19:12
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այսօր հպարտությամբ կարող եմ նշել, որ ակնաբուժության մակարդակը Հայաստանում գրեթե չի զիջում Արեվմտյան երկրների չափորոշիչներին

2019-02-28 11:46

 «Դե Ֆակտո» N 147 (01/2019թ. 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Աննա Հովակիմյանը:

-Տիկի՛ն Հովակիմյան, Դուք ավարտել եք Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, ստացել ակնաբույժի որակավորում, հետաքրքիր է ինչպե՞ս որոշեցիք ընտրել այս պատասխանատու մասնագիտությունը:

-Անկեղծ ասած չէի ցանկանում ակնաբույժ դառնալ, մայրիկիս դերակատարությունը շատ մեծ է եղել մասնագիտական ուղղվածությանս հարցում. նա է ուղղորդել, որպեսզի ընտրեմ հենց ակնաբույժի մասնագիտությունը: Այսօր շատ ուրախ եմ, որ ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ կարողանում եմ վերականգնել մարդկանց համար ամենակարևորը` աչքի լույսը:
Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մայրիկիս` քանի որ այսօր ես պարզապես սիրահարված եմ իմ մասնագիտությանը:

-Ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել մինչ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ նշանակվելը:

-Աշխատանքային ուղիս սկսել եմ 1995 թվականին Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնից: Սկզբում աշխատել եմ վնասվածքաբանական բաժանմունքում որպես բժիշկ օրդինատոր, այնուհետև` 2002 թվականին, բացվեց աչքի բորբոքային հիվանդությունների ծառայությունների կաբինետ, որը երեք տարի անց վերափոխվեց բաժանմունքի և ես ստանձնեցի բաժանմունքի ղեկավարի պաշտոնը:

-Բժշկությունը օր օրի զարգացող ոլորտ է և այդ ամենի հետ մեկտեղ վերապատրաստումները շատ մեծ նշանակություն ունեն բժիշկների համար, Դուք որքա՞ն հաճախ եք մեկնում վերապատրաստումների:

-Այո, համաձայն եմ, պետք է անընդմեջ հետևես բժշկության ոլորտում տեղի ունեցող նորություններին և կարողանաս քայլել ժամանակի պահանջներին համահունչ:
Ինձ բախտ է վիճակվել մոտ մեկ տարի կրթություն ստանալ Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանում: Այն ժամանակ դրսում ստացած կրթությունը, իսկապես տարբերվում էր խորհրդային երկրներում ստացած կրթությունից, իսկ վերապատրաստումները եղել են շատ հաճախակի և տարբեր երկրներում:
2004-2005թթ. ինձ կրկին բախտ է վիճակվել վերապատրաստվել ԱՄՆ (Cincinati Eye Institute) այս անգամ արդեն եղջերաթաղանթի վիրաբուժության գծով:
2009թ. կատարակտի վիրաբուժության` ֆակոէմուլսիֆիկացիայի ոլորտում, վերապատրաստում եմ անցել Մոսկվայի Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան աչքի միկրովիրաբուժության կլինիկայում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալեքսանդր Մալայանին և Միացյալ Նահանգներում աշխատող ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանին, ովքեր իրենց մասնագիտական հմուտ գիտելիքներով ինձ շատ են օգնել. նրանց ավանդը շատ մեծ է ակնաբուժության զարգացման և առաջխաղացման գործում: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտերկրներում գործող ակնաբույժներին, որոնց հետ մասնագիտական փորձով ու գիտելիքներով բազմիցս փոխանակվել ենք:

-Դուք աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչն եք, ի՞նչ ծառայություններ են իրականացվում բաժանմունքում:

-Մեր բաժանմունքը զբաղվում է արտաքին աչքի, եղջերաթաղանթի և անոթաթաղանթի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Բաժանմունքում բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ են իրականացվում, այն եղջերաթաղանթի պատվաստումների միակ բաժանմունքն է Հայաստանում. տարեկան մոտ 200-250 վիրահատություն է իրականացվում:
2005թ. առաջին անգամ Հայաստանում` հենց մեր բաժանմունքում, ներդրվեց ամիոտիկ թաղանթի փոխպատվաստումը: Թաղանթը ստանում ենք կեսարյան հատումներից, այն հատուկ մշակում անցնելուց հետո տեղադրվում է աչքի մակերեսին` այն դեպքերում, երբ կան չլավացող խոցեր, վերքեր, էրոզիաներ և այլն:
Բաժանմունքում բազմաթիվ հիվանդներ վիրահատվում են կատարակտի կապակցությամբ, տեղադրում ենք ցանկացած տեսակի ոսպնյակ (տորիկ, մուլտիֆոկալ և այլն):
Անդրկովկասում միայն մեր բաժանմունքում է իրականացվում աչքի կերատոպրոթեզավորումը, բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզով, որն արհեստական եղջերաթաղանթի տեղադրումն է: Այն բացառիկ վիրահատություն է, որը հնարավորություն է ընձեռում տարիներով կույր հիվանդին ձեռք բերել տեսողություն:
Հենց մեր բաժանմունքում է առաջին անգամ ներդրվել աչքի լինբալ ցողունային բջիջների փոխպատվաստումը:
Կատարվում է կոպերի տարբեր տեսակի գոյացությունների կամ լորձաթաղանթի գոյացությունների հեռացումներ:
Բաժանմունքում կատարվում է նաև տատուաժ` հիմնականում կույր աչքերին, աչքի կոսմետիկ տեսքի ապահովման նպատակով:
Այսօր հպարտությամբ կարող եմ նշել, որ ակնաբուժության մակարդակը Հայաստանում գրեթե չի զիջում Արևմտյան երկրների չափորոշիչներին:

-Յուրաքանչյուր կնոջ համար ամուր ընտանիք կազմելն ամենակարևորն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Իհարկե, ամուսնացած եմ ունեմ երեք զավակ` երկու տղա, մեկ աղջիկ: Տղաներս սովորում են Միացյալ Նահանգներում, իսկ աղջիկս` «Այբ» դպրոցի առաջին դասարանում: Ամուսինս մասնագիտությամբ բժիշկ է և իմ մասնագիտական հաջողությունների մեջ նա իր մեծ դերակատարությունն ունի:

-Ըստ Ձեզ, կինը երջանիկ է այն ժամանակ, երբ...

-Երջանկությունը կախված է մարդուց, յուրաքանչյուրն ինքն է գտնում իր երջանկությունը: Պետք է լավատես լինես և ամեն ինչում տեսնես լավը:
Աշխարհում տարբեր աֆորիզմներ կան երջանկության վերաբերյալ, սակայն ես կցանկանայի մեջբերել Մայր Թերեզայի խոսքերը. «Երջանկությունը դա ուրիշին օգտակար լինելն է»:
Գիտեք, բժշկությունը օգնում է, որ մենք երջանիկ զգանք մեզ: Երջանկություն է, երբ կարողանում ես օգնել մարդկանց:
Կարծում եմ, որ բոլոր ակնաբույժներն իրենց կարող են երջանիկ մարդ համարել, քանի որ նրանք վերականգնում են մարդու համար ամենաթանկը` աչքի լույսը:

-Տիկի՛ն Հովակիմյան, ինչի՞ մասին եք այժմ երազում:

-Երազում եմ, որ երեխաներս լինեն առողջ և կայանան այս կյանքում:
Այժմ ողջ երազանքներս կապված են իմ զավակների հետ:

Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...