողովրդի ջանքերով, այնպես էլ տնտեսական հեղափոխությունը պետք է իրականացվի ժողովրդի ակտիվ ներգրավվածությամբ. մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա դրանում ու իր մաշկի վրա զգա դրա արդյունքը:
Իհարկե, պետության, հատկապես` ՀՀ կառավարության դերը շատ մեծ է այս գործընթացում: Կառավարությունը պետք է կարողանա ոչ միայն խթանել տեղական արտադրությունը` տրամադրելով արտոնություններ և շահավետ պայմաններ, այլ նաև արտադրանքի սպառման շուկաներ գտնի, ՀՀ քաղաքացին դա միայնակ անել չի կարող, քանի որ գաղտնիք չէ, որ մեր երկիրը շրջափակման մեջ է, ինչը մեծապես խոչընդոտում է տնտեսության զարգացմանը:
-Դուք ԲՀԿ հիմնադիրներից մեկն եք, քաղաքական խորհրդի անդամ: Ի՞նչ կարևորություն ունի կուսակցական գործունեությունը Ձեզ համար:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինձ համար կարևոր արժեք է, որի ստեղծման ակունքներում եմ եղել: Կուսակցության անդամներն իմ ընկերներն են, իմ հարազատները, մենք միասին ճանապարհ ենք անցել, կիսել ծանր և ուրախ օրեր: Կարող եմ ասել, որ կուսակցական գործունեությունը, գաղափարները ընկած են իմ ներկայիս աշխատանքի հիմքում:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ